Հիշել նախագիծը

«ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻ ՈՒ ԴԻԱԿԻԶԱՐԱՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻ ՈՒ ԴԻԱԿԻԶԱՐԱՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ  ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 Անհրաժեշտությունը:

Ներկայացվող նախագծի նպատակը  Օրենքի կիրառման  ժամանակ  առաջացած խնդրին լուծում տալն է:

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները:

«Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի փետրվարի 27-ի ՀO-40-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի կարգավորումների համաձայն՝ գերեզմանատան կառավարիչ է հանդիսանում համայնքային գերեզմանատների համար՝ համայնքի ղեկավարը կամ նրա լիազորած անձը կամ համայնքի ղեկավարի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծված ոչ առևտրային կազմակերպությունը, պետական գերեզմանատների համար՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը, իսկ մասնավոր գերեզմանատների համար՝ գերեզմանատունը շահագործող անձը.

Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ մահացածի մարմինը (աճյունը) հողին հանձնելու համար համայնքային գերեզմանատներում անվճար հիմունքներով դիմողի ցանկությամբ մեկ գերեզմանի համար  տրամադրվում է 2,5 քառակուսի մետր հողատարածք (2,5x1,0 մետր չափերով), իսկ ընտանեկան գերեզմանի կազմակերպման համար՝ առավելագույնը 12,5 քառակուսի  մետր հողատարածք:

Գրեթե բոլոր գերեզմանատներում (և մասնակի փակ, և բաց գերեզմանատներում) փաստացի առկա են համապատասխան հաշվառում չունեցող գերեզմաններ (բացակայում է գերեզմանի վկայականը և առկա չէ գերեզմանի տրամադրման վերաբերյալ տեղեկատվություն արխիվային գրառումներում):

Այդ գերեզմանների տարածքում նոր հուղարկավորության վերաբերյալ համապատասխան հաշվառում կատարելու ժամանակ պետք է տրամադրվի  գերեզմանի նոր վկայական կամ համապատասխան հաշվառում իրականացվի նախկինում տրամադրված  գերեզմանի վկայականի հիման վրա,սակայն գործող իրավակարգավորումների համաձայն  գերեզմանի չափը չի կարող գերազանցել օրենսդրությամբ սահմանված չափերը, ուստի հնարավոր չէ տրամադրել վկայական փաստացի չափերին համապատասխան:

Առավել փոքր չափերով գերեզմանի վկայականի տրամադրումը նույնպես հնարավոր չէ, քանի որ մեծամասամբ գերեզմաններում արդեն իսկ իրականացված են շինարարական  աշխատանքներ, որոնց քանդելը հնարավոր չենք գտնում՝ հաշվի առնելով տվյալ կառույցների նպատակային նշանակությունը, բացի այդ որոշ դեպքերում արդեն իսկ իրականացված են այնքան հուղարկավորություններ, որ օրենսդրությամբ սահմանված չափն արդեն իսկ լրացած է, ուստի  հնարավոր չէ այդ գերեզմանի տարածքի փոքրացումը՝ հաշվի առնելով  փաստացի կատարված հուղարկավորությունները: Հարկ է նշել, որ փոքր չափով գերեզմանի վկայականի տրամադրումն առաջացնում է նաև բազմաթիվ քաղաքացիների դժգոհությունը, քանի որ սահմանված չափից մեծ գերեզմանների գերակշռող մասը քաղաքացիները տիրապետում են տասնյակ տարիներ:

Մյուս դեպքում հաշվառում ունեցող գերեզմանի  վկայականում ամրագրված չափերը չեն համապատասխանում գերեզմանի փաստացի չափերի հետ (փաստացի չափերը ավելի մեծ են) անգամ ավելի մեծ են քան ներկայիս գործող օրենսդրությամբ սահմանված չափսերը:

Կարգավորման նպատակը և բնույթը:

Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է համապատասխան փոփոխություն կատարել «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ պարբերությունում:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք:

Իրավական ակտի նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում Երևանի քաղաքապետարանի առաջարկությամբ:

Ակնկալվող արդյունքը:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է հնարավորություն տալ ներկայացված իրավիճակում քաղաքացիներին տրամադրել գերեզմանների վկայականներ գերեզմանի փաստացի չափերին համապատասխան:        

  • Քննարկվել է

    24.11.2020 - 11.12.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն, Տարածքային կառավարման և զարգացման, Կադաստր

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5046

Տպել