Հիշել նախագիծը

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Քաղաքացիական ծառայության մասին» և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունումը (այսուհետ նաև՝ Նախագծեր) բխում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ նաև՝ Հանձնաժողով) գործունեության արդյունավետ իրականացումն ապահովելու և Հանձնաժողովում համապատասխան որակավորում ունեցող մասնագետներ ներգրավելու անհրաժեշտությունից:    

Ընթացիկ իրավիճակը և առկա խնդիրները.

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ձևավորվել է 2019 թվականի նոյեմբերի 19-ին և հանդիսանում է նախկինում գործող Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի իրավահաջորդը: Ի տարբերություն վերջինիս՝ Հանձնաժողովի լիազորությունները էականորեն ընդլայնվել են՝ Հանձնաժողովը դարձնելով կոռուպցիայի կանխարգելման լիազորություններով օժտված կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի մաս: Հարկ է նշել, որ նման մարմնի առկայությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորություններով: Մասնավորապես  ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ»  կոնվենցիայի[1] (այսուհետ նաև՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր Մասնակից պետություն, իր իրավական համակարգի հիմնարար սկզբունքներին համապատասխան, կանխարգելիչ հակակոռուպցիոն մարմնին/մարմիններին պետք է օժտի անհրաժեշտ անկախությամբ, որպեսզի մարմինը կամ մարմինները կարողանան արդյունավետ և առանց անհարկի ազդեցության իրականացնել իրենց գործառույթները։ Այդ մարմնին/մարմիններին պետք է տրամադրվեն անհրաժեշտ նյութական պաշարներ և մասնագիտացված անձնակազմ, ինչպես նաև անձնակազմի այնպիսի դասընթացներ, որոնք կարող են պահանջվել նրանց գործառույթների իրականացման համար:

ՄԱԿ-ի կողմից մշակվել է նաև կանխարգելիչ հակակոռուպցիոն մարմնի գործունեության գնահատման համակարգ, որի շրջանակներում տրվում է ավելի մանրամասն բացատրություն Կոնվենցիայում մատնանշված առանձին հասկացությունների համար։ Այսպես՝

Կազմակերպական/կառուցվածքային անկախությունը ենթադրում է, որ կանխարգելման գործառույթ իրականացնող մարմնի գործունեության հետևյալ ոլորտներում Կառավարությունը պետք է ունենա նվազագույն մասնակցություն.

  • աշխատակազմի ձևավորում և աշխատակազմի նշանակումների իրականացում,
  • իր գործառույթների իրականացում և որոշումների կայացում։

Գործառութային անկախությունը ենթադրում է, որ կանխարգելման գործառույթ իրականացնող մարմնի գործունեության վրա առկա չէ գործադիր մարմնի կամ երրորդ այլ կողմի անհարկի ազդեցություն։

Կոնվենցիայի շրջանակներում առաջարկվում է «համակողմանի և բազմամասնագիտական մոտեցում»՝ կոռուպցիայի կանխարգելումն արդյունավետորեն իրականացնելու, ինչպես նաև «կարողությունների զարգացման և ինստիտուտի կայացման» ապահովման համար։

Կարողությունների ներքո Կոնվենցիայի համատեքստում սահմանվում է հետևյալը. «Անձի, կազմակերպության և հասարակության ունակությունը գործառույթներ իրականացնելու, խնդիրներ լուծելու, կայուն  տարբերակով խնդիրներ սահմանելու և լուծելու համար»։

«Գործառութային կարողությունը կոռուպցիայի կանխարգելման առաքելություն ունեցող կառույցները կառավարելու ունակությունն է», իսկ տեխնիկական կարողությունը՝ հատուկ ոլորտներում մասնագիտական փորձառությունը կամ գիտելիքն է, որն առնչվում է կոռուպցիայի կանխարգելում իրականացնող մարմնի գործառույթներին։ Նման տեխնիկական կարողությունը, օրինակ, կարող է պահանջել ֆինանսական, աուդիտորական գիտելիքներ և այլն։

Բարձաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի համեմատությամբ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի լիազորությունները զգալիորեն մեծացել են։ Հանձնաժողովի աշխատանքային ծավալն աճել է ոչ միայն քանակական առումով, այլև որակական տեսանկյունից։ Նախկին երկու վարչությունների փոխարեն Հանձնաժողովը ձևավորել է վեց վարչություն՝ 1) հայտարարագրերի վերլուծության վարչություն, 2) վարույթների և իրավական ապահովման վարչություն, 3) անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների, էթիկայի կանոնների, բարեվարքության և շահերի բախման վարչություն, 4) կրթական, հանրային իրազեկվածության ծրագրերի և մոնիթորինգի վարչություն, 5) մեթոդական աջակցության վարչություն, 6) բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացման վարչություն:

ՀՀ Կառավարության 10 սեպտեմբերի 2020 թվականի N 1500 - Ա որոշման համաձայն «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի 2019 թվականի նոյեմբերի 19-ի դրությամբ գործող խմբագրությամբ լիազորությունների արդյունավետ իրականացման համար սահմանվել է 40 անձից բաղկացած անձնակազմ, որից մասնագիտական գործառութային պարտավորությունների իրականացման համար վեց վարչությունների միջև բաշխվել է 21 հաստիք (Անձնակազմի 40 հաստիքից նվազեցվում են աջակցող գործառույթ իրականացնող մի շարք հաստիքներ, մասնավորապես՝ Հանձնաժողովի հինգ անդամ, Հանձնաժողովի նախագահի և անդամների 6 օգնական, որոնցից մեկը մամուլի գծով պատասխանատու, գլխավոր քարտուղար, գլխավոր քարտուղարի օգնական, սպասարկող անձնակազմի վեց հաստիք, այդ թվում՝ մարդկային ռեսուրսների կառավարման գլխավոր մասնագետ, գլխավոր հաշվապահ, փաստաթղթաշրջանառության մասնագետ և այլն)։

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 2020 թվականի փոփոխությունների համաձայն՝ հայտարարատուների թիվը նախկին 3200-ի փոխարեն դարձել է մոտ 5500։

Առաջին անգամ Հանձնաժողովն իրականացնում է նաև պետական պաշտոնների նշանակման ենթակա անձանց վերաբերյալ բարեվարքության ուսումնասիրություն, որը ներառում է գույքի, եկամուտների և շահերի ուսումնասիրություն, ինչպես նաև երեք այլ ոլորտներով խորքային ուսումնասիրություն և պահանջում է մասնագիտական համապատասխան գիտելիք, փորձառություն։ Նույն կերպ, Հանձնաժողովը պետք է աջակցի պետական կառավարման մարմիններում կոռուպցիոն ռիսկերի գնահատման իրականացմանը, որի համար անհրաժեշտ է մշակել մեթոդաբանություն, ինչը ևս պահանջում է մասնագիտական փորձ և գիտելիքներ։ Նման գործառույթների արդյունավետ իրականացման երաշխիքը համապատասխան կարողություններ ունեցող անձնակազմի ներգրավումն է։

  2019 թվականի նոյեմբերի 19-ին՝ Հանձնաժողովի ձևավորումից հետո, Հանձնաժողովը չի կարողացել համալրել աշխատակազմը, քանի որ աշխատակազմի համալրման գործընթացները նախատեսված են քաղաքացիական ծառայության համակարգի միջոցով, և տվյալ գործընթացներում Հանձնաժողովին ներգրավելու իրավական հիմքերը բացակայել են։ 2020թ. փետրվար ամսից, Հանձնաժողովը սկսել է մշակել քաղաքացիական ծառայության համակարգի միջոցով աշխատակազմի ձևավորման համար անհրաժեշտ իրավական հիմքերի փաստաթղթերը՝ Հանձնաժողովի կանոնադրական փաստաթղթեր, պաշտոնի անձնագրեր, անվանացանկի նախագիծ և այլն։ Հանձնաժողովի 2020թ. օգոստոսի 25-ի 02-Ա որոշմամբ հաստատվել է Հանձնաժողովի Կանոնադրությունը։ Կառավարության 2020թ. սեպտեմբերի 10-ի 1500-Ա որոշմամբ հաստատվել է Կոռուպցիայի կանխարգելման Հանձնաժողովի հաստիքացուցակը։ 2020թ. սեպտեմբերի 17-ի թիվ 01/09.1/331-2020 գրությամբ Հանձնաժողովի թափուր հաստիքների պաշտոնի անձնագրերի նախագծերը՝ հարակից փաթեթով, ներկայացվել են ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակ, որպեսզի հաստատվի և հնարավոր լինի ապահովել համապատասխան կարողություններով մասնագետների ներգրավումը։

Հարկ է հավելել, որ քաղաքացիական ծառայության համակարգում սահմանված պաշտոնի բնութագրերը, դասակարգիչները, կրթության, աշխատանքային փորձի պահանջները չեն համապատասխանում Հանձնաժողովում առկա կարիքներին։ Մասնավորապես, Հանձնաժողովի գործունեության առանձնահատկություններից ելնելով՝ մասնագտական հատուկ փորձը կամ գիտելիքները սահմանված չեն քաղաքացիական ծառայության համակարգում։ Սրա պատճառը հանդիսանում է այն, որ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքը և այդ օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերն ընդունվել են ավելի վաղ, երբ Հանձնաժողովը ձևավորված չի եղել։ Մինչդեռ, որպես ինքնավար և կոնկրետ ոլորտում գործունեություն իրականացնող մարմին, Հանձնաժողովի ոլորտային առանձնահատկություններից ելնելով՝ վեց վարչությունների արդյունավետ գործունեությունն ապահովելու նպատակով Հանձնաժողովը մշակել է համապատասխան կարողություններ, կրթություն, աշխատանքային փորձառություն ունեցող մասնագետների պաշտոնի անձնագրեր, պաշտոնների վերլուծության հարցարաններ։

Ուստի, Հանձնաժողովի գործունեության արդյունավետությունը, անկախության սկզբունքները, ինչպես նաև համապատասխան կարողություններով օժտված մասնագետների ներգրավումն ապահովելու համար անհրաժեշտ է իրականացնել համապատասխան օրենսդրական փոփոխություններ՝ հնարավորություն ընձեռելով Հանձնաժողովին ինքնուրույն և անկախության սկզբունքների պահպանմամբ իրականացնել աշխատակազմի համալրման աշխատանքները։

Հարկ է նշել նաև, որ նման փոփոխությունը չի հակասում քաղաքացիական ծառայության ընդհանուր համակարգին, այլ ապահովում է այդ համակարգի միջոցով ներդրված պաշտոնների դասակարգման, քաղաքացիական ծառայության պաշտոնների համալրման գործընթացը՝ ապահովելով Հանձնաժողովի գործառույթներից բխող համարժեք մասնագիտական կարողությունների կարիքների հասցեագրումը և դրանց իրականացման ինքնուրույնությունը։ Օրենսդրական փոփոխությունները չեն վերացնում Հանձնաժողովի պաշտոնների դասակարգման, քաղաքացիական ծառայության պաշտոնների համալրման գործընթացի (մրցույթների իրականացման գործընթացի) նկատմամբ թափանցիկության և հաշվետվողականության պահանջը, հետևաբար, ընդհանուր քաղաքացիական ծառայության համակարգի կողմից որդեգրած սկզբունքներից որևէ նահանջ չի արձանագրվում։

 

Առաջարկվող կարգավորման բնույթը.

Սույն օրենքի նախագիծը հնարավորություն է տալիս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ինքնուրույն կազմակերպել աշխատակազմի ձևավորման գործընթացները՝ սահմանելով մրցութային կարգ՝ հաշվի առնելով քաղաքացիական ծառայության առանձնահատկությունները և պահպանելով գործընթացի նկատմամբ օրինականության, թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքները։

 

Նախագծերի մշակման ընթացքում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Օրենքի նախագծերը մշակվել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և ՀՀ արդարադատության նախարարության կողմից։

 

Ակնկալվող արդյունքը.

Սույն օրենքի նախագծերի ընդունմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հնարավորություն կունենա ինքնուրույն կազմակերպել քաղաքացիական ծառայողների ներգրավման գործընթացը և արդյունավետ կերպով, սեփական կարիքների գնահատման հիման վրա իրականացնել Հանձնաժողովի կառուցվածքային պաշտոնների համալրումը։

 

[1] Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է Կոնվենցիան 2005թ., որը վավերացվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2006թ. հոկտեմբերի 23-ին և ուժի մեջ է մտել 2006թ. նոյեմբերի 11-ին

  • Քննարկվել է

    25.12.2020 - 11.01.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Կոռուպցիայի դեմ պայքար, Հանրային ծառայություն, Քաղաքացիական ծառայություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5103

Տպել