Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

         Մասնագիտացված արդարադատության, այդ թվում` վարչական արդարադատության, ինստիտուտի ներդրումը, ի թիվս այլնի, նպատակ է հետապնդում առաջին հերթին ապահովել տվյալ ոլորտում դատական պաշտպանության իրավունքի իրացման արդյունավետությունը և լիարժեքությունը` արդարադատության այդ տեսակին բնորոշ առանձնահատկությունների հաշվառմամբ[1]

         Վարչական արդարադատության շուրջ 12 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում ընդունված վարչական դատավարության երկու օրենսգրքերով կարգավորվեցին վարչական արդարադատության առանցքային հարցերը:

         Այդուհանդերձ, այդ օրենսգրքերով վարչական գործերի քննության համար գրավոր կամ պարզեցված կարգ չի նախատեսվել, ինչը շարունակաբար հանգեցրել է Վարչական դատարանի ծանրաբեռնվածության մեծացման:

         Թեև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք)  18-րդ գլխով նախատեսված է գրավոր դատաքննություն անցկացնելու հնարավորություն, այն վերաբերում է միայն դատաքննության փուլին և իրականացվում է միայն դատավարության մասնակիցների համաձայնության դեպքում:

         Հարկ է նշել, որ Օրենսգրքում 24.06.2020 թվականին կատարված փոփոխությունների արդյունքում ներդրվեց վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

         Վերոգրյալի արդյունքում պարզ է դառնում, որ Վարչական դատարանում և Վարչական վերաքննիչ դատարանում գրավոր ընթացակարգի կիրառում նախատեսված չէ, ինչի արդյունքում տվյալ դատարանները գտնվում են գերծանրաբեռնված վիճակում և հնարավոր չի լինում երաշխավորել գործի ողջամիտ ժամկետում քննության սկզբունքը:

          Գրավոր ընթացակարգը վարչական դատավարությունում ներդնելու անհրաժեշտությունը պայմանավորված է նախևառաջ այն հանգամանքով, որ Վարչական դատարանում չափազանց մեծ քանակով վիճարկվում են Ճանապարհային ոստիկանության կողմից կայացված տուգանքների վերաբերյալ որոշումները, որոնցով նախատեսված տուգանքի չափը չի գերազանցում 5.000 ՀՀ դրամը։ Պետական մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց ակտերն անվա­վեր ճանաչելու պահանջի վերաբերյալ վարչական գործերը հարուցվում են գլխա­վորապես ֆիզիկական անձանց կողմից  (91.5%) ընդդեմ ՀՀ ճանապարհային ոստի­կանության[2]

          Վերոգրյալից բխում է, որ նմանատիպ գործերի համար, հաշվի առնելով գործի բնույթը, անհրաժեշտ է սահմանել բացառապես գրավոր ընթացակարգ:

        Հատկանշական է, որ միջազգային փորձի ուսումնասիրությունից ևս բխում է գրավոր/պարզեցված վարույթը վարչական դատավարությունում ներդնելու արդի միտումները: Այսպես, Եվրոպայի խորհրդի արդարադատության արդյունավետության հարցերի եվրոպական հանձնաժողովի (CEPEJ) կողմից նշվել է, որ վարչական դատավարության արդյունավետությունը բարձրացնելու հիմնական միջոցներից է վարչական գործերով պարզեցված վարույթի նախատեսումը[3]: Ընդ որում, հանձնաժողովն արձանագրել է, որ Եվրոպայի խորհրդի անդամ պետություններից 19-ը վարչական դատավարությունում ամրագրել են պարզեցված ընթացակարգ: Ավելին, վիճակագրությունը ցույց է տվել, որ վարչական գործերով պարզեցված վարույթը հիմնականում կիրառվում է, երբ դրամական պարտավորությունը կամ տուգանքի չափը չի գերազանցում օրենքով նախատեսված որոշակի գումարը, ինչպես նաև այն դեպքերում, երբ իրավախախտումն արձանագրվել է լուսանկարահանող կամ տեսանկարահանող սարքերով:

        Գերմանիայի վարչական դատավարության օրենսգրքի 84-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը կարող է առանց դատական նիստ հրավիրելու անցնել վճռի կայացման, եթե գործի բնույթը իրավական կամ փաստական առումով բարդ չէ և եթե գործի լուծման համար անհրաժեշտ փաստերը պարզված են[4]:

          Էստոնիայի վարչական դատավարության օրենսգրքի 133-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը կարող է կիրառել պարզեցված վարույթ, եթե անձի իրավունքի խախտումն իր բնույթով լուրջ չէ, վեճի առարկայի գումարը չի գերազանցում 1000 եվրոն, ինչպես նաև այն դեպքերում, երբ կողմերը և երրորդ անձինք միջնորդում են գործը պարզեցված վարույթի կարգով քննելու: Ընդ որում, նույն օրենսգրքի 134-րդ հոդվածի համաձայն՝ պարզեցված վարույթի կարգով գործը քննելիս դատարանը կարող է սահմանել դատավարական փաստաթղթերը, ապացույցները ներկայացնելու ավելի սեղմ ժամկետներ, վճիռը չպատճառաբանել և այլն[5]:

          Ռուսաստանի Դաշնության վարչական դատավարության օրենսգրքի 291-րդ հոդվածի համաձայն՝ վարչական գործը կարող է քննվել պարզեցված (գրավոր) ընթացակարգով, եթե՝

-գործին մասնակցող բոլոր անձինք միջնորդել են գործը քննել իրենց բացակայությամբ և նրանց մասնակցությունը տվյալ գործին պարտադիր չէ,

-հայցվորը խնդրել է կիրառել պարզեցված վարույթ, իսկ պատասխանողը չի առարկել,

-տվյալ գործով դրամական պարտավորությունը կամ որպես տուգանք նշանակված գումարը չի գերազանցում 20.000 ռուբլին,

-օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում[6]:

     Լեհաստանի վարչական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի համաձայն՝ վարչական դատարանը կիրառում է պարզեցված վարույթ՝

 -եթե ներկայացվել է վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջ,

-գործին մասնակցող անձանցից որևէ մեկը միջնորդել է կիրառել պարզեցված վարույթ և միջնորդության ներկայացման պահից 14 օրվա ընթացքում որևէ առարկություն չի ներկայացվել դատարանին,

-վարչական հայցի առարկան վերաբերում է վարչական մարմնի անգործությանը կամ վարչական վարույթի ժամկետների խախտումներին,

-օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում[7]:

      Վերոգրյալից զատ, հարկ է ընդգծել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն, անդրադառնալով կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված իրավունքներին, նշել է, որ անդամ պետությունները կարող են կիրառել պարզեցված ընթացակարգեր փոքր և ոչ բարդ գործերի համար: Նման մոտեցումը կարող է նպաստել դատարանի մատչելիության իրավունքի երաշխավորմանը, դատական խնայողության ապահովմանը և վեճերի լուծման դյուրինացմանը[7]:

Ամբողջ վերոշարադրյալը վկայում է ՀՀ վարչական դատավարության և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին:

Ամբողջ վերոշարադրյալը վկայում է Օրենսգրքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

 «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ)՝

  • Օրենսգրքում ներդրվում են գրավոր ընթացակարգեր,
  • նախատեսվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 123.3-րդ հոդվածով, 123.5-րդ հոդվածի 1-2-րդ մասերով, 123.6-րդ, 124-րդ, 124.3-րդ, 124.4-րդ և 124.7-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության պարտադիր գրավոր ընթացակարգ, եթե առկա չեն գրավոր ընթացակարգը բացառող հիմքեր,
  • այլ վարչական գործերի քննության դեպքում ևս նախատեսվել է գրավոր ընթացակարգ կիրառելու վարչական դատարանի հայեցողություն,
  • Վարչական վերաքննիչ դատարանին տրված է հնարավորություն Վարչական դատարանում գրավոր ընթացակարգով քննության արդյունքում կայացված դատական ակտերի վերանայումն իրականացնել գրավոր ընթացակարգով:

 

3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագծերը մշակվել են Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից:

 

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ապահովել բարձրացնել վարչական դատավարության արդյունավետությունը, նվազեցնել Վարչական դատարանի և Վարչական վերաքննիչ դատարանի ծանրաբեռնվածությունը, երաշխավորել ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը և դատավարական խնայողությունը:

 

[1]   Տե՛ս Սահմանադրական դատարանի 06.10.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190 որոշումը:

[2] Տե՛ս Բարձրագույն դատական խորհուրդ, Հայաստանի Հանրապետության արդարադատության արդյունավետության համալիր բարելավման հայեցակարգ, 2018:

[3] The European Commission for the Efficiency of Justice (CEPEJ). 2014. European judicial systems – Edition 2014 (2012 data): efficiency and quality of justice. Strasbourg, France:

 

[4] http://www.gesetze-im-internet.de/englisch_vwgo/

[5] https://www.riigiteataja.ee/en/eli/512122017007/consolide

 

[6]http://www.consultant.ru/document/cons_doc_LAW_176147/ecf2ba1c4083d4d6c7964617ede6b9d7bcecc0e7/

 

[7] Code of Administrative court Procedure, Poland

 

  • Քննարկվել է

    25.11.2020 - 10.12.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Քաղաքացիական և առևտրային օրենսդրություն, Սահմանադրական և վարչական օրենսդրություն, Վարչական իրավախախտում

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8139

Տպել

Առաջարկներ`

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

10.12.2020

Նախագծով առաջարկվող` Վարչական դատավարության օրենսգրքի 142.1-րդ հոդվածով սահմանվում է, որ օրենսգրքի 18-րդ գլխով նախատեսված կարգով կայացված դատական ակտերի վերանայման դեպքում Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի քննության ցանկացած փուլում կարող է որոշում կայացել վերաքննիչ բողոքը գրավոր ընթացակարգով քննելու մասին: Գտնում ենք, որ որևէ պայմանով չսահմանափակված այս լիազորությունը ամրագրող դրույթը հակասության մեջ է գտնվում ՄԻԵԿ-ի 6-րդ հոդվածի պահանջների հետ: Ի թիվս այլոց, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Ստեփանյանն ընդդեմ Հայաստանի գործով (Գանգատ թիվ 45081/04, ուժի մեջ է մտել 27.01.2010թ.) կայացված վճռից ուղղակիորեն բխում է վերաքննիչ դատարանի կողմից բողոքի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացնելու բացարձակ հայեցողական լիազորության անթույլատրելիությունը: Գործի փաստական հանգամանքներից ելնելով, ինչպես նաև դատավարության մասնակցին, վկային կամ փորձագետին լսելու անհրաժեշտությամբ պայմանավորված` վերաքննիչ դատարանի կողմից բանավոր ընթացակարգի չկիրառումը կարող է գնահատվել որպես Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի խախտում /հատկապես գրավոր ընթացակարգով գործի քննությունը իրականացնելու վարչական դատարանի որոշման անբողոքարկելիության պայմաններում/: Հետևաբար, գտնում ենք, որ նշված դրույթը ենթակա է վերանայման` Վերաքննիչ դատարանի բացարձակ հայեցողական լիազորությունը հստակ չափանիշներով սահմանափակելու նպատակով:

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

10.12.2020

Նախագծով առաջարկվող` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.1-րդ հոդվածով սահմանվում է, որ դատավարության մասնակիցների միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել գրավոր ընթացակարգ կիրառելու վերաբերյալ վարչական դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում: Այնուամենայնիվ, գտնում ենք, որ Նախագծով բավարար չափով կարգավորված չեն դատավարության մասնակիցների դատավարական իրավունքների իրականացման ընթացակարգերը և ժամկետները, ինչն իր հերթին վտանգում է գրավոր ընթացակարգի կիրառման դեպքում ՄԻԵԿ-ի 6-րդ հոդվածից բխող դատավարական երաշխիքների ապահովումը: Մասնավորապես, սահմանված չէ գործի քննության գրավոր ընթացակարգի կիրառման դեպքում դատավարության մասնակիցների կողմից ներկայացված ապացույցներին, վարչական վարույթի նյութերին ծանոթանալու ընթացակարգը և ժամկետները, ներկայացված առարկությունների կամ ապացույցների վերաբերյալ դիրքորոշում հայտնելու կամ լրացուցիչ նյութեր ներկայացնելու հնարավորությունը և ժամկետները:

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

10.12.2020

Գրավոր դատաքննության ընթացակարգը անմիջականորեն փոխկապակցված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված «հրապարակային դատաքննության» իրավունքի հետ, որը ենթադրում է «բանավոր դատաքննության» իրավունք (Döry-ն ընդդեմ Շվեդիայի, § 37): Ըստ ՄԻԵԴ-ի` բանավոր և հրապարակային դատաքննության սկզբունքը կարևոր է հատկապես քրեական համատեքստում, որտեղ քրեական իրավախախտում /արձանագրենք, որ ըստ Դատարանի նախադեպային իրավունքի` քրեական իրավախախտում հասկացությունը հաճախ ներառում է վարչական իրավախախտումը/ կատարելու մեջ մեղադրվող անձը պետք է ընդհանուր առմամբ կարողանա ներկա գտնվել առաջին ատյանի դատարանում դատաքննությանը (Tierce-ը և այլք ընդդեմ Սան Մարինոյի, § 94, Jussila-ն ընդդեմ Ֆինլանդիայի [ՄՊ], § 40): Առանց ներկա գտնվելու դժվար է ենթադրել, թե ինչպես անձը կարող է իրականացնել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի «գ», «դ» և «ե» ենթակետերով սահմանված հատուկ իրավունքները, այսինքն՝ իրավունքները՝ «պաշտպանելու իրեն անձամբ», «հարցաքննելու վկաներին կամ իրավունք ունենալու, որ այդ վկաները ենթարկվեն հարցաքննության» և «օգտվելու թարգմանչի անվճար օգնությունից, եթե ինքը չի հասկանում դատարանում գործածվող լեզուն կամ չի խոսում այդ լեզվով»: Միայն բացառիկ հանգամանքները կարող են արդարացնել բանավոր դատաքննության չիրականացումը (Hesse-Anger and Anger v. Germany (dec.): Ննան հանգամանքների բացառիկ բնույթը բխում է քննարկման ենթակա հարցերի բնույթից, օրինակ այն գործերով, երբ քննությունն առնչվում է բացառապես իրավական կամ չափազանց տեխնիկական հարցերին (Koottummel v. Austria, § 19), և ոչ նման հարցերի հաճախականությունից: (Miller v. Sweden, § 29; Mirovni Inštitut v. Slovenia, § 37) : Այս տեսանկյունից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի իմաստով խիստ խնդրահարույց ենք համարում նաև Նախագծով առաջարկվող` Վարչական դատավարության օրենսգրքի 117-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվող վարչական զանցանքների վերաբերյալ գործերի քննության պարտադիր գրավոր ընթացակարգի կիրառումը` առանց որևէ վերապահում նախատեսելու, մասնավորապես, առանց որևէ կերպ փոխկապակցելու այն դատավարության մասնակցին, փորձագետին լսելու կամ վկաներին հարցաքննելու, զննում կատարելու, դատական հանձնարարություններ տալու անհրաժեշտության գնահատման հետ: 117-րդ հոդվածի 1-ին մասով տրված ձևակերպման պայմաններում (որը չի նախատեսում օրենքով որևէ վերապահման սահմանման հնարավորություն)` նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված բացառությունները չեն կարող վերաբերելի համարվել նաև 1-ին մասին:

Տեսնել ավելին