Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

  1. Ընթացիկ իրավիճակը

Հաշտության համաձայնությունը և միակողմանի հայտարարությունը՝ որպես գործերի վերաբացման հիմք նախատեսելու անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետությունը Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիան (այսուհետ՝ Եվրոպական կոնվենցիա) վավերացրել է 2002 թվականին: Այդ թվականից ի վեր Հայաստանի Հանրապետությունը ձեռնամուխ է եղել ներպետական օրենսդրությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու գործընթացին:

Եվրոպական կոնվենցիոն համակարգի զարգացման համատեքստում պարբերաբար կարևորվել է անդամ պետությունների կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) վճիռների կատարման գործընթացի կատարելագործումը: Եվրոպական կոնվենցիային կից 14-րդ Արձանագրությամբ (ի տարբերություն 11-րդ Արձանագրության) որդեգրվեց նոր քաղաքականություն, համաձայն որի՝ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն (այսուհետ՝ Նախարարների կոմիտե) բացի Եվրոպական դատարանի կայացրած վճիռներից վերահսկելու է նաև բարեկամական կարգավորումների արդյունքում ընդունված որոշումների կատարումը[1]։

Եվրոպական կոնվենցիայի 46-րդ հոդվածով[2] ամրագրված պարտականության պատշաճ կատարման շրջանակներում Նախարարների կոմիտեն վճիռների և որոշումների կատարման համար առավել արդյունավետ եղանակ է համարում ներպետական մակարդակում գործերի նոր քննության, ինչպես նաև դատական կարգով գործերի վերանայման արդյունավետ պաշտպանության միջոցի տրամադրումը բոլոր այն դեպքերում, երբ հնարավոր չէ այլ միջոցներով ապահովել restitutio in integrum:

Այս պարտականությունն ուղղակիորեն սահմանվում է Նախարարների կոմիտեի՝ գործերի վերանայմանը վերաբերող հատուկ հանձնարարականով[3] (այսուհետ՝ Հանձնարարական), որտեղ անդամ պետություններին խրախուսվում է ներպետական իրավական համակարգը համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին՝ ներպետական մակարդակում գործերի վերանայման և նոր քննության հնարավորություն ընձեռելով:

Կոպենհագենի հռչակագրին[4] համընթաց 2019 թվականի հունվարի 1-ից Եվրոպական դատարանի քարտուղարությունը, խրախուսելով վեճերի կարգավորման բանակցային գործընթացը, գործերը պետություններին կոմունիկացնում է նոր մեթոդներով՝ հստակ տարանջատելով երկու փուլ՝ յուրաքանչյուրի համար տրամադրելով առանձին ժամկետ: Այդ փուլերն են՝

  1. վեճերի բանակցային կարգավորում (բարեկամական կարգավորում, միակողմանի հայտարարություն).
  2. դիմումատուի գանգատի վերաբերյալ պետության դիտարկումների ներկայացում:

Կարևոր է ընդգծել, որ Եվրոպական դատարանը բարեկամական կարգավորումներն ու միակողմանի հայտարարությունները չի դիտարկում որպես վեճերի լուծման դասական առումով այլընտրանքային տարբերակ, այլ համարում է այն «դատական կարգավորման» եղանակ: Եվրոպական դատարանը յուրաքանչյուր առանձին գործով դրանք գնահատում է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության համատեքստում՝ ղեկավարվելով գնահատման սեփական չափանիշներով: Պետության կողմից մարդու իրավունքների և ազատությունների չհարգման վտանգի առկայության դեպքում Եվրոպական դատարանը մերժում է բարեկամական կարգավորումն ու միակողմանի հայտարարությունը: Ավելին, Եվրոպական դատարանի պրակտիկայում հանդիպում են դեպքեր, երբ բարեկամական կարգավորումը կամ միակողմանի հայտարարությունը հաստատելուց հետո պետությունը չի պահպանել դրանցում առաջարկված պայմանները, Եվրոպական դատարանը գանգատը վերականգնել է գործերի ցուցակում, իրականցրել գործի քննություն՝ կայացնելով վճիռ:

Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում զարգացրել է այն գաղափարը, որ բարեկամական կարգավորման կամ միակողմանի հայտարարության առկայության դեպքում գանգատը գործերի ցուցակից հանելու որոշում կայացնելիս նման որոշումն ինքնին չի սահմանափակում դիմումատուի կողմից ազգային մակարդակում իր խախտված իրավունքների վերականգնման համար արդյունավետ պաշտպանության այլ միջոցներին դիմելու հնարավորությունը[5]: Ավելին, այլ գործերով Եվրոպական դատարանը բարեկամական կարգավորման և միակողմանի հայտարարության հիման վրա գանգատը գործերի ցուցակից հանելու որոշում կայացնելն ուղղակիորեն պայմանավորել է ներպետական մակարդակում գործի վերանայման հնարավորությամբ:[6]

Եվրոպական դատարանը հատկապես կարևորում է ներպետական մակարդակում գործերի վերանայումը Եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածներով նախատեսված ընթացակարգային խախտումների պարագայում՝ սահմանելով նմանատիպ գործերի արդյունավետ քննության շարունակական պարտավորություն: Եվրոպական դատարանի պրակտիկան ցույց է տալիս, որ նման պարտավորություն սահմանվում է ինչպես վճիռներով, այնպես էլ բարեկամական կարգավորման կամ միակողմանի հայտարարության որոշումներով:

Հարցի առնչությամբ վճռորոշ է Jeronovičs v. Latvia[7] գործով վճիռը, որում Եվրոպական դատարանը միակողմանի հայտարարության հիման վրա գործերի ցուցակից հանել էր դիմումատուի գանգատը: Ներպետական մակարդակում դիմումատուն պահանջել է գործի վերաբացում, սակայն դրան ընթացք չէր տրվել, քանի որ Կառավարությունը պնդել էր, որ ո՛չ միակողմանի հայտարարությամբ, ո՛չ դատարանի որոշմամբ նման հնարավորություն նախատեսված չի եղել: Եվրոպական դատարանը, պետության կողմից բերված հիմնավորումը համարելով անընդունելի, գանգատը վերականգնել էր գործերի ցուցակում և կայացրել խախտում արձանագրող վճիռ, որում վերահաստատել էր նախկինում սահմանած չափանիշն առ այն, որ ընթացակարգային խախտման պարագայում առկա է արդյունավետ քննություն իրականացնելու շարունակական պարտականություն, և որ նման պարագայում վերաբացման մերժումը հակասում է եվրոպական չափանիշներին:

Եվրոպական դատարանի խախտում արձանագրող վճիռը կամ որոշումը՝ որպես գործի վերաբացման անվերապահ և ավտոմատ հիմք չդիտարկելու անհրաժեշտությունը

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում ներպետական դատավարական օրենսգրքերը[8] որպես օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայման հիմք, ի թիվս այլոց, նախատեսում են Եվրոպական դատարանի վճռով Եվրոպական կոնվենցիայով նախատեսված իրավունքի խախտման ճանաչումը։ Միաժամանակ, նշված օրենսգրքերը Եվրոպական դատարանի հիշատակված ակտերը համարում են օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայելու անվերապահ հիմք։ Դատական պրակտիկայի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բոլոր այն դեպքերում երբ Եվրոպական դատարանն ընդդեմ Հայաստանի կայացնում է վճիռ, որով արձանագրվում է Եվրոպական կոնվենցիայով նախատեսված իրավունքի խախտման փաստը, ապա այդ վճիռը, բողոքի առկայության պարագայում, օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերանայման անվերապահ հիմք է։

Այնինչ, պետք է արձանագրել, որ նման կարգավորումը չի բխում ո՛չ res judicata սկզբունքից և, որպես կանոն, ո՛չ էլ ապահովում է restitution in integrum սկզբունքի կիրառումը։ Ավելին, անկախ անհրաժեշտությունից օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայելն ինքնին հանգեցնում է մի շարք գործնական խնդիրների, այդ թվում՝ res judicata սկզբունքի խախտման, իսկ որոշ դեպքերում դիմումատուների կողմից իրավունքի չարաշահման (օրինակ սեփականության իրավունքի խախտման վերաբերյալ ՄԻԵԴ-ի վճռի առկայության պարագայում կրկնակի փոխհատուցման պահանջի ներկայացում ներպետական դատարաններում)։ Բացի այդ առանձին դեպքերում՝ հատկապես կյանքի իրավունքի խախտումների և խոշտանգման դեպքերում, քրեական գործերի վերաբացումը կրում է ձևական բնույթ՝ հաշվի առնելով ժամանակային մեծ խզումը և ապացույցների ձեռքբերման անհնարինությունը:

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով ղեկավար հանձնաժողովի (CDDH) դատարանի բարեփոխումների փորձագետների հանձնաժողովը (DH-GDR)[9] արձանագրել է, որ վերանայումը չպետք է ունենա ավտոմատ բնույթ, այլ պետք է կախված լինի որոշակի պայմաններից ու հանգամանքներից: Օրինակ, Հունաստանում քրեական գործերը վերաբացվում են միայն, եթե արձանագրված խախտումն ունի բացասական հետևանքներ վճիռը կայացրած դատարանի դատական ակտի իմաստով, իսկ պատճառված վնասը միայն կարող է վերականգնվել գործի նոր քննության արդյունքում: Հենց այս պատճառների հաշվառմամբ էլ Հունաստանի վճռաբեկ դատարանը չի վերաբացում այն գործերը, որոնք վերաբերում են, օրինակ,  գործի քննության ժամկետներին:

Այս համատեքստում կարևորվում է Եվրոպական դատարանի Kontalexis v. Greece[10] գործով վճիռը, որում Եվրոպական դատարանը խախտում չհամարեց Հունաստանի վճռաբեկ դատարանի կողմից Եվրոպական դատարանի վճռի հիման վրա գործի վերաբացումը մերժելը: Մասնավորապես, Հունաստանի վճռաբեկ դատարանը գտել էր, որ Եվրոպական դատարանի կողմից արձանագրված խախտումն առավել ֆորմալ բնույթի էր և չէր վերաբերում Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված իրավունքներին: Այլ կերպ ասած՝ Հունաստանի վճռաբեկ դատարանը համարեց, որ Եվրոպական դատարանի կողմից արձանագրված խախտումը չի անդրադառնում վարույթի արդարության վրա և բացասական ազդեցություն չունի ներպետական դատարանի վճռի պատճառաբանման վրա: Այս պայմաններում Եվրոպական դատարանը խախտում չարձանագրեց՝ ելնելով գործերի վերաբացման հարցի առնչությամբ ներպետական մարմիններին վերապահված լայն հայեցողության սահմաններից[11]:

Պետք է նկատել, որ Եվրոպական դատարանի Մեծ պալատն իր Ferreira v. Portugal[12] գործով վճռում վերահաստատել է, որ գործերի վերաբացումը restitution in integrum սկզբունքի դասական դրսևորում է, որի նպատակն է վերականգնել մինչ խախտումը եղած իրավիճակը: Սակայն, այն, թե ինչպես գործերի վերաբացման առնչությամբ հարցերը կկարգավորվեն, մնում է պետությունների հայեցողությանը: Բացի այդ, Եվրոպական դատարանն ընդգծել է, որ գործերի վերաբացումը համարվում է համապատասխան լուծում, սակայն ոչ անհրաժեշտ կամ բացառիկ:

Այս համատեքստում պետք է նաև նկատել, որ Եվրոպական դատարանը Հայաստանի դեմ կայացված ընդհանուր թվով 129 վճիռներից միայն 8 վճռում է ուղղակիորեն նշել գործի վերաբացման անհրաժեշտության մասին:[13]

Ամփոփելով ստացվում է, որ գործերի վերաբացումը ոչ միշտ է անհրաժեշտ ազգային մակարդակում դիմումատուի խախտված իրավունքների վերականգնման կամ այլ կերպ ասած՝ restitutio in integrum-ի համար (օրինակ՝ Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մաս (երբ դիմումատուն արդեն ազատ է արձակվել նախնական կալանավորումից և Եվրոպական դատարանը տրամադրել է արդարացի հատուցում), 6-րդ հոդվածի  1-ին մաս (գործը քննվել է ոչ ողջամիտ ժամկետում և Եվրոպական դատարանը տրամադրել է արդարացի հատուցում) կամ Եվրոպական կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդված (սեփականության իրավունքի խախտման դեպքում Եվրոպական Դատարանը տրամադրել է արդարացի հատուցում)։ Բոլոր դեպքերում res judicata սկզբունքից բացառությունը պետք է նախատեսել այն դեպքում, երբ դա խախտված իրավունքների վերականգնման միակ տարբերակն է (last resort)։ Վերջապես, օրինական ուժի մեջ մտած ներպետական դատական ակտերը Եվրոպական դատարանի՝ Եվրոպական կոնվենցիայով նախատեսված իրավունքի խախտում արձանագրող վճռի հիման վրա անվերապահորեն բեկանելը չի բխում արդարադատության արդյունավետությունից և անհարկի ծանրաբեռնում է դատական համակարգը, ինչպես նաև երբեմն կարող է շաղկապվել այլ անձանց իրավունքների և օրինական շահերի հետ:

Հարկ է նշել, որ Եվրոպայի խորհրդի մի շարք անդամ պետությունների ներպետական օրենսդրության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանց ներպետական օրենսդրությամբ ևս նախատեսված են նախագծային դրույթներին համահունչ կարգավորումներ:

Այսպիսով, վերը նշված իրավակարգավորումներով մի կողմից նախատեսվում է օրինական ուժի մեջ մտած ներպետական դատական ակտերի վերանայման հնարավորություն, երբ Եվրոպական դատարանը հաստատել է կողմերի միջև ձեռք բերված հաշտության համաձայնությունը կամ Հայաստանի Հանրապետության միակողմանի հայտարարությունը, մյուս կողմից՝ նախատեսվում է, որ  Եվրոպական դտարանի՝ խախտում արձանագրող վճիռը կամ որոշումը, ինչպես նաև բարեկամանական կարգավորումը և միակողմանի հայտարարությունը գործերի վերաբացման անվերապահ հիմք չեն:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է օրենսգրքերի համապատասխան հոդվածները լրացնել դրույթներով, ըստ որոնց՝ ներպետական դատարաններում քրեական, քաղաքացիական և վարչական գործերը կարող են վերանայվել նաև այն դեպքերում, երբ կողմերի միջև ձեռք բերված հաշտության համաձայնությունը կամ Հայաստանի Հանրապետության կողմից արված միակողմանի հայտարարությունը հաստատվել է Եվրոպական դատարանի կողմից և անձի խախտված իրավունքների վերականգնումը հնարավոր է բացառապես դատական ակտի վերանայման դեպքում։ Միաժամանակ, առաջարկվում է վերանայել Եվրոպական դատարանի կողմից Եվրոպական կոնվենցիայով նախատեսված իրավունքի խախտում արձանագրող վճռի, որոշման հիման վրա ներպետական մակարդակում գործերի անվերապահ վերաբացումներ նախատեսող իրավական դրույթները՝ դատարաններին հնարավորություն տալով յուրաքանչյուր դեպքում գնահատել, թե արդյոք բացառապես գործի վերաբացմամբ է հնարավոր անձի խախտված իրավունքների վերականգնումը։ 

 

  1. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակի կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման պարագայում ՀՀ քրեական դատավարության, ՀՀ քաղաքացիական դատավարության և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքերով նախատեսված նոր հանգամանքներով գործերի վերանայման հիմքն առավել հստակ ամրագրում կստանա։ Մասնավորապես, գործը կվերանայվի ոչ միայն Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ անձի` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը հիմնավորված լինելու պարագայում, այլև այն դեպքում, երբ կողմերի միջև կհաստատվի հաշտության համաձայնություն կամ Հայաստանի Հանրապետությունը հանդես կգա միակողմանի հայտարարությամբուն։ Նման փոփոխությունը միտում ունի ՀՀ օրենսդրական կարգավորումները համահունչ դարձնել ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին՝ լրացուցիչ երաշխիք դառնալով անձանց իրավունքների և ազատությունների լիարժեք ապահովման համար։

 

[1] https://www.echr.coe.int/Documents/Library_Collection_P14_ETS194E_ENG.pdf

[2] Հոդված 46. Վճիռների պարտադիր ուժն ու կատարումը

1.Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են կատարել դատարանի վերջնական վճիռները ցանկացած գործերի վերաբերյալ, որոնցում նրանք կողմեր են։

  1. Դատարանի վերջնական վճիռն ուղարկվում է Նախարարների կոմիտե, որը վերահսկողություն է իրականացնում դրա կատարման նկատմամբ։

[3] https://search.coe.int/cm/Pages/result_details.aspx?ObjectID=09000016805e2f06

[4] 2018 թվականի ապրիլի 13-ին Եվրոպայի խորհրդի բոլոր 47 անդամ պետություններն ընդունել են Կոպենհագենի հռչակագիրը:

[5] Տե՛ս Josipović v. Serbia (dec.), no. 18369/07, 4 մարտի 2008թ. ; Žarskis v. Latvia (dec.), no. 33695/03, § 38, 17 մարտի 2009թ.; and Ielcean v. Romania (dec.), no. 76048/11, 7 հոկտեմբերի 2014թ.:

[6] Տե՛ս Sroka v. Poland (dec.), no. 42801/07, 6 մարտի 2012թ.:

[7] Տե՛ս Jeronovičs v. Latvia, no.44898/10, judgment 5 July 2016:

 

[8] ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մաս, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4264-րդ հոդվածի 1-ին մաս, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մաս։

[9] Փաստաթղթում ներկայացված է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների՝ Եվրոպական դատարանի վճիռների հիման վրա գործերի վերաբացման առնչությամբ ինչպես օրենսդրական, այնպես էլ գործնական մոտեցումները:

https://rm.coe.int/CoERMPublicCommonSearchServices/DisplayDCTMContent?documentId=0900001680654d5a

[10] https://www.echr.coe.int/Documents/CLIN_2018_09_221_ENG.pdf

[11] Եվրոպական դատարանի ներպետական դատարանի՝ գործի վերաբացումը մերժելը խախտում չի դիտարկել (քաղաքացիական գործի շրջանակներում) նաև Storck ընդդեմ Գերմանիայի գործում: http://hudoc.echr.coe.int/eng?i=001-185139

[12] https://hudoc.echr.coe.int/eng#{%22tabview%22:[%22document%22],%22itemid%22:[%22001-175646%22]}

[13] Gabrielyan v. Armenia, p 104, Manucharyan v. Armenia, p 68, Avetisyan v. Armenia, p. 75, Asatryan v. Armenia, p. 74, Ter-Sargsyan v. Armenia, p. 70, 

  • Քննարկվել է

    12.01.2021 - 31.01.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Մարդու իրավունքների եվրոպական դատարան

  • Նախարարություն

    Վարչապետի աշխատակազմ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5150

Տպել