Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 306-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 306-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի «Հայտարարատու պաշտոնատար անձի հայտարարագրում ներառված՝ հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալների ցանկը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1835-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 306-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելը բխում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից համապատասխան իրավանորմերի պրակտիկ կիրառման ընթացքում առաջացած խնդիրներից:

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (ՀՕ-206-Ն) 41-րդ հոդվածով սահմանվում են եկամտի տեսակները: Այսպես, եկամուտ է համարվում նաև  տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցումը: Սույն օրենքի 40-րդ հոդվածի համաձայն՝ գույքի հայտարարագրման բաժնում ենթակա է հայտարարագրման հանձնված, վերադարձված փոխառությունը (այդ թվում՝ բանկային ավանդը): Սույն նորմերի համակարգային մեկնաբանության արդյունքում ակնհայտ է, որ բանկային ավանդը ենթակա է հայտարարագրման որպես գույք, իսկ փոխառությունների, այդ թվում նաև բանկային ավանդի դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցումը՝ որպես եկամուտ:

Որոշմամբ սահմանված հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալների ցանկում, ի թիվս այլ տվյալների, ենթակա է հրապարակման նաև եկամտի ստացման աղբյուրը, այն է՝  եկամուտ վճարողի անվանումը կամ ազգանունը, անունը և հայրանունը (տե՛ս Որոշման հավելվածի 1-ին կետի 23-րդ ենթակետի «գ» պարբերությունը): Որոշման սույն նորմում սահմանված չեն եկամտի տեսակները: Այդուհանդերձ, վերջինից բխում է, որ բանկային ավանդի դիմաց ստացված տոկոս և այլ հատուցում վճարող կազմակերպության անվանումը ևս հրապարակման ենթակա տվյալ է: Միևնույն ժամանակ, հանձնված, վերադարձված փոխառության, այդ թվում՝ բանկային ավանդի գործարքի մյուս կողմի՝ պարտապանի տվյալները՝ անվանումը կամ ազգանունը, անունը, հայրանունը, Որոշմամբ պաշտպանված են և ենթակա չեն հրապարակման: Ուստի, միասնական մոտեցման ապահովման տեսանկյունից կարծում ենք՝ անհրաժեշտ է փոփոխել վերոնշյալ կարգավորումը: Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ գործող կարգավորումների համաձայն՝ հայտարարատու պաշտոնատար անձի ընտանքի անդամների դեպքում բանկային ավանդի դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցումը ևս հրապարակման ենթակա տվյալ է: Ուստի, այս պարագայում ևս կարևորվում է վերոգրյալ տվյալների պաշտպանությունը:

 

Առաջարկվող կարգավորման բնույթը.

Վերոգրյալը հաշվի առնելով՝ Որոշման նախագծով առաջարկվում է հայտարարատու պաշտոնատար անձին, նրա խնամակալության կամ հոգեբարձության տակ գտնող անձանց, հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամին եկամուտ վճարող կազմակերպության անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, հայրանունը, ազգանունը հրապարակելիս որպես բացառություն նախատեսել բանկային ավանդի դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցումը վճարող կազմակերպության անվանման կամ ֆիզիկական անձի անվան, հայրանվան, ազգանվան համար:

 

 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և  անձինք.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաջարկությամբ: 

 

Ակնկալվող արդյունքը.

Առաջարկվող կարգավորումը կարևոր դերակատարում կունենա սույն իրավանորմերի ճիշտ կիրառելիության ապահովման և պրակտիկ խնդիրների արդյունավետ լուծման տեսանկյունից:

  • Քննարկվել է

    10.07.2020 - 26.07.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կոռուպցիայի դեմ պայքար, Հանրային ծառայություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5147

Տպել

Առաջարկներ`

Сусанна Матевосян

11.07.2020

Դեմ եմ

Տեսնել ավելին