Հիշել նախագիծը

«Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

 1. ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

«Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի և սնանկության վարույթի հարաբերակցության կանոնակարգման անհրաժեշտությամբ։
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացն ուղղված է գույքի դեմ, որի ձեռքբերումն էական ծավալներով չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով։ Այս ինստիտուտը կարող է դառնալ ֆինանսական հանցագործությունների կանխարգելման և հանցավոր եկամուտների շրջանառության դեմ պայքարի կարևոր գործիք։ Միևնույն ժամանակ, որոշ դեպքերում պարտապանի սնանկությունը կարող է առաջացնել խնդիրներ, որոնք դեռևս կարգավորված չեն գործող օրենսդրությամբ։
Այսպիսով, սույն նախագիծը նպատակ է հետապնդում կանոնակարգելու նշված երկու վարույթների հատման հետևանքները։

 

 2. ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲՆՈՒՅԹԸ

 

  • Գործերի ենթակայությունը

Հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերը և սնանկության գործերը քննելու համար անհրաժեշտ հատուկ մասնագիտական գիտելիքները, ինչպես նաև վարույթներից յուրաքանչյուրի էական ծավալը՝ նպատակահարմար է դրանց քննությունը տարբեր դատարանների կողմից։
Այդպես օրինակ, Ամերիկայի միացյալ նահանգներում քաղաքացիական բռնագանձման գործերի քննությունը հանձնված է տարածքային դատարանների (district courts) ենթակայությանը և այդպիսի ենթակայությունից արված չէ բացառություն, այդ թվում նաև՝ սնանկության դատարանի օգտին։[1] Ավելին, սնանկության վարույթ սկսելը չի հանգեցնում քաղաքացիական բռնագանձման գործի կասեցմանը, որը, գործը այլ դատարան փոխանցելու մեխանիզմների բացակայության պայմաններում, շարունակում է քննվել այն դատարանում, որտեղ հարուցվել էր։[2]
Ելնելով նշվածից, նախագծով առաջարկվում է անել բացառություն քաղաքացիական գործերը սնանկության գործի հետ քննելու կանոնից և թողնել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերի քննությունը մասնագիտացված դատավորներին։

 

  • Բռնագանձման քաղաքացիական գործի հարուցումը և քննությունը

«Սնանկության մասին» օրենքի կարգավորումների ուժով սնանկության վտանգի դիմումը բավարարելու և ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին կամ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո առաջանում է պարտապանի գույքին վերաբերող այլ քաղաքացիական գործեր հարուցելու և քննելու արգելք։ Հարուցված գործերը կարճվում են կամ ավարտվում են, իսկ համապատասխան պահանջները կարող են ներկայացվել սնանկության գործի շրջանակներում։
Նմանօրինակ կարգավորում նախատեսված է նաև Ամերիկայի միացյալ նահանգների սնանկության օրենսդրությամբ։ Միևնույն ժամանակ, նախադեպային իրավունքը հաստատել է, որ գործերի քննությունը շարունակելու արգելքից բացառություն են կազմում պետության կողմից ներկայացված բռնագանձման պահանջներով գործերը, որոնք համարվում են հանրային շահ հետապնդող և շարունակվում են քննվել անկախ սնանկության գործի հարուցումից։[3]
Ավստրալիայի սնանկության օրենսդրությունը արգելում է սնանկության դատարանի կողմից հանցավոր ակտիվների բռնագանձման գործերի քննության կասեցումը։[4]
Հաշվի առնելով նշվածը, ինչպես նաև ենթակայության բաժանումը, որն առաջարկվում է անել այս նախագծով՝ առաջարկվում է նաև հանել քաղաքացիական գործերի քննության սահմանափակումը, այնքանով, որքանով դա վերաբերում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերով գործերին։

 

  • Մինչև անձին սնանկ ճանաչելը բռնագանձման գործով կայացված դատական ակտերի կատարումը

«Սնանկության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սնանկության դիմումը վարույթ ընդունելու մասին դատարանի որոշումն ստանալու պահից Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը կասեցնում է պարտապանի գույքի բռնագանձման վերաբերյալ բոլոր կատարողական վարույթները։
Միևնույն ժամանակ, հարկ է նկատել, որ որպես կանոն ժամանակագրական առումով սնանկության վարույթի նախաձեռնմանը (անձին սնանկ ճանաչելու մասին որոշման կայացմանը) նախորդած քաղաքացիական բռնագանձման դատական ակտերն ունեն նախապատվություն դրանց կատարման տեսանկյունից։
Այդպես, Իռլանդիայի հանցավոր ակտիվների բռնագանձման օրենսդրությունը նախատեսում է, որ եթե անձը, ում պատկանում է գույքը ճանաչվում է սնանկ, այն գույքը, որի առնչությամբ մինչև անձին սնանկ ճանաչելը կայացվել են սառեցման, բռնագանձման կամ իրացման դատական ակտեր, դուրս է սնանկության օրենսդրության կարգավորումների ազդեցությունից։[5]
Ավստրալիայի սնանկության օրենսդրությունը նախատեսում է, որ եթե գույքի արգելադրման կամ դրա բռնագանձման վերաբերյալ դատական ակտը կայացվել է մինչև անձին սնանկ ճանաչելը, ապա այդպիսի գույքը չի փոխանցվում կառավարչին (Official Trustee), քանի դեռ դատական ակտն ուժի մեջ է։[6] Նույն բաժնում նախատեսվում է նաև, որ եթե դրամական բռնագանձման (այդ թվում՝ չհիմնավորվող հարստության բռնագանձման) պահանջներով դատական ակտը կայացվել է մինչև անձին սնանկ ճանաչելը, ապա պարտապանին պատկանող ոչ մի գույք չի անցնում կառավարչին, քանի դեռ դատական ակտն ուժի մեջ է։[7]
Ամերիկայի միացյալ նահանգներում թե՛ քրեական, թե՛ քաղաքացիական բռնագանձումներով կիրառվող դոկտրինի ուժով (relation-back doctrine), գույքը, որը ստացվել է ապօրինի ճանապարհով, դրա ստացման օրվանից համարվում է պետության սեփականությունը։[8] Նշված դոկտրինի հիման վրա, այդպիսի գույքը չի ներառվում պարտապանին պատկանող գույքի կազմում, անկախ նրանից, թե երբ է կայացվում բռնագանձման վճիռը։[9] Միևնույն ժամանակ, այս մոտեցումը գնահատվել է խնդրահարույց պարտատերերի շահերի պաշտպանության տեսանկյունից, քանի որ սնանկության վարույթի ընթացքում ինչ-որ պահի բռնագանձման գործի հարուցումը կարող է հետադարձությամբ պարտապանի գույքից «հանել» դրա մեծ մասը։[10] Այսպիսի միջամտությունը կարող է էականորեն ազդել պարտատերերի վրա, որոնք սնանկության վարույթի շրջանակներում կայացրել են որոշումներ և կատարել են գործողություններ՝ ելնելով պարտապանի գույքի՝ իրենց հայտնի ծավալներից։[11] Հետևաբար, որոշ մասնագիտացված մարմինների կողմից խորհուրդ է տրվում ընտրել ինչ-որ ժամանակային սահմանափակում, որի ընթացքում պետությունը կարող է ներկայացնել իր պահանջը՝ պարտապանի գույքից հանելով դրա մի մասը։[12] 
Մեծ Բրիտանիայում քաղաքացիական բռնագանձման գործի քննության հետ կապված սահմանափակումները կիրառվում են միայն այն անձի գույքի նկատմամբ, ով ճանաչվում է սնանկ։[13] Նշվածն ուղղված է պարտատերերի իրավունքների արդյունավետ պաշտպանությունն ապահովելուն, սակայն չի բացառում քաղաքացիական բռնագանձման վարույթի արդյունավետությունը, եթե այն ավարտվում է մինչև անձի սնանկության վերաբերյալ վերջնական որոշման կայացումը։[14]
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ նախագիծն առաջարկում է առաջնահերթություն տալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթով կայացված դատական ակտերին, եթե դրանք կայացվել են մինչև անձին սնանկ ճանաչելու մասին դատական ակտի ուժի մեջ մտնելը։

 

  • Անձին սնանկ ճանաչելուց հետո բռնագանձման գործով կայացված դատական ակտերի կատարումը

Վերոգրյալն ամփոփելով՝ նախագիծն առաջարկում է առաջնահերթությամբ կատարել մինչև անձին սնանկ ճանաչելը կայացված բռնագանձման մասին վճիռները և միաժամանակ առաջարկում է չսահմանափակել սնանկության գործի քննությանը զուգահեռ բռնագանձման գործի քննությունը։ Այդպիսով, առաջանում է անհրաժեշտություն կարգավորելու այն դատական ակտերի կատարումը, որոնք կայացվում են անձին սնանկ ճանաչելուց հետո։
Իռլանդիայի օրենսդրությունն արգելում է անձին սնանկ ճանաչելուց հետո պարտապանին պատկանող գույքի վերաբերյալ կայացնել արգելադրման կամ բռնագանձման դատական ակտ։[15]
Քաղաքացիական բռնագանձման առնչությամբ համարժեք արգելք առկա է նաև Մեծ Բրիտանիայի օրենսդրությամբ,[16] իսկ որոշ հեղինակներ նույնիսկ պնդում են, որ պետության կողմից բարեխիղճ պարտատերերից առաջ բավարարում ստանալը կարող է դիտարկվել որպես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածի խախտում։[17]
Մյուս կողմից, Ավստրալիայի սնանկության օրենսդրությունը նախատեսում է, որ եթե առկա է անձին սնանկ ճանաչելու օրը կամ դրանից հետո հանցավոր ակտիվների վերականգման օրենսդրության կիրառմամբ կայացված դատական ակտ, ապա այդ մասով արգելվում է գույքի բաշխումը պարտատերերի միջև։[18] Ավելին բաշխումն արգելվում է նաև, եթե գույքի բռնագանձման հարցը դեռ քննվում է այլ դատարանում։[19] Դատարանը կարող է նաև արգելել կառավարչին սնանկության գործի քննության ավարտից հետո մնացած գույքը վերադարձնել պարտապանին, եթե համոզվում է, որ հանցավոր (ապօրինի) գույքի բռնագանձման հարցը քննվում է զուգահեռ քրեական կամ քաղաքացիական գործով։[20]
Ամերիկայի միացյալ նահանգներում, ինչպես արդեն նշվել է, գույքը, որի առնչությամբ պետության կողմից ներկայացվում է բռնագանձման պահանջ դուրս է գալիս պարտապանին պատկանող գույքի ծավալից, քանի որ համարվում է պետության սեփականությունը դրա ձեռքբերման պահից: Նշվածը որոշ հեղինակներ համարում են խնդրահարույց՝ հիմք ընդունելով, որ պետության բռնագանձման պահանջն ամեն դեպքում ենթակա է հաստատման դատարանի կողմից և առկա օրենսդրական կանոնն այն է, որ պետության բռնագանձման պահանջը բավարարվի չապահովված պարտատերերից հետո։[21]
Հաշվի առնելով վերոնշյալը՝ նախագծով առաջարկվում է անձին սնանկ ճանաչելուց հետո կայացված բռնագանձման մասին դատական ակտերը կատարել պարտատերերի պահանջների բավարարումից հետո։ Միաժամանակ, առաջարկվում է հնարավորություն ստեղծել իրավասու մարմնի համար ներկայացնելու առարկություններ և վիճարկելու պարտատերերի այն պահանջները, որոնց բարեխիղճ լինելու վերաբերյալ առկա են կասկածներ։ Վիճարկվող պահանջները «Սնանկության մասին» օրենքով նախատեսված կարգով կկասեցվեն մինչև դրանց վերաբերյալ որոշման կայացումը։

 

3. ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԸ և ԱՆՁԻՆՔ

 

Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:

 

4. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ

 

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կարգավորել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերի և սնանկության գործերի հարաբերակցությունը։ Նշվածը կվերացնի հնարավոր օրենսդրական բացերի արդյունքում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի արդյունավետության նվազման հնարավորությունը՝ միաժամանակ ապահովելով պարտատերերի շահերի պաշտպանությունը:

 

[1] When Two Worlds Collide the Relationship and Conflicts Between Asset Forfeiture and Bankruptcy Law, May 2002, American Bankruptcy Institute Journal, online at: < https://www.abi.org/abi-journal/when-two-worlds-collide-the-relationship-and-conflicts-between-asset-forfeiture-and >.

[2] Ibid.

[3] Henry C. Kevane, What Just Happened? How Asset Forfeiture Affects Bankruptcy Distributions, “Asset Forfeiture”, 30 June 2012, online at < https://www.americanbar.org/groups/business_law/publications/blt/2012/06/03_kevane/>.

[4] Bankruptcy Act 1966, Section 189AA (2).

[5] Proceeds of Crime Act 1996, Section 11 (1).

[6] Bankruptcy Act 1966, Section 58A (1).

[7] Ibid, Section 58A (2).

[8] Դոկտրինի կիրառման հարցով տե՛ս՝ Michael S. Linscott, Asset Forfeiture (Modern Anti-Drug Weapon): Is Bankruptcy a Defense, 25 Tulsa L.J. 617 (1990), 629-631.

[9]  Տե՛ս օրինակ՝ United States v. Pelullo, 178 F.3d 196, 203 (3d Cir. 1999); United States v. French, 822 F. Supp. 2d 615, 618-19 (E.D. Va. 2011); United States v. One Silicon Valley Bank Account, 549 F. Supp. 2d 940, 958 (W.D. Mich. 2008); United States v. Klein (In re Chapman), 264 B.R. 565, 572 (B.A.P. 9th Cir. 2001); Jahn v. United States (In re WinPar Hospitality Chattanooga, LLC), 404 B.R. 291, 299-302 (Bankr. E.D. Tenn. 2009).

[10] Report of The Committee on Court System and Bankruptcy Administration, National Bankruptcy Conference, Bankruptcy and Forfeiture Proceedings, Annual Meeting, November 10-11, 2016, 5.

[11] Ibid.

[12] Ibid.

[13] Proceeds of Crime Act 2002, Section 311.

[14] Criminal confiscation, civil recovery and insolvency under the Proceeds of Crime Act 2002 John Briggs, Insolv. Int. 2006, 19(10), 145-150, 148.

[15] Proceeds of Crime Act 1996, Section 11 (2).

[16] Proceeds of Crime Act 2002, Section 311.

[17] Ian Dawson, The trustee in bankruptcy of a criminal facing a confiscation order, Insolv. Int. 2005, 18(8), 121-126, 123.

[18] Bankruptcy Act 1966, Section 114A.

[19] Ibid, Section 114B.

[20] Ibid, Section 231A.

[21] Տե՛ս Myron M. Sheinfeld, Teresa L. Maines & Mark W. Wege, Civil Forfeiture and Bankruptcy: The Conflicting Interests of the Debtor, Its Creditors and the Government, 69 Am. Bankr. L.J. 87 (1995).

  • Քննարկվել է

    02.07.2020 - 20.07.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Սնանկություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6325

Տպել