Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի և «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի նախագծերի փաթեթ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

1.Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության կողմից որդեգրած՝ հարկային կամավոր կարգապահության խրախուսման, օրինապահ հարկ վճարողների համար գործունեության բարենպաստ պայմաններ ստեղծելու, ինչպես նաև հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերությունների առավել ամրապնդման համար անհրաժեշտ նորմատիվ հիմքերի ապահովմամբ։

2.Ընթացիկ իրավիճակը, կարգավորման նպատակը և բնույթը

Առաջնորդվելով շարունակական բարեփոխումների սկզբունքով` 2016 թվականի դեկտեմբերի 26-ին ՀՀ ՊԵԿ նախագահի 283-Ա հրամանով ներդրվել է օրինապահ հարկ վճարողների խրախուսման մեխանիզմ, որի նպատակն էր վարչարարական եղանակներով խրախուսել օրենսդրությամբ սահմանված ժամկետներում և կարգով հարկային հաշվարկներ ներկայացնող և հարկային պարտավորություններ կատարող հարկ վճարողներին՝ բարեխիղճ և ոչ բարեխիղճ հարկ վճարողների նկատմամբ՝ առաջին անգամ կիրառելով նրանց վարքագծին համարժեք հարկային վարչարարություն, որը սակայն չի կրում նորմատիվ բնույթ, ինչպես նաև նշված հրամանով սահմանված չեն խրախուսման բավարար մեխանիզմներ։ Ներկայումս օրինապահ հարկ վճարողների ցանկը փոխանցվում է ՀՀ Կենտրոնական բանկ, վերջինս այդ տեղեկատվությունը տրամադրում է առևտրային բանկերին՝ հետագայում վարկ ստանալու համար դիմելիս հարկ վճարողի օգտին հաշվի առնելու նպատակով:

Հարկ է նշել նաև, որ ՀՀ կառավարության կողմից որդեգրվել է օրինապահ հարկ վճարողների համար գործունեության բարենպաստ պայմաններ ստեղծելու, հարկ վճարողների հետ գործընկերային հարաբերությունների ամրապնդման և խորացման քաղաքականություն։

Նշված քաղաքականությունն ամրագրվել է նաև «ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 2020-2024 թվականների զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 12-ի N 1830-Լ որոշմամբ, որտեղ ի թիվս այլ միջոցառումների՝ նախատեսվել է նաև իրականացնել հարկ վճարողի օրինապահ վարքագիծը խրախուսող միջոցառումներ, որպեսզի հարկային կարգապահությունը ընկալվի ոչ միայն որպես պարտավորություն, այն նաև գնահատվի, լինի շահավետ և գրավիչ։

Միաժամանակ՝ 2018 թվականին «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի» և Համաշխարհային բանկի կողմից իրականացված «Հարկային վարչարարություն և հարկային ընկալումներ» թեմայով այլընտրանքային հետազոտական աշխատանքի արդյունքները ցույց տվեցին, որ գործարարները պատրաստ են ավելի օրինապահ լինել, սակայն հարցվածների 13,3 տոկոսը կարծում է, որ «կողքինները» չեն գնահատի, իսկ 19,5 տոկոսը՝ հարկային մարմինը չի գնահատի։ Այս համոզմունքները միգուցե և պայմանավորված են հարկային մարմնի կողմից օրինապահ հարկ վճարողների իրազեկմանն ուղղված ոչ բավարար միջոցառումների և (կամ) ներկայումս գործող խրախուսման թույլ մեխանիզմներով։

Նշված աշխատանքի շրջանակներում Հարկային մարմնի կողմից մատուցված ծառայությունների շարքում «Օրինապահ հարկ վճարողների գրանցման համակարգը» որպես ծառայության տեսակ օգտակար և շատ օգտակար են գնահատել 71,8 տոկոսը, ինչը էլ ավելի է պարտավորեցնում զարգացնելու և ներդնելու օրինապահ հարկ վճարողների խրախուսման նոր մեխանիզմներ։

Անհրաժեշտ է նշել նաև, որ զարգացած երկրներում պետության և հարկ վճարողների հարաբերությունները չեն սահմանափակվում միայն վերջիններիս կողմից սահմանված պարտավորությունների կատարմամբ, այլ ընդգրկում են ավելի լայն շրջանակ, որից կարելի է առանձնացնել տարբեր չափանիշներով լավագույն հարկ վճարողներին որոշելու նպատակով իրականացվող միջոցառումները։

Նշված միջոցառումները մասնակիցներին տրամադրում են որոշակի առավելություններ, հնարավորություն են ընձեռում հարկային մարմնի և հարկ վճարողների միջև ստեղծել վստահության առավել բարձր մակարդակ, հարկ վճարողների մոտ հարկային կարգապահության բարձրացման խթան են հանդիսանում, ինչպես նաև կրկին անգամ ընդգծում են հարկ վճարողների և հարկային մարմնի ընդհանուր նպատակը, այն է պետականաշինությունը և երկրի զարգացման նախապայմանների ստեղծումը։

 Ելնելով վերոնշյալ հանգամանքներից՝ մշակվել է սույն նախագիծը, որով նորմատիվ հիմքեր է ստեղծվում և վերանայվում է օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման համակարգը` նախատեսելով հավաստագրման և խրախուսման համապատասխան մեխանիզմներ, որպեսզի հարկային կարգապահությունը ընկալվի ոչ միայն որպես պարտավորություն, այն նաև գնահատվի, լինի շահավետ և գրավիչ:

3.Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ ՊԵԿ-ի կողմից

4.Ակնկալվող արդյունքը

Նախագծով նախատեսվող իրավակարգավորումների արդյունքում ակնկալվում է ներդնել օրինապահ հարկ վճարողների խրախուսման առավել գրավիչ համակարգ՝ ապահովելով hարկ վճարողների կողմից հարկային պարտավորությունների կամավորությամբ կատարելու սկզբունքի արմատավորում և հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերությունների առավել ամրապնդում։

 Միաժամանակ՝ այն կխթանի հարկ վճարողների ինքնագնահատման համակարգի զարգացմանը՝ ինչն էլ կհանգեցնի հարկային և մաքսային կարգապահության, ինչպես նաև հարկային և մաքսային մարմինների գործունեության թափանցիկության բարձրացմանը, հարկային մարմնի հանդեպ վստահության մթնոլորտի ձևավորմանը՝ նպաստելով տնտեսավարող սուբյեկտների կողմից հարկային պարտավորությունների պատշաճ կատարմանը և հարկային եկամուտների ապահովմանը, ինչպես նաև օրինապահ հարկ վճարողների ցանկի ընդլայնմանը։

 

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

1.Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետության և հարկ վճարողների հարաբերությունները չեն սահմանափակվում միայն վերջիններիս կողմից սահմանված պարտավորությունների կատարմամբ, այլ ընդգրկում են ավելի լայն շրջանակ՝ պետականաշինության գործում հարկ վճարողների դերն ըստ արժանվույն գնահատելու և  պետության ու հարկ վճարողների միջև գործընկերային հարաբերությունների զարգացման նպատակով՝ անհրաժեշտություն է առաջացել ընդունել սույն նախագիծը։

Հաշվի առնելով վերոնշյալը մշակվել է սույն նախագիծը, որով ևս մեկ անգամ ընդգծվում է հարկ վճարողների և հարկային մարմնի ընդհանուր նպատակը, այն է պետականաշինությունը և երկրի զարգացման նախապայմանների ստեղծումը, ինչպես նաև հարկ վճարողների կարևորությունը զարգացած տնտեսության և հանրային բարեկեցության ձևավորման գործում՝ պետության՝ ի դեմս հարկային մարմնի և հարկ վճարողների միջև հարաբերությունները բարձրացնելով նոր մակարդակի վրա։

 2.Ընթացիկ իրավիճակը, կարգավորման նպատակը և բնույթը

Հարկերը հաշվարկելու և վճարելու պարտավորությունը պետության կողմից հարկ վճարողներին հարկադրած գործողություն է, հետևաբար շատ կարևոր է, որպեսզի հարկ վճարողներն իրենց հարկային պարտավորությունների կատարման համատեքստում մշտապես օգտվեն պետության օժանդակությունից։

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ կառավարության կողմից որդեգրվել է  հարկ վճարողների և հարկային մարմնի միջև գործընկերային հարաբերությունների և փոխհամագործակցության բոլորովին նոր մակարդակ ապահովելու, օրինապահ հարկ վճարողների համար գործունեության բարենպաստ պայմաններ ստեղծելու, նրանց վարքագծին համարժեք հարկային վարչարարության կիրառման մոտեցումների, տնտեսվարողների հետ գործընկերային հարաբերությունների ամրապնդման և խորացման քաղաքականություն՝ ի թիվս այլ միջոցառումների՝ իրականացնելով նաև կամավոր հարկային կարգապահությունը խթանող միջոցառումներ։

Նպատակ ունենալով ընդգծել պետական ֆինանսների կառավարման ոլորտում բյուջետային մուտքերի ապահովման գործում հարկ վճարողների դերը և  խրախուսել հարկ վճարողների կողմից հարկային պարտականությունների կամավոր, ժամանակին ու ճշգրիտ կատարման պատրաստակամությունը՝ առաջարկվում է սահմանել Հարկ վճարողի օր։

Հաշվի առնելով վերոգրյալը և այն հանգամանքը, որ 1992թ. ապրիլի 19-ին առաջին անգամ ընդունվել է «Հայաստանի Հանրապետությունում հարկերի մասին»  ՀՀ օրենքը, որով ըստ էության Հայաստանի Հանրապետությունում ձևավորվել են հարկային համակարգը և վերջինիս սկզբունքները, հարկային մարմին և հարկ վճարող հարաբերությունները՝ առաջարկվում է հարկ վճարողի օր սահմանել ապրիլի 19-ը:

3.Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ ՊԵԿ-ի կողմից։

4.Ակնկալվող արդյունքը

Նախագծով նախատեսվող իրավակարգավորումների արդյունքում առավել կամրապնդվի և կխորացվի հարկային մարմնի և տնտեսվարողների գործընկերային հարաբերությունները, ևս մեկ անգամ կընդգծվի բյուջետային մուտքերի ապահովման գործում հարկ վճարողների ներդրումը՝ կխրախուսվի հարկ վճարողների կողմից հարկային պարտականությունների կամավոր, ժամանակին ու ճշգրիտ կատարումը։

 

  • Քննարկվել է

    06.11.2020 - 22.11.2020

  • Տեսակ

    Օրենսգիրք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4390

Տպել