Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ «ՀՀՇՆ 53-01-«ՊՈՂՊԱՏԵ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 82 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ու Մ

«ՀՀՇՆ 53-01- «ՊՈՂՊԱՏԵ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 82 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 1. Անհրաժեշտությունը

ՀՀՇՆ 53-01- «Պողպատե կոնստրուկցիաներ» ազգային շինարարական նորմերի մշակման առաջնահերթությունը պայմանավորված է ՀՀ տարածքում դեռևս խորհրդային ժամանակներից գործող ՍՆիՊ II-23-81* «Պողպատե կոնստրուկցիաներ» շինարարական նորմերը արդի պահանջներին ու պայմաններին համապատասխան զարգացման, ինչպես նաև ԱՊՀ անդամ պետությունների հետ համագործակցության շրջանակներում գործող միջպետական, ԵԱՏՄ և Եվրամիության երկրների շինարարության ոլորտում գործող նորմատիվ փաստաթղթերի պահանջներին ու դրանց կիրարկումն ապահովող ստանդարտներին համահունչ արդիականացման անհրաժշտությամբ:

Այն նախատեսված է ՀՀ կառավարության 2017 թվականի փետրվարի 23-ի «Նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակում (տեղայնացում) ծրագրին հավանություն տալու մասին» N8 նիստի արձանագրային որոշմամբ և ներառված է ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N650-Լ որոշմամբ հաստատված «ՀՀ կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի» 365.1 կետում:

 

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Հայաստանի Հանրապետությունում ներկայումս գործող ՍՆիՊ II-23-81* «Պողպատե կոնստրուկցիաներ» շինարարական նորմերը մշակվել և գործողության մեջ են դրվել դեռևս ԽՍՀՄ ժամանակաշրջանում (1981 թվականին)՝ պողպատե կոնստրուկցիաների ոլորտում փորձահավանության արժանացած գիտական արդյունքների և կիրառվող տեխնոլոգիաների հիման վրա՝ տվյալ ժամանակաշրջանում պողպատե տեսակավոր գլոցվածքների, ճկած տրամատների, խողովակների և այլ արտադրատեսակների տեսակակազմի (սորտամենտ), դրանց որակական հատկությունների ու բնութագրերի հաշվառմամբ, ժամանակի պահանջներին ու պայմաններին համապատասխան:

Աներկբա է, որ այդ ժամանակներից ի վեր մեծ փոփոխություններ են տեղի ունեցել շինարարական գիտության ոլորտում, կատարելագործվել են հաշվարկային մեթոդներն ու տեխնոլոգիաները: Պողպատե շինարարական կոնստրուկցիաների ոլորտում կատարվել են նոր գիտափորձարարական հետազոտություններ, առկա են ճշգրտված արդյունքներ, ուսումնասիրվել են տարբեր ուժային, այդ թվում՝ սեյսմիկ ազդեցության հաշվառման առանձնահատկությունները:

Հաշվի առնելով շենքերի և շինությունների կոնստրուկտիվ համակարգերում կիրառվող պողպատե շինարարական տեսակավոր գլոցվածքների, ճկած տրամատների, խողովակների և այլ արտադրատեսակների տեսակակազմի,  ինչպես նաև դրանց բնութագրերի էական փոփոխությունները, հաշվարկային մեթոդների ու տեխնոլոգիաների զարգացումները, պողպատե կոնստրուկցիաների նախագծման, կառուցման, շահագործման և երկարակեցության նկատմամբ ներկայացվող պահանջներն ու առանձնահատկությունները՝ գործող ՍՆիՊ II-23-81* «Պողպատե կոնստրուկցիաներ» շինարարական նորմերը միջազգայնորեն ընդունված սկզբունքներին համահունչ վերանայման, արդիականացման, միջազգային և եվրոպական նորմերի ու ստանդարտների հետ ներդաշնակեցման կարիք ունեն:

 

3. Կարգավորման նպատակը և բնույթը

ՀՀՇՆ 53-01- «Պողպատե կոնստրուկցիաներ» շինարարական նորմերի նախագծում սահմանված պահանջները նպատակաուղղված են Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական և քաղաքացիական շինարարության ոլորտում տարբեր նշանակության շենքերի և շինությունների (նոր կառուցվող, վերակառուցվող և արդիականացվող) պողպատե կոնստրուկցիաների նախագծմանը՝ ներառյալ կոնստրուկտիվ լուծումներին ու հաշվարկներին, տարրերի կտրվածքներին (տեսակավոր կամ կազմովի) և դրանց ընտրությանը (պողպատե տեսակավոր գլոցվածք, ճկած տրամատ, խողովակ), հանգույցների կոնստրուկտավորմանը, պատրաստմանը, մոնտաժմանը, աշխատանքների ընդունմանը, ինչպես նաև անվտանգության ապահովմանն առնչվող խնդիրների կարգավորմանը՝ հաշվի առնլով տարբեր ուժային, այդ թվում՝ սեյսմիկ ազդեցության առանձնահատկությունները, պողպատի ոչ առաձգական աշխատանքը, կոնստրուկցիաների կառուցվածքային տարրերի միակցման եղանակները, հանգույցներում կիրառվող ամրակցման դետալների ֆիզիկամեխանիկական հատկությունները, բնութագրերն ու առանձնահատկությունները, դրանց կիրառմանը, շահագործման պայմաններին, պիտանելիությանն ու երկարակեցությանը ներկայացվող պարտադիր պահանջները, ինչպես նաև հանրապետության բնակլիմայական պայմանները:

Ներկայացված շինարարական նորմերի նախագծում ներառված պողպատե կոնստրուկցիաների հաշվարկային դրույթներն ու կոնստրուկտավորման պահանջները կրում են նորմատիվ բնույթ, նախատեսված են պարտադիրության սկզբունքով կիրառման համար՝ նպատակ ունենալով ապահովել շենքերի և շինությունների հուսալիությունն իրենց շահագործման ամբողջ ընթացքում:

ՀՀՇՆ 53-01- «Պողպատե կոնստրուկցիաներ» շինարարական նորմերի նախագծի մշակման գործընթացն իրականացվել է տեղայնացման սկզբունքով՝ հիմք ընդունելով Ռուսաստանի Դաշնությունում գործող համապատասխան նորմատիվ փաստաթղթը, որն իր հերթին հանդիսանում է ՍՆիՊ II-23-81* «Պողպատե կոնստրուկցիաներ» շինարարական նորմերի վերջին արդիականացված խմբագրությունը:

Ռուսաստանի Դաշնությունում գործող նորմատիվ փաստաթղթի ընտրության նպատակահարմարությունը հիմնականում պայմանավորված է այն հանգանմանքով, որ Հայաստանի Հանրապետությունում համապատասխան գիտափորձարարական բազայի և անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով վերջին տարիների ընթացքում պողպատե կոնստրուցիաների ուղղությամբ նոր նպատակային ուսումնասիրություններ չեն իրականացվել: Հաշվի է առնված, որ հանրապետությունում կիրառվող պողպատե շինարարական տեսակավոր գլոցվածքները, տրամատները և այլ արտադրատեսակներն ու կոնստրուկցիաները հիմնականում ներկրվում են Ռուսաստանի Դաշնությունից, որոնք համապատասխանում են Հայաստանի Հանրապետությունում ներկայումս ազգային կարգավիճակով գործող միջպետական ստանդարտներին: Այդ տեսանկյունից նպատակահարմար է համարվել հիմք ընդունել Ռուսաստանի Դաշնության գործող նորմերի հիմնադրույթները, սկզբունքային հաշվարկային մոդելներն ու մեթոդները, ինչը հնարավորություն է տալիս օգտագործել տարածաշրջանում արդեն իսկ փորձահավանության արժանացած ժամանակակից համակարգչային հաշվողական ծրագրային համալիրների հնարավորությունները՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում պողպատե կոնստրուկցիաների նախագծման ու շինարարության իրականացման փորձը:

Միաժամանակ, նախագծման կոնստրուկտիվ պահանջները սահմանվել են հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը՝ հնարավոր ներդաշնակություն ապահովելով ԱՊՀ անդամ պետությունների հետ համագործակցության շրջանակներում գործող միջպետական, ԵԱՏՄ, միջազգային և Եվրամիության երկրների շինարարության ոլորտում գործող համապատասխան նորմատիվատեխնիկական փաստաթղթերի և դրանց կիրարկումն ապահովող ստանդարտների հետ:

 

4. Ակնկալվող արդյունքը

Մշակված ՀՀՇՆ 53-01- շինարարական նորմերի նախագծում ներառված դրույթները կապահովեն Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական և քաղաքացիական շինարարության ոլորտում տարբեր նշանակության շենքերի ու շինությունների (նոր կառուցվող, վերակառուցվող և արդիականացվող)  պողպատե կոնստրուկցիաների նախագծմանը՝ ներառյալ կոնստրուկտիվ լուծումներին ու հաշվարկներին, տարրերի կտրվածքներին (տեսակավոր կամ կազմովի) և դրանց ընտրությանը (պողպատե տեսակավոր գլոցվածք, ճկած տրամատ, խողովակ), հանգույցների կոնստրուկտավորմանը, պատրաստմանը, մոնտաժմանը, աշխատանքների ընդունմանը, ինչպես նաև անվտանգության ապահովմանը ներկայացվող պարտադիր պահանջների բավարարումը՝ հաշվի առնլով տարբեր ուժային, այդ թվում՝ սեյսմիկ ազդեցության առանձնահատկությունները, պողպատի ոչ առաձգական աշխատանքը, կոնստրուկցիաների կառուցվածքային տարրերի միակցման եղանակները, հանգույցներում կիրառվող ամրակցման դետալների ֆիզիկամեխանիկական հատկությունները, բնութագրերն ու առանձնահատկությունները, դրանց կիրառմանը, շահագործման պայմաններին, պիտանելիությանն ու երկարակեցությանը ներկայացվող պարտադիր պահանջները, ինչպես նաև հանրապետության բնակլիմայական պայմանները:

«Պողպատե կոնստրուկցիաներ» շինարարական նորմերի արդիականացման արդյունքում սահմանվել են Հայաստանի Հանրապետությունում գործող այլ փոխկապակցված նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջների հետ փոխհամաձայնեցված մի շարք նոր դրույթներ ու պահանջներ, որոնք ուղղված են պողպատե կոնստրուկցիաների հուսալիության և երկարակեցության բարձրացմանը:

Նորմերի պահանջները կնպաստեն պողպատե կոնստրուկցիաների նախագծային և շինարարական աշխատանքների որակի բարձրացմանը, նոր մեթոդական սկզբունքների և տեխնոլոգիաների ներդրմանը, շինարարական արտադրանքների, կոնստրուկցիաների, շենքերի ու շինությունների շահագործման բնութագրերի նորմավորմանը և դրանց ներկայացվող պահանջների սահմանմանը` ներառյալ անվտանգության ապահովման պահանջները:

 

5. Նորմատիվ բնույթի հիմնավորվածություն

ՀՀՇՆ 53-01- «Պողպատե կոնստրուկցիաներ» շինարարական նորմերը, որպես քաղաքաշինության բնագավառի գործունեությունը կարգավորող իրավական ակտերի բաղկացուցիչ մաս կազմող նորմատիվատեխնիկական փաստաթուղթ, հաստատվում է քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի կողմից և համալրում է Հայաստանի Հանրապետության նորմատիվ փաստաթղթերի բազան:

Շինարարական նորմերում սահմանված պահանջներն ունեն նորմատիվ բնույթ՝ նախատեսված են Հայաստանի Հանրապետությունում տարբեր նշանակության շենքերի և շինությունների պողպատե կոնստրուկցիաների նախագծման, փորձաքննության իրականացման, կառուցման, ինչպես նաև դրանց հետ առնչվող գործընթացներն ապահովելու համար և ենթակա են պարտադիր կիրառման քաղաքաշինության գործունեության բոլոր սուբյեկտների կողմից:

 

  • Քննարկվել է

    28.07.2020 - 12.08.2020

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5439

Տպել