ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՆԱԽԱԳԻԾ) ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
1) ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասը քրեական պատասխանատվություն է նախատեսում իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի համար՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ՀՀ քրեական օրենսգրքում իշխանության ներկայացուցիչ է համարվում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ծառայող այն անձը, ով ծառայողական ենթակայության տակ չգտնվող անձանց նկատմամբ սահմանված կարգով օժտված է կարգադրիչ լիազորություններով:
Oրենսդրական այս ձևակերպումից բխում է, որ իշխանության ներկայացուցչի պարտադիր տարր է հանդիսանում, ի թիվս այլնի, կարգադրիչ լիազորություններով օժտված լինելու հանգամանքը: Պրակտիկայում հանդիպում են դեպքեր, երբ հանրային ծառայության համակարգում բարձր կարգավիճակ ունեցող անձանց կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրվել կամ բռնություն գործադրելու սպառնալիք է եղել, մինչդեռ հնարավոր չէ եղել արարքը որակել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով, քանի որ վերը նշված կարգադրիչ լիազորությունը բացակայել է:
Նման իրավիճակները բացառելու և անձանց արարքին պատշաճ, հանրային վտանգավորությունը համարժեք քրեաիրավական գնահատական տալու նպատակից ելնելով՝ անհրաժեշտություն է առաջացել կատարել համապատասխան փոփոխություն ՀՀ քրեական օրենսգրքում, որի միջոցով որպես տուժող հանդես կգան ոչ միայն իշխանության ներկայացուցիչը կամ նրա մերձավոր ազգականը, այլև «Հանրային ծառայության մասին» օրենքով պետական կամ համայնքային քաղաքական, վարչական կամ ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք:
Գործող կարգավորումներով «Հանրային ծառայության մասին» օրենքով պետական կամ համայնքային քաղաքական, վարչական կամ ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի համար՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, քրեական պատասխանատվություն նախատեսված չէ (որոշակի բառացություն է կազմում ՀՀ քրեական օրենսգրքի 347-րդ հոդվածը), ինչը հաճախ արարքի որակման առումով խնդիրներ է ստեղծում և հանգեցնում ոչ արդարացի քրեաիրավական գնահատականի:
2) Հանրային կյանքում մարդկային հարաբերությունների որակի նվազումն իր ազդեցությունն է թողել նաև հանրային իշխանության նկատմամբ հարգանքի վրա, ինչի վկայությունն այն է, որ հաճախակիացել են դեպքերը (հաճախ նաև համացանցի միջոցով, զանգվածային լրատվության միջոցներով), երբ հանրային ծառայության մեջ գտնվող անձին, այդ թվում՝ հանրային ծառայության համակարգում բարձր կարգավիճակ ունեցող անձին վիրավորում կամ զրպարտում են: Ընդ որում, դա դրսևորվում է հրապարակայնորեն և ամենակարևորը՝ ուղղակիորեն փոխկապակցված է լինում տվյալ անձի կարգավիճակի հետ: Այսինքն, անձին վիրավորում կամ զրպարտում են ոչ թե նրան դիտարկելով որպես իրավահարաբերությունների մասնավոր սուբյեկտ, այլ որպես հանրային ծառայության մեջ գտնվող անձի, որը կատարում է իր ծառայողական պարտականությունները: Նման պարագայում, երբ անձին իր ծառայողական պարտականությունները կատարելու համար հասցվում է վիրավորանք կամ զրպարտություն, համարժեք իրավական արձագանք է անհրաժեշտ: Անշուշտ, այս խնդրի ամբողջական և երկարաժամկետ լուծումը պահանջում է գաղափարական-տեղեկատվական մեծ աշխատանք, սակայն խնդիրն իր բնույթով, ծավալավ այնքան տարածված է և նաև միտումներ ունի ավելի ընդլայնվելու, որ իրավական պատասխանատվության միջոցով կանխարգելման մեխանիզմներ ներդնելն անհրաժեշտություն է դարձել: Ավելին, հաճախ այդպիսի արարքներն այնքան մեծ հանրային վտանգավորություն են ներկայացնում, որ արարքի համար հարկ է նախատեսել հենց քրեական պատասխանատվություն՝ դրանից բխող բոլոր իրավական հետևանքներով: Ընդ որում, Նախագծում զրպարտությունը դիտարկվել է որպես առավել բարձր հանրային վտանգավորություն ունեցող արարք:
Այս առումով հարկ է հատուկ շեշտադրել մի քանի հանգամանքներ.
- այս գաղափարը չի նույնանում ՀՀ քրեական օրենսգրքից ապաքրեականացված՝ իշխանության ներկայացուցչին վիրավորելու ինստիտուտի հետ (նախկին 318-րդ հոդված), քանի որ Նախագծով իրավական պաշտպանության ենթակա անձանց ավելի լայն շրջանակ է ներառված,
- այս գաղափարը նպատակ չունի և չի կարող փոխարինել քաղաքացիաիրավական հարաբերություններով կարգավորվող վիրավորանքի և զրպարտության ինստիտուտին, քանի որ, ինչպես նշվեց, այն մասնավոր իրավական բնույթ ունի և չի փոխկապակցվում անձի կողմից իր ծառայողական լիազորությունները կատարելու հետ:
Բացի այդ, հասկանալի է, որ հանրային ծառայության մեջ գտնվող անձը, առավել ևս՝ հանրային ծառայության համակարգում բարձր կարգավիճակ ունեցող անձը վիրավորանքի կամ զրպարտության երևույթների նպատմամբ առավել հանդուրժող պետք է լինի և քաղաքացիական հասարակությանը կարող է քննադատողական արտահայտվել նրանց նկատմամբ, առավել ևս, երբ խոսքը գնահատողական դատողության մասին է: Այս մասին է բազմիցս փաստել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը: Միաժամանակ, քննադատողական խոսքը չի կարող կարծիքն ազատ արտահայտելու սահմանադրական իրավունքի պաշտպանությանն արժանանալ, երբ այն անցնում է նույնիսկ հանրային ծառայության մեջ գտնվող անձի դեպքում ընդունելու՝ որոշ չափով խիստ, կոշտ քննադատությունը, որն իր մեջ ոչ միայն վիրավորանք կամ զրպարտություն է պարունակում, այլև կապված է անձի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ: Նման պարագայում պետության պոզիտիվ պարտականությունն է իրավական մեխանիզմներով պաշտպանել հանրային ծառայության մեջ գտնվող անձանց՝ ի ցույց դնելով պետության պատրաստակամությունը օրինական և թույլատրելի միջոցներով ապահովել վերջիններիս կողմից իրենց ծառայողական լիազորությունների բնականոն, անշեղ և արդյունավետ իրականացումը:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը.
Վերանշյալ երկու խնդիրների կարգավորման նպատակով Նախագծով առաջարկվում է
ա) ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 3-րդ մասը փոխել և շարադրել նոր խմբագրությամբ՝ նախատեսելով, որ ՀՀ քրեական օրենսգրքում իշխանության ներկայացուցիչ է համարվում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ծառայող այն անձը, ով ծառայողական ենթակայության տակ չգտնվող անձանց նկատմամբ սահմանված կարգով օժտված է կարգադրիչ լիազորություններով, իսկ 316-րդ հոդվածում իշխանության ներկայացուցիչ է համարվում նաև «Հանրային ծառայության մասին» օրենքով պետական կամ համայնքային քաղաքական, վարչական կամ ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը:
բ) ՀՀ քրեական օրենսգիրքը լրացնել նոր՝ 3171 հոդվածով, որի 1-ին մասով նախատեսվում է սահմանել, որ հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելը կամ զրպարտելը` կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով: Միաժամանակ, Նախագծի նշյալ հոդվածի 2-րդ մասով առաջարկվում է սահմանել, որ այդ հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է զանգվածային լրատվության միջոցներով կամ հրապարակային այլ եղանակով՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից երեքհազարապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:»:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից:
4. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է վերացնել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով արարքները որակելու հետ կապված իրավակիրառ պրակտիկայում հանդիպող խնդիրները, ինչպես նաև քրեաիրավական առավել արդյունավետ պաշտպանության մեխանիզմներ նախատեսել հանրային ծառայության մեջ գտնվող անձանց համար՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ՝ պաշտպանելով նրանց հրապարակային վիրավորանքից և զրպարտությունից:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն առկա չէ:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի ընդունման դեպքում պետական ծախսերի ուղղակի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: