Հիշել նախագիծը

ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԵՎ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

«         »______________  2020  թվականի   N___-Ն

 

ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԵՎ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ  ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի «ա» մասը, 10.1 հոդվածի 3-րդ մասի 12-րդ ու 20-րդ կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել նոր կառուցվող և գոյություն ունեցող տար­բեր նշանակության շենքերի և շինությունների (այսուհետ՝ շենքեր և շինություններ) անձնագրավորման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ.

1) շենքերի և շինությունների անձնագրավորման աշխատանքները համակարգում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեն,

2) շենքերի և շինությունների անձնագրավորման գործընթացն իրականացվում է փուլային տարբերակով՝ համաձայն սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգով նախատեսված առաջնահերթությունների,

3) սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի դրույթները չեն տարածվում մասնագիտացված կազմակերպության կողմից կատարված տեխնիկական վիճակի հետազննության արդյունքում քանդման ենթակա՝ վթարային գնահատված շենքերի և շինությունների վրա:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում մշակել և հաստատել շենքերի ու շինությունների անձնագրերի օրինակելի ձևերը և դրանց լրացման մեթոդական ուղեցույցը,

2) մինչև յուրաքանչյուր տարվա մարտի 1-ը ամփոփել և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն՝ շենքերի և շինությունների անձնագրավորման գործընթացի շրջանակներում իրականացված աշխատանքների վերաբերյալ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

Հավելված

        ՀՀ կառավարության 2020 թվականի

 ......................-ի  N.........-Ն որոշման

                                                    

ԿԱՐԳ

ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԵՎ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՄԱՆ

I.ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով կարգավորվում են նոր կառուցվող և գոյություն ունեցող տարբեր նշանակության (բնակելի, հասարակական և արտադրական) շենքերի ու շինությունների (այսուհետ՝ շենքեր և շինություններ) անձնագրավորման (այսուհետ՝ անձնագրավորում) գործընթացի հետ կապված հարցերը և սահմանվում են անձնագրերին ներկայացվող պահանջները:

2. Անձնագրավորումը՝ դրանց տեխնիկական վիճակի, շահագործման (օգտագործման) պայմանների և սպառողական հատկանիշների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրմանը, կուտակմանը և պահպանմանն ուղղված միջոցառումների իրականացման գործընթաց է, որի նպատակը շենքերի և շինությունների վիճակի վերաբերյալ տեղեկատվության հաշվառմամբ դրանց անվտանգության և պատշաճ օգտագործման նկատմամբ մշտադիտարկման ապահովման համար տեղեկատվական հիմքի ստեղծումն է, որը հանդիսանալու է քաղաքաշինական կադաստրի բաղկացուցիչ մասը:

3. Անձնագրավորման արդյունքում կազմվում է շենքի անձնագիր (այսուհետ` անձնագիր), որը լրացվում է նախագծման, շինարարության, շահագործման, տեխնիկական վիճակի, սեյսմակայունության վերաբերյալ առկա փաստաթղթերի և այլ տվյալների հիման վրա` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի կողմից սահմանված օրինակելի ձևերին համապատասխան:

4. Անձնագրերում ներառված տեղեկատվությունն անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, շենքերի կառավարման մարմինների, ֆիզիկական կամ իրավաբանական անձ հանդիսացող սեփականատերերի համար՝ շենքերի պահպանման, անվտանգ շահագործման վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունն ապահովելու նպատակով:

5. Անձնագրավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան:

6. Անձնագրավորման աշխատանքների իրականացման արժեքը և վճարման կարգը սահմանվում են պայմանագրային հիմունքներով:

 

II. ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԸ

7. Անձնագրավորման գործընթացի պատասխանատուներն են` Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինները, տարածքային կառավարման մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինները, ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող սեփականատերերը, նոր կառուցվող շենքերի և շինությունների պարագայում՝ կառուցապատողները, եթե այլ բան նախատեսված չէ օրենսդրությամբ կամ սեփականատիրոջ և երրորդ անձի միջև կնքված պայմանագրով:

8. Պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների անձնագրավորման գործընթացի պատասխանատուն հանդիսանում է պետական կառավարման համակարգի այն մարմինը, որին ամրացված կամ ամրացվելու է տվյալ շենքը կամ շինությունը:

 

 III. ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՈՒՄԸ

9. Նոր կառուցվող շենքի կամ շինության անձնագրավորման գործընթացն իրականացվում է կառուցապատողի և շենքի կամ շինության նախագծային աշխատանքներն իրականացրած կազմակերպության հետ կնքված պայմանագրի հիման վրա:

10. Նոր կառուցվող շենքի կամ շինության շահագործումից հետո, նախագծող կազմակերպության կողմից կարող է սահմանվել շենքի կամ շինության տեխնիկական վիճակի արտահերթ հետազննման ժամկետ:

11. Ներդրումային ծրագրերի շրջանակներում, ինչպես նաև պետական միջոցների հաշվին կառուցվող շենքի և շինության անձնագրավորման ծախսերը ներառվում են դրանց շինարարության նախահաշվային արժեքներում:

12. Նոր կառուցվող շենքի կամ շինության անձնագրավորման արդյունքում անձնագիրը լրացվում է սույն կարգի 9-րդ կետում նշված նախագծային կազմակերպության կողմից:

13. Անձնագիրը՝ ավարտված շենքի կամ շինության շահագործման ընդունող հանձնաժողովի ակտի հետ միասին, ներառվում է հանձնաժողովի կողմից ներկայացվող փաստաթղթերում և անշարժ գույքի պետական ռեգիստրում դրանց նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումն կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե ներկայացվող փաթեթում:

 

 

IV. ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

     ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՈՒՄԸ

14. Գոյություն ունեցող շենքերի և շինությունների անձնագրավորման գործընթացն իրականացվում է տեխնիկական վիճակի հետազննության հիման վրա (բացառելով հատվածային մոտեցումը)՝ մեթոդական ուղեցույցի համաձայն, տեխնիկական վիճակի հետազննության ոլորտում լիցենզավորված կազմակերպության կողմից՝

1) բազմաբնակարան շենքերի դեպքում՝ շենքերի կառավարման մարմինների հետ կնքված պայմանագրի համաձայն,

2) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձանց սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների դեպքում՝ սեփականատիրոջ կամ սեփականատիրոջ և երրորդ անձի միջև կնքված պայմանագրի համաձայն:

15. Անձնագրավորման համար, բացի շենքի և շինության տեխնիկական վիճակի հետազննության տվյալները, հիմք են հանդիսանում նաև շենքի կամ շինության սեփականատիրոջ (բազմաբնակարան շենքի դեպքում՝ կառավարման մարմնի) մոտ պահպանված` շինարարության, նորոգման կամ վերակառուցման նախագծային փաստաթղթերի, տեխնիկական վիճակի նախորդ հետազննության եզրակացության մեջ, շինարարական աշխատանքների ավարտական ակտերում առկա տեղեկատվությունը: Ընդ որում, որոշակի տեղեկատվության կամ գծագրերի բացակայության դեպքում դրանք ենթակա են վերականգնման անձնագրավորման ընթացքում՝ չափագրման, հաշվարկների կամ հարցումների միջոցով:

16. Գոյություն ունեցող շենքերի և շինությունների անձնագրավորման աշխատանքների ֆինանսավորումն իրականացվում է դրանց սեփականատերերի, իսկ բազմաբնակարան շենքերի դեպքում՝ շենքի շինությունների սեփականատերերի միջոցների հաշվին:

17. Վերակառուցվող, վերականգնվող, նորոգվող, ուժեղացվող, արդիականացվող շենքերի անձնագրավորման ծախսերը ներառվում են դրանց շինարարության նախահաշվային արժեքներում:

18. Գոյություն ունեցող շենքերի կամ շինությունների (կառույցների, կառուցվածքների) անձնագրավորման արդյունքում անձնագիրը լրացվում է սույն կարգի 13-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի համաձայն:

19. Անհրաժեշտության դեպքում անձնագրի լրացմանը կարող է մասնակցել շենքի կամ շինության սեփականատերը (բազմաբնակարան շենքի դեպքում՝ կառավարման մարմնի ղեկավարը) կամ նրա ներկայացուցիչը:

20. Գոյություն ունեցող շենքերի և շինությունների վերակառուցման կամ նորոգման դեպքում, դրանց անձնագրերը կազմվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն ընդունող հանձնաժողովի կողմից աշխատանքների ավարտման փաստը (ավարտական ակտը) հաստատելուց հետո:

21. Գոյություն ունեցող շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հերթական հետազննության արդյունքների հիման վրա անձնագրում կատարվում են համապատասխան լրացումներ: Ընդ որում, սույն կարգի 14-րդ կետում նշված կազմակերպության կողմից, շենքի և շինության առանձնահատկություններից ելնելով, կարող է նշանակվել արտահերթ հետազննության ժամկետ:

 

V. ՇԵՆՔԻ ԿԱՄ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԱՆՁՆԱԳԻՐԸ, ԱՆՁՆԱԳՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

22. Անձնագիրը հանդիսանում է շենքի նախագծման, շինարարության, շահագործման բոլոր փուլերի, փաստացի տեխնիկական վիճակի, շահագործման պահանջների վերաբերյալ սահմանված ձևին համապատասխան կազմված տեխնիկական փաստաթուղթ, որը հավաստում է դրանց շահագործման պիտանիությունը (ոչ պիտանիությունը) և անհրաժեշտ է օրենքով նախատեսված գործառույթների և պարտավորությունների կատարման համար:

23. Անձնագիրը ներառում է շենքի կամ շինության վերաբերյալ հետևյալ հիմնական տեղեկությունները՝

1) ընդհանուր բնութագրերի (հասցե, կառուցման տարեթիվ, հարկայնություն, ընդհանուր մակերես, տեխնիկական վիճակ, սեյսմակայունություն և այլն),

2) ներշենքային ինժեներական համակարգերի և սարքավորումների,

3) ծավալահատակագծային և կոնստրուկտիվ լուծումների (տարածքների գծագրեր, հիմնակմախքի տարրեր և հանգույցներ), այդ թվում շենքի նկուղային և/կամ որմնախարսխային (կիսանկուղային) հարկերի, ստորգետնյա ավտոկայանատեղիների, ինչպես նաև դրանցում նախատեսվող քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների՝ ապաստարանների և/կամ թաքստոցների,

4) էներգետիկ բնութագրի և էներգաարդյունավետության դասի,

5) հակահրդեհային համակարգերի և տարհանման սխեմաների,

6) ինժեներաերկրաբանական հետազննության արդյունքների,

7) պահպանման, սպասարկման, շահագործման պայմանների վերաբերյալ:

24. Սույն կարգի 23-րդ կետում նշված տեղեկությունները կամ դրանց մի մասն անձնագրում կարող են ներառվել անձնագրի անբաժանելի մասը հանդիսացող առանձին ներդիրների տեսքով: Ընդ որում, անձնագիրը կարող է լրացվել շենքի կամ շինության գործառական նշանակությունը բնութագրող ցուցանիշների վերաբերյալ անհրաժեշտ այլ ներդիրներով:

25. Տարբեր նշանակության շենքերի և շինությունների համար սնձնագիրը լրացվում է սահմանված օրինակելի ձևերին համապատասխան, էլեկտրոնային եղանակով և թղթային տարբերակով՝ 3 օրինակից:

26. Անձնագիրը հաստատվում է սույն կարգի 27-րդ կետով նախատեսված անձի ստորագրությամբ, ով պատասխանատու է մուտքագրված տվյալները հավաստի լինելու համար:

27. Անձնագիրը հաստատվում է՝

1) նոր կառուցվող շենքերի և շինությունների դեպքում՝ սույն կարգի 9-րդ կետում նշված նախագծային կազմակերպության կողմից,

2)  գոյություն ունեցող շենքերի և շինությունների դեպքում՝ սույն կարգի 14-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված սուբյեկտների կողմից:

28. Անձնագիրը հաստատվելուց դրա թղթային տարբերակի 3 օրինակից մեկը մնում է անձնագիրը կազմած (լրացրած) կազմակերպությանը, իսկ մեկական օրինակ այդ կազմակերպության կողմից 5-օրյա ժամկետում տրամադրվում է շենքի կամ շինության սեփականատիրոջը (գոյություն ունեցող բազմաբնակարան շենքի դեպքում՝ կառավարման մարմնի ղեկավարին) և այն համայնքի ղեկավարին, որի տարածքում գտնվում է շենքը կամ շինությունը: Անձնագրի էլեկտրոնային տարբերակը փոխանցվում է բոլոր 3 կողմերին:

29. Անձնագիրը տրվում է անժամկետ: Անձնագրի կորստի դեպքում շենքի կամ շինության սեփականատիրոջ (բազմաբնակարան շենքի դեպքում՝ կառավարման մարմնի) կողմից համայնքի ղեկավարի կողմից տրամադրվում է անձնագրի պատճենահանված տարբերակ՝ դիմումը ներկայացնելուց հետո 10-օրյա ժամկետում:

30. Շենքի կամ շինության վերակառուցման կամ գործառական նշանակության փոփոխման դեպքում տրվում է նոր անձնագիր:

31. Շենքի կամ շինության գույքային իրավունքների փոխանցման, առուվաճառքի, փոխանակման, նվիրատվության, ժառանգության, կառավարման փոխանցման, վարձակալության դեպքում շենքի անձնագիրը հանձնման-ընդունման ակտով փոխանցվում է նոր տնօրինողներին:

32. Շենքի կոնստրուկտիվ և ինժեներական համակարգերի փոփոխությունների, վերակառուցման և արդիականացման, սեյսմազինվածության բարձրացման, տեխնիկական վիճակի նոր հետազննության, շենքի գործառական նշանակության փոփոխության, բազմաբնակարան շենքի կառավարման ձևի փոփոխության և այլ փոփոխությունների պարագայում այդ փոփոխությունների վերաբերյալ համապատասխան տվյալներն արտացոլվում են անձնագրում:

 

 

VI. ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄԸ

 

33. Հայաստանի Հանրապետության տարածքի շենքերի և շինությունների անձնագրային տվյալների հավաքագրումը իրականացվում է եռաստիճան (համայնք, մարզ, քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմին) համակարգով՝ ամենամսյա կտրվածքով:

34. Տվյալ համայնքում գտնվող շենքերի և շինությունների անձնագրերի էլեկտրոնային տարբերակները հավաքագրվում և համայնքի ղեկավարի կողմից ներկայացվում են համապատասխան մարզպետին (Երևանում՝ Երևանի քաղաքապետին), իսկ մարզպետի (Երևանի քաղաքապետի) կողմից՝ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե:

35. Սույն կարգի 34-րդ կետի համաձայն հավաքագրված անձնագրային տվյալների ամփոփումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեն, անձնագրավորման տվյալների շտեմարանի շրջանակներում:

 

VII. ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

36. Շենքերի և շինությունների անձնագրավորման գործընթացն իրականացվում է ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշմամբ միջինից բարձր, բարձր և բարձրագույն ռիսկայնության աստիճանով դասակարգված  շենքերի ու շինությունների համար՝ փուլային եղանակով, հաշվի առնելով հետևյալ առաջնահերթությունները.

1) հանձնման-ընդունման գործընթացում գտնվող նորակառույց՝ և կառուցման ընթացքում գտնվող շենքերի ու շինությունների համար՝ մինչև անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը՝ ընդ որում.

ա. նախագծման ենթակա կամ նախագծման ընթացքում գտնվող շենքերի և շինությունների նախագծանախահաշվային փաստաթղթերը (նախագծի բացատրագիրը և նախահաշիվը) ներառում են պարտադիր պահանջներ շենքի անձնագրավորման կազմակերպման և անձնագրի կազմման համար անհրաժեշտ  խոշորացված ծախսերի  վերաբերյալ:

բ. շենքերի և շինությունների կառուցապատման մասով կնքման ենթակա կապալի պայմանագրերը ներառում են պարտադիր պահանջներ շենքի անձնագրի կազմման (ձեռքբերման) վերաբերյալ,

գ. շենքերի և շինությունների կառուցապատման մասով կապալի գործող պայմանագրերի կողմ հանդիսացող Կառուցապատողը (Պատվիրատուն), իր միջոցների հաշվին, մինչև անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը, ապահովում է շենքի անձնագրի ձեռքբերման կամ կազմման գործընթացը:

2) Գոյություն ունեցող շենքերի և շինությունների համար՝ ոչ ուշ, քան տեխնիկական վիճակի հետազննությունն իրականացվելուց հետո վեցամսյա, իսկ վերակառուցման, վերականգնման, նորոգման, ուժեղացման, արդիականացման աշխատանքների ավարտից հետո՝ եռամսյա ժամկետում:

 

 

 

 

  • Քննարկվել է

    23.12.2020 - 07.01.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5395

Տպել

Առաջարկներ`

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

07.01.2021

3. նախագծի կարգի 35-րդ կետով նախատեսվում է. <<Սույն կարգի 34-րդ կետի համաձայն հավաքագրված անձնագրային տվյալների ամփոփումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեն՝ անձնագրավորման տվյալների շտեմարանի շրջանակներում:>> Սակայն որևիցե տեղեկատվություն չի ներկայացվում նշված շտեմարանի ստեղծման և գործարկման հետ կապված անհրաժեշտ ֆինանսական միջոցների և ժամկետների վերաբերյալ:

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

07.01.2021

5. Նախագծով նախատեսվում է անձնագրում տվյալները լրացվեն՝ նոր կառուցվող շենքերի և շինությունների դեպքում նախագծային կազմակերպության կողմից, իսկ գոյություն ունեցողների դեպքում՝ սեփականատերերը կամ նրանց հավասարեցվաց անձինք, այդ թվում համաձայն նախագծի կարգի 10-րդ կետի՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները: Այս սկզբունքային դրույթների վերաբերյալ որևիցե հիմնավորում չի ներկայացվել: Առաջարկում ենք, որ 1. նոր կառուցվող շենքերի և շինությունների դեպքում անձնագրի տվյալները ներկայացնեն նախագծի ծավալաթերթի կազմման աշխատանքների շրջանակներում՝ նախագծային կազմակերպության կողմից՝ առանց լրացուցիչ վարձատրության, քանի որ անձնագրի լրացման համար անհրաժեշտ տվյալները ներկայացվում են նշված աշխատանքների ընթացքում: 2. գոյություն ունեցողների դեպքում անձնագրի տվյալները ներկայացնեն շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննությունն իրականացրած համապատասխան լիցենզավորված կազմակեր-պության կողմից կազմված շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացության հետ միասին՝ առանց լրացուցիչ վճարի , քանի որ այդ տվյալները նախատեսված է հավաքագրել նշված աշխատանքների ընթացքում:

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

07.01.2021

4. Նախագծի 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն <<շենքերի և շինությունների անձնագրավորման աշխատանքները համակարգում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեն,>>, իսկ Կարգի 13-րդ կետի համաձայն Անձնագիրը ներկայացվելու է Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե: Արդյո՞ք Կադաստրի կոմիտեն պատրաստ է նման ծավալի տեղեկատվություն մուտքագրելու իր տեղեկատվական շտեմարանում և, անհրաժեշտության դեպքում, տրամադրելու շահառուներին, և նման աշխատանքի համար պետական բյուջեից որքա՞ն միջոցներ են պահանջվելու:

Տեսնել ավելին