Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենք

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

1.Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 190-րդ հոդվածը սահմանում է քննչական ենթակայությունն, այսինքն՝ ստորաբաժանում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հատուկ մասով նախատեսված բոլոր հանցակազմերն՝ ըստ ենթակայության:

Օրենսգրքի 1-ին հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում քրեական գործերով վարույթի կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենսգրքով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով և դրանց համապատասխան ընդունված այլ օրենքներով:

Օրենսգրքի 190-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-164, 166-187, 190.1, 190.2, 191, 192, 195-201, 204, 212-214, 218, 222, 223, 223.1, 223.2, 223.3, 223.4, 225, 2251, 226.2, 227-232, 235-249 (բացառությամբ 235.1 հոդվածի), 251-298 (բացառությամբ 267.1 հոդվածի), 300, 300.1, 300.2, 301, 301.1, 307.1, 307.2, 307.3, 307.4, 308-328 (բացառությամբ 310.1 հոդվածի), 331-332.5, 336, 341, 341.1, 341.2, 343-3451, 347-355 հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են քննչական կոմիտեի քննիչները:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 189.1, 190, 217, 2171 , 219-221, 224, 226, 226.1-ին, 233, 234, 250, 299, 302-307, 329, 329.1, 330, 384-3971  հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են ազգային անվտանգության մարմինների քննիչները:

Նշված մասում ամրագրված, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 384-3971 հոդվածները զետեղված են «Խաղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ» բաժնի նույնանուն 33-րդ գլխում:

Գործող պրակտիկայի համաձայն, օրինակ՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը ենթակա քրեական գործերով «Խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված» որոշ հանցագործություններով առաջնային հարցաքննությունները և անհրաժեշտ քննչական գործողություններն իրականացվել են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (զինվորական քննչական գլխավոր վարչության) քննիչների կողմից: Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Օրենսգրքով նշված հանցագործությունների քննչական ենթակայությունը վերապահված է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների քննիչներին, նախաքննությունը շարունակելու համար հարուցված քրեական գործերը փոխանցվել են վերջիններիս:

Օրինակ՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ և կատարվել է նախաքննություն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 384-րդ հոդվածի 2-րդ մասի, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 13-րդ կետերի հատկանիշներով: Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչության, 7-րդ և 10-րդ կայազորային քննչական բաժինների կողմից կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավումներ և այլ անհրաժեշտ քննչական գործողություններ: 09.01.2017թ.-ին որոշում է կայացվել քրեական գործն ըստ ենթակայության ուղարկելու մասին և 10.01.2017թ.-ին հետագա նախաքննությունը շարունակելու համար քրեական գործը Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության միջոցով ուղարկվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական վարչություն:

Նման պրակտիկա արձանագրվել է նաև 2016թ.-ի ապրիլյան պատերազմի ժամանակ: Այսպես. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 2-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել են շուրջ 15 քրեական գործեր Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 390-րդ հոդվածի 6-րդ մասի հատկանիշներով, որոնցով կատարվել են անհրաժեշտ քննչական գործողություններ, սակայն քրեական գործերի վարույթները կասեցվել են Օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված՝ գործով հետագա վարույթին խոչընդոտող անհաղթահարելի ուժ գործելու հիմքերով:

Ինչ վերաբերում է 2020թ.-ի հուլիսի 12-17-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտական հենակետերի, զորամասերի, ինչպես նաև հայ-ադրբեջանական շփման գծի Տավուշի մարզին հարող խորը թիկունքում իրականացրած գործողություններին, ապա Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժնում և Տավուշի մարզային քննչական վարչությունում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 13-րդ կետերով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 13-րդ կետերով և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով նախատեսված հանցագործությունների  հատկանիշներով հարուցված թվով 38 քրեական գործերը միացվել են մեկ վարույթում։

Այնուհետև, Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից 2020թ.-ի սեպտեմբերի 27-ից արցախաադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու, ռազմական գործողությունների ընթացքում նախապես հավաքագրված վարձկաններ օգտագործելու, պատերազմ վարելու արգելված մեթոդներ և միջոցներ կիրառելու, քաղաքացիական բնակիչներին զինծառայողներից չտարբերակելու և Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ դարձնելու,  մասնավորապես՝ խորը թիկունքում գտնվող քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական օբյեկտները ոչ ընտրովի հարձակման օբյեկտներ դարձնելու և հրետակոծելու, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքներ կատարելու փաստերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 384-րդ հոդվածի 2-րդ մասի (ագրեսիվ պատերազմ սանձազերծելը կամ վարելը), 390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերի (զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները), 391-րդ հոդվածի 3-րդ մասով (զինված ընդհարման ժամանակ հանցավոր հրաման արձակելը) և 395-րդ հոդվածի 1-ին մասի (վարձկանությունը) հատկանիշներով նախատեսված առերևույթ հանցավոր արարքներ կատարելու դեպքերով ՀՀ քննչական կոմիտեում 2020թ.-ի սեպտեմբերի 29-ին հարուցվել է քրեական գործ, որը միացվել է մայր գործին և նախաքննությունը շարունակվում է մեկ վարույթում։ 

Հարկ է նշվել, որ օրինակ, և՛ ՌԴ քննչական կոմիտեի, և՛ Բելառուսի քննչական կոմիտեի քննիչներին օրենսդրությամբ վերապահված է իրականացնելու նախաքննություն «Խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ» բաժնում նախատեսված հանցագործություններով: Այսպես.

Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի[1] Խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների բաժինը  ներառում է 353-րդ հոդվածից 361-րդ հոդվածները:

Ռուսաստանի Դաշնության քրեական դատավարության օրենսգրքի[2] 151-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն՝ Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 332-354.1-րդ և 356-361-րդ հոդվածներով նախաքննությունն իրականացնում են Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի քննիչները, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ Ռուսաստանի Դաշնության անվտանգության մարմնի քննիչները նախաքննություն են իրականացնում Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 355-րդ, 359-րդ և 361-րդ հոդվածներով:

 Այսինքն, Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի՝ 355-րդ հոդվածով նախատեսված հանցագործության (Զանգվածային ոչնչացման զենքի մշակումն, արտադրությունը, ձեռքբերումը կամ իրացումը) նախաքննությունն իրականացնում են բացառապես Ռուսաստանի Դաշնության անվտանգության մարմնի քննիչները, իսկ 359-րդ հոդվածով (Վարձկանությունը) և 361-րդ հոդվածով նախատեսված հանցագործություններով (Միջազգային ահաբեկչություն) նախաքննությունն իրականցվում է և՛ քննչական կոմիտեի քննիչների, և՛ դաշնային անվտանգության մարմինների քննիչների կողմից:

Բելառուսի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի[3] 182-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ 124-126-րդ հոդվածներով նախատեսված հանցագործություններով (Ահաբեկչական ակտն օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության ներկայացուցչի նկատմամբ, Միջազգային պաշտպանությունից օգտվող հաստատությունների վրա հարձակում, Միջազգային ահաբեկչության ակտ) նախաքննությունն իրականացնում են պետության անվտանգության մարմինների քննիչները:

Բելառուսի Հանրապետության քրեական օրենսգրքի[4] 122-րդ (Ագրեսիվ պատերազմի կազմակերպում), 123-րդ (Ագրեսիվ պատերազմի հրապարակային կոչեր), 127-րդ (Ցեղասպանություն), 128-րդ (Մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ), 129-րդ (Պատերազմ վարելու արգելված միջոցների արտադրություն, կուտակում կամ տարածում), 130-րդ (Ռասսայական, ազգային կամ կրոնական թշնամանք կամ թշնամանք հրահրել), 131-րդ (Էկոցիդ) հոդվածներով նախաքննությունն իրականացնում են Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի քննիչները:

Անդրադառնալով մասնագիտական գրականությանը, պետք է արձանագրենք, որ գիտնականների մի խումբ կարծիքներ են հայտնել այն մասին, որ «Խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները» գլխում ներառված հանցագործությունների որոշակի խումբը, որոնք պատերազմական հանցագործություններ են, ըստ էության զինվորական բնույթի հանցագործություններ են:

Նույնիսկ առաջարկել են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 33-րդ գլխում նախատեսված Խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված որոշ հանցագործությունները, մասնավորապես՝ ագրեսիվ պատերազմը (ՀՀ քր.օր.-ի հոդված 384), պատերազմ վարելու արգելված միջոցներ և մեթոդներ կիրառելը (ՀՀ քր.օր.-ի հոդված 387), միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ (ՀՀ քր.օր.-ի հոդված 390), անգործությունը կամ հանցավոր հրաման արձակելը զինված ընդհարման ժամանակ (ՀՀ քր.օր.-ի հոդված 391), վարձկանությունը (ՀՀ քր.օր.-ի հոդված 395), միջազգային պաշտպանությունից օգտվող անձանց կամ հաստատության վրա հարձակվելը (ՀՀ քր.օր.-ի հոդված 396), միջազգային պայմանագրերով պահպանվող տարբերանշաններն ապօրինի օգտագործելը (ՀՀ քր.օր.-ի հոդված 397), դիտարկել որպես զինվորական (պատերազմական) հանցագործություններ և նշված հոդվածներն առանձնացնել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 13-րդ բաժնից, նախատեսելով՝ առանձին գլխում:

Հարկ է նշել նաև, որ Խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ դեռևս 1995թ.-ի ՄԱԿ-ի միջազգային իրավունքի հանձնաժողովը որոշել է, որ հնարավոր չէ սահմանել մարդկության անվտանգության և խաղաղության դեմ ուղղված հանցագործությունների ընդհանուր հասկացություն և եզրակացության է հանգել, որ «Խաղաղության, զինվորական և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների հայեցակարգերի ընդհանուր սահմանագծերի որոշումը՝ մատնանշված Նյուրնբերգյան տրիբունալի 6-րդ հոդվածում, պետք է հանդիսանա պրկատիկայի արդյունք»:[5]

 Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ քրեական գործով վարույթում մեղադրանքի հիմքում չեն կարող դրվել և որպես ապացույց օգտագործվել այն նյութերը, որոնք ձեռք են բերվել` տվյալ քրեական գործով քրեական դատավարություն իրականացնելու, համապատասխան քննչական կամ այլ դատավարական գործողություն կատարելու իրավունք չունեցող անձի կողմից:

Ուստի՝ համադրելով արտասահմանյան երկրների փորձը, մասնագիտական գրականությունը, ոլորտի գիտնականների կարծիքներն, իրավակիրառ պրակտիկան, Նախագծով առաջարկվում է Օրենսգրքի 190-րդ հոդվածում կատարել լրացում և փոփոխություն, և նշված հոդվածով նախատեսված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի «Խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ» գլխում թվարկված որոշ հանցագործությունների նախաքննության իրականացումը վերապահել նաև Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի քննիչներին՝ նկատի ունենալով դրանց բնույթը և իրավակիրառ պրակտիկայում առկա դեպքերը:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով կկարգավորվի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածով նախատեսված քննչական ենթակայությունն՝ ըստ որի Խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գլխում ներառված որոշ հանցագործություններով նախաքննությունը, բացի Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների քննիչներից, կիրականացնեն նաև Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի քննիչները:

 

3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ քննչական կոմիտեի կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 384-րդ, 387-րդ, 390-րդ, 391-րդ և 395-397-րդ հոդվածներով նախատեսված հանցագործություններով՝ նախաքննությունը կիրականացնեն նաև Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի քննիչները:

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

« ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն առկա չէ:

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

                      

 

ՀՀ քննչական կոմիտե

 

[1] Տես՝УГОЛОВНЫЙ КОДЕКС РОССИЙСКОЙ ФЕДЕРАЦИИ http://www.consultant.ru/document/cons_doc_LAW_10699/

[2] Տես՝УГОЛОВНЫЙ КОДЕКС РОССИЙСКОЙ ФЕДЕРАЦИИ http://www.consultant.ru/document/cons_doc_LAW_10699/

[3] Տես՝ Уголовно-процессуальный кодекс Республики Беларусь http://etalonline.by/document/?regnum=HK9900295

[4] Տես՝ Уголовный кодекс Республики Беларусь http://xn----ctbcgfviccvibf9bq8k.xn--90ais/ 

[5] Международно-правовые основы расследования военных преступлений-Григорян Г.М. Ереван.2018 http://investigative.am/images/girq_h.girq.pdf

  • Քննարկվել է

    04.03.2021 - 19.03.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    ՀՀ քննչական կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2615

Տպել