Հիշել նախագիծը

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՄԵԿ ՍԱՆԻ ՀԱՇՎԱՐԿՈՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

«_____» 2021 թվականի  N ____Ն

 

 ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՄԵԿ ՍԱՆԻ ՀԱՇՎԱՐԿՈՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

      Ղեկավարվելով «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել է նախադպրոցական ուսումնական հաստատությունների` պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման կարգը՝ համաձայն հավելվածի:

       2․ Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով սահմանվող պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման կարգով հաշվարկվող հաստատության տարեկան ֆինանսավորման չափի հաշվարկման բանաձևը համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների համար ունի կողմնորոշիչ բնույթ։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հա­ջորդող օրվանից:

       

 

Հավելված
ՀՀ կառավարության 2021 թվականի
---------------- -----------N --------------Ն որոշման


 ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՄԵԿ ՍԱՆԻ ՀԱՇՎԱՐԿՈՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ
Կ Ա Ր Գ

 

  1. Սույն կարգով կարգավորվում են նախադպրոցականուսումնական հաստատությունների (այսուհետ` հաստատություն)` մեկ սանի հաշվարկով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման հետ կապված հարաբերությունները, այդ թվում՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների ապահովման համար անհրաժեշտ ֆինանսավորման բարձրացված չափաքանակը:

 

  1. Հաստատությանը պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորումն իրականացվում է հետևյալ խբերի սաների համար.

1) 2022 թվականի սեպտեմբերի 1-ից՝ սոցիալական գնահատման համակարգում հաշվառված և 28 և ավելի անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող երեխաները,

 2) 2023 թվականի սեպտեմբերի 1-ից՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները,

3) 2024 թվականի սեպտեմբերի 1-ից՝ երեք և ավելի երեխա ունեցող ծնողի (ծնողների) երեխաները,

4) 2025 թվականի սեպտեմբերի 1-ից՝ զինծառայող ծնողի (ծնողների) երեխաները։

                                                                         

  1. 3. Հաստատությանը պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորումն իրականացնելու նպատակով հաստատության կառավարումն իրականացնող լիազոր մարմինը հավաքագրում և բյուջետային հայտ կազմելու նպատակով տարածքային կառավարման մարմին (Երևանի քաղաքապետարան) է ներկայացնում համապատասխան տեղեկատվություն՝ սույն կարգի 2-րդ կետում նշված խմբերում ընդգրկվող սաների մասին։

 

  1. 4. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը սույն կարգի 3-րդ կետում նշված տեղեկատվության հիման վրա պլանավորում և համապատասխան միջոցներ է նախատեսում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաջորդ տարվա նախագծում։

 

  1. Պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման գումարը որոշվում է տվյալ Հաստատության տարեկան ֆինանսավորման չափը բաժանելով այդ հաստատության սաների միջին տարեկան քանակի վրա, որը հաշվարկվում է հունվարի 1-ի քանակի կրկնապատիկի և սեպտեմբերի 1-ի քանակի հանրագումարը հարաբերելով 3-ի։

 

  1. Հաստատության տարեկան ֆինանսավորման չափը որոշվում է հետևյալ բանաձևով.

 

ՀՏֆ = (ԱԱֆ + ԲԼլ) x 12 + Պծ + ՍԳ

 

որտեղ՝

ՀՏֆ-ն հաստատության տարեկան ֆինանսավորման չափն է,

ԱԱֆ-ն հաստատության անձնակազմի ամսական աշխատավարձային ֆոնդն է,

ԲԼլ-ն բարձրլեռնային բնակավայրերի շարքում դասվող բնակավայրերում տեղակայված հաստատությունների աշխատողներին բարձրլեռնային վայրերում աշխատելու համար տրվող լրավճարն է,

Պծ-ն հաստատության պահպանման տարեկան ծախսերն են,

ՍԳ-ն սննդի տարեկան գումարն է:

 

  1. Հաստատության անձնակազմի ամսական աշխատավարձային ֆոնդը (ԱԱֆ-ն) հաշվարկվում է Կառավարության կողմից սահմանված պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի վարձատրության խմբերի դասակարգման չափանիշներին համապատասխան՝ Հաստատության վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի վարձատրության խմբերի մեկ դրույքի համար բազային աշխատավարձի նկատմամբ կիրառելով հետևյալ գործակիցները.

 

վարձատրության խումբը

վարձատրության խմբի համար կիրառվող գործակիցը

1

1.0000

2

1.1109

3

1.2219

4

1.2347

5

1.3183

 

 

1) Հաստատության վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի վարձատրության խմբերի մեկ դրույքի համար բազային աշխատավարձը ընդունվում է հավասար՝ 93300 ՀՀ դրամ,

2) 5 և ավելի խումբ ունեցող Հաստատության տնօրենի մեկ դրույք աշխատավարձի համար կիրառելի է նաև 1,15 գործակիցը, 10 և ավելի խումբ ունեցող Հաստատության տնօրենի մեկ դրույք աշխատավարձի համար՝ նաև 1,3 գործակիցը,

3) 10 և ավելի խումբ ունեցող Հաստատության գլխավոր հաշվապահի և բուժքույրի մեկ դրույք աշխատավարձի համար կիրառելի է նաև 1,15 գործակիցը։

  1. 8. Բարձրլեռնային բնակավայրերի շարքում դասվող բնակավայրերում տեղակայված հաստատությունների աշխատողներին բարձրլեռնային վայրերում աշխատելու համար տրվող լրավճարի չափը (ԲԼլ-ն) որոշվում է տվյալ հաստատության աշխատակիցների դրույքների թվի և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած պետական մարմին չհամարվող պետական բյուջետային հիմնարկների աշխատողներին բարձրլեռնային վայրերում աշխատելու համար տրվող լրավճարի (աշխատաժամանակի նորմալ կամ կրճատ տևողության դեպքում) չափի արտադրյալով։

 

  1. 9. Հաստատության պահպանման տարեկան ծախսերը (Պծ-ն) ներառում են հետևյալ ծախսատեսակները․

1) էլեկտրոմատակարարման ծախսերը, որը որոշվում է վերջին երեք տարվա փաստացի ծախսերի միջինով /հաշվի առնելով սակագնային փոփոխությունները/,

2) բնական գազի մատակարարման և սպասարկման ծախսերը, որը որոշվում է վերջին երեք տարվա փաստացի ծախսերի միջինով /հաշվի առնելով սակագնային փոփոխությունները/,

3) այլ տիպի ջեռուցման ծախսերը, որը որոշվում է վերջին երեք տարվա փաստացի ծախսերի միջինով, ընդ որում, ջեռուցման մի տեսակից մյուսին անցնելիս հիմք է ընդունվում համանման ջեռուցման համակարգ և ծավալներ ունեցող հաստատության տվյալ տեսակի ծախսերը,

4) ջրամատակարարման և ջրահեռացման ծախսերը, որը որոշվում է վերջին երեք տարվա փաստացի ծախսերի միջինով /հաշվի առնելով սակագնային փոփոխությունները/,

5) աղբահանման ծախսերը, որը հավասար է Աղբահանության և սանիտարական մաքրման մասին Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կրթական և ուսումնական նշանակության շենքերի և շինությունների աղբահանության վճարի տարեկան չափին,

6) կապի ծառայությունների (ներառյալ համացանցը) ծախսերը, որը հաշվարկվում է.

մինչև 5 խումբ ունեցող հաստատությունների համար՝ տարեկան 129,2 հազ. դրամ,

5-ից 10 խումբ ունեցող հաստատությունների համար՝ տարեկան 139,5 հազ. դրամ,

10 և ավելի խումբ ունեցող հաստատությունների համար՝ տարեկան 170,6 հազ. դրամ,

7)  տնտեսական ապրանքների և նյութերի համար նախատեսված ծախսերը, որը յուրաքանչյուր գործող խմբի համար հաշվարկվում է տարեկան 147,0 հազ. դրամի չափով,

8) գրասենյակային ապրանքների և նյութերի համար նախատեսված ծախսերը, որը յուրաքանչյուր գործող խմբի համար հաշվարկվում է տարեկան 27,9 հազ. դրամի չափով,

9) ուսումնամեթոդական, ուսումնաօժանդակ ձեռնարկների, ուսումնադիտողական նյութերի և ուսումնադիդակտիկ պարագաների համար նախատեսված ծախսերը, որը յուրաքանչյուր գործող խմբի համար հաշվարկվում է.

կրտսեր խմբերի համար՝ տարեկան 72,5 հազ. դրամի չափով,

միջին խմբերի համար՝ տարեկան 117,2 հազ. դրամի չափով,

ավագ խմբերի համար՝ տարեկան 304,8 հազ. դրամի չափով,

10) բժշկական ծառայությունների, ինչպես նաև դեղորայքի և բժշկական նյութերի համար նախատեսված ծախսերը, որը յուրաքանչյուր գործող խմբի համար հաշվարկվում է տարեկան 38,7 հազ․ դրամի չափով,

11) Համակարգչային ծրագրերի և կայքի սպասարկման համար նախատեսված ծախսերը, որը յուրաքանչյուր հաստատության համար հաշվարկվում է տարեկան 105,0 հազ. դրամի չափով,

12) Տարեկան գույքագրման, հիմնական միջոցների վերագնահատման համար նախատեսված ծախսերը, որը յուրաքանչյուր հաստատության համար հաշվարկվում է.

մինչև 5 խումբ ունեցող հաստատությունների համար՝ տարեկան 30,0 հազ․ դրամ,

5-ից 10 խումբ ունեցող հաստատությունների համար՝ տարեկան 50,0 հազ․ դրամ,

10 և ավելի խումբ ունեցող հաստատությունների համար՝ տարեկան 80,0 հազ․ դրամ,

13) այլ ծառայությունների ձեռքբերման համար նախատեսված ծախսերը, որը յուրաքանչյուր գործող խմբի համար հաշվարկվում է տարեկան 38,7 հազ․ դրամի չափով։

  1. Հաստատությանը հատկացվող սննդի տարեկան գումարը (ՍԳ-ն) հավասար է հաստատության սաների քանակի, տարվա ընթացքում սննդի հատկացման օրերի թվի և 420 ՀՀ դրամի արտադրյալին, որը տարվա արդյունքերով ենթակա է ճշտգրկման՝ հիմք ընդունելով սաների փաստացի հաճախումները։

 

  1. Կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների ապահովման համար կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքով սաներ ունեցող Հաստատությունների ֆինանսավորումն իրականացվում է բարձրացված չափաքանակով, որը հավասար է․

1) կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքով սաների տեսակարար կշիռը Հաստատության սաների ընդհանուր թվում 10 տոկոսից փոքր լինելու դեպքում՝ սույն կարգով հաշվարկված հաստատության տարեկան ֆինանսավորման չափի 1 տոկոսին,

2) կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքով սաների տեսակարար կշիռը Հաստատության սաների ընդհանուր թվում 10-ից 30 տոկոս լինելու դեպքում՝  հաստատության տարեկան ֆինանսավորման չափի 2,5 տոկոսին,

3) կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքով սաների տեսակարար կշիռը Հաստատության սաների ընդհանուր թվում 30 տոկոսից ավելի  լինելու դեպքում՝  հաստատության տարեկան ֆինանսավորման չափի 4 տոկոսին։

 

  1. Ընդ որում.

1) Հաստատությունում չորսժամյա աշխատանքային օր սահմանված լինելու դեպքում՝  սույն կարգով հաշվարկված հաստատության տարեկան ֆինանսավորման չափի նկատմամբ կիրառելի է 0,5 գործակիցը,

2) Հաստատությունում քսանչորսժամյա աշխատանքային օր սահմանված լինելու դեպքում՝ սույն կարգով հաշվարկված հաստատության տարեկան ֆինանսավորման չափի նկատմամբ կիրառելի է 2,5 գործակիցը։

3) Հաստատությունում վեցօրյա աշխատանքային շաբաթ սահմանված լինելու դեպքում սույն կարգով հաշվարկված հաստատության տարեկան ֆինանսավորման չափի նկատմամբ կիրառելի է 1,2 գործակիցը։ 

 


      

  • Քննարկվել է

    25.03.2021 - 09.04.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5064

Տպել

Առաջարկներ`

ք․Չարենցավան ,, Հեքիաթ,, մանկապարտեզ ՀՈԱԿ

06.04.2021

Բարև Ձեզ, ի պատասխան իմ առաջարկի գրասենյակային ապրանքների և նյութերի համար նախատեսված ծախսերը, որը յուրաքանչյուր գործող խմբի համար հաշվարկվում է տարեկան 27,9 հազ. դրամ, նշել եք, որ նախատեսված է խաղալիքների, ուսումնաօժանդակ նյութերի և այլնի համար, սակայն 9-րդ կետի, 9-րդ ենթակետն է ենթադրում ուսումնամեթոդական, ուսումնաօժանդակ ձեռնարկների, ուսումնադիտողական նյութերի և ուսումնադիդակտիկ պարագաների համար նախատեսված ծախսեր։ Նախատեսված 27,9 հազար դրամը յուրաքանչյուր ամիս կազմում է 2,325 հազար դրամ, որը շատ քիչ է ուսումնական գործընթաց կազմակերպելու համար։ Խնդրում եմ պարզաբանեք Կանխավ շնորհակալություն

Ալվինա Հակոբյան

01.04.2021

Որպեսզի բոլորը ստանան միևնույն չափի աշխատավարձ 50% ֆինանսավորումը պետությունը ապահովվի50%-ը համայնքը

ք․Չարենցավան ,, Հեքիաթ,, մանկապարտեզ ՀՈԱԿ

01.04.2021

Բարև Ձեզ, 9-րդ մասի 8-րդ կետը՝ գրասենյակային ապրանքների և նյութերի համար նախատեսված ծախսերը, որը յուրաքանչյուր գործող խմբի համար հաշվարկվում է տարեկան 27,9 հազ. դրամի չափով, շատ քիչ է նախատեսված, իսկ մանկապարտեզի փաստաթղթավորումը կազմակերպելու համար ընդհանրապես գումար նախատեսված չէ։ Խնդրում եմ վերանայել։ Կանխավ շնորհակալություն

Տեսնել ավելին