Տեղեկանք-հիմնավորում

«Բազմազավակ ընտանիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ

Անհրաժեշտությունը.

Ներկայացվող օրենքի նախագծի նպատակը բազմազավակ ընտանիքներին պետական աջակցության տրամադրումն է, որը բխում է` ՀՀ Սահմանադրության 83 և 86-րդ հոդվածներից, ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշման (ՀՀ կառավարության 2019-2023թթ․ գործունեության ծրագրի) N 1 հավելվածի 18-րդ կետից։

Ընթացիկ իրավիճակը.

Բազմազավակ ընտանիքների պետական աջակցության համակարգային միջոցառումների իրականացումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության ներկա ժողովրդագրական կացությամբ, որը, նախ և առաջ, կապված է ծնելիության ցածր մակարդակի հետ: Այն չի ապահովում անգամ բնակչության պարզ վերարտադրություն, որի համար անհրաժեշտ է 2.1 երեխա: Սակայն, միայն պարզ վերարտադրության հաղթահարմամբ (մեկ ընտանիքում 2-3 երեխա) հնարավոր չէ ապահովել ընդլայնված վերարտադրություն և հասնել ծնելիության մակարդակի էական բարձրացմա։

Այսինքն, ժողովրդագրական կայունության հաստատման և պահպանման համար հարկավոր է ոչ միայն ապահովել պարզ, այլև ընդլայնված վերարտադրությունը, կտրուկ ավելացնել առնվազն 4 և ավելի երեխա ունեցող ընտանիքների թիվը՝ վերջիններիս տալով որոշակի երաշխիքներ:

 2012-2019թթ. ընտանիքներում ծնված չորրորդ երեխաների թիվն աճել և կազմել է 8233 երեխա, ի տարբերություն 2004-2011թթ՝ 6560-ի։ 2009թ․ ընդհանուր երեխաների կարգաթվում չորրորդ երեխաները կազմել են ընդհանուրի 1,9 տոկոսը, 2019թ․-ին՝ 3,5-ը, սակայն 2019թ․-ի ցուցանիշը բավականին զիջում է 1990 թ․-ին՝ 5,8 տոկոս։ 2009 թ․-ից հետո 4-րդ և հաջորդ երեխաների թվի աճը հիմնականում պայմանավորված է նաև այն հանգամանով, որ 2009թ․ 3-րդ և հաջորդ երեխաների միանվագ դրամական նպաստը դարձավ 430 հազար, իսկ 2014թ․-ից 3-րդ և 4-րդ երեխաների համար 1 մլն, իսկ 5-րդ և հաջորդների համար՝ 1,5 մլն դրամ։

5-րդ և հաջորդ երեխաների ծնունդը առավել խնդրահարույց է, քանի որ շատ քիչ ընտանիքներ են գնում այդ քայլին։ 2019թ․-ին 5-րդ և հաջորդ երեխաների թիվը կազմել է ընդհանուրի 1 տոկոսը, թեև 1990 թ․-ին այն կազմել էր 3.2 տոկոսը։ 2019 թ․ տվյալներով 3-րդ և հաջորդ երեխաների ծնունդը կազմել է ընդհանուրի 24,9 տոկոսը, թեև վերջին տասնամյակում իրականացված հետազոտությունները փաստում են, որ վերարտադրողական տարիքում գտնվող ընտանիքների կանայք և տղամարդիկ առավելապես հակված են երեք և ավելի երեխա ունենալուն՝ համապատասխանաբար 42․8 և 38․6 տոկոս դեպքերում։

Միաժամանակ, հարկ է նշել, որ մոտակա տասնամյակում վերարտադրողական ակտիվ շրջան է մուտք գործում 1990-ական թթ․ երկրորդ կեսին ծնված սերունդը, որոնք 40 տոկոսով ավելի քիչ են, քան 1980-ական թթ․ ծնվածները։ Սա նշանակում է վերարտադրողական պոտենցիալի նշանակալի նվազում, որը կարող է միայն փոխհատուցվել ընտանիքներում 4-րդ և հաջորդ երեխաների ծնունդով։

Այս առումով կարիք կա բարձրացնել 4-րդ և հաջորդ երեխաների ծնունդը խթանող ժողովրդագրական քաղաքականության հասցեականությունը, քանի որ ներկայումս գործող բազմազավակ ընտանիքների աջակցման սակավաթիվ ծրագրերը, չհանդիսանալով բազմազավակության խրախուսման միջոց, ընդամենը լուծում են արդեն իսկ դժվարին կացության մեջ հայտնված այդ ընտանիքների որոշակի խնդիրները:

  1. Կարգավորման նպատակը.

«Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ օրենքի նախագծի նպատակն է` կարգավորել բազմազավակ ընտանիքների աջակցության տրամադրման հետ կապված հարաբերությունները, սահմանել բազմազավակ ընտանիք հասկացությունը, բավարարել բազմազավակ ընտանիքների հիմնական պահանջմունքները, նպաստել բազմազավակ ընտանիքների ինքնապահովմանն ու ծագած հիմնախնդիրներն ինքնուրույն լուծելու ունակությունների զարգացմանը, կանխարգելել նրանց սոցիալական մեկուսացումը և բարելավել ժողովրդագրական իրավիճակը:

2․ Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության և ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչություն։

3․ Ակնկալվող արդյունքը.

«Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ օրենքնի նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է` բազմազավակության և ընդլայնված վերարտադրության խրախուսումը` բազմազավակ ընտանիքների սոցիալական կարգավիճակի և երաշխիքների հստակեցմամբ, բազմազավակ ընտանիքներին տրվող պետական աջակցության արդյունավետության բարձրացումը, բազմազավակության գրավչության մեծացումը, բազմազավակ ընտանիքի` որպես պետության և հասարակության հենասյունի, դերի բարձրացումն ու ամրապնդումը:

Տեղեկանք

«Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ օրենքնի նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին

«Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ օրենքնի նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն է առաջանում փոփոխություններ և լրացումներ կատարել «Պետական նպաստների մասին», «Կրթության մասին»,  «Նախադպրոցական կրթության մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում և «ՀՀ Աշխատանքային օրենսգրքում»:

 Տեղեկանք

«Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին

«Բազմազավակ ընտանիքների մասին», ՀՀ օրենքնի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում տեղի կունենա ծախսերի էական ավելացում:

Տեղեկանք

ՀՀ-ում բազմազավակ ընտանիքների թվաքանակի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետությունում ապրող ընտանիքների, այդ թվում` բազմազավակ, թվաքանակի վերաբերյալ ամբողջական տեղեկություն պարունակում են միայն մարդահամարի տվյալները: Այս առումով հարկ է նշել, որ այդպիսի վերջին տեղեկատվոթյունը առկա է 2011թ․ մարդահամարի տվյալներով, իսկ հերթական մարդահամարը նախատեսված է 2021թ․-ին։

Համաձայն 2019թ․ տնային տնտեսությունների (այսուհետ տ/տ) հետազոտության արդյունքների (www.armstat.am/file/article/poverty_2020_a_2..pdf)` տ/տ-ի անդամների միջին թվաքանակը կազմել է 3.6 մարդ՝ 3.4 քաղաքային և 4.0 գյուղական բնակավայրերում, իսկ առկա բնակչության հաշվարկով՝ համապատասխանաբար, 3.4, 3.2 և 3.7 մարդ։ 2019թ․-ին 3 և հաջորդ ծնունդների թվաքանակի նվազմամբ պայմանավորված, տ/տ-ի ավելի քան կեսը կազմել են մինչև 3 երեխա ունեցող տ/տ-ները՝ 2010թ․՝ 38,2% և 2017թ․ 49%-ի համեմատ (աղյուսակ 1)։

 Աղյուսակ 1 ՀՀ Տնային տնտեսությունների բաշխումն ըստ դրանց կազմի (ըստ մշտական բնակչության) 2010-2019թթ․-ին

Տ/Տ-ի կազմը

2010

2012

2014

2016

2017

2018

2019

1 անդամից

10.0%

10.9%

12.9%

13.8%

14.8%

14.3%

15.7%

2 անդամից

14․0%

16․1%

17․1%

17․4%

19․1%

19․5%

18․9%

3 անդամից

14․2%

15․0%

14․1%

15․7%

15․1%

16․7%

15․6%

4 անդամից

21․0%

20․6%

19․8%

19․7%

18․9%

18․9%

18․6%

5 անդամից

18․0%

16․5%

15․7%

15․2%

14․8%

15․2%

14․3%

6 և ավելի անդամներից

22․8%

20․9%

20․4%

18․2%

17․3%

15․4%

16․9%

Ընդամենը

100.0%

100.0%

100.0%

100.0%

100.0%

100.0%

100.0%

2010-2019թթ․ 5 և ավելի անդամներից բաղկացած տ/տ-ի թիվը նվազել է 3,7%-ով, իսկ 6 և ավելի անդամներից բաղկացածը՝ 6․1%-ով, այսինքն, տնային տ/տ-ը գերադասում են ավելի քիչ երեխաներ ունենալ։

Բազմանդամ (6 և ավելի անդամ ունեցող) տ/տ-ները գերակշռել են գյուղական բնակավայրերում՝ 24,8%, քաղաքայինի՝ 12,6%-ի համեմատ, իսկ քաղաքային բնակավայրերում գերակշռել են են մինչև 4 անդամներից բաղկացած տ/տ-ները և կազմել են 73,4%, գյուղականի՝ 60,4%-համեմատ։

2019 թ․ նախորդ տարվա համեմատ նվազել են 1 (0.1 տոկոսային կետով) և 2 (0,6 տոկոսային կետով) երեխա ունեցող տ/տ-ների մասնաբաժինը, իսկ 3 (0,2 տոկոսային կետով) և 4 (0․2 տոկոսային կետով) երեխաներ ունեցող տ/տ-ների մասնաբաժինն աճել է։

2019թ․-ին, ըստ տ/տ-ի հետազոտության արդյունքների, տնային տնտեսությունների կազմում՝ յուրաքանչյուր 10-ից 6-ում չեն եղել մինչև 16 տարեկան երեխաներ, քաղաքային բնակավայրերում այդպիսի տնային տնտեսությունների մասնաբաժինը կազմել է՝ 63․1%, գյուղականի՝ 58,6%-ի համեմատ։ 4 և ավելի երեխա ունեցող ընտանիքների թվի վերաբերյալ տվյալներ է պարունակում նաև ընտանիքների անապահովության համակարգը, որում 2021թ. հունվարի 1-ի դրությամբ փաստագրված է եղել 5895 ընտանիք, որոնցից ընտանեկան նպաստ է ստացել 5792-ը (աղյուսակ 2):

Աղյուսակ 2. Ընտանիքների անապահովության համակարգում հաշվառված (փաստագրված) և նպաստ ստացող բազմազավակ (0-18 տարեկան 4 երեխա ունեցող) ընտանիքների և նրանցում երեխաների թվաքանակը 2021թ. հունվարի 1-ի դրությամբ. 

Ընտանիքների անապահովության համակարգում հաշվառված (փաստագրված) բազմազավակ ընտանիքների և այդ ընտանիքներում երեխաների թվաքանակը

Ընտանիքների անապահովության համակարգում հաշվառված (փաստագրված) ու նպաստ ստացող բազմազավակ ընտանիքների և այդ ընտանիքներում երեխաների թվաքանակը

ընտանիքների թվաքանակը

երեխաների թվաքանակը

ընտանիքների թվաքանակը

երեխաների թվաքանակը

5895

26230

5792

25789

Հաշվի առնելով, որ մարդահամարի տվյալները համեմատաբար հին են, իսկ ընտանիքների անապահովության համակարգում ներառված տվյալները` ավելի թարմ, վստահաբար կարելի է ենթադրել, որ 4 և ավելի երեխա ունեցող ընտանիքների թիվը ներկայումս տատանվում է 7200-7300-ի սահմաններում, հատկապես, որ 2012-2019թթ. ընտանիքներում ծնված 4-րդ և հաջորդ երեխաների միջին տարեկան թիվը, որոշակի աճի պայմաններում, տատանվել է 1000-1050-ի միջակայքում: Միաժամանակ, այդ ընթացքում բազմաթիվ ընտանիքներ «լքել են» սույն նախագծով ներկայացված թիրախային գոտին (երեխաները դարձել են չափահաս): Այսինքն, կարելի է փաստել, որ հանրապետությունում բնակվող բազմազավակ ընտանիքների գերակշիռ մասը հաշվառված է ընտանիքների անապահովության համակարգում՝ աղքատ է:

Բազմազավակ ընտանիքների կարիքները փաստվել են ընտրանքային հետազոտությունների արդյունքում: Այսպես, 2015թ. անցկացված և 2016թ. երկրորդ կեսին ամփոփված Տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության (ՏՏԿԱՀ) տվյալներով (անցկացվել է 5184 Տ/Տ-ներում) աղքատ է ՀՀ բնակչության 29,8%ը կամ շուրջ 900 հազար մարդ: Աղքատ բնակչության մեջ իրենց ծանրակշիռ տեղն են գրավում երեխաները և երեխա ունեցող ընտանիքները:

Այսպես, 0-17 տարեկանը ներառյալ երեխաների տեսակարար կշիռը աղքատ բնակչության մեջ կազմում է 26.9%, իսկ ընդհանուր բնակչության մեջ` 23.8%:

 Բազմազավակ ընտանիքների հիմնական կարիքները ուսումնասիրվել և գույքագրվել են նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից 2014թ. իրականացված «ՀՀ բազմազավակ ընտանիքների հիմնական կարիքների գնահատում, սոցիալական խնդիրների վերհանում» հետազոտության (Հետազոտություն) շրջանակներում, որի ընտրանքում ներառված են եղել աղյուսակ 2-ում նշված 7394 ընտանիքներից 611-ը և որոնք բնակվել են հանրապետության 34 քաղաքային և 182 գյուղական համայնքներում:

Հետազոտությամբ պարզվել էր, որ`

  1. բազմազավակ ընտանիքների ճնշող մեծամասնությունը` 86.8%-ը, Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդներ են, իսկ հարցվողների 6.1%-ը` Ավետարանչական եկեղեցու հետևորդներ: Սա խոսում է այն մասին, որ տարածված այն կարծիքը, որ շատ երեխաներ ունենում են քրիստոնեական ոչ ավանդական կրոնական համոզմունքերի հետևորդները (աղանդավորները), անհիմն են:
  2. հետազոտությամբ ընդգրկված բազմազավակ ընտանիքի մեկ աշխատողին (կերակրողին) միջինը ընկնում է 9.5 չաշխատող, այդ թվում` 6.2 երեխա,
  3. բազմազավակ ընտանիքների եկամուտների կառուցվածքում գերակշռում է ընտանեկան նպաստը` 79.0 %, կենսաթոշակը` 38.3%, աշխատավարձը` 31.2% և արտագնա աշխատանքից ստացված եկամուտը` 15.4%: Բոլոր մյուս տիպի եկամուտները (գյուղմթերքների արտադրություն, երեխայի ծննդյան միանվագ նպաստ, անհատական գործունեությունից ստացված եկամուտներ և այլն) միասին կազմում են 38%, ինչը խոսում է բազմազավակ ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակի` պետության կողմից ցուցաբերվող աջակցությունից անմիջական կախվածության մասին,
  4. հետազոտությանը մասնակցած բազմազավակ ընտանիքների ճնշող մեծամասնությունը` գրեթե 70%-ը, բնակվում է գերբնակեցված կամ խիստ բնակեցված կացարաններում, այսինքն հետազոտված ընտանիքների կացարանների ընդհանուր բնակելի մակերեսները չեն համապատասխանում ոչ միայն բնակմակերեսի նորմերին (9 ք/մ), այլ նաև` նվազագույն սանիտարական նորմերին,
  5. արձանագրվել է զբաղվածության ցածր մակարդակ` մասնավորապես բազմազավակ մայրերի 89%-ը և հայրերի 69%-ը ՀՀ տարածքում չեն աշխատում,
  6. պետության կողմից մատուցվող սոցիալական օգնության և ծառայությունների ամենատարածված ձևը ընտանեկան նպաստի տրամադրումն է բազմազավակ ընտանիքներին, որում ընդգրկված են եղել հարցված ընտանիքների մեծամասնությունը` 80%-ը,
  7. զգալի թիվ են կազմել այն բազմազավակ ընտանիքները, որոնցում կան նախադպրոցական տարիքի երեխաներ (70.4%): Սակայն ինչպես ցույց է տվել հարցումը, այդ ընտանիքների մեծ մասին անհասանելի են նախադպրոցական կրթական հաստատությունները: Հարցվողների 59.5%-ը նշել են, որ իրենց նախադպրոցական տարիքի երեխաները նախադպրոցական հաստատություն չեն հաճախում, 21.4%-ը նշել են, որ հաճախում են նման հաստատություն, սակայն վճարովի հիմունքներով, իսկ 19.2%-ը նշել են, որ հաճախում են անվճար հիմունքներով: Պետք է նկատել, որ երեխաների` նախադպրոցական հաստատություններ չհաճախելու հիմնական պատճառներ են հանդիսանում կամ նման հաստատության բացակայությունը, կամ այդ հաստատության հեռու գտնվելը, կամ բարձր վճարը (44.5%): Նման իրավիճակը դառնում է որոշիչ պայման, որպեսզի բազմազավակ ընտանիքների ծնողները` հատկապես մայրերը, չցանկանան աշխատանք փնտրել, քանի որ նրանք գիտակցում են, որ իրենց օրվա մեծ մասը ստիպված են ծախսել երեխաների խնամքի և դաստիարակության վրա,
  8. բուժհաստատության կարիք ունեցող, սակայն չդիմած ընտանիքների ճնշող մեծամասնությունը (մոտ 91%) չդիմելու հիմնական պատճառ նշել են դրամական միջոցների սղությունը,
  9. հիփոթեքային ծրագրերը բազմազավակ ընտանիքների համար մատչելի չեն. ընտանիքների 97%-ը նշել են, որ իրենց համար մատչելի չեն հիփոթեքային ծրագրերը:

Ըստ էության, հետազոտական գործիքով ձեռքբերված տվյալները գալիս են լրացնելու վիճակագրությամբ փաստված տվյալները:

Տեղեկանք

Բազմազավակ ընտանիքների աջակցության միջազգային փորձի մասին

Ելնելով բնակչության վերարտադրության մակարդակից և ժողովրդագրական մարտահրավերների առանձնահատկություններից` աշխարհի տարբեր երկրներ սահմանել են երեխաների ցանկալի թվի նվազագույն շեմ, այն բավարարող ընտանիքներին տրամադրելով սոցիալական տարբեր երաշխիքներ: Ընդ որում, նշված պրակտիկան կիրառվում է ինչպես նախկին ԽՍՀՄ երկրներում, այնպես էլ այլ պետություններում: Սույն տեղեկանքում բերված են սոցիալ-տնտեսական զարգացման տարբեր մակարդակ և մշակութային արժեքներ ունեցող պետություններում իրականացվող այն միջոցառումները, որոնք ուղղված են բազմազավակ ընտանիքներին` առանց վերջիններիս ապահովվածությունն ու կենսամակարդակը հաշվի առնելու: Այդ միջոցառումները, մեծ հաշվով, կարելի է բաժանել 2 տեսակի`

  • բազմազավակ ընտանիքի սահմանում, կարգավիճակի և դրանից բխող երաշխիքների տրամադրում,
  • բազմազավակ ընտանիքի սահմանում, առանց կարգավիճակի և դրանից բխող երաշխիքների, սակայն ծնունդների տարբերակված խրախուսում:

Ռուսաստանի Դաշնություն (ՌԴ)

ՌԴ-ում բազմազավակ է համարվում 3 և ավելի` մինչև 18 տարեկան երեխա ունեցող ընտանիքը. ընդ որում, ելնելով ՌԴ առանձնահատկություններից, դաշնային սուբյեկտներին վերապահված է բազմա­զա­վակ ընտանիքի երեխաների թվաքանակի սահմանում` ելնելով իրենց յուրահատուկ պայմաններից:

 ՌԴ-ում դաշնային մակարդակով բազմազավակ ընտանիքներին վերապահված են սոցիալական հետևյալ երաշխիքները.

  1. բնակարանի գնման համար հիփոթեքային վարկի տրամադրում՝ մինչև 30 տարի մարման ժամկետով, առանց կանխավճարի, առաջին վճարման համար տարեկետման տրամադրում մինչև 3 տարի: Ընդ որում, պետությունը փոխհատուցում է ընտանիքի կողմից վարկի մարման նպատակով կատարվող ամսական վճարումների 75 տոկոսը: Բնակարանի գնման նպատակով սահմանված երաշխիքից օգտվելու նպատակով բազմազավակ ծնողներից գոնե մեկը տվյալ բնակավայրում պետք է ունենա առնվազն 12 տարվա մշտական բնակություն, իսկ ծնողների աշխատանքային ապահովագրական համատեղ ստաժը (միածնող ընտանիքի դեպքում` միակ ծնողի) պետք է պակաս չլինի 10 տարուց` ներառյալ զինծառայությունը և ցերեկային հիմունքներով ուսուցումը,
  2. ջեռուցման, ջրի, գազի էլեկտրաէներգիայի, հեռախոսի վարձի փոխհատուցում 50 տոկոսով,
  3. բժշկի դեղատոմսի հիման վրա դեղորայքով անվճար ապահովում,
  4. նախադպրոցական կրթական հաստատություններ երեխաների արտահերթ և արտոնյալ պայմաններով ընդունում,
  5. բժշկական տեղեկանքի առկայության դեպքում երեխաների ընդունում առողջարաններ արտահերթ կարգով,
  6. բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում երեխաների համար քվոտայի սահմանում 20 տոկոսի չափով,
  7. բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում երեխաների ուսուցման կազմակերպում 50 տոկոս զեղչով,
  8. գյուղացիական (ֆերմերային) տնտեսության ստեղծման նպատակով հողատարածքների տրամադրում (մեկ անգամ),
  9. գործազուրկ բազմազավակ ծնողների առաջնահերթ ուսուցում և վերապատրաստում զբաղվածության ծրագրերի շրջանակներում,
  10. ամսական նպաստ յուրաքանչյուր երեխայի համար մինչև 18 տարեկանը լրանալը` տվյալ դաշնային սուբյեկտում վճարվող միջին աշխատավարձի չափով: Ընդ որում, բազմազավակ ծնողներից գոնե մեկը տվյալ բնակավայրում պետք է ունենա առնվազն 12 տարվա մշտական բնակություն, իսկ ծնողների աշխատանքային ապահովագրական համատեղ ստաժը (միածնող ընտանիքի դեպքում` միակ ծնողի) պետք է պակաս չլինի 10 տարուց` ներառյալ զինծառայությունը և ցերեկային հիմունքներով ուսուցումը,
  11. բազմազավակ ծնողներին եկամտահարկից ցմահ ազատում: Ընդ որում, բազմազավակ ծնողներից գոնե մեկը տվյալ բնակավայրում պետք է ունենա առնվազն 12 տարվա մշտական բնակություն, իսկ ծնողների աշխատանքային ապահովագրական համատեղ ստաժը (միածնող ընտանիքի դեպքում` միակ ծնողի) պետք է պակաս չլինի 10 տարուց` ներառյալ զինծառայությունը և ցերեկային հիմունքներով ուսուցումը,
  12. բազմազավակ ծնողների կենսաթոշակի նկատմամբ լրացուցիչ գործակցի կիրառում` յուրաքանչյուր երեխայի համար,
  13. բազմազավակ ծնողներից յուրաքանչյուրի ամենամյա վճարովի արձակուրդի օրերի ավելացում 5 օրով,
  14. բազմազավակ մայրերին ատամների բուժման կամ պրոթեզավորման համար փոխհատուցման տրամադրում,
  15. 2 տարին մեկ անգամ բազմազավակ ընտանիքներին հանգստյան տներ այցելելու ուղեգրերի տրամադրում,
  16. դպրոցահասակ երեխաներին դասագրքերի և տաք սննդի անվճար տրամադրում,
  17. երեխաների արտահերթ սպասարկում պոլիկլինականերում,
  18. տարին երկու անգամ` գարնանը և աշնանը, երեխաների անվճար վիտամինավորում,
  19. Հեռավոր արևելքի և Հյուսիսի բազմազավակ ընտանիքներին 2 տարին մեկ անգամ արտոնությունների հատկացում օդային և ջրային տրանսպորտով դեպի ՌԴ եվրոպական մաս ուղևորություն կատարելու նպատակով (բուժում, ազգականներին տեսակցություն և այլն) ,
  20. 5 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին «Գազել» մակնիշի ավտոմեքենայի անվճար տրամադրում: Ընդ որում, բազմազավակ ծնողներից գոնե մեկը տվյալ բնակավայրում պետք է ունենա առնվազն 12 տարվա մշտական բնակություն, իսկ ծնողների աշխատանքային ապահովագրական համատեղ ստաժը (միածնող ընտանիքի դեպքում` միակ ծնողի) պետք է պակաս չլինի 10 տարուց` ներառյալ զինծառայությունը և ցերեկային հիմունքներով ուսուցումը,
  21. Երեխաների համար մշակութային և սպորտային հաստատություններ անվճար այցելություն և հաճախում:

Ուկրաինա

Ուկրաինայում բազմազավակ են համարվում 3 և ավելի` մինչև 18 տարեկան երեխա ունեցող ընտանիքները, որոնց վերապահված են սոցիալական հետևյալ երաշխիքները.

  1. սոցիալական բնակարանային ֆոնդից օգտվելու առաջնահերթ իրավունք,
  2. գյուղական բնակավայրերում բնակվելու և բնակարանաշինության համար ստացած հիփոթեքային վարկերի տոկոսների ամբողջական սուբսիդավորում: Ընդ որում, համապատասխան վարկը ստանում է անհրաժեշտ պահանջներին համապատասխանող ընտանիքը,
  3. ջեռուցման, ջրի, գազի էլեկտրաէներգիայի, հեռախոսի վարձի 50 տոկոսի փոխհատուցում, անկախ բնակարանի սեփականության ձևից,
  4. 1-4-րդ դասարաններում սովորող երեխաներին անվճար սննդի տրամադրում,
  5. հանրակրթական հաստատություններում սովորող երեխաների անվճար երթևեկում ներքաղաքային և միջքաղաքային հասարակական տրանսպորտով, բացառությամբ տաքսիներից,
  6. նախադպրոցական կրթական հաստատություններ երեխաների արտահերթ և արտոնյալ պայմաններով ընդունում,
  7. բժշկի դեղատոմսի հիման վրա դեղորայքով անվճար ապահովում,
  8. տարին մեկ անգամ պրոֆիլակտիկ բժշկական հետազոտություն, անհրաժեշտության դեպքում` ստացիոնար բուժում,
  9. այն բազմազավակ մայրերը, որոնք ծնել և առնվազն մինչև 8 տարեկանը լրանալը մեծացրել են 5 և ավելի երեխա, կարող են ստանալ «Հերոսուհի մայր» պատվավոր կոչումը, որն իր հերթին ապահովում է նոր երաշխիքներ`
    • «Հերոսուհի մայր» պատվավոր կոչմանը արժանացած մայրերի ընտանիքներն ունեն բնակարանով ապահովման առաջնահերթ իրավունք,
    • կենսաթոշակի անցնել ավելի վաղ տարիքում` 58 տարեկանում, և այլն,
  10. 5 և ավելի երեխա ունեցող բազմազավակ ընտանիքների երեխաները և 18-23 տարեկան զավակները միջնակարգ և բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորում են անվճար, իսկ արտակարգ իրավիճակների նախարարության ուսումնական հաստատություն ընդունվելիս հավասար պայմաններում ունեն առավելություն:

Ղազախստան

Ղազախստանում բազմազավակ է համարվում 4 և ավելի` մինչև 18 տարեկան երեխա ունեցող ընտանիքները, որոնց համար սահմանված են հետևյալ երաշխիքները.

  1. չաշխատող և մինչև 7 տարեկան երեխա ունեցող բազմազավակ մայրերին ամսական նպաստի նշանակում նվազագույն աշխատավարձի չափով,
  2. բազմազավակ մայրերի ատամների անվճար պրոթեզավորում,
  3. բժշկի դեղատոմսի հիման վրա դեղորայքով անվճար ապահովում մինչև 14 տարեկան երեխաներին,
  4. հանրակրթական հաստատություններում սովորող երեխաների և ծնողների անվճար երթևեկում ներքաղաքային և միջքաղաքային հասարակական տրանսպորտով, բացառությամբ տաքսիներից,
  5. ծնողներին, ըստ աշխատանքի վայրի, արտահերթության կարգով հանգստյան տներ և առողջարաններ այցելելու ուղեգրերի տրամադրում,
  6. նախադպրոցական կրթական հաստատություններ երեխաների արտահերթ և արտոնյալ պայմաններով ընդունում,
  7. ամսական նպաստ, որի չափը կազմում է շուրջ 8800 տենգե (համապատասխանում է սպառողական 4 նվազագույն զամբյուղին): Ամսական նպաստը ավելանում է մինչև 13.000 տենգե «Ալտին Ալկա» կամ «Կումիս Ալկա» պարգևներով պարգևատրվելու դեպքում, որոնք շնորհվում են 6 և ավելի երեխա ծնած և մեծացրած ծնողներին:

Լատվիա

Լատվիայում բազմազավակ են համարվում 3 և ավելի երեխա ունեցող ընտանիքները, որոնց վերապահված են հետևյալ երաշխիքները.

  1. սեփականության իրավունքով իրեն պատկանող անշարժ գույքի համար վճարվող գույքահարկի փոխհատուցում 90 տոկոսով,
  2. սեփականության իրավունքով իրեն պատկանող ավտոմեքենայի համար վճարվող գույքահարկի փոխհատուցում 20 տոկոսով,
  3. սպառած էլեկտրաէներգիայի դիմաց փոխհատուցում յուրաքանչյուր ամիս սպառած 300 կվտ/ժ էլեկտրաէներգիայի համար,
  4. բազմազավակ ծնողին ամենամյա վճարովի արձակուրդի օրերի ավելացում 3 օրով: Ընդ որում, եթե լրացուցիչ օրերը կհամընկնեն երեխայի հիվանդության օրերին, ապա գործատուն պարտավոր է լրացուցիչ 3 օրերը տեղափոխել և հատկացնել այլ ժամանակ,
  5. ծնողներից մեկը կարող է 60 տոկոս զեղչ գներով երթևեկել հասարակական տրանսպորտով, այդ նպատակով նախապես ձեռք բերելով համապատասխան աբոնեմենտ: Ընդ որում, 5-րդ երեխան ունենալուց հետո այդ աբոնեմենտը տրվում է անվճար,
  6. «3+» ընտանեկան քարտեր, որը հնարավորություն է տալիս զգալի զեղչերով Լատվիայի տարածքում այցելել ավելի քան 100 վայրեր` խանութներ, հանգստյան տներ և այլն:

Բազմազավակ ընտանիքների արտոնությունները ԱՄՆ-ում և Արևմտյան Եվրոպայում

Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրներում և ԱՄՆ-ում բազմազավակ է համարվում 3 և ավելի երեխա ունեցող ընտանիքը: Այդ երկրների զգալի մասում բազմազավակ ընտանիքներին տրվող երաշխիքները և սոցիալական աջակցությունը տրամադրվում է՝ ըստ յուրաքանչյուր հաջորդ երեխայի:

ԱՄՆ-ում, որպես այդպիսին, բազմազավակ ընտանիքների աջակցության միջոցառումներն իրականացվում են ըստ նահանգների, իսկ ֆինանսական աջակցության նվազագույն չափը սկսում է 200 դոլարից: Աջակցության հիմնական ձևերն են`

  • հարկային արտոնություններն ու սուբսիդիաները,
  • դպրոցական անվճար սնունդը,
  • պարենամթերքի կտրոնները,
  • բնակարանի վարձակալության և կոմունալ վճարումների փոխհատուցումը,
  • անվճար բուժօգնությունը առողջապահական պետական կազմակերպություններում,
  • ծնողների և երեխաների իրավաբանական և հոգեբանական աջակցությունը:

Ավստրիայում, որտեղ բազմազավակ է համարվում 3 և ավելի երեխա ունեցող ընտանիքը, որդեգրվել է ընտանիքների աջակցության հետևյալ տարբերակը. աջակցություն ըստ ընտանիքում երեխաների հերթական կարգաթվի:

Այսպես, մինչև 10 տարեկան երեխա ունեցող ընտանիքները ստանում են հետևյալ դրամական խրախուսավճարները`

1-ին երեխան- 130.9 եվրո,

2-րդ երեխան-143.7 եվրո,

3-րդ երեխան – 165.9 եվրո,

4-րդ երեխան – 180.9 եվրո:

Դրամական խրախուսավճարներն աճում են ավելի բարձր տարիքի երեխաների դեպքում` 11-18 տարեկան երեխաների համար, ըստ հետևյալի`

1-ին երեխան- 152.7 եվրո,

2-րդ երեխան-165.5 եվրո,

3-րդ երեխան – 187.7 եվրո,

4-րդ երեխան 202.7 եվրո:

 

  • Քննարկվել է

    02.03.2021 - 17.03.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 25365

Տպել

Առաջարկներ`

Վաչե Սարգսյան

17.03.2021

գիտեք մի առաջարկ ունեմ ,ուղակի սահմանեք հստակ մի բան երիտասարդներին առանց կանխավճար հիպոտեկ բնակարանով երբ ապահով լինեն հաստատ երախաների մասին կմտածեն,ես ունեմ մեկ երեխա ու չեմ կարում բնակարան գնեմ կանխավճարի պատճառով

Ինգա Մարտինյան

16.03.2021

Իմ առաջարկները ամփոփել եմ նյութի տեսքով, մտահոգությունները վերաբերում են ոչ միայն այս նախագծին, այլ առհասարակ պետության քաղաքականությանը, այստեղ անելիք ունի նաեւ ԿԳՄՍՆ եւ առողջապահության նախարարությունը։ https://armdaily.am/?p=129017&l=am

Աննա Խուդոյան

15.03.2021

Առաջարկում եմ կրթական աջակցության շրջանակներում ներառել նաև բազմազավակ ընտանիքների երեխաների (5-12-րդ դասարաններ) դասագրքերի վճարի ամբողջական փոխհատուցումը:

Տեսնել ավելին