Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

  1. Ակտի ընդունման անհրաժեշտությունը և կարգավորման բնույթը

 

«Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների /այսուհետ` Նախագիծ/ ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրների լուծման և միևնույն ոլորտը կարգավորող իրավական ակտերի հետ համապատասխանեցման անհրաժեշտությամբ:

Նախագծի 1-ին հոդվածում նախատեսվող փոփոխությունը նպատակ ունի ապահովել քաղաքացու անձը հաստատող փաստաթուղթ ունենալու իրավունքը այն դեպքերում, երբ բժշկական հաստատությունում անգիտակից վիճակում գտնվող կամ հիվանդությամբ պայմանավորված /կոգնիտիվ և վեգետատիվ խնդիրների հետևանքով/ ՝ շարժվելու, գրելու ունակությունը, հիշողությունը կորցրած քաղաքացին, չունենալով վավեր անձը հաստատող փաստաթուղթ, չի կարողանում իրացնել բժշկական, սոցիալական, արտերկրում բուժում ստանալու նպատակով ՀՀ պետական սահմանը հատելու և այլ իրավունքներ: Ներկայումս, գործող օրենսդրության համաձայն անձնագիր /նույնականացման քարտ/ ստանալու համար անձը դիմումը ներկայացնում է անձամբ, որից, ըստ էության, բացառություն է սահմանված միայն առաջին խմբի հաշմանամների, անգործունակ ճանաչված անձանց և անչափահասների մասով: Օրենքը, սակայն չի կարգավորում այն իրավիճակները, երբ անձը, պայմանավորված առողջական որոշակի խնդիրներով, ի վիճակի չէ անձամբ դիմում ներկայացնել՝ նոր անձնագիր /նույնականացման քարտ/ ստանալու համար, ինչի արդյունքում քաղաքացու կողմից անձնագիր ստանալը դառնում է անհրանրին: Հարկ է նշել, որ խնդիրն առավել ցայտուն արտահայտվեց 2020թ. սեպտեմբերի 27-ից հետո, քանի որ Արցախյան պատերազմում վիրավորված և անգիտակից վիճակում բժշկական հաստատություններում գտնվող քաղաքացիներին դիմում ընդունելու անհնարինությամբ պայմանավորված հնարավոր չի լինում տրամադրել անձը հաստատող փաստաթղթեր /թեև յուրաքանչյուր կոնկրետ դեպքում ԱՎՎ կողմից տրվել են որոշակի լուծումներ, սակայն օրենսդրական կագրավորման անհրաժեշտությունն ակնհայտ է/։

Վերը նշվածը հաշվի առնելով, խնդրի լուծման նպատակով առաջարկվում է բուժ.հաստատություններում գտնվող անգիտակից կամ հիշողությունը, կամ ժամականավորապես ձեռքերը շարժելու ունակությունը կորցրած անձանց համար սահմանել անձնագիր /նույնականացման քարտ/ ստանալու հնարավորություն` մերձավոր ազգականների /մասնավորապես, հայր, մայր, ամուսին, զավակ/ դիմումի կամ բժշկական հաստատության ղեկավարի գրության հիման վրա՝ համապատասխան հիմնավոր փաստաթղթերի առկայության պայմաններում։ Ընդ որում անձնագիր /նույնականացման քարտ/ ստանալու համար ընտրվել է քաղաքացու փոխարեն դիմելու իրավունք ունեցող սուբյեկտների նեղ շրջանակ /միայն առաջին հերթի ժառանգներ կամ բժշկական հաստատության ղեկավարի գրություն/՝ անձը հաստատող փաստաթուղթն այլ նպատակով օգտագործելու հետագա հնարավոր խնդիրներից խուսափելու նպատակով։

Սույն հիմնավորմամբ նախատեսվում է նաև 4.1 մասով լրացնել «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը: 

Նախագծի 2-րդ հոդվածում առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է պրակտիկայում առկա հետևյալ խնդրով. ներկայումս քաղաքացու անձնագրի /նույնականացման քարտի/ մեջ ծննդյան վայրը դաշտում նշվում է այն պետությունը, որի տարածքում քաղաքացին ծնվել է: Այս մոտեցումը առաջացնում է խնդիրներ այն դեպքերում, երբ քաղաքացու ծննդյան վայրը Հայաստանի Հանրապետության կողմից չճանաչված պետություն է կամ միջազգայնորեն վիճարկելի տարածք: Գործնականում բազմաթիվ են դեպքերը, երբ քաղաքացին դիմում է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն՝ ծննդյան վայրը փոխելու նպատակով, քանի որ ՀՀ քաղաքացու անձնագրում /նույնականացման քարտում/ որպես ծննդավայր որևէ պետության նշումը նրա համար խնդիրներ է առաջացնում օտարերկրյա այլ պետություններում իր իրավունքներն իրացնելիս: Հարցը քննարկվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ, որտեղից ստացվել է միջազգային փորձի վերաբերյալ ուսումնասիրություն առ այն, որ աշխարհի զարգացած երկրների ճնշող մեծամասնությունն իր քաղաքացիներին տրամադրվող անձնագրերում որպես ծննդյան վայր նշվում է ոչ թե պետությունը, որտեղ ծնվել է տվյալ անձը, այլ ծնվելու քաղաքը, ավանը կամ շրջանը, որոշ երկրներ՝ նաև պետությունը: Այս դիրքորոշման ձևավորման հիմքում դրվել է այն  հանգամանքը, որ հաշվի առնելով միջազգային չափանիշները, ցանկացած այնպիսի դեպքում, երբ «ծննդյան վայրը» դաշտում կոնկրետ պետություն նշելը խնդրահարույց է կամ որևէ այլ հիմնավոր կամ ակնհայտ պատճառով նպատակահարմար չէ, պետությունները քաղաքացիների անձնագրում նշում են միայն անձի ծննդյան քաղաքը, ավանը, գյուղը կամ շրջանը` հիմք ընդունելով այդ փաստը հավաստող փաստաթուղթը (ծննդյան վկայական, օտարերկրյա անձնագիր, այլ փաստաթուղթ): Արդյունքում, առաջարկվել է ՀՀ օրենսդրության մեջ ևս կատարել համապատասխան փոփոխություններ` քաղաքացուն հնարավորություն ընձեռելով իր ցանկությամբ որպես ծննդավայր նշել այն տարածքը, որտեղ ծնվել է (կից ներկայացվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության համապատասխան գրությունը), ինչն էլ հիմք է հանդիսացել սույն հոդվածով նախատեսվող օրենսդրական փոփոխության համար։

Այս հիմնավորմամբ առաջարկվում է կատարել փոփոխություն նաև «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում:

Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվող փոփոխությունները միտված են իրավակիրառ պրակտիկան և գործող օրենսդրությունը համապատասխանեցնելուն, մասնավորապես, ՀՀ քաղաքացու անձնագիրը /նույնականացման քարտը/ իրավակիրառ պրակտիկայում վերադարձվում է ոչ թե համեմատելուց անմիջապես հետո, ինչպես նշված է գործող օրենքում, այլ հին անձնագիրը /նույնականացման քարտը/ նորով փոխելիս` այն ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում մուտքագրվելուց հետո ճանաչվում է անվավեր, դակվում է և վերադարձվում է քաղաքացուն վերջինիս ցանկությամբ միայն նոր անձնագիրը տրամադրելու հետ միաժամանակ: Միաժամանակ, այս փոփոխությամբ քաղաքացուն անվավեր ճանաչված և դակված անձնագիրը չի վերադարձվում, եթե այն կեղծ է եղել կամ ձեռք է բերվել ՀՀ օրենսդրության խախտմամբ:

Բացի այդ, այս փոփոխությամբ միաժամանակ նախատեսվում է նաև սահմանել անձնագրերի /նույնականացման քարտերի/ ոչնչացման կարգ՝ մեկ միասնական ընթացակարգով տարբեր ծառայություններում գտնվող անձնագրերը ոչնչացնելու համար։

Սույն հիմնավորմամբ էլ պայմանավորված է «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 13-րդ մասում Նախագծով առաջարկվող փոփոխությունը:

Նախագծի 4-րդ հոդվածի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 8-րդ մասում և դրան համապատասխան ՀՀ կառավարության 2018թ. նոյեմբերի 8-ի թիվ 1269 որոշման մեջ օգտագործվող փոփոխությամբ, մասնավորապես «զինվորական կցագրման վկայական» բառերի փոխարեն օգտագործվող նախազորակոչային տարիքի քաղաքացիների համար` «նախազորակոչային տարիքի քաղաքացու զինվորական հաշվառման գրքույկ», իսկ զորակոչային տարիքի և պարտադիր զինվորական ծառայության զորակոչից օրենքով սահմանված կարգով տարկետում ստացած քաղաքացիների համար` «զորակոչային տարիքի քաղաքացու զինվորական հաշվառման գրքույկ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով, քանի որ զինվորական կցագրման վկայականի հասկացությունը փոխակերպվել է նշված ձևակերպմամբ:

Այս կապակցությամբ առաջարկվում է «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ մասի 4-րդ կետի փոփոխություն:

Նախագծի 5-րդ հոդվածով նախատեսող փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է պրակտիկայում առկա հետևյալ խնդրով. Անձնագրի /նույնականացման քարտի/ վավերականության ժամկետի լրանալը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համար օրենքով սահմանված է որպես ՀՀ քաղաքացու անձնագիրը /նույնականացման քարտը/ վերցնելու հիմք, որը պրակտիկայում կիրառվում է միայն ՀՀ ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերի կողմից: Վերջիններս պետական սահմանի անցման կետերում վերցնում են քաղաքացու ժամկետանց անձնագիրը և ուղարկում ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն (ինչը որոշակի ժամանակ է պահանջում, այսինքն՝ անձնագիրը ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն հասնելը կարող է տևել մի քանի օր): Մինչդեռ, շատ դեպքերում այդ ժամանակահատվածում քաղաքացին, ում անձնագիրը վերցվել է վավերականության ժամկետը լրացված լինելու հետևանքով, դիմում է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն` կորստյան հիմքով նոր անձմագիր ստանալու համար, ընդ որում` այն առավել սեղմ ժամկետում ստանալու համար վճարելով ՀՀ օրենսդրությամբ սահմանված առավել բարձր վճար: Պրակտիկայում, թեև սահմանապահ ծառայությունը քաղաքացուն տրամադրում է անձնագիրը վերցնելու փաստը հաստատող տեղեկանք, բայց հաճախ քաղաքացիներն այն կորցրած են լինում կամ այլ վայրում թողած լինելու պատճառով չեն ներկայացնում ԱՎ վարչություն։ Արդյունքում ստեղծվում է մի իրավիճակ, երբ մինչև քաղաքացու վերցված անձնագիրը ՀՀ ոստիկանության ԱՎՎ-ում ստացվելը` անձը ստանում է նոր անձնագիր, երբեմն՝ կորստյան հիմքով: Բացի այդ, «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքը քաղաքացուն հնարավորություն է ընձեռնում ընտրություններին մասնակցել նաև վավերականության ժամկետը լրացած անձնագրով, ուստի այն վերցնելը խոչընդոտում է անձի սահմանադրական իրավունքի իրացմանը։ Ելնելով վերոգրյալից, հաշվի առնելով, որ անձնագրի վավերականության ժամկետի լրանալը որևէ խոչընդոտ չի կարող առաջացնել ոչ անձի, ոչ էլ պետության համար, գտնում ենք, որ ժամկետը լրանալու պատճառով անձնագիրը վերցնելու իրավական հիմքը պահպանելու անհրաժեշտությունը բացակայում է։

Սույն հիմնավորմամբ էլ պայմանավորված է «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածում առաջարկվող փոփոխությունը:

 Նախագծի 6-րդ հոդվածով նախատեսվում է համապատասխանեցնել «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքն ու Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշումը, մասնավորապես` ՀՀ քաղաքացու անձնագրի փոխանակման հիմքերը տարածել նաև նշված որոշման վրա:

 

  1. Առաջարկվող կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը

 

Նախագծերի փաթեթով առաջարկվում է ապահովել վարչարարության միասնականությունը, համաչափությունը և ուժը կորցրած իրավական դրույթների դուրսբերումը գործող իրավական ակտից:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

 

Նախագծերի փաթեթը մշակվել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության աշխատակազմի կողմից:

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ ԵՎ լրացումներ կատարելու մասին եվ «նույնականացման քարտերի մասին» ՕՐԵՆՔՈՒՄ փոփոխություններ ԵՎ լրացումներ կատարելու մասին  օրենքների նախագծերի փաթեթի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին

 

 

Սույն Նախագծերի փաթեթի ընդունմամբ և ուժի մեջ մտնելուց հետո անհրաժեշտ է փոփոխություններ և լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշման մեջ:

Միաժամանակ, Նախագծերի փաթեթի ընդունմամբ և ուժի մեջ մտնելուց հետո «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Նախագծի 4-րդ հոդվածի /«Նույնականացման քարտերի մասին» 3-րդ հոդվածի/ կիռարկումն ապահովելու նպատակով` անհրաժեշտ է փոփոխություններ կատարել  ՀՀ Կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի 2012 թվականի փետրվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը և նույնականացման քարտը վերցնելու փաստը հավաստող տեղեկանքի ձևերը հաստատելու մասին» թիվ 2-Ն Հրամանում:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

«Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ ԵՎ լրացումներ կատարելու մասին եվ «նույնականացման քարտերի մասին» ՕՐԵՆՔՈՒՄ փոփոխություններ ԵՎ լրացումներ կատարելու մասին  օրենքների նախագծերի փաթեթի ընդունման ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Քննարկվել է

    02.03.2021 - 17.03.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Հանրային կառավարում

  • Նախարարություն

    Ոստիկանություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5883

Տպել

Առաջարկներ`

Մելեա Միլիտոսյան

03.03.2021

Բարև Ձեզ , ես Մելեա Միլիտոսյանն եմ, աուտիզմ ունեցող երեխայի մայր։ Չեմ աշխատում, որովհետև երեխայիս խնամակալը ես եմ. դպրոց, ցերեկային կենտրոններ ես եմ ուղեկցում, և այդ օրակարգով հնարավոր չէ աշխատանք գտնել։ Դպրոցում նստում եմ իր կողքին, քանի որ միայնակ չի կարող կենտրոնանալ, առաջադրանք կատարել. կաղմկի ու կխանգարի մյուս երեխաների դասը։ Իմ դերը շատ ֆունկցիոնալ չի դասարանում, քանի որ ես ինչքան էլ որ ճանաչում եմ երեխայիս, գիտեմ իր կարողությունները, ես մասնագետ չեմ, ու դասապրոցեսին մասնակցելը վերածվում է սիրողական պրոցեսի՝ կետգծեր, նկարել, ներկել։ Սրան ազդում է նաև իմ` իր ծնողը լինելու փաստը, քանի որ էմոցիոնալ առումով ծնողը ավելի զիջող և ավելի զգացմունքային է, իսկ երեխան` զգալով` ավելի այդ փաստերից օգտվող։ Բոլոր հանգամանքները աղաղակում են այն մասին, որ ուղեկցորդը դպրոցում անհրաժեշտություն է։ Իսկ իմ ընտանիքի պես վարձով ապրող ընտանիքները լրացուցիչ 3_4000 դրամ իրենց թույլ տալ չեն կարող, հատկապես երբ այլ թերապիաների էլ է հաճախում երեխան։ Ես ունեմ հիասքանչ առաջարկ, որը կարող է բավարարել ծնողի պահանջը՝ երեխային լիարժեք ներառելու դասապրոցեսին, և այդ առաջարկս պետությունից ֆինանս չի պահանջում։ Հատուկ ֆակուլտոտում սովորող ուսանողները, երբ արդեն որոշակի բազային գիտելիքներ ունեն և իրենց անհրաժեշտ է պրալտիկա, կարող են պրակտիկան անցկացնել ներառական դպրոցներում, ճանաչել երեխաներին , հավաքել ահռելի փորձ ու զուգահեռաբար անվճար ուղեկցորդ դառնալ դպրոցում սովորող հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար։ Խնդիրներ գուցե առաջանան, սկզբնական անփորձ վիճակից, բայց դպրոցում կան հոգեբաններ, լոգոպեդներ, հատուկ մանկավարժներ և ծնողներ ու դպրոցում սովորող նորմատիպ երեխաներ, որոնք կարիքի դեպքում մեծ սիրով կհասնեն օգնության ։ Սիրով կսպասեմ հետադարձ կապի։

Տեսնել ավելին