Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում  և փոփոխություն կատարելու մասին» օրենքի  նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

2019-2020 թվականների ընթացքում ի հայտ եկան իրավիճակներ, երբ համայնքների ավագանիների լիազորությունները լրանում էին, իսկ ավագանիների արտահերթ ընտրություններ չէին նշանակվում՝ Հանրապետությունում արտակարգ և ռազմական դրության ռեժիմներին անցնելու հիմանվորմամբ, քանի որ ընտրական օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ չեն անցկացվում:»:

Վերոնշյալ հանգամանքով պայմանավորված՝ համայնքների բնականոն գործունեությունը խաթարվում է. չեն հաստատվում համայնքային բյուջեները, չեն հատկացվում սուբվենցիոն ծրագրերի համար համաֆինանսավորումները, անհնարին է դառնում ավագանու լիազորություններով պայմանավորված բազմաթիվ գործառույթների իրականացումը: Բազմաթիվ ներդրումային ծրագրեր իրականացնելու համար անհրաժեշտ են հողհատկացումներ, ինչը նույնպես հնարավոր չէ առանց ավագանու որոշման:

Համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցվելուց հետո ընտրություն չանցկացնելու փաստը չի առաջացնում վերոնշյալ խնդիրները, քանի որ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին հոդվածի համաձայն՝ «Համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը լրանալու դեպքում Հայաստանի Հանրապետության վարչապետը նշանակում է քաղաքային բնակավայր ընդգրկող, իսկ մարզպետը` բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքի ղեկավարի պաշտոնակատար մինչև օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը»: Այսպիսով, համայնքի ղեկավարի լիազորություններն իրականացնում է պաշտոնակատարը, ինչը հնարավոր չէ կիրառել ավագանու բացակայության պարագայում:

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 72-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ դրույթը նախագծում ներառվել է, նկատի ունենալով այն, որ 72-րդ հոդվածի 2-րդ մասով նախատաեսված նույնաբովանդակ դրույթի գործողությունը տարածվում է բացառապես համամասնական ընտրակարգով ընտրված ավագանու վրա, իսկ օրենքի 6-րդ հոդվածում կատարվող լրացումն ընդհանուր բնույթի է և կիրառվելու է թե´ մեծամասնական, թե´ համամասնական ընտրակարգով ընտրված ավագանու դեպքում:

Նախագծի 3-րդ հոդվածով, նախատեսվում է, որ օրենքի գործողությունը տարածվելու է 2021 թվականի հունվարի 1-ից հետո ծագած (ծագող) հարաբերությունների վրա, նկատի ունենալով հետևյալ հանգամանքը.

2016 թվականի փետրվարի 15-ին կայացան Լոռու մարզի Թումանյան, Սյունիքի մարզի Տաթև, Տավուշի մարզի Դիլիջան միավորված համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ս.թ. փետրվարի 22-ին լրանում են այդ համայնքների ղեկավարների և ավագանու անդամների լիազորությունները: Չի բացառվում, որ մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը լրանա մի շարք այլ համայնքների ավագանիների լիազորությունների ժամկետը: «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին հոդվածի համաձայն՝ վարչապետը կնշանակի այդ համայնքների ղեկավարների պաշտոնակատարներ, իսկ ավագանու լիազորությունները շարունակելի դարձնելու նպատակով անհրաժեշտ է, որ ներկայացվող նախագծի՝ տվյալ հարցը կարգավորող դրույթն ունենա հետադարձ ուժ և տարածվի վերոնշյալ համայնքների ավագանիների վրա:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Որպես նկարագրված խնդրի որոշակի լուծում՝ առաջարկվում է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում նախատեսել կարգավորում, համաձայն որի՝ ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ ավագանու ընտրություն չի անցկացվում, իսկ ավագանու լիազորությունների ժամկետը երկարաձգվում է մինչև ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո նորընտիր ավագանու առաջին նիստը: Նման կարգավորում առկա է «Տեղական ինքնաքկառավարման մասին» օրենքի 72-րդ հոդվածի 2-րդ մասում՝ համամասնական ընտրակարգով ընտրված ավագանու համար:

 

  1. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք:

 

Նախագծերը մշակվել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության  կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Առաջարկվող կարգավորումը ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ թույլ կտա այն համայնքներում, որտեղ ավագանու լիազորությունները լրանում են, իսկ ընտրություն չի անցկացվում՝ ունենալ ներկայացուցչական մարմին և լուծել համայնքային բազմաթիվ խնդիրներ:

 

 

  • Քննարկվել է

    16.02.2021 - 04.03.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7706

Տպել

Առաջարկներ`

Հայաստանի համայնքների միություն

22.02.2021

Հարգելի գործընկերներ, Ներկայացված նախագիծը բազմաթիվ բաց հարցեր է առաջացնում։ Հատկապես սահմանադրական նորմերին համապատասխանության տեսանկյունից։ Ներկայացնում ենք Հայաստանի համայնքների միության մշակած այլընտրանքային տարբերակը։ Հարգանքներով Էմին Երիցյան Միության նախագահ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի 6-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 8-րդ մասով. «8.Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություն չի անցկացվում։ Ավագանու լիազորությունների ժամկետը երկարաձգվում է մինչև ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո նորընտիր ավագանու առաջին նիստը, որը հրավիրվում է ավագանու ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո` 10-րդ օրը: Համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը երկարաձգվում է մինչև ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնման օրը։ Սույն մասով նախատեսված դեպքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցկացվում են ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո ոչ շուտ, քան հիսուն, և ոչ ուշ, քան վաթսունհինգ օրվա ընթացքում: Սույն մասով նախատեսված դեպքում՝ տեղական ինքնակառավարման մարմինների նոր հերթական ընտրությունները նշանակում է մարզպետը ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ ուշ, քան 10 օր հետո` իր որոշման մեջ նշելով ընտրակարգը (համամասնական կամ մեծամասնական):»: Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ 1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» N 298-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 11-ը ընկած ժամկետով հայտարարվել էր արտակարգ դրություն: ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի N 1586-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հայտարարվել է ռազմական դրություն, որը գործում է մինչ այսօր: Վերը նկարագրվածի համատեքստում, արտակարգ և ռազմական դրություններն ընդգրկող ժամանակահատվածներում, Հայաստանի Հանրապետության բազմաթիվ համայնքներում լրացել են տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ժամկետները։ Մի շարք համայնքներում եղել են նաև համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման, ինչպես նաև դադարման դեպքեր, որոշներում՝ ավագանիների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքեր։ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է հետևյալը․«Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ չեն անցկացվում:»: Մեջբերված օրենսդրական կարգավորման համատեքստում, հարկ է արձանագրել, որ այս պայմաններում համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրություններ չէին նշանակվում, հիմքում ունենալով Հայաստանի Հանրապետությունում արտակարգ և ռազմական դրության ռեժիմներին անցնելու հիմնավորումը։ Նկարագրված իրավակիրառական վիճակը գործնականում հանգեցրել է լուրջ խնդիրների, մասնավորապես՝ համայնքների կառավարման գործընթացների կազմակերպման, համայնքների կայուն զարգացման ապահովման, համայնքների բյուջեների, հնգամյա զարգացման ծրագրերի, տարեկան աշխատանքային պլանների և այլնի պատշաճ իրագործման մասով։ Այն համայքներում, որտեղ լրացել է ավագանիների լիազորությունների ժամկետը կամ վաղաժամկետ դադարեցվել է, առհասարակ պարալիզացվել է համայնքային բյուջետային գործընթացների կազմակերպումն ու իրականացումը, համայնքի գույքի կառավարման գործընթացները և այլն։ Կառավարության կողմից որդեգրած սուբվենցիոն-դրամաշնորհային քաղաքականության իրագործման շրջանակում, գրեթե անհնարին է դարձել այդ համայնքների մասնակցությունը և ծրագրային հայտերի ներկայացումը, քանի որ նպատակային դրամաշնորհային ծրագրերում համայնքի կողմից համաֆինանսավորումը իրականացվում է համայնքի ավագանու որոշմամբ։ Նույն վիճակը կարելի է նկարագրել նաև այն համայնքների մասով, որտեղ լրացել է կամ վաղաժամկետ դադարեցվել (դադարել) է համայնքի ղեկավարի լիազորությունները։ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, մասնավորապես՝ 27-րդ հոդվածը սահմանում է համայնքի ղեկավարի պաշտոնակատարի նշանակման հետ կապված կարգավորումները։ Սույն օրենսդրական նախաձեռնության համար հիմք հանդիսացող համայնքներում, մեջբերված օրենքով սահմանված կարգով նշանակվել են համայնքի ղեկավարի պաշտոնակատարներ։ Մինչդեռ՝ պետք է նկատել, որ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածով սահմանված կարգավորումները ըստ էության վերաբերելի չեն ռազմական դրության ընթացքում համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետի ավարտով պայմանավորված դեպքերին։ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով համայնքի ղեկավարի պաշտոնակատարի նշանակման դեպքերը շատ հստակ են, մասնավորապես՝  երբ առկա է համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին ավագանու որոշումը (արձանագրությունը)․  երբ առաջացել է համայնքի ղեկավարի կողմից մեկ ամսից ավելի իր ծառայողական պարտականությունների կատարման անհնարինությունը․  երբ լրացել է համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը (կապված ԿԸՀ-ի կողմից սահմանված ընտրությունների օրերի հետ չհամընկնելու դեպքերի հետ, միջանկյալ ժամանակահատվածում համայնքի ղեկավարի պաշտոնը թափուր չթողնելու հանգամանքով պայմանավորված)։ Փաստորեն վերը նկարագրված երեք դեպքերի տրամաբանության հետ անհամադրելի է ռազմական դրության ժամանակ համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետի լրանալը և դրանով պայմանավորված «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի հիմքով համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելը։ Հետևաբար, անհրաժեշտ է արձանագրել, որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը չի կարգավորում արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ՝ համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետի լրանալու դեպքում, համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու հետ կապված իրավահարաբերությունները։ 2. Առաջարկվող կարգավորման բնույթը Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում դեռևս գործող ռազմական դրության իրավական ռեժիմի իրողությունը, առաջարկվում է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում կատարել լրացումներ, որոնք կսահմանեն կամ կվերահաստատեն ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կազմակերպման արգելքը, տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ժամկետի երկարաձգումը, ռազմական կամ արտակարգ դրության վերացումից հետո նոր ընտրությունների կազմակերպման և անցկացման հետ կապված օրենսդրական կառուցակարգերը։ Նախատեսվում է ավագանու լիազորությունների ժամկետը երկարաձգել մինչև ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո նորընտիր ավագանու առաջին նիստը, որը հրավիրվում է ավագանու ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո` 10-րդ օրը: Իսկ համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը, նախատեսվում է երկարաձգել մինչև ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնման օրը։ Նախագծով առաջարկվում է, որ ռազմական և արտակարգ դրության դեպքում, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցկացվեն ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո ոչ շուտ, քան հիսուն, և ոչ ուշ, քան վաթսունհինգ օրվա ընթացքում: Իսկ տեղական ինքնակառավարման մարմինների նոր հերթական ընտրությունները՝ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի կարգավորումների համատեքստում, առաջարկվում է, որ նշանակի մարզպետը՝ ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ ուշ, քան 10 օր հետո` իր որոշման մեջ նշելով ընտրակարգը (համամասնական կամ մեծամասնական): 3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք: Նախագծերը մշակվել են «Հայաստանի համայնքների միություն» ՀԿ-ի կողմից: 4. Ակնկալվող արդյունքը Առաջարկվող կարգավորումները հնարավորություն կընձեռեն համայնքների տեղական ինքնակառավարման մարմիններին՝ ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ շարունակել իրենց պաշտոնավարումը, դրանով ապահովելով համայնքների կայուն կենսագործումը, համայնքի աշխատակազմի անխաթար աշխատանքը։ Օրենքի ուժով՝ արտակարգ և ռազմական դրության ժամանակ համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների երկարաձգումը երաշխիք է համայնքի բյուջետային և պլանավորման գործընթացների պատշաճ իրագործման համար, միևնույն ժամանակ, նման օրենսդրական կարգավորումների առկայությունը «գալիս են» պաշտպանելու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրովիության սահմանադրական սկզբունքի պահպանմանը և երաշխավորմանը։ Օրենսդրական նախաձեռնության ընդունման պարագայում, բազմաթիվ համայնքներ չեն զրկվի համայնքի ներկայացուցչական մարմին՝ ավագանի ունենալու սահմանադրական իրավունքից, ինչը իր հերթին էականորեն ապահովագրելու է համայնքի բնականոն կյանքի ընթացքի ապահովումը։ Միաժամանակ, առաջարկվող կարգավորումների ընդունման արդյունքում, հստակ նախանշվելու է համայնքի ղեկավարի լիազորությունների երկարաձգումը արտակարգ և ռազմական դրության ժամականակահատվածում, ինչը հնարավորություն կընձեռի խուսափելու «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով նախատեսված համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու կառուցակարգերի կիրարկումից, որն ըստ էության վերաբերելի չէ ռազմական կամ արտակարգ դրության ընթացքում երևան եկած դեպքերին։ Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջի անհրաժեշտության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջ չի առաջանում, իսկ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն սպասվում:

Տեսնել ավելին