ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

 Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

      Թեպետ Հայաստանն ընդունել է շրջակա միջավայրի առանձին բաղադրիչների` հողերի, ջրերի, մթնոլորտի, ընդերքի, կենդանական ու բուսական աշխարհի պահպանության և օգտագործման, ինչպես նաև թափոնների կառավարման հետ կապված հարաբերությունները և երկրի ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումն ապահովող բազմաթիվ օրենքներ ու իրավական այլ ակտեր, այնուամենայնիվ, որոշ նորմեր երբեմն հնարավոր չէ արդյունավետ կիրառել դրանց հակասական բնույթի կամ միևնույն հասկացությունների կամ դրույթների տարաբնույթ մեկնաբանությունների կամ բացթողումների, ինչպես նաև արդի պահանջներին չբավարարելու պատճառով: Դա պայմանավորված է նաև նրանով, որ բնապահպանական քաղաքականությունն առանձին բաղադրիչների մասով հավասարաչափ զարգացում չի ունեցել:

      Բնապահպանության ոլորտի գործող օրենսդրական հենքի կատարելագործման խնդիրն արդիական է, քանի որ այն չի ապահովում էկոհամակարգային մոտեցման մոդելի կիրառմամբ այնպիսի գործընթացների կարգավորումը, ինչպիսին են շրջակա միրավայրի և բնական ռեսուրսների պահպանության և օգտագործման համալիր պլանավորման, լավագույն հասանելի տեխնոլոգիաների կիրառմամբ շրջակա միջավայրի աղտոտման համալիր կանխարգելման, բնական ռեսուրսների վերականգնման ունակության ապահովման, բնապահպանական թույլտվությունների տարբերակված մոտեցումների կիրառման, միասնական մոնիթորինգի իրականացման ու տեղեկատվական համակարգերի կառավարման և բնության բոլոր բաղադրիչների միմյանց հետ շախկապված վիճակի, ներառյալ` տնտեսական արժեքի գնահատման գործընթացները, ինչպես նաև օրենքներերով չկարգավորված այլ աջակցող գործընթացները:

      Այսպիսով, բնական միջավայրի որևէ բաղադրիչի վերաբերյալ որոշումներ կայացնելիս միաժամանակ չեն դիտարկվում և չեն գնահատվում բնական միջավայրի մյուս բաղադրիչների վրա կայացվող որոշման ազդեցությունը:

      Նկատի ունենալով բարձրացված խնդիրների լուծման հույժ կարևորությունը և առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 12-րդ հոդվածով շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների բոլոր բաղադրիչների համալիր պահպանության և կայուն oգտագործման ներդաշնակ կառավարումն ապահովելու նպատակով ՀՀ բնապահպանության նախարարությունն առաջադրում է "Կայուն զարգացման" սկզբունքներին համահունչ նոր քաղաքականության ձևավորում, որի հիմունքները և Էկոլոգիական քաղաքականության հետ կապված հասարակական հարաբերությունների կարգավորումը ներկայացվում են «Էկոլոգիական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագծով:

      Նման իրավական ակտ ունենալու պահանջը ամրագրված է ինչպես 18.10.2016թ.-ի N 1060-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրում, այնպես էլ 12.01.2017թ.-ի «ՀՀ կառավարության 2017 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» ՀՀ կառավարության N122-Ն որոշման 1-ին  հավելվածում:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Ներկայացվող օրենքի նախագծով հիմնականում կկարգավորվի`

1)  էկոհամակարգային մոտեցմամբ ոլորտի կառավարման նոր մոդելի ներդնումը, ինչը կապահովի շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների համալիր, համապարփակ կառավարմումն ու էկոլոգիական անվտանգությունը.

2) համալիր պլանավորման գործընթացը, որը նախատեսում է բնապահպանական հատուկ պլանավորումն ու տարբեր պլանավորման տեսակներում բնապահպանական պլանավորման ինտեգրումը.   

3)  շրջակա միջավայրի աղտոտման համալիր կանխարգելման ու հսկման համակարգի ներդնումը, որը նախատեսում է լավագույն հասանելի տեխնոլոգիաների ներդնում և բնապահպանական թույլտվությունների տրման տարբերակված մոտեցումների կիրառում` ելնելով արդյունաբերական կայանքների վնասակար ազդեցության ռիսկայնության աստիճանից: (Այն կկարգավորվի նաև առանձին օրենքով).

4) բնական ռեսուրսների համալիր պահպանության և կայուն օգտագործման գործընթացի ապահովումը` բացառելով դրանց  երկարաժամկետ նվազումն ու սպառումը.

5) էկոհամակարգային ծառայությունների համակարգի ներդրման ապահովումը, էկոհամակարգային ծառայությունների տեսակների դասակարգումը, դրանց տնտեսական արժեքի գնահատումը: (Այն կկարգավորվի նաև առանձին օրենքով).

6)   էկոպիտակավորման ու էկոաուդիտի համակարգերի ներդրման գործընթացը.

7) բնապահպանական միասնական պետական մոնիթորինգի, հասարակական մոնիթորինգի և ինքնահսկման գործընթացների ապահովումը: (Կազմակերպությունների կողմից իրականացվող ինքնահսկման գործընթացը կկարգավորվի նաև առանձին օրենքով).  

8) բնապահպանական միասնական տեղեկատվական համակարգի ներդրման ու ազգային պորտալի ստեղծման գործընթը, ապահովելով` շրջակա միջավայրի վիճակի գնահատման զեկույցների պատրաստմումը, հանրության իրազեկման ու տեղեկատվության հասանելիությունը, շրջակա միջավայրի հարցերով որոշումների ընդունմանը տեղական ինքնակառավարման մարմինների և հանրության մասնակցությունը.

9) բնապահպանական խնդիրների լուծման և աղտոտման կանխարգելման համար տնտեսական և ֆինանսական մեխանիզմների ու խթանների կիրառումը, վճարների հասցեական օգտագործումը` ուղղված շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պահպանությանն ու կայուն օգտագործմանը.

10) բնապահպանական պատասխանատվության և բնությանը հասցրած վնասի հատուցման գոծընթացի ապահովումն ու վերահսկողությունը: (Բնությանը հասցրած վնասի գործընթացը կկարգավորվի նաև առանձին օրենքով).

11) էկոլոգիական քաղաքականության գործընթացում ՀՀ կառավարության, լիազոր մարմնի,  այլ պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները և իրավաբանական ու ֆիզիկական անձանց իրավունքներն ու պարտականությունները:  

Օրենքի նախագիծը ներառում է նաև շրջակա միջավայրի առանձին բաղադրիչների (հողերի, ջրերի, մթնոլորտի, ընդերքի, կենդանական ու բուսական աշխարհի), ինչպես նաև թափոնների կառավարման ու շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ու փորձաքննության հետ կապված հարաբերությունները կարգավորող օրենքների բովանդակությանը ներկայացվող պահանջները` ելնելով էկոհամակարգային  կառավարման սկզբունքից:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

     «Էկոլոգիական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը մշակվել է ՀՀ բնապահպանության նախարարության կողմից` ԳԴՀ բնության, շրջակա միջավայրի պահպանության, շինարարության և միջուկային անվտանգության դաշնային նախարարության երկկողմ համագործակցության շրջանակներում` միջազգային և ազգային փորձագետների աջակցությամբ:

  1. Ակնկալվող արդյունքը

Օրենքի նախագծի ընդունման դեպքում, նոր և հավասարակշռված քաղաքականության իրականացմամբ կապահովվի կայուն զարգացման համատեքստում ոլորտի համակարգված ու ամբողջական կառավարումը և կերաշխավորվի շրջակա միջավայրի առանձին բաղադրիչների փոխկապակցված կառավարումը, որի շնորհիվ բնապահպանության ոլորտի քաղաքականությունն առավել նպատակաուղղված կլինի շրջակա միջավայրի իրական բարելավմանը:

Անցում կկատարվի շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների էկոհամակարգային մոտեցմամբ կառավարման նոր ձևի` շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների միմյանցից տարանջատ կառավարման փոխարեն, ինչը`

- կապահովի անցնել բնապահպանական համալիր պլանավորման` ապահովելով սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերում բնապահպանական խնդիրների համահունչ ինտեգրումը:

- լավագույն հասանելի տեխնոլոգիաների կիրառմամբ կապահովվի շրջակա միջավայրի աղտոտման համալիր կանխարգելումը` թույլ չտալով մի բաղադրիչից մյուսը բացասական գործոնների ու գործողությունների տեղափոխումը և անցում կկատարվի բնապահպանական թույլտվությունների տրման տարբերակված մոտեցման.

- էկոհամակարգային ծառայությունների մատուցման սկզբունքի կիրառմամբ կներդրվի բնական ռեսուրսների կայուն կառավարման համակարգ, ինչը կապահովի բնական ռեսուրսների կայուն օգտագործումը, կերաշխավորի դրանց երկարատև օգտագործման ու վերականգնման ունակությունը և ռեսուրսախնայողությունը.

- կերաշխավորվի բնական միջավայրի որևէ բաղադրիչի վերաբերյալ որոշում կայացնելիս միաժամանկ մյուս բաղադրիչների վրա կայացվող որոշման ազդեցության դիտարկումն ու գնահատումը.

 - կներդրվեն շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների միասնական մոնիթորինգի  և միասնական տեղեկատվական համակարգեր, ինչպես նաև կկարգավորվեն օրենքով չկարգավորված այնպիսի հարաբերություններ, ինչպիսին են` էկոպիտակավորումը, էկոաուդիտը, տնտեսական մեխանիզմները, ինչպես նաև բնությանը հասցրած վնասի փոխհատուցումը:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ  ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

1

Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը

 

Օրենքների նախագծերի ընդունմամբ անհրաժեշտություն կառաջանա ընդունել`

1. Օրենքներ`

1) «Աղտոտման համալիր կանխարգելման և հսկման մասին» ՀՀ օրենք.

2) «Էկոհամակարգային ծառայությունների մասին» ՀՀ օրենք.

3) «Քիմիական նյութերի մասին» ՀՀ օրենք.

4) «Աղմուկի աղտոտման մասին» ՀՀ օրենք.

5) «Բնապահպանական պատասխանատվության և վնասի փոխհատուցման  մասին»

ՀՀ օրենք.

6) «Բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ինքնահսկում  իրականացնելու   մասին» ՀՀ օրենք.

7) «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասի» ՀՀ օրենք:

2. Ենթաօրենսդրական ակտերի նախագծերի մշակում

1)   «Բնապահպանական մոնիթորինգի տարեկան ծրագրի և հիմնական ցուցանիշների ցանկի հաստատում» ՀՀ կառավարության որոշում.

2)  «Բնապահպանական տեղեկատվության  փոխանակման կարգի, տեղեկատվության տեսակների և տեղեկատվություն տրամադրող պատասխանատու մարմինների ցանկի հաստատում» ՀՀ կառավարության որոշում.

3)  «Բնապահպանական միասնական պետական մոնիթորինգի իրականցման կարգի սահմանում» ՀՀ կառավարության որոշում.

4)  «Էկո-պիտակի շնորհման հավաստագրի տրամադրման կարգի հաստատում» ՀՀ կառավարության որոշում.

5)   «Բնապահպանական աուդիտորի հավաստագրի տրամադրման, բնապահպանական աուդիտի ռեեսստրում բնապահպանական աուդիտորի ու բնապահպանական աուդիտ իրականցնող կազմակերպության գրանցման ու վարման կարգի սահմանում» ՀՀ կառավարության որոշում.

6)  «Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վիճակի գնահատման զեկույցի կառուցվածքի, դրա մշակման ու ներկայացման կարգի հաստատում» ՀՀ բնապահպանության  նախարարի նորմատիվ հրաման.

7)  «Բնապահպանական մոնիթորինգի ենթակա տեղամասերի կամ վայրերի որոշման չափորոշիչների հաստատում» ՀՀ բնապահպանության  նախարարի հրաման.

8)  «էկո-պիտակի հավաստագրի ձևի և էկո-պիտակի տվյալների տրամադրման, ռեգիստրում դրանց գրանցման և հրապարակման կարգի հաստատում» ՀՀ բնապահպանության  նախարարի նորմատիվ հրաման:   

2

Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը

 

Օրենքի նախագծի ընդունումը կապահովի բնապահպանական Միջազգային պայմանագրերով ստանձնած մի շարք պարտավորությունների կատարումը: 

3

Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

 

Օրենքի նախագծի բազմաթիվ դրույթներ ամրագրված են “Արդյունաբերական արտանետումների (Աղտոտման համալիր կանխարգելման և հսկման) մասին”  2010/75/ԵՄ Դիրեկտիվի պահանջներին համապատասխան:

Օրենքի նախագիծի մշակման ընթացքում օգտվել ենք նաև ԳԴՀ փորձից:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ «ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ  

 «Էկոլոգիական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պետական բյուջեի կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների ծախսերի էական նվազեցում և եկամուտների էական ավելացում չի առաջացնի։

 Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՆԱԽԱԳԾՄԱՆԸ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

                                   Տեղեկանք հանրության մասնակցության մասին

1

Հանրությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը

Նախագիծը տեղադրվել է  

www.e-draft.am  կայքում:

2

Հանրության մասնակցությունը նախագծմանը և/կամ քննարկումներին

Նախագծի մշակման սկզբնական փուլում ներգրավված է եղել հասարակական կազմակերպության  ներկայացուցիչ:

Օրենքի նախագծի վերաբերյալ նախատեսվում է անցկացնել հասարակական լսում:

3

Հանրության մասնակցության արդյունքները

-

 

  • Քննարկվել է

    13.06.2017 - 04.07.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 10585

Տպել

Առաջարկներ`

Քարլ Ուլբրիխտ

03.07.2017

Թեպետ այս նախագիծը սկզբունքորեն ողջունելի է, սակայն ցանկալի չէ, որ այն ընդունվի առանց լրամշակման: Հավանաբար, և տերմինաբանական, և այլ հակասություններ կան մի շարք գործող օրենքների հետ այս ոլորտում: Իսկ նախագծի 78-րդ հոդվածը, որը փորձում է կարգավորել հակասությունների խնդիրը, իրավական ուժ չի ունենա, քանի որ նա հակասում է Իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի դրույթներին: Ճիշտ կլինի ընդունել այս նախագիծը միայն փաթեթային տարբերակով - այսինքն նույն ժամանակ ունենալ մշակված փսփոխություններ այլ օրենքների մեջ, որպեսզի հակասություններ չլինեն: Ցանկանալի է նաև ունենալ 77-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված օրենսդրական ակտերի նախագծերը:

Տեսնել ավելին