Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N1467-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի N1467-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունման

 

  1. Անհրաժեշտությունը

Նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականության ապահովմամբ, «Հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի բնական կորուստների չափերը սահմանելու մասին» N 1467-Ն որոշման 1–ին մասով սահմանված բոլոր ուղղություններով համադրելի մոտեցման ապահովմամբ, մասնավորապես` շինարարական նյութերի բնական կորուստների չափերը կվերաբերեն նաև դրանց՝ այլ տնտեսական գործունեության ոլորտներում օգտագործմանը, հետևաբար՝ այլ ոլորտներում գործունեություն ծավալող տնտեսավարողները ևս հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից կկարողանան նվազեցնել բնական կորուստները։

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 122-րդ հոդվածի 2-րդ մասի՝ գույքի բնական կորուստը համախառն եկամտից նվազեցվում է Կառավարության սահմանած չափը չգերազանցող չափով՝ այդ կորստի տեղի ունենալու կամ այդ կորուստը հայտնաբերելու հարկային տարվա ընթացքում: Գույքի բնական կորուստ է համարվում գույքի պահպանության կամ տեղափոխության ընթացքում ֆիզիկաքիմիական, մեխանիկական կամ կենսաբանական գործոնների ազդեցությամբ պայմանավորված՝ գույքի քաշի, չափի, ծավալի և (կամ) քանակի նվազումը:

Ներկայումս, ի տարբերություն «Հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի բնական կորուստների չափերը սահմանելու մասին» N 1467-Ն որոշման 1-ին մասով սահմանված մնացած ուղղությունների, 2-րդ ուղղությամբ (շինարարության բնագավառում առաջացող բնական կորուստների չափերը) սահմանվում է գործունեության բնագավառը՝ սահմանափակելով դրանից դուրս, սակայն նույն ապրանքների պահպանությամբ կամ տեղափոխմամբ զբաղվող տնտեսավարողներին՝ հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից բնական կորուսների չափով նվազեցում իրականացնելու հնարավորությունը։

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

ՀՀ կառավարությունը որդեգրել է տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման, գործող ընթացակարգերի բարելավման և պարզեցման, ինչպես նաև միջազգային չափանիշներին համապատասխան շուկաների ձևավորման քաղաքականություն։

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Հաշվի առնելով ոլորտի ընթացիկ իրավիճակը և խնդիրները` Նախագծով առաջարկվում է հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցնել ինչպես շինարարության բնագավառում առաջացող բնական կորուստները, այնպես էլ այլ ոլորտներում գործունեություն իրականացնող, սակայն շինարարական նյութերի պահպանությամբ և տեղափոխմամբ զբաղվող տնտեսավարողներինը։ Նախագծով առաջարկվում է համախառն եկամտից բնական կորուստների չափերը «Հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի բնական կորուստների չափերը սահմանելու մասին» N 1467-Ն որոշման 1-ին մասի 2-րդ կետի մասով սահմանել ոչ թե համաձայն բնագավառի, այլ՝ նյութերի, ինչպես նախատեսված է որոշման 1-ին մասի մյուս կետերով։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծով սահմանվող կարգավորման արդյունքում շինարարական նյութերի պահպանությամբ և տեղափոխմամբ զբաղվող բոլոր տնտեսավարողների շրջանում կստեղծվի հավասար և արդար տնտեսական գործունեության պայմաններ, իսկ  N 1467-Ն որոշման 1–ին մասով սահմանված ուղղություններով կկիրառվի ավելի համադրելի մոտեցում։

 

  • Քննարկվել է

    18.09.2020 - 04.10.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3952

Տպել