Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՆԱԽԱԳԻԾ) ԸՆԴՈՒՆՄԱՆ

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի (Ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելը) համաձայն՝

«1. Լեռնաարդյունահանող կազմակերպությունների կամ օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված ստորգետնյա շինությունների նախագծման, տեղաբաշխման, շինարարության, շահագործման հանձնելու և շահագործման ընթացքում ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելը, ինչպես նաև օգտակար հանածոների հանքավայրերի մակերեսներն ինքնակամ կառուցապատելը, եթե այդ արարքներն անզգուշությամբ էական վնաս են պատճառել՝

պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

  1. Ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ կամ համապատասխան նախագծերի շեղումներով կամ առանց պայմանագրի ընդերքի օգտագործումը, որն էական վնաս է պատճառել մարդու առողջությանը, շրջակա միջավայրին, ընդերքին, դրանում պարփակված օգտակար հանածոներին, շենքերին կամ շինություններին`

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելուց զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:»:

Վերոգրյալից ակնհայտ է դառնում, որ ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի թե՛ 1-ին, թե՛ 2-րդ մասերը, ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով, համարվում են ոչ մեծ ծանրության հանցագործություններ, ինչը գործնականում առաջացնում է մի շարք խնդիրներ՝ մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու, նրանց նկատմամբ պատիժ նշանակելու առումով։

Այսպես՝ ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ «Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.

1) երկու տարի՝ ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից։»:

Այսինքն` ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածով սահմանված սանկցիաների պայմաններում անձին քրեական պատասխանատվությունից ազատելու ժամկետը երկու տարի է, ինչը խիստ խնդրահարույց է։ 

  1. ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործերով իրականացվող քննությունը, պայմանավորված ապացուցման առարկայով, գործնականում կարող է տևել բավականին երկար ժամանակ, քանի որ գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման պահանջից ելնելով՝ անհրաժեշտություն է առաջանում իրականացնել բազմաթիվ քննչական և այլ դատավարական գործողություններ, հարցաքննել մի շարք վկաների, իրականացնել ստորգետնյա շինությունների նախագծման, տեղաբաշխման, շինարարության, շահագործման հանձնելու և շահագործման ընթացքում ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու, ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտումների կամ համապատասխան նախագծերի շեղումների, դրանց վերաբերյալ կնքված պայմանագրերի, ընդերքն ապօրինի շահագործելու հետևանքով շրջակա միջավայրին, ընդերքին, դրանում պարփակված օգտակար հանածոներին, շենքերին կամ շինություններին էական վնաս պատճառված լինելու հանգամանքները պարզելուն ուղղված լայնածավալ դատավարական գործողություններ։

Նշված քրեական գործերով, կախված ընդերքի պահպանման և օգտագործման կանոնների խախտման առանձնահատկություններից, դրանց խախտման բնույթը, իրականացված աշխատանքների նորմատիվային համապատասխանությունը, պատճառված վնասի չափը, նախագծերի՝ սահմանված շինարարակական պահանջներով կատարված լինելու և գործին վերաբերող այլ հանգամանքները պարզելու նպատակով նշանակվում են տարբեր՝ երբեմն նաև համալիր-հանձնաժողովային փորձաքննություններ (դատաապրանքագիտական, դատաշինարարական, դատանյութա­գիտական, դատաէկոլոգիական, դատապայթյունատեխնիկական և այլն), որոնց կատարումը բավականին ժամանակատար է։

Այսպես՝ դատաշինարարական փորձաքննությունը կարող է տևել 7-8 ամիս, նույնիսկ մինչև 1 տարի՝ կախված գործի բարդությունից, հետազոտելի օբյեկտի առանձնահատկություններից, փորձագիտական հիմնարկների ծանրաբեռնվածությունից, իսկ առանց այդ փորձագիտական եզրակացությունների, երբեմն անհնար է լինում որոշել սահմանված կանոնների խախտման բնույթը, պարզել մեղավոր անձանց շրջանակը և լուծել քրեական գործի վերջնական ընթացքը։

Ստացվում է, որ միայն դատաշինարարական փորձաքննություն նշանակված լինելու դեպքում քրեական գործի նախաքննությունն օբյեկտիվորեն կարող է տևել մինչև 1 տարի և ավելի, իսկ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկվելու դեպքում, ելնելով դատարանների ծանրաբեռնվածությունից, քրեական գործի նյութերի, ապացուցման առարկայի ծավալից՝ գործի դատաքննությունն իր հերթին կարող է տևել բավականին երկար ժամանակ՝ 2 տարի և ավելի՝ հանգեցնելով քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելուն։ Հարկ է հաշվի առնել դատավճիռները բողոքարկելու հետևանքով վերադաս դատական ատյաններում քննության ժամկետները ևս, որոնք գործի քննությունը կարող են դարձնել առավել ժամանակատար։

Դրա հետևանքով հանցանք կատարած անձինք կարող են խուսափել իրական քրեական պատասխանատվությունից։ Անգամ վարույթն իրականացնող մարմնի կողմից գործադրված պատշաճ ջանասիրության դեպքում, պայմանավորված բացառապես օբյեկտիվ պատճառներով, անհնար է դառնում մեղավոր անձանց դատապարտել և ենթարկել իրական պատժի։ Արդյունքում խախտվում են ՀՀ քրեական օրենսգրքի 7-րդ և 10-րդ հոդվածներով նախատեսված՝ պատասխանատվության անխուսափելիության և արդարության ու պատասխանատվության անհատականացման սկզբունքները։

Պրակտիկայում եղել են դեպքեր, երբ նշյալ հանցագործության կատարման հատկանիշներով հարուցված քրեական գործով նախաքննությունը տևել է շուրջ 1 տարի, իսկ դատական քննությունը՝ երկու տարուց ավելի, որի ընթացքում անցել են անձին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները։ Արդյունքում պետությանը 327.517.320 ՀՀ դրամի գույքային վնաս պատճառած անձն ազատվել է քրեական պատասխանատվությունից, վերջինիս նկատմամբ չի նշանակվել պատիժ, արդյունքում չի կենսագործվել պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը։ 

Թեպետ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված է քրեական գործով վարույթը և քրեական հետապնդումը բացառող ոչ արդարացնող հիմք և այդ հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելը չի կարող խոչընդոտ հանդիսանալ պատճառված վնասի հատուցման համար քաղաքացիական դատավարության կարգով հայց հարուցելուն, այնուամենայնիվ, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, նշված դեպքերում անձը խուսափում է ոչ միայն իրական պատժից, այլև պատիժ կրելու մտավախություն չունենալով՝ իրական քայլեր չի ձեռնարկում պատճառված վնասը փոխհատուցելու ուղղությամբ: Այդպիսի վարքագիծը կարող էր չլինել այդ արարքի համար խիստ սանկցիայի պայմաններում, որի դեպքում անձը շահագրգռված կլիներ փոխհատուցելու վնասը՝ դատարանի կողմից այն որպես պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք դիտարկելու, պատիժը պայմանականորեն չկիրառելու կամ ավելի մեղմ պատիժ նշանակելու, ինչպես նաև պատժից պայմանական վաղաժամկետ ազատվելու հարցը քննարկելիս հաշվի առնելու համար։ 

  1. Բացի այդ, ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի սանկցիաները խնդրահարույց են ոչ միայն քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների համատեքստում, այլ նաև արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքի պահանջների առումով։ Նույնիսկ քրեական պատասխանատվության ժամկետների սահմաններում անձի վերաբերյալ մեղադրական դատավճիռ կայացնելիս սահմանված պատիժները մեղմ են և չեն համապատասխանում քննարկվող հանցանքների հասարակական վտանգավորությանը, չեն կարող ապահովել քրեական օրենքով նախատեսված՝ պատժի նպատակները, կատարված արարքի համար կիրառվող քրեաիրավական հարկադրանքի միջոցի համաչափությունը։

Այսպես՝ ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայով ազատազրկումը՝ որպես պատժատեսակ, ընդհանրապես նախատեսված չէ, իսկ 2-րդ մասի դեպքում թեպետ սահմանված է, սակայն առավելագույն ժամկետ է նախատեսված 1 տարին, ինչը բացարձակապես չի համապատասխանում այդ հանցանքի բնույթին և դրանով պաշտպանվող հասարակական հարաբերությունների կարևորությանը։

Քննարկվող հանցակազմի անմիջական օբյեկտը երկրի ընդերքի, դրանում պարփակված օգտակար հանածոների պահպանմանն ու արդյունավետ օգտագործմանն ուղղված հասարակական հարաբերություններն են։

Նշված հանցագործությունը ներառված է ՀՀ քրեական օրենսգրքի 27-րդ գլխում (Շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ), այսինքն՝ դրա ցանկացած դրսևորում այս կամ այն կերպ վնաս է պատճառում շրջակա միջավայրին, բնությանը, վերջնական արդյունքում անուղղակիորեն վտանգ է ներկայացնում նաև բնակչության առողջության համար։

Ընդ որում, ելնելով հանցանքի կոնկրետ դրսևորումներից՝ դրա հետևանքները կարող են լինել բավականին ծանր ու անվերականգնելի, սպառնալ բնական ռեսուրներին, շրջակա միջավայրն աղտոտել վտանգավոր քիմիական նյութերով ու թափոններով և այլն, ուստի նշված արժեքների դեմ ուղղված արարքները պետք է պաշտպանվեն առավել խիստ գործիքակազմերով՝ հնարավորություն տալով իրավակիրառողին իրականացնելու խիստ քրեական պատժողական քաղաքականություն։

Հարկ է նշել նաև, որ ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածով նախատեսված սանկցիաները միգուցե արդարացված են եղել նախկինում, երբ նշված հանցագործության հատկանիշներով քրեական գործերը սակավաթիվ են եղել, սակայն ներկայումս, հաշվի առնելով այդ հոդվածով քննվող քրեական գործերի աճման միտումը, դրանց քննությամբ պարզված՝ պատճառված վնասների չափերը, հարկ է խստացնել համապատասխան պատժողական ներգործության միջոցները նաև կանխարգելիչ նկատառումներով՝ իրագործելու համար նաև պատժի կանխարգելիչ նպատակը։

  1. Բացի այդ, ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիան խնդրահարույց է նաև այն առումով, որ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ձևով պատժատեսակը նախատեսված է որպես հիմնական պատիժ, ինչպես տուգանքը։

Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ձևով պատժի էությունը հանցանքի բնույթի հետ կապված որոշակի գործունեությամբ զբաղվելն արգելելն է:

ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ՍԴ/0044/01/15 քրեական գործով 01.11.2016թ. կայացված որոշմամբ, անդրադառնալով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու պատժի կիրառման հատկանիշներին, արձանագրել է հետևյալը. «Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու՝ որպես պատժի տեսակի բովանդակությունը մի շարք զրկանքների և սահմանափակումների առաջացման մեջ է։ Դրանք են, ի թիվս այլնի, որոշակի ժամանակով անձի աշխատանքային իրավունակության, պաշտոնի, մասնագիտական գործունեության կամ զբաղվածության տեսակի ազատ ընտրության իրավունքի սահմանափակումները, որոնք որոշ դեպքերում առաջացնում են որակավորման կորուստ, որոշակի նյութական կորուստ, առավելությունների և արտոնությունների սահմանափակում։ Այս պատժատեսակի հիշյալ պատժիչ տարրերն արտացոլում են դրա վառ արտահայտված կանխարգելիչ ուղղվածությունը։

ՀՀ քրեական օրենսգրքի 52-րդ հոդվածը սահմանում է երկու առանձին պատժամիջոցներ` որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկում և որոշակի գործունեությամբ զբաղվելու սահմանափակում։ Առաջինի կիրառման դեպքում դատապարտյալը զրկվում է որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից։ Իսկ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու դեպքում սահմանափակվում է որոշակի մասնագիտական կամ այլ գործունեությամբ մեղավոր ճանաչված անձի զբաղվելու իրավունքը։

Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու նպատակներից է` կանխել տվյալ բնույթի հանցագործության հետագա կատարման հավանականությունը, քանի որ այս պատժատեսակը նշանակվում է հատուկ կարգավիճակ ունեցող կամ որոշակի գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ։ Այլ կերպ` տվյալ պատժատեսակի կիրառումը բխում է այն հանցագործությունների կանխման անհրաժեշտությունից, որոնք այս կամ այն առումով կապված են հանցավորի պաշտոնական դիրքի կամ մասնագիտական կամ այլ գործունեության հետ։

Այլ խոսքով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը կիրառվում է ՀՀ քրեական օրենսգրքի Հատուկ մասի նորմի սանկցիայով նախատեսված սահմաններում` նպատակ հետապնդելով կանխելու զբաղեցրած պաշտոնից կամ որոշակի գործունեությամբ զբաղվելուց բխող համանման հանցագործությունների կատարման հավանականությունը»։

ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիայով սահմանված օբյեկտիվ կողմի հետևյալ դրսևորումների՝ «Լեռնաարդյունահանող կազմակերպությունների կամ օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված ստորգետնյա շինությունների նախագծման, տեղաբաշխման, շինարարության, շահագործման հանձնելու և շահագործման ընթացքում ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելը» սուբյեկտ են այն անձինք, որոնց վրա աշխատանքի բերումով դրված են նշված կանոնները պահպանելու պարտականությունները, այսինքն՝ այդ արարքների սուբյեկտները հատուկ են։

Մինչդեռ ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված են երկու հիմնական այլընտրանքային պատիժներ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը և տուգանքը, որոնք միաժամանակ նշանակվել չեն կարող, քանի որ ՀՀ քրեական օրենսգրքի 50-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Մեկ հանցագործության համար կարող է նշանակվել մեկ հիմնական պատիժ»։

Ստացվում է, որ անձին ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 1-ին մասով պատիժ ընտրելիս պետք է նշանակվի կամ տուգանք կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը։ Այսինքն՝ այն դեպքում, երբ դատարանի կողմից նշանակվում է միայն որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ձևով պատիժը, անձն ընդամենն ազատվում է իր զբաղեցրած աշխատանքից և առավելագույնը երեք տարի ժամկետով կարող է զրկվել այդ գործունեությամբ զբաղվելու իրավունքից, ինչը բացարձակապես չի համապատասխանում քննարկվող հանցագործության հասարակական վտանգավորությանը և բնույթին, նշանակված պատիժը մեղմ լինելու պատճառով չի ծառայում պատժի նպատակներին։ Իսկ եթե նշանակվում է տուգանք, ապա այդ դեպքում էլ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու պատիժը նշանակվել չի կարող, մինչդեռ քննարկվող օբյեկտիվ կողմն ամբողջությամբ կապված է աշխատանքային գործունեության թերացումների, բացթողումների, պարտականությունների ոչ պատշաճ կատարման հետ, և շատ դեպքերում այդ պատժի չնշանակումը կարող է վտանգել  կատարած արարքի և վրա հասնող հարկադրանքի համաչափության պահանջը, հետագայում անձի կողմից համանման բնույթի հանցագործությունների կանխման անհրաժեշտությունը և այլն։

Հետևաբար որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ձևով պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայում պետք է նախատեսվի որպես լրացուցիչ պատիժ՝ հիմնական պատիժ ազատազրկման հետ միասին։ Նշվածը հնարավորություն կտա դատարաններին, ելնելով գործի կոնկրետ հանգամանքներից, իրացնել պատասխանատվության անհատականացման սկզբունքը՝ այլընտրանքային պատիժներից ընտրելով առավել համապատասխանը, ինչպես նախատեսված է նույն հոդվածի 2-րդ մասով։

       2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

       Նախագծով առաջարկվում է.

  1. ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայում, որպես պատժատեսակ, նախատեսել ազատազրկումը՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելուց զրկելը նախատեսելով որպես լրացուցիչ պատժատեսակ։
  2. ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայում խստացնել ազատազրկման ժամկետները՝ ներկայումս գործող առավելագույնը 1 տարի ժամկետով ազատազրկման փոխարեն սահմանելով առավելագույնը 6 տարի ժամկետով ազատազրկում։

 

       3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակել է ՀՀ գլխավոր դատախազությունը:

       4. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է խստացնել ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված սանկցիաները՝ ապահովելով դրանցով նախատեսված արարքների հանրային վտանգավորության և դրանց համար սահմանված պատիժների միջև ողջամիտ հավասարակշռություն և համաչափություն: Բացի այդ, Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի ապահովել նշված հոդվածով քննվող քրեական գործերի պատշաճ ու արդյունավետ ընթացքը և չեզոքացնել Նախագծի հիմնավորմամբ ներկայացված վտանգները։

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ընդունման ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ այլ ՆՈՐՄԱՏԻՎ իրավական ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն առկա չէ:

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ընդունման ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի ընդունման դեպքում պետական ծախսերի ուղղակի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում: Միաժամանակ, Նախագիծը կարող է նպաստել պետական բյու­­ջեի եկա­մուտ­ների ավելացմանը՝ այն հիմնավորմամբ, որ ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածով մեղավոր ճանաչված անձինք մեղմ պատիժ ակնկալելու առումով շահագրգռված լինեն փոխհատուցել պետությանը պատճառված վնասը, սակայն հնարավոր չէ ստույգ կամ նույնիսկ մոտավոր ներկայացնել որևէ հաշվարկ այդ առնչությամբ:

 

 

 

  • Քննարկվել է

    17.02.2021 - 04.03.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Քրեական օրենսդրություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4973

Տպել