Հիշել նախագիծը

ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ, ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ

ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ, ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 

1․Անհրաժեշտությունը

«Ստանդարտների մշակման ծառայությունների 2021 թվականի պետական ծրագիրը,  ստանդարտացման 2021 թվականի աշխատանքների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Ստանդարտների մշակման ծառայություններ» պետական ծրագրի շրջանակներում իրականացվող ստանդարտացման աշխատանքների 2021 թվականի աշխատանքների դրույթով և ապահովում է ստանդարտացման բնագավառի զարգացումը: Նշված ծրագրի շրջանակներում կատարվելիք աշխատանքների համար բյուջեով նախատեսվել է 14123.4 հազ. դրամ:

Սույն որոշման նախագիծը մշակվել է հիմք ընդունելով «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագիրը:

2․Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

             2020 թվականին ստանդարտացման ազգային մարմինը կատարել է ստանդարտացման աշխատանքները: Մասնավորապես, նախորդ տարվա ընթացքում մշակվել է միջազգային և եվրոպական ստանդարտներին ներդաշնակ 27 ազգային ստանդարտ, որոնք ընդունվել են Հայաստանի Հանրապետությունում գործող ստան­դարտացման տեխնիկական հանձնաժողովների և աշխատանքային խմբերի կողմից:

           2020 թվականին մշակված ստանդարտների կիրառումը կաջակցի ռազմական արդյունաբերության արտադրանքի որակի և մրցունակության բարձրացմանը, արտադրանքի անվտանգության ապահովմանն սպառողական շուկայում, արտադրական գործընթացում ինովացիոն տեխնոլոգիաների ներդրմանը, արտադրանքի որակի և մրցունակության բարձրացմանը, հայրենական արտադրանքի արտահանման խթանմանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գործող տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարմանը։ Ազգային ստանդարտները մշակվել են տնտեսության հետևյալ գերակայող ոլորտներում՝ ռազմաարդյունաբերության, էներգախնայողության և էներգաարդյունավետության, շինարարության և շինանյութերի արտադրության, ջրի և հողի որակի, բնապահպանության, առողջապահության։

                 Ստանդարտացման ազգային մարմինը 2020 թվականին իրականացրել է աշխատանքներ միջազգային, միջպետական ստանդար­տացման և համագործակցության ոլորտում: Մասնավորապես, կազմակերպվել են միջազգային և միջպետական ստանդարտների նախագծերի էլեկտրոնային քվեարկության աշխատանքներ, որի ընթաց­քում ներկայացված մշակվող ստանդարտների նախագծերն անցել են փորձաքննություն և համաձայնեցվել Հայաստանի Հանրապետությունում բոլոր շահագրգիռ կազմակերպություն­ների հետ։

         2020 թվականին Ստանդարտների ազգային ֆոնդը համալրվել է 269 միջպետական (ԳՕՍՏ) և Ռուսաստանի Դաշնության (ԳՕՍՏ Ռ) և 27 Հայաստանի Հանրապետության (ՀՍՏ) նոր ստանդարտներով։ Ստանդարտների էլեկտրոնային տարբերակներն արխիվացվել են, իսկ գործողության մեջ դրված թղթային կրիչով ստանդարտները հաշվառվել են ստանդարտների գրանցամատյաններում։

2020 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության գործատուների և մասնագետների համար սպառիչ տեղեկատվություն ապահովելու նպատակով հրատարակվել են «Ստանդարտներ և տեխնիկական պայմաններ» 4 տեղեկատուները, և Հայաստանի Հանրապետության կազմակերպությունների համար պատրաստվել է 12 տեղեկատվական թերթիկ ազգային ֆոնդում համալրված բոլոր ստանդարտների վերաբերյալ, որոնք տրամադրվել են ստանդարտացման ազգային մարմնի բոլոր բաժանորդներին։

2020 թվականին ստանդարտացման ազգային մարմնի՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորումը կազմել է 13102.2 հազ. դրամ, այդ թվում՝ ազգային ստանդարտների մշակման աշխատանքների ֆինանսավորումը՝ 9190.6 հազ. դրամ։ Միջազգային, եվրոպական և միջպետական ստանդարտացման աշխատանքների գծով ֆինանսավորումը 2020 թվականին կազմել է 1941.6 հազ. դրամ։

Ստանդարտների ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման աշխատանքների գծով ֆինանսավորումը 2020 թվականին կազմել է 1970.0 հազ. դրամ։ Ծրագրի նախագիծը նախապատրաստվել է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների առաջարկությունների հիման վրա:

Ստանդարտացման ազգային մարմնին նախատեսվում է պետական աջակցություն ներքոհիշյալ աշխատանքների իրականացման համար`

ա)      ազգային ստանդարտների մշակման աշխատանքներ.

բ)      միջպետական, եվրոպական և միջազգային ստանդարտացման աշխատանքներ.

գ)      ստանդարտների ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման աշխատանքներ:

Համաձայն «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետի` պարտադիր պետական ֆինանսավորման ենթակա են Հայաստանի Հանրապետության ստանդարտացման ամենամյա պետական ծրագրում նախատեսված ազգային ստանդարտների մշակումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված միջազգային, տարածաշրջանային, միջպետական ստանդարտացման կազմակերպությունների աշխատանքներին մասնակցելու համար ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի ազգային ֆոնդի արդիականացումը և վարումը` ԵԱՏՄ-ի տեխնիկական կանոնակարգերի պահանջների ապահովման նպատակով։

3․Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Ստանդարտացման բնագավառում քաղաքականությունը սահմանվում է լիազորված պետական մարմնի` ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից, որը բխում է «Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքի և ստանդարտացման միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների հետ կնքված միջազգային ու միջպետական համաձայնագրերով ստանձնած պարտավորություններից:

4․ Կարգավորման նպատակը և բնույթը

Ազգային ստանդարտների մշակման ծառայությունների ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանի Հանրապետությունում տնտեսության ճյուղերի ինովացիոն զարգացման համար ստեղծել միջազգային և եվրոպական ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտների արդիականացված ֆոնդ, ինչպես նաև ապահովել ԵԱՏՄ-ի տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումը:

Ծրագրի նպատակն է նաև ռազմաարդյունաբերության, էներգախնայողության և էներգաարդյունավետության, սննդամթերքի արտադրության, շինարարության, առողջապահության, բնապահպանության, ջրի և հողի որակի, ծխախոտի փորձարկման արդիական մեթոդի սահմանման, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում աջակցել աշխատանքների կարգավորմանը և արդյունավետության բարձրացմանը:

Ծրագրի իրականացումը կապահովի իրատեսական նախադրյալներ` համաշխարհային շուկայի հետ Հայաստանի Հանրապետության տնտեսության ինտեգրման,

     ա) տնտեսության գերակայող ճյուղերում ժամանակակից տեխնիկայի և տեխնոլոգիայի ներդրման,

     բ) սպառողական շուկայում արտադրանքի անվտանգության ապահովման,

     գ) որակի և մրցունակության բարձրացման,

     դ) Հայաստանի Հանրապետությունում գործող ԵՏՄ-ի տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարման համար:

Ծրագրի հիմնական խնդիրն է` համապատասխանեցնել գործող ազգային ստանդարտ­ների ֆոնդը Հայաստանի Հանրապետության տնտեսության գերակայող ճյուղերի արդի պահանջներին:

Ծրագրի իրականացման ժամանակ` կիրառելով միջազգային գործելակարգում ընդունված ստանդարտացման հիմնական սկզբունքը, և ազգային ստանդարտների մշակման համար որպես հիմք ընդունելով միջազգային ստանդարտները, կստեղծվեն բարենպաստ պայմաններ,      ա) դեպի միջազգային և տարածաշրջանային շուկաներ (այդ թվում ԵԱՏՄ տարածք) Հայաստանի Հանրապետության կազմակերպությունների ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ազատ մուտքի համար,

      բ) համաշխարհային շուկայում տեխնիկական կանոնակարգերի և ազգային ստանդարտների պահանջներին արտադրանքի համապատասխանության հավաստման (գնահատման) արդյունքների ճանաչման համար, որը կնվազեցնի տեխնիկական խոչընդոտները միջազգային առևտրում:

5․Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Ստանդարտացման ազգային մարմնի համակարգման համատարած և համակողմանի հարցում է անցկացվել շահագրգիռ բոլոր կողմերի շրջանում, այդ թվում` ՀՀ պետական կառավարման մարմիններ, կազմակերպություններ, ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովներ: Ներկայացված բոլոր առաջարկությունների, առկա պետական քաղաքականության և տնտեսական գերակայությունների հիման վրա ձևավորվել է նախագծով առաջարկվող Ծրագիրը:

6․Ակնկալվող արդյունքը

Ծրագրի իրականացման արդյունքում տնտեսության ճյուղերում կստեղծվեն բարենպաստ պայմաններ որակի և մրցունակության բարձրացման համար, ինչպես նաև կապահովի ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումը: Կընդլայնվի Հայաստանի Հանրապետության համագործակցությունը միջազգային և տարածաշրջանային ստանդարտացման մարմինների հետ:

 

  • Քննարկվել է

    05.02.2021 - 26.02.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4789

Տպել