ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

 

ՍԵՐՄԵՐԻ ԵՎ ՏՆԿԱՆՅՈՒԹԻ ՄԱՍԻՆ

Սերմերի և տնկանյութի մասին


Գ Լ ՈՒ Խ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1.

Օրենքի կարգավորման առարկան

  1. Սույն օրենքը կարգավորում է օգտագործման թույլտվություն ունեցող բույսերի սորտերի գրանցման, սերմերի, տնկանյութի արտադրության, վերարտադրության, հավաստագրման, փոխադրումների, պահպանության, իրացման և օգտագործման հետ կապված հարաբերությունները:
  2. Սույն օրենքը տարածվում է արտադրության կամ վերարտադրության համար նախատեսված տեղական ու ներկրված բոլոր տեսակի մշակաբույսերի, զարդաբույսերի (դեկորատիվ), վայրիաճ մարգագետնային կերաբույսերի և անտառային բույսերի սերմերի, տնկանյութի վրա:
  3. Սույն օրենքը կիրառելի չէ գենային ինժեներիայի եղանակով ստացված և գենետիկորեն ձևափոխված օրգանիզմ համարվող սորտերի գրանցման, սերմերի և տնկանյութի արտադրության, վերարտադրության, հավաստագրման, փոխադրման, պահպանության, իրացման և օգտագործման դեպքում:

Հոդված 2.

Սերմերի և տնկանյութի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը

 

  1. Սերմերի և տնկանյութի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը բաղկացած է սույն օրենքից և Հայաստանի Հանրապետության այլ օրենքներից ու իրավական ակտերից:
  2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ դրույթներ, ապա գործում են միջազգային պայմանագրերի դրույթները:

Հոդված 3.

Սերմերի և տնկանյութի արտադրության հիմնական խնդիրները

 

  1. Սերմնաբուծության և տնկանյութի արտադրության հիմնական խնդիրներն են՝

1) մշակաբույսերի սերմերի, տնկանյութի արտադրության և վերարտադրության գործնական կիրառելի համակարգերի հիմնումը և զարգացումը,

2) սորտաթարմացման, սորտափոխարինման և սորտափորձարկման գործընթացում մշակաբույսերի սորտերի և տնկանյութի ձևերի տնտեսական և կենսաբանական արժեքավոր հատկանիշների պահպանությունն ու վերարտադրությունը,

3) Հայաստանի Հանրապետության բնակլիմայական պայմաններին լավ հարմարվող մշակաբույսերի նոր սորտերի և տնկանյութի նոր ձևերի արագացված բազմացումը,

4) Հայաստանի Հանրապետությունում տարածված, տեղածին (աբորիգեն) ու հազվագյուտ սորտերի և տնկանյութի ձևերի գենետիկական պաշարների պահպանությունն ու վերարտադրությունը,

5) գիտական մեթոդների կիրառմամբ սերմնաբուծության և տնկանյութի արտադրության կազմակերպումը,

6) սերմնաբուծության և տնկանյութի արտադրության զարգացմանը նպաստող ժամանակակից տեղեկատվական շտեմարանների ստեղծումը:

 

Հոդված 4.

Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

1․ Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

  • սերմ` սորտերի պահպանության և վերարտադրության նպատակով օգտագործվող բույսի ժառանգականություն կրող գեներատիվ օրգան.
  • տնկանյութ՝ բազմամյա բույսերի (որոշ միամյա) վեգետատիվ կամ սերմնային բազմացման մեթոդների կիրառման միջոցով ստացված դուստր բույսեր.
  • տնկանյութի արտադրություն` տարբեր մեթոդների և եղանակների կիրառմամբ բույսերի տնկանյութի վերարտադրությամբ զբաղվող բուսաբուծության ոլորտ.
  • սերմնաբուծություն` սորտաթարմացման և սորտափոխարինման իրականացման նպատակով բույսերի շրջանացված սորտերի սերմերի զանգվածային բազմացմամբ զբաղվող բուսաբուծության ոլորտ
  • նախահիմնային (օրիգինալ) սերմեր` ընտրասերողի կամ սորտը պահպանողի արտադրած, սերմնաբուծության բնագավառում գործող տեխնիկական կանոնակարգերի, պետական չափորոշիչների և նորմատիվային այլ փաստաթղթերի պահանջներին համապատասխանող, տվյալ սորտի առանձնահատկություններն ամբողջությամբ կրող սերմեր.
  • հիմնային (սուպերէլիտային, էլիտային) սերմեր (սուպերէլիտա, էլիտա)` սերմնաբուծության բնագավառում գործող տեխնիկական կանոնակարգերի, պետական չափորոշիչների և նորմատիվային այլ փաստաթղթերի պահանջներին համապատասխանող, նախահիմնային սերմերից ստացված սերմեր.
  • վերարտադրված սերմեր` սերմնաբուծության բնագավառում գործող տեխնիկական կանոնակարգերի, պետական չափորոշիչների և նորմատիվային այլ փաստաթղթերի պահանջներին համապատասխանող հիմնային սերմերից ստացված սերմեր.
  • հիբրիդային սերմեր` սերմնաբուծության բնագավառում գործող տեխնիկական կանոնակարգերի, պետական չափորոշիչների և նորմատիվային այլ փաստաթղթերի պահանջներին համապատասխանող, ծնողական տարբեր ձևերի տրամախաչման միջոցով ստացված առաջին սերնդի (F1) սերմեր.
  • բազմամյա բույսերի ելակետային (նախահիմնային) տնկանյութ ՝ մայր բույսերի ժառանգականության պահպանման ու հետագա բազմացման նպատակով ընտրասերման (սելեկցիոն) աշխատանքների արդյունքում ստացված սորտերի, նույնակների (կլոնների) մասեր կամ վիրուսազերծ ամբողջական բույսեր.
  • բազմամյա բույսերի հիմնային (սուպերէլիտային, էլիտային) տնկանյութ՝ մայրուտների համար նախատեսված և ելակետային տնկանյութի հաջորդիվ բազմացման արդյուքում ստացված վիրուսազերծ ամբողջական բույսեր կամ սորտերի և նույնակների (կլոնների) մասեր.
  • բազմամյա բույսերի հավաստագրված տնկանյութ՝ արտադրական այգեհիմնման համար նախատեսված և հիմնային տնկանյութի վեգետատիվ բազմացումից ստացված սորտի անփոփոխ ժառանգականությունը կրող առավել վարակածին վիրուսազերծությունը ստուգված ամբողջական բույսեր.
  • բազմամյա բույսերի վերարտադրված տնկանյութ՝ բազմամյա բույսերի հավաստագրված տնկանյութի հաջորդիվ երեք սերունդները ընդգրկող բուսաճային (վեգետատիվ) բազմացման միջոցով ստացված և վիրուսազերծությունը (առավել վարակածին հարուցիչներից) ստուգված ամբողջական բույսեր.
  • բազմամյա բույսերի շարքային (սովորական) տնկանյութ՝ բազմամյա բույսերի հավաստագրված տնկանյութի չորրորդ և հաջորդիվ վերարտադրությունների վեգետատիվ բազմացման միջոցով ստացված, առողջացման և ստուգման չենթարկված ամբողջական բույսեր.
  • տնտեսական արդյունավետության պետական փորձարկում` լիազոր մարմնի կողմից բույսերի սորտերի տարբերիչ առանձնահատկությունը, միատարրությունը, կայունությունը, հանրապետության բնակլիմայական պայմաններին նրանց հարմարվողականությունը, մշակության գոտում (գոտիներում) հանրաճանաչ սորտերի համեմատությամբ նրանց տնտեսական արդյունավետությունը որոշելու նպատակով կատարվող դաշտային և լաբորատոր համալիր փորձարկումներ.
  • օգտագործման թույլտվություն ունեցող սորտ` տնտեսական արդյունավետության պետական փորձարկումներ անցած, օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի ցանկում գրանցված սորտ.
  • սերմերի արտադրության հերթագայություն` բույսի տվյալ տեսակի օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի ցանկում գրանցված սորտերի սերմերի արտադրության և հավաստագրման նպատակով կիրառվող կանոնների, հրահանգների, ցուցումների և երաշխավորությունների համալիր.
  • տնկարանային արտադրության առաջնային օղակ - բազմամյա մշակաբույսերի մայրուտներ և սորտընտրանի (կոլեկցիոն, հավաքածու) այգիներ, որոնք ստեղծված են հիմնական տնկարաններում գրանցված սորտերի ելակետային տնկանյութով մայր բույսերի ժառանգականության պահպանման, ուսումնասիրության ու հետագա բազմացման նպատակով.
  • սերմերի և տնկանյութի հավաստագրում` սերմերի և տնկանյութի սորտային պատկանելիության, սերմերի ցանքային և տնկանյութի ապրանքային որակների՝ տեխնիկական կանոնակարգերի, պետական չափորոշիչների, սերմնաբուծության և տնկանյութի արտադրության բնագավառում գործող նորմատիվային այլ փաստաթղթերի պահանջներին համապատասխանությունը որոշելու նպատակով սահմանված միջոցառումների համալիր (դաշտային փորձարկումներ, լաբորատոր հետազոտություններ).
  • սերմերի հավաստագիր՝ օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի սերմերի ծագումը, ցանքային պիտանիությունը և տեխնիկական կանոնակարգերին, պետական չափորոշիչներին և սերմնաբուծության բնագավառում գործող նորմատիվային այլ փաստաթղթերին դրանց համապատասխանությունը հավաստող փաստաթուղթ.
  • տնկանյութի հավաստագիր՝ տնկանյութի սորտային պատկանելիությունը, ապրանքային որակները և տեխնիկական կանոնակարգերին, պետական չափորոշիչներին և տնկանյութի արտադրության բնագավառում գործող նորմատիվային այլ փաստաթղթերին դրանց համապատասխանությունը հավաստող փաստաթուղթ.
  • բուսաբանական հատկանիշների ստուգիչ փորձարկում` հատուկ այգետարածքների (մայրուտների) և հողակտորների վրա սերմերի ցանքի և բազմամյա մշակաբույսերի մայր բույսերի սորտային պատկանելիության հետագա ստուգումների միջոցով սերմերի և մայր բույսերի որոշակի սորտի պատկանելիության և սերմերի ու մայր բույսերի որակական ցուցանիշների որոշման նպատակով լիազոր մարմնի կողմից իրականացվող դաշտային փորձարկումների և միջոցառումների համալիր.
  • սերմերի և տնկանյութի սորտային հատկանիշներ` տվյալ սորտի տարբերիչ առանձնահատկությունները, կայունությունը, միատարրությունը բնորոշող հատկությունների և հատկանիշների նույնականացման համալիր.
  • տնկանյութի ապրանքային որակ՝ տնկանյութի կենսաչափագրական (բիոմետրիկ) չափումների և բուսասանիտարական վիճակի համալիր, որոնց հիման վրա տեսակավորվում է տնկանյութի խմբաքանակը և որոշվում է դրա տնտեսական պիտանելիությունը.
  • դաշտային հետազոտություններ (ապրոբացիա)` սերմնադաշտերի, մայրուտների և տնկարանային հողակտորների վրա սերմերի ցանքի և բազմամյա մշակաբույսերի տեսակային և սորտային պատկանելիության, սորտային մաքրության ու միատարրության նույնականացում, հողակտորների՝ մոլախոտերով, մշակաբույսերի հիվանդություններով ու վնասատուներով վարակվածության որոշման միջոցառումներ.
  • դաշտային հետազոտող (ապրոբատոր)՝ սերմնադաշտերի և տնկարանների դաշտային հետազոտությունների և հսկումների կատարող.
  • մշակաբույսեր` արտադրությունում օգտագործվող հացահատիկային, հատիկաընդեղեն, պալարապտղավոր, կերային, տեխնիկական, բանջարաբոստանային բույսեր, ծաղկաբույսեր, դեղաբույսեր, պտղահատապտղային բույսեր, վազեր (ծառեր, թփեր), ուտելի սնկեր.
  • լիազոր մարմին` գյուղատնտեսության բնագավառում պետական կառավարում իրականացնող մարմին:

 


Գ Լ ՈՒ Խ  2


ՍՈՐՏԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ՍԵՐՄԵՐԻ ԵՎ ՏՆԿԱՆՅՈՒԹԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՎԱՍՏԱԳՐՈՒՄԸ, ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ՈՒ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ

Հոդված 5.

Օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի և տնկանյութի ցանկը

  1. Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործման և հետագա բազմացման նպատակով թույլատրվում են այն սորտերը և տնկանյութի այն ձևերը, որոնք անցել են տնտեսական արդյունավետության պետական փորձարկում և գրանցվել են օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի ցանկում:

Օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի ցանկը վարում և տարեկան առնվազն մեկ անգամ հրապարակում է լիազոր մարմինը:

  1. Հայաստանի Հանրապետությունում տնտեսական արդյունավետության պետական փորձարկումների ենթակա բույսերի տեսակների ցանկը սահմանում է լիազոր մարմինը:
  2. Տնտեսական արդյունավետության պետական փորձարկումների կազմակերպման, օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի ցանկում դրանց գրանցման և գրանցումից հանելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 6.

Մշակաբույսերի սերմնաբուծության և տնկանյութի արտադրության քայլերի հերթագայությունը (սխեման)

 

  1. Մշակաբույսերի սերմնաբուծության և տնկանյութի արտադրության հերթագայությունը (սխեման) սահմանում է լիազոր մարմինը:
  2. Սերմերի սորտային և տնկանյութի ձևերի պատկանելիության, սերմերի որակի և տնկանյութի ապրանքային ցուցանիշների որոշման նպատակով հանրապետությունում օգտագործվում են միասնական մեթոդներ, հասկացություններ, տեխնիկական միջոցներ և կանոնակարգեր, չափորոշիչներ, նորմատիվային նույնականացված պահանջներ, որակի ամրագրման փաստաթղթերի ձևեր, այլ նորմատիվային փաստաթղթեր:
  3. Սերմերի և տնկանյութի սորտային պատկանելիության, մաքրության և սերմերի որակի ու տնկանյութի ապրանքային ցուցանիշների ամրագրման փաստաթղթերի ձևերը սահմանում է լիազոր մարմինը:
  4. Սերմնաբուծության հերթագայությամբ սահմանվում են սերմերի հետևյալ դասերը.

1) նախահիմնային (օրիգինալ) սերմեր.

2) հիմնային (սուպերէլիտային, էլիտային) սերմեր.

3) վերարտադրված սերմեր (առաջին և երկրորդ վերարտադրությունների, հիբրիդային առաջին և երկրորդ սերունդների սերմեր):

  1. Տնկարանային արտադրությամբ սահմանվում են հետևյալ կարգերը.

1) ելակետային (նախահիմնային) տնկանյութ

2) հիմնային (սուպերէլիտային, էլիտային) տնկանյութ

3) հավաստագրված տնկանյութ

4) սովորական տնկանյութ

 

Հոդված 7.

Սերմերի որակի և տնկանյութի ապրանքային որակի որոշումը

 

1․ Սերմերի որակը և տնկանյութի ապրանքային որակը բնութագրվում է սորտային պատկանելիությամբ, սորտային մաքրությամբ, վերարտադրությամբ, դասերով և կարգերով:

2․ Սերմերի և տնկանյութի սորտային պատկանելիությունն ու մաքրությունը, դասը և կարգը որոշվում են դաշտային հետազոտությունների և լաբորատոր փորձարկումների միջոցով:

3․ Մշակաբույսերի սերմերի և տնկանյութի սորտային պատկանելիությունը յուրաքանչյուր մշակաբույսի, տնկանյութի կարգի և սերմերի դասի համար առանձին որոշվում է սերմնադաշտերի (ցանքատարածությունների), սորտընտրանի այգիների, մայրուտների (կոլեկցիոն այգի) և տնկարանային տարածքների դաշտային հետազոտությունների, բուսաբանական հատկանիշների ստուգիչ գնահատման և լաբորատոր հետազոտությունների միջոցով:

4․ Մշակաբույսերի սերմնադաշտերի և տնկարանային տարածքների դաշտային հետազոտությունները կատարվում են սերմ արտադրողի և տնկանյութ արտադրողի հայտի հիման վրա: Հայտի ներկայացման կարգը սահմանում է լիազոր մարմինը:

5․ Դաշտային հետազոտողների հավատարմագրման կարգը և սերմնադաշտերի ու տնկարանային տարածքների դաշտային հետազոտությունների հայտի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6․ Լաբորատոր հետազոտությունների նպատակով մշակաբույսերի սերմերի և տնկանյութի խմբաքանակից նմուշառման կարգը և նմուշառման ակտի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

7․ Սերմերի և տնկանյութի որակական ցուցանիշների լաբորատոր հետազոտությունները կազմակերպում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված լաբորատորիաները:

Հոդված 8.

Սերմերի և տնկանյութի հավաստագրումը

 

  1. Նախահիմնային, հիմնային և վերարտադրված սերմերը ենթակա են պարտադիր հավաստագրման, իսկ ելակետային, հիմնային, հավաստագրված և սովորական տնկանյութերը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ժամկետում կամավոր հավաստագրման:
  2. Պարտադիր հավաստագրման ենթակա բույսերի տեսակների ցանկը, հավաստագրման կարգը և դրա նպատակով օգտագործվող ձևաթղթերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
  3. Հավաստագրման գործընթացն իրականացնում և համապատասխանության հավաստագիր տրամադրում է լիազոր մարմինը:
  4. Հավաստագրման ընթացակարգով նախատեսված պահանջները բավարարող սերմերին, տնկանյութին և դրանց խմբաքանակներին տրվում է դրանց ծագումն ու որակը վավերացնող հավաստագիր, իսկ այդ պահանջները չբավարարող սերմերին ու տնկանյութին` փորձարկումների արդյունքների մասին արձանագրություն:
  5. Հայաստանի Հանրապետությունից արտահանման համար նախատեսված սերմերի տարբեր դասերի և տնկանյութի տարբեր կարգերի որակական ցուցանիշները գնահատվում են միջազգային իրավասու կազմակերպությունների սահմանած ընթացակարգով:
  6. Անձնական օգտագործման համար արտադրվող և օգտագործվող սերմերն ու տնկանյութը կարող են չհավաստագրվել, չունենալ սորտային պատկանելիության և սերմերի որակական ցուցանիշները հավաստող փաստաթղթեր:
  7. Լիազոր մարմինն իրականացնում է հավաստագրված սերմեր և տնկանյութ արտադրողների, ներկրողների և արտահանողների հաշվառում:
  8. Հավաստագրված սերմեր և տնկանյութ արտադրողների, ներկրողների և արտահանողների հաշվառման համար լիազոր մարմինը վարում է գրանցամատյան:
  9. Հավաստագրված սերմեր և տնկանյութ արտադրողների, ներկրողների և արտահանողների հաշվառման գրանցամատյանի վարման կարգը և ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

 

Հոդված 9.

Հավաստագրված սերմերի և տնկանյութի պիտակավորումը, փաթեթավորումը, տարավորումը, պահպանությունն ու փոխադրումը

 

  1. Հավաստագրված սերմերի և տնկանյութի փաթեթավորումը, տարավորումը, պիտակավորումը, պահպանությունը, փոխադրումն ու իրացումը կատարվում են հավաստագրի առկայության դեպքում:
  2. Փոխադրման և իրացման համար նախատեսված հավաստագրված սերմերի և տնկանյութի յուրաքանչյուր խմբաքանակ փաթեթավորվում, տարավորվում և դրոշմվում է` տարայի (ապրանքային միավորի) կամ փակցված պիտակի վրա նշելով սորտի անվանումը, բուսաբանական դասակարգումը, սերմերի ու տնկանյութի ծագման և որակի մասին ամբողջական և ճշգրիտ տեղեկատվությունը:
  3. Պիտակների ձևերը և դրանց միջոցով հաղորդվող տեղեկությունների բովանդակությունը սահմանում է լիազոր մարմինը:
  4. Քիմիական և կենսաբանական միջոցներով մշակված սերմերը և տնկանյութը պահպանվում, փոխադրվում և իրացվում են միայն փաթեթավորված վիճակում: Փաթեթը (տարան) պետք է ունենա համապատասխան նախազգուշացնող գրություն և ուղեկցվի սերմերի և տնկանյութի անվտանգ օգտագործման հրահանգով, մարդկանց, կենդանիների առողջության և շրջակա միջավայրի վրա հնարավոր հետևանքներ ունենալու մասին համառոտ տեղեկատվությամբ:
  5. Փաթեթավորման համար օգտագործվող տարաները պետք է ապահովեն հավաստագրված սերմերի և տնկանյութի որակի և քանակի պահպանությունը, իսկ քիմիական և կենսաբանական միջոցներով մշակված սերմերի համար` նաև մարդկանց, կենդանիների առողջության և շրջակա միջավայրի անվտանգությունը:

Հոդված 10.

Սերմեր ու տնկանյութ արտադրողների և իրացնողների իրավունքները, պարտականությունները և երաշխավորությունները

 

  1. Սերմեր և տնկանյութ արտադրողներն ու իրացնողները՝

1) ինքնուրույն են որոշում արտադրվող կամ իրացվող սերմերի  և տնկանյութի տեսականին և քանակությունը,             

2) կարող են սորտերի տնտեսական արդյունավետության պետական փորձարկումների կազմակերպման և դրանք Հայաստանի Հանրապետությունում օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի ցանկում գրանցման հայտ ներկայացնել,

3) Հայաստանի Հանրապետությունում սերմնադաշտերի և տնկարանային դաշտերի դաշտային հետազոտությունների մասին հայտ ներկայացնել:

  1. Հավաստագրման ենթակա սերմեր և տնկանյութ արտադրողները և իրացնողները պարտավոր են՝

1) ներկայացնել հայտ(եր)` սերմնադաշտերի և տնկանյութի մայրուտների ու տնկարանի թողարկող դաշտերի դաշտային հետազոտություններ, սերմերի և տնկանյութի որակական ցուցանիշների լաբորատոր փորձարկումներ կատարելու և համապատասխան փաստաթղթեր ստանալու համար.

2) սերմերի արտադրությունն իրականացնել` պահպանելով սերմնաբուծության հերթագայությունը.

3) հինգ տարվա ընթացքում, իսկ տնկանյութի համար ութ տարվա ընթացքում գրանցել և պահպանել արտադրված, օգտագործված և իրացված սերմերի ու տնկանյութի ծագումը հաստատող և քանակությունները հավաստող փաստաթղթերը.

4) ապահովել լիազոր մարմնի իրավասու աշխատակիցների ազատ մուտքն արտադրական տարածք (սերմնադաշտեր, տնկարաններ, մայրուտներ, պահեստներ, սերմերի մշակման և փաթեթավորման տարածքներ), անհրաժեշտ պայմաններ ստեղծել նրանց գործունեության իրականացման և պահանջվող փաստաթղթերին ծանոթանալու համար:

  1. Մշակաբույսերի սերմերի և տնկանյութի արտադրությամբ, պահպանությամբ, փոխադրումներով, վերարտադրությամբ, իրացմամբ զբաղվող և հավաստագրման գործընթացն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք պարտավոր են երաշխավորել՝

1) սերմերի  և տնկանյութի որակի փաստաթղթերում արձանագրված սորտային մաքրության, ցեղային, տեսակային, սորտային և հիբրիդային, ինչպես նաև կարգային կամ դասային պատկանելիության ցուցանիշների համապատասխանությունը իրացվող սերմերի և տնկանյութի հավաստագրին, որոնց խախտման դեպքում պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով.

2) սերմերի և տնկանյութի ապրանքային որակը բնորոշող ցեղային, տեսակային, տարատեսակային, սորտային և հիբրիդային ինչպես նաև կարգային կամ դասային պատկանելիության մասին փաստաթղթերի պահպանությունը.

3) սերմերի որակական և տնկանյութի ապրանքային ցուցանիշների փոփոխությունների վերաբերյալ ողջամիտ ժամկետներում լիազոր մարմին համապատասխան տեղեկատվություն ներկայացնելը.

4) հավաստագրման ընթացակարգի, սերմնաբուծության հերթագայության, տնկարանային արտադրության, տեխնիկական կանոնակարգերի, պետական չափորոշիչների և նշված ոլորտներում գործող նորմատիվային այլ փաստաթղթերով սահմանված պահանջների իրականացումն ու համապատասխան փաստաթղթերի ձևակերպումը:

 

Հոդված 11.

Սերմերի և տնկանյութի ներմուծումն ու արտահանումը

 

  1. Մշակաբույսերի սերմերի և տնկանյութի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն թույլատրվում է, եթե՝

1) սերմերը և տնկանյութը նախատեսված են գիտահետազոտական աշխատանքների և սորտափորձարկման նպատակների համար.

2) ներմուծվող սորտը գրանցված է օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի ցանկում և ներկայացվում են սերմերի և տնկանյութի խմբաքանակի սորտի պատկանելիության և որակական ցուցանիշների` արտահանող երկրի իրավասու կազմակերպության տված հավաստագրերը:

  1. Հայաստանի Հանրապետություն մշակաբույսերի սերմերի և տնկանյութի ներմուծման և Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
  2. Գիտահետազոտական աշխատանքների և սորտափորձարկումների համար Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունից արտահանվող մշակաբույսերի սերմերի և տնկանյութի առավելագույն քանակները սահմանում է լիազոր մարմինը:
  3. Սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթները չեն տարածվում «տարանցիկ փոխադրում», «ներմուծում մաքսային պահեստ» և «ներմուծում ազատ մաքսային պահեստ» մաքսային ռեժիմներով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սերմերի խմբաքանակների վրա:

 

 

 

 

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Հոդված 12.

Պատասխանատվությունն արտադրանքի անհամապատասխանության համար

  1. 1. Հավաստագրված սերմերի և տնկանյութի արտադրությամբ, պահպանությամբ, փոխադրումներով, վերարտադրությամբ, իրացմամբ զբաղվող և հավաստագրման գործընթացն իրականացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձինք պատասխանատվություն են կրում, եթե՝

1) ապացուցվում է, որ սերմերի և տնկանյութի  սորտային մաքրության, ցեղային, տեսակային, սորտային, հիբրիդային, ինչպես նաև կարգային կամ դասային պատկանելիության ցուցանիշների փոփոխությունները տեղի են ունեցել իրենց մեղքով.

2) լրացուցիչ դաշտային հետազոտությունների և լաբորատոր փորձարկումների արդյունքներով անհամապատասխանություն է հայտնաբերվում հավաստագրում ամրագրված ցուցանիշների և սերմերի, տնկանյութի խմբաքանակի համապատասխան փաստացի ցուցանիշների միջև.

3) հավաստագրման ընթացակարգի, սերմնաբուծության հերթագայության, տնկարանային արտադրության, տեխնիկական կանոնակարգերի, պետական չափորոշիչների և նշված ոլորտներում գործող նորմատիվային այլ փաստաթղթերով սահմանված պահանջների խախտումներով:

  1. 2. Սույն հոդվածի 1-ին մասում նկարագրված պատասխանատվության հետևանքով տնտեսավարողներին հասցված վնասները փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, եթե կողմերի միջև կնքված պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

Հոդված 13.

Սերմնաբուծության և տնկանյութի արտադրության գիտական ապահովումը

 

  1. Սերմնաբուծության և տնկանյութի արտադրության գիտական ապահովումն իրականացնում են լիազոր մարմինը, գիտակրթական, գիտահետազոտական, գիտաարտադրական, փորձարարական հաստատությունները, գիտնական-հետազոտողները, որոնք մշակում են՝

1) բույսերի նոր սորտերի ընտրասերման, սերմնաբանության և սերմնաբուծության վերաբերյալ գիտատեխնիկական ծրագրեր,

2) սերմնաբանության, սերմնաբուծության և սորտագիտության վերաբերյալ գիտականորեն հիմնավորված արդյունավետ համակարգեր,

3) նոր սորտերի ներդրման և հանրապետության տարբեր բնակլիմայական գոտիներում և հողակլիմայական տարբեր պայմաններում դրանց մշակության գիտականորեն հիմնավորված առաջարկություններ,

4) սերմնարտադրության և տնկանյութի արտադրության արդյունավետ տեխնոլոգիաներ, տեղեկատվական ժամանակակից համակարգեր,

5) հանրաճանաչ, արժեքավոր սորտերի և տնկանյութի ձևերի պահպանության և արագացված բազմացման ծրագրեր:

  1. Մշակաբույսերի գենետիկական պաշարների պահպանության նպատակով լիազոր մարմինը սահմանում է հանրահայտ և տնտեսական մեծ արժեք ունեցող սորտերի պահպանության և վերարտադրության ընթացակարգեր:

 

 

 

Հոդված 14.

Սերմերի  և տնկանյութի  մասին օրենքը խախտելու համար պատասխանատվությունը և վեճերի լուծման կարգը

 

  1. Սերմերի և տնկանյութի մասին օրենքի խախտումն առաջ է բերում պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
  2. Լիազոր մարմնի հավաստագրման գործընթացն իրականացնող ստորաբաժանումների կամ պաշտոնյաների, հավատարմագրված լաբորատորիաների և դաշտային հետազոտողների որոշումների հետ չհամաձայնելու դեպքում ֆիզիկական և իրավաբանական անձինք կարող են՝

1) համապատասխան որոշումը ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, բողոք ներկայացնել լիազոր մարմնի բողոքարկման խորհուրդ, որը բողոքը քննության է առնում այն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, և իր որոշումը տրամադրում բողոքարկող կողմին՝ որոշումն ընդունելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում.

2) սերմնադաշտերի և տնկարանային դաշտերի ու տնկարկների դաշտային լրացուցիչ հետազոտությունների և սերմերի, տնկանյութի լաբորատոր լրացուցիչ փորձարկումների անցկացման հայտ ներկայացնել լիազոր մարմին` պահանջելով այդ աշխատանքների իրականացումն ապահովել այլ հավատարմագրված դաշտային հետազոտողների և փորձարկման լաբորատորիաների միջոցով.

3) բողոքի խնդրո առարկա համարվող որոշման հավաստիությունը պարզաբանելու նպատակով կազմակերպել դաշտային լրացուցիչ հետազոտություններ և լաբորատոր փորձարկումներ այդ իրավասություններն ունեցող անկախ դաշտային հետազոտողների և հավատարմագրված լաբորատորիաների միջոցով:

  1. Լիազոր մարմնի բողոքարկման խորհրդի որոշմանը չհամաձայնելու դեպքում բողոքարկող կողմը կարող է դիմել դատարան՝ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
  2. Բողոքարկման խորհրդի կազմը և աշխատակարգը հաստատում է լիազոր մարմինը:

 

 

Գ Լ ՈՒ Խ  4

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 15.

Եզրափակիչ մաս

 

1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

  1. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Սերմերի մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի մայիսի 20-ի ՀՕ-106-Ն օրենքը:

 

 

Հոդված 16.  Անցումային դրույթներ

  1. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ, 7-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով, 8-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 9-րդ մասերով, 11-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվածիրավական ակտերն ընդունվում են օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում։  
  2. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 6-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, 7-րդ հոդվածի 4-րդ մասով, 9-րդ հոդվածի 3-րդ մասով, 11-րդ հոդվածի 3-րդ և 14-րդ հոդվածի 4-րդ մասերով նախատեսված իրավական ակտերը լիազոր մարմնի կողմից ընդունվում են օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:

 

 

 

  • Քննարկվել է

    10.03.2021 - 25.03.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6161

Տպել