Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 451-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

------------------------ 2021 թ. № ---------  Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 451-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն և 2015 թվականի փետրվարի 5-ի N 117-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունվարի 13-ի N 15 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 451-Ն որոշման հավելվածի՝

1) 8-րդ և 9-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Մագիստրատուրայի և ասպիրանտուրայի (բացառությամբ հայցորդի) կրթական ծրագրերով սովորող (կամ տվյալ ուսումնական տարվա շրջանակներում դիմորդ հանդիսացող) քաղաքացիների նշանակալի նվաճում է համարվում ուսումնառության շրջանակներում միջին որակական գնահատականի (ՄՈԳ) (մագիստրատուրայի համար՝ բակալավրի, իսկ ասպիրանտուրայի համար՝ մագիստրոսի կրթական ծրագրով ուսումնառության շրջանակներում) առավելագույն արժեքի առնվազն 80 տոկոս ցուցանիշ ունենալու և դիմելու օրվան նախորդող երեք տարվա ընթացքում՝

  • տվյալ մասնագիտության գծով «Web of Knowledge» կամ «Scopus» միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններերում առնվազն մեկ՝ հղման ենթակա գիտական հոդված ունենալու, կամ
  • մագիստրատուրայի կրթական ծրագրի համար՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման կոմիտեի ցանկում ընդգրկված ամսագրերում տվյալ մասնագիտության գծով առնվազն 1՝ առանց համահեղինակության կամ առնվազն 2՝ համահեղինակությամբ, իսկ ասպիրանտուրայի կրթական ծրագրի համար առնվազն 2՝ առանց համահեղինակության կամ 1 առանց համահեղինակության և 2 համահեղինակությամբ կամ 4 համահեղինակությամբ հրապարակված գիտական հոդվածներ ունենալու, կամ
  • համապատասխան ինտերնետային կայքէջում հրապարակված կամ փաստաթղթային հաստատում ունեցող` մագիստրատուրայի կրթական ծրագրի համար՝ արտերկրում տեղի ունեցած 2 գիտաժողովի զեկույց կամ հրապարակում կամ Հայաստանի Հանրապետության կամ Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների տարածքում տեղի ունեցած 3 գիտաժողովի զեկույց կամ հրապարակում, իսկ ասպիրանտուրայի կրթական ծրագրի համար արտերկրում տեղի ունեցած 6 գիտաժողովի զեկույց կամ հրապարակում կամ Հայաստանի Հանրապետության կամ Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների տարածքում տեղի ունեցած 9 գիտաժողովի զեկույց կամ հրապարակում,կամ
  • միջազգային գիտական կամ գիտակրթական (ճանաչված միջազգային գիտական մրցանակ, միջազգային ուսանողական օլիմպիադաների 1-3-րդ տեղեր), Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետության պետական, Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Նախագահի երիտասարդական, «Հայաստանի Հանրապետության լավագույն ուսանող» մրցանակներ, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում Հայաստանի Հանրապետության Նախագահի կրթական պարգև ունենալու հանգամանքը:
  1. Սույն կարգի 8-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերով սահմանված մագիստրատուրայի կրթական ծրագրով սովորելու նպատակով ներկայացված տարկետման համար հիմք հանդիսացած քաղաքացու նշանակալի նվաճումները չեն կարող ներկայացվել նաև ասպիրանտուրայի կրթական ծրագրով սովորելու նպատակով տարկետում ստանալու համար:».

2) 8-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8.1-ին կետով.

«8.1. Սույն կարգի 8-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված նվաճումները կարող են համատեղվել և ներկայացվել հետևյալ համամասնությամբ` Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման կոմիտեի ցանկում ընդգրկված ամսագրերում հրապարակված գիտական մեկ հոդվածը համարժեք է արտերկրում տեղի ունեցած 2 գիտաժողովի զեկույցի (հրապարակման) կամ Հայաստանի Հանրապետության կամ Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների տարածքում տեղի ունեցած 3 գիտաժողովի զեկույցի (հրապարակման):»

3) 10-րդ և 14-րդ կետերում «26 տարին լրանալու օրը» բառերը փոխարինել «26 տարին ու վեց ամիսը լրանալու օրը» բառերով:

4) ուժը կորցրած ճանաչել նշանակալի նվաճումների ցուցանիշների հաշ­վարկ­ման մեթոդաբանությունը սահմանող ձևը:

  1. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված 8-րդ կետի 3-րդ ենթակետը և 2-րդ կենթակետով լրացվող 8.1-ին կետը գործում եմ մինչև 2021 թվականի հուլիսի 31-ը և ուժը կորցրած են ճանաչվում 2021 թվականի օգոստոսի 1-ին:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  • Քննարկվել է

    10.03.2021 - 26.03.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8958

Տպել

Առաջարկներ`

Gevorg Martirosyan

25.03.2021

Առաջարկվում է նախագծից հանել բացառությամբ հայցորդ հասկացությունը, քանի որ ՀՀ կառավարությունը ասպիրանտուրայի տեղերը սահմանելուց սահմանում է կամ մեկ տեղ կամ ընդհանրապես տեղ չի տրամադրում։ Տվյալ մասնագիտությամբ մեկից ավելի դիմորդների դեպքում մրցութային կերպով անցնում է մի հոգի, իսկ մնացած ուսանողները հնարավորություն չեն ունենում դիմելու ասպիրանտուրայի վճարովի սովորելու համար, քանի որ ասպիրանտուրայի վճարովի տեղեր չունի, այսինքն՝ միակ տարբերակը որպես հայցորդ ընդունվելն է։ Խնդրում եմ ձեզ պարզաբանել ասպիրանտուրայի վճարովի կամ անվճար ընդունվելու հայեցակարգը և պարզաբանել ասպիրանտուրա ընդունվելու մրցույթից դուրս մնացած ուսանողների կարգավիճակը կամ այն ուսանողների կարգավիճակը, որոնց մասնագիտությամբ ՀՀ կառավարությունը անվճար տեղեր չի սահմանել։

Արամ Մանուկյան

25.03.2021

Կարծում եմ՝ այնքան էլ ճիշտ չէ, որ ուսանողների առաջ այս նախագծով մրցույթի մեկնարկից օրեր առաջ դրվում է սահմանափակում՝ կապված հոդվածների առանց համահեղինակ կամ համահեղինակությամբ լինելու մասին, պատճառները երկուսն են՝ 1․ Նախ, գործող կարգով նման սահմանափակում չկա, և դիմորդը կարող է ներկայացնել ինչպես միայն համահեղինակությամբ, այնպես էլ միայն առանց համահեղինակության հոդվածներ, և ըստ այդմ հոդվածները կգնահատվեին ըստ գործակիցների, իսկ ուսանողը այդ կարգով արդեն իսկ նախապատրաստվել է, օրինակ բոլոր հոդվածները տպագրելով իր գիտական ղեկավարի համահեղինակությամբ, ու ընդամենը 6 օրում այդ ուսանողը չի կարող տպագրել այլ հոդվածներ, 2․ Բացի այդ գրեթե բոլոր ամսագրերը /հատկապես բարձր գիտական հեղինակությունը վայելողները/ չեն տպագրում մագիստրատուրայում կամ բակալավրում սովորող ուսանողների հոդվածները առանց գիտական աստիճան ունեցող համահեղինակի /ինքներդ կարող եք համոզվել մոնիթորինգ անելու միջոցով/: Հետևաբար, առաջարկում եմ պահպանել կարգը, սակայն ուսանողների առաջ չդնել հոդվածների համահեղինակության հետ կապված քանակային սահմանափակումներ, պարզապես ձևակերպել «ներկայացնել առնվազն 3 հոդված՝ առանց համահեղինակության կամ առավելագույնը 5 համահեղինակությամբ»:

Gevorg Martirosyan

25.03.2021

Ինչու եք նախագծում ներառել բացառությամբ հայցորդների հասկացությունը, քանի որ ներկայիս գործող օրենքով ուսանողները պաշտպանել են թեկնածուականը և ներկայիս դրությամբ սովորում են որպես հայցորդ: Հաշվի չի առնվել նաև այն փաստը, որ դիմորդները շարժվել են ներկայիս գործող օրենքով շուրջ երկու տարի և նախագծի քննարկումը ավարտվում է տարեկետման համար դիմելուց չորս օր առաջ: Խնդրում եմ Ձեզ ուշադրություն դարձրեք հայցորդին, քանի որ նախագծի ընդունելուց հետո ուսանողների միջև դրվում է տարբերություն:

Տեսնել ավելին