Հիշել նախագիծը

Նախագիծը չի ընդունվել

«ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՒՄ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՄԻՋԱՆԿՅԱԼ ՄԵԽԱՆԻԶՄԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՒՄ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՄԻՋԱՆԿՅԱԼ ՄԵԽԱՆԻԶՄԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

…. ……. N..-Ն

          ՀՀ կառավարության 2021թ. փետրվարի 4-ի N 142-Լ որոշման N 3 հավելվածով հաստատված տնտեսական արձագանքման ծրագրի շրջանակներում աջակցության ծրագրերի և գործիքների փաթեթի 13-րդ կետով նախատեսված միջոցառումն ապահովելու նպատակով, ՀՀ կառավարությունը որոշում է՝

  1. Սահմանել, որ՝

1) սույն որոշման պահանջները տարածվում են պետական բյուջեի միջոցների հաշվին «Գնումների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի հիման վրա՝ գնանշման հարցման ձևով, կազմակերպվող այն ընթացակարգերի վրա, որոնց հայտարարությունն ու հրավերը հրապարակվել են սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո և որոնց շրջանակում կնքվող պայմանագրերը պետք է ֆինանսավորվեն 2021 թվականի ընթացքում.

2) գնանշման հարցման ձևով իրականացվող ընթացակարգի հրավերով (պայմանագրի նախագծով) նախատեսվում է նաև, որ՝

ա. եթե մասնակիցը տվյալ ընթացակարգի շրջանակում կնքվելիք պայմանագրով պարտավորվում է պայմանագիրը կատարելու ժամանակ, գնային առաջարկով ներկայացվող արժեքի ավելի քան 75 տոկոսը՝ հանրագումարային ձևով, ուղղել հայաստանյան ծագում ունեցող աշխատանքային և/կամ արտադրական ռեսուրսների օգտագործման միջոցով պայմանագրի կատարմանը, ապա կնքվելիք պայմանագրով սահմանված պայմաններով վերջինիս փոխհատուցվում է պայմանագրի արժեքի 1 տոկոսը: Ընդ որում, սույն պարբերությամբ նախատեսված պայմանն ընդունելու դեպքում մասնակիցը հայտով ներկայացնում է պարտավորությունը ստանձնելու վերաբերյալ իր կողմից հաստատված հայտարարություն՝

- աշխատանքների և ծառայությունների գնման դեպքում կցելով նաև օգտագործվելիք նյութերի ցանկը՝ անվանումների, գումարների և քանակների նշումով.

- նշելով նաև աշխատակիցների քանակը, որոնց միջոցով պետք է ապահովվի պայմանագրի կատարումը, և վերջիններիս հանրային ծառայության համարանիշները.

բ. պամանագրի կատարման շրջանակում յուրաքանչյուր փուլի հանձնման-ընդունման արձանագրության հետ մեկտեղ մասնակիցը պատվիրատուին է ներկայացնում տվյալ փուլի կատարումն ապահովելու նպատակով օգտագործված հայաստանյան ծագում ունեցող արտադրական ռեսուրսների ծագման երկրի սերտիֆիկատների բնօրինակները, դրանց ձեռքբերման հաշիվ-ապրանքագրերի պատճենները և իր կողմից հաստատված տեղեկանք՝ համապատասխան թվով աշխատակիցներին վճարված գումարների մասին, նշելով ըստ աշխատակիցների վճարված գումարների չափերը և հանրային ծառայության համարանիշները.

գ. փոխհատուցումն իրականացվում է կնքված պայմանագրի շրջանակում ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման պարտավորությունը ողջ ծավալով ավարտվելուն հաջորդող 45 օրվա ընթացքում, պայմանով, եթե ներկայացված տեղեկատվությունը գնահատվում է սահմանված պահանջներին համապատասխանող.

3) փոխհատուցումն իրականացվում է ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի՝ ՀՀ կառավարության 2021 թվականի պահուստային ֆոնդից, ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ՀՀ ֆինանսների նախարարությանը հասցեագրված գրության հիման վրա՝ սույն որոշման 3-րդ կետով նախատեսված տեղեկատվության համաձայն: Կատարված գործառնությունները հաշվառվում են Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի բյուջետային ծախսերի ծրագրային դասակարգման 1224. «Ճգնաժամերի հակազդման և արտակարգ իրավիճակների հետևանքների նվազեցման և վերացման» ծրագրի 12010․ «Աջակցություն հայաստանյան ծագում ունեցող աշխատանքային և/կամ արտադրական ռեսուրսների սպառմանը» միջոցառմամբ և սահմանված կարգով արտացոլվում են ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվություններում:

  1. Կնքված պայմանագրի կատարման արդյունքն ամբողջությամբ ընդունելուն հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում, եթե ներկայացված փաստաթղթերում բերված տեղեկատվության մեջ նշված գումարների չափը պակաս չէ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությամբ նախատեսված արժեքի 75 տոկոսից, պատվիրատուն կնքված պայմանագիրը, ինչպես նաև սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի ա) և բ) պարբերություններով նախատեսված փաստաթղթերը, մասնակցի գնային առաջարկը, ինչպես նաև կնքված պայմանագիրը ներկայացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ դրանց հիման վրա արտադրական ռեսուրսների հայաստանյան ծագում ունենալու, ինչպես նաև աշխատակիցներին վճարված գումարների մասով հարկային մարմնի հետ համագործակցության միջոցով, վերջնիս կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորությունները կատարած լինելու փաստը հաստատելու համար:
  2. Սույն որոշման 2-րդ կետով նախատեսված փաստաթղթերի ուսումնասիրումն իրականացվում է դրանց ստանալուն հաջորդող երեսուն օրվա ընթացքում: Բերված տեղեկատվության հիման վրա՝

- փաստը հաստատվելու դեպքում, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ՀՀ ֆինանսների նախարարություն է ներկայացնում գրություն՝ գումարի փոխհատուցումն իրականացնելու համար, նշելով գումարը չափը, ստացող անձի անվանումը, ՀՎՀՀ-ն,  այն պայմանագրի ամսաթիվը և ծածկագիրը, որի շրջանակում իրականացվում է փոխհատուցումը: ՀՀ ֆինանսների նախարարությունը գումարի փոխհատուցումն իրականացնում է սույն կետով նախատեսված գրությունը ստանալուն հաջորդող երեք օրվա ընթացքում.

- փաստը չհաստատվելու դեպքում, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը դրա մասին տեղեկացնում է պայմանագիրը կնքած անձին և պատվիրատուին, նշելով մերժման հիմքերը:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆՒ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

            ՎԱՐՉԱՊԵՏ

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Քննարկվել է

    04.03.2021 - 19.03.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5655

Տպել