Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Սոցիալական աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Shogher Hakobyan 11.07.2017 19:15:13 Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները. 2) սոցիալական աշխատանքի մասնագետի մասնագիտական գործունեության արտոնագիր (այսուհետ՝ արտոնագիր)՝ սոցիալական աշխատանքի մասնագիտական գործունեությամբ զբաղվելու թույլտվություն: Տվյալ թույլտվությունը ինչ կարգով է տրվելու, կարելի է ավելի մանրամասնել: Ընդունվել է ի գիտություն «Սոցիալական աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագծի 5-րդ գլուխը «Սոցիալական աշխատանքի մասնագետների արտոնագրումը և սոցիալական աշխատանքի մասնագետների ռեեստրը» ամբողջությամբ վերաբերում է բարձրացված հարցին:
2 Նախշուն Աֆանեսյան 12.07.2017 09:44:14 1. Ինչու՞ չի օգտագործվել Սոցիալական աշխատողների միջազգային ֆեդերացիայի կողմից տրված «Սոցիալական աշխատանք» հասկացության սահմանումը։ Այն առավել օպտիմալ է և ունի սոցիալական աշխատանքի տեսական հենք, բացի դրանից մեր հայաստանյան ասոցիացիան /«Ներդաշնակ հասարակություն» Սոցիալական աշխատողների ազգային ասոցիացիա/ անդամակցում է վերջինիս և կարող է հայերեն թարգմանել այդ սահմանումը։ Այդքան էլ շահեկան չէ սոցիալական աշխատանքը սահմանելիս օգտվել այլ գիտություններից /հոգեբանական, մանկավարժական/, քանի որ հասարակության մեջ կձևավորվի այն միտքը, որ սոցիալական աշխատանքը չունի իր տեսական հենքը։ Չի ընդունվել, քանի որ իրավական ակտերը, այդ թվում օրենքները պետք է ունենան կիրառական բնույթ և դրանցում օգտագործվեն այնպիսի ձևակերպումներ և հասկացություններ, որոնք ընկալելի կլինեն ՀՀ քաղաքացիների կողմից: Առաջարկված տեսական ձևակերպումները անհրաժեշտ են մասնագիտական հանրությանը, պրակտիկ աշխատողներին, որոնց վերապատրաստումների և մշտական մասնագիտական աճի պարտադիր նորմը սահմանվում է «Սոցիալական աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագծով:
3 Նախշուն Աֆանեսյան 12.07.2017 09:49:15 2. Ինչու՞ է Հոդված 2-ում /Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները/ օգտագործվել ընդամենը երկու հասկացություն, չէ որ կան այլ հասկացություններ, որոնք անհրաժեշտ է սահմանել մեզ՝ մասնագիտական հանրույթի համար ընդունելի տարբերակով։ Ընդունվել է ի գիտություն ՀՀ օրենքներով սահմանվում են այն հասկացությունները, որոնք օգտագործվում են տվյալ իրավական ակտում, այլ հասկացություններ չեն կարող սահմանվել: Հարկ է նշել նաև, որ այս ընթացքում տարբեր գերատեսչություններից ստացված առաջարկությունների հիման վրա լրամշակվել է օրենքի նախագծի 2-րդ հոդվածը՝ լրացվել են որոշ հասկացություններ՝ «սուպերվիզիա», «սուպերվիզոր»:
4 Նախշուն Աֆանեսյան 12.07.2017 09:54:15 3. Ինչու՞ է օգտագործվում «Սոցիալական աշխատանքի մասնագետ» հասկացությունը, այլ ոչ թե ուղղակի սոցիալական աշխատող։ Հասկանում եմ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում նույնպես նման ձևակերպում է տրված, սակայն կարելի է ուղղակի այնտեղ փոփոխություն կատարելու մասին նախագիծ մշակել։ Չի ընդունվել, քանի որ «Սոցիալական աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագիծը նախատեսում է սոցիալական աշխատանքի բարձրագույն մասնագիտական կրթությամբ սոցիալական աշխատողներ և միջին մասնագիտական կրթությամբ՝ սոցիալական սատարողներ, ուստի դրանց երկուսի ընդհանրական անվանումը նպատակահարմար է կոչել սոցիալական աշխատանքի մասնագետ:
5 Նախշուն Աֆանեսյան 12.07.2017 10:30:52 4. Կարելի է նախատեսել նաև հեշտացված եղանակով արտոնագիր ստանալու վերաբերյալ դրույթ /4. Առանց որակավորման քննություն հանձնելու և համապատասխան վկայագիր ստանալու՝ սոցիալական աշխատողի արտոնագիր կարող է ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող այն անձը, որն ունի «Սոցիալական աշխատանք» մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, սոցիալական ոլորտում աշխատանքի առնվազն տասնհինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ և տիրապետում է հայերենին/։ Այսինքն վերոնշյալ հաոդվածում կարելի է ավելացնել կետ այն մասնագետների համար, ովքեր ունեն համապատասխան բարձրագույն կրթություն, ավելի քիչ փորձ /5 տարի, 10 տարի/ և ապահովել որակավորման քննության հեշտացված եղանակ։ Ընդունվել է ի գիտություն Առաջարկությունը մասամբ իրացված է «Սոցիալական աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագծի 61-րդ հոդվածում: Ինչ վերաբերում է «որակավորման քննության հեշտացված եղանակ» ապահովելուն, ապա տարբեր գերատեսչություններից ստացված առաջարկությունների հիման վրա լրամշակվել են օրենքի նախագծի 8-րդ, 36-րդ և 37-րդ հոդվածները՝ նախատեսելով «որակավորման կրեդիտային սանդղակ» հասկացությունը, որի կիրառմամբ էլ (նախագծի ընդունումից հետո այն կհաստատվի ՀՀ կառավարության որոշմամբ) հնարավոր կլինի իրացնել առաջարկությունը:
6 Նարինե Ճաղարյան 12.07.2017 10:14:11 Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան Սույն օրենքով սահմանվում են սոցիալական աշխատանքի հասկացությունը, սոցիալական աշխատանքի սկզբունքները, սոցիալական աշխատանքի շրջանակներում իրականացվող միջոցառումները, սոցիալական աշխատանքի մասնագետների իրավունքներն ու պարտականությունները, նրանց գործունեության երաշխիքները, սոցիալական աշխատանքի մասնագետների պալատի (այսուհետ՝ պալատ) գործունեության հիմնական նպատակը և խնդիրները, կարգավորվում են պալատի մարմինների կազմավորման, նրանց լիազորությունների իրականացման և որոշումների ընդունման, սոցիալական աշխատանքի մասնագետների արտոնագրման, վերապատրաստման, պալատի անդամի կարգապահական պատասխանատվության և խրախուսման, անկախ մասնագիտական գործունեության իրականացման, սուպերվիզիայի իրականացման հետ կապված հարաբերությունները: Հոդվածում կիրառվող ,,պալատ,, հասկացությունը պարզեցնել, մանրամասնել կամ փոխել ավելի ընդունելի բառով, օրինակ խմբակցություն կամ համախումբ: Չի ընդունվել, քանի որ «Պալատ» հասկացությունը ՀՀ օրենսդրությամբ ընդունված եզրույթ է և այլ օրենքներում՝ «Փաստաբանության մասին», «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքներ, սահմանվել են դրա ձևավորման, գործունեության հիմնական սկզբունքները: Այդ օրենքներում «պալատների» գործունեությունը տվյալ մասնագիտական ոլորտում՝ իր նպատակներով՝ մասնագիտության զարգացում, մասնագետների գործունեության երաշխիքներ և այլն, ունեն շատ ընդհանուր եզրեր «Սոցիալական աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագծով սահմանված դրույթների հետ, ուստի նպատակահարմար է այդ հասկացության կիրառումը:
7 Կանանց աջակցման կենտրոն 26.07.2017 15:36:13 Ուզում ենք Ձեզ տեղեկացնել, որ ընտանեկան բռնության ոլորտում ըստ միջազգային ստանդարտների պարտադիր չէ, որ սոցիալական աշխատողը ունենա համապատասխան բարձրագույն կրթություն ընտանեկան բռնության դեպքերի հետ աշխատելու համար: Հատկապես սոցիալական աշխատողի համար առավելապես կարևոր են չորս որակներ. հմտություններ, ինչը ներառում է կապը շահառուի և համայնքի հետ; արժեքներ, ինչը ներառում է պրոֆեսիոնալիզմ, ոչ խտրական վերաբերմունք, սահմանների պահպանում, գաղտնիության սկզբունքի պահպանում; անհատական ուժեղ գծեր, ինչը ներառում է ինքավստահություն, նվիրվածություն աշխատանքին, շահառուի համար հանգիստ մթնոլորտի ստեղծում, հաղորդակցման հմտություններ; կրթություն, ինչը ներառում է ֆորմալ կրթություն, աշխատանքային փորձի ձեռք բերում, ընդհանուր գիտելիքներ: Մեր մտահոգությունն այն է, որ մարդիկ, ստանալով արտոնագիր, այնուամենայնիվ վերը նշված հմտություններից զուրկ կլինեն, և չեն կարողանա տրամադրել այն աջակցությունը, որի կարիքը ունի շահառուն: Մենք առաջարկում ենք, որ արտոնագիրը տրվի 5 տարվա աշխատանքային փորձ ունենալուց հետո, հենց շահառուի հետ աշխատանքից հետո: Քննությունը այնքան էական չէ, որքան էական է գնահատել աշխատողին ըստ դեպքի վարման հմտությունների և անձնային տվյալների: Չի ընդունվել, քանի որ հեղինակն իր առաջարկության մեջ իրեն հակասում է և պնդում մասնագիտական կրթության անհրաժեշտությունը: Մասնավորապես՝ առաջարկության մեջ սկզբում՝ ըստ հեղինակի միջազգային ստանդարտներով չի պահանջվում համապատասխան կրթություն, իսկ հետո տեքստում նշվում է, որ անհրաժեշտ է պրոֆեսիոնալիզմ, ֆորմալ կրթություն: Նշվածը, եթե մասնագիտական կրթություն չէ, ապա ինչ է: