Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 439-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

---------ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Հայաստանի Հանրապետությունում հանրակրթության բովանդակությունը կարգավորվում է Հանրակրթության պետական չափորոշչով, որը հաստատվել է ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 439-Ն որոշմամբ, որի մեջ ՀՀ կառավարության 2011 թվականի հուլիսի 28-ի N 1088-Ն որոշմամբ կատարվել են փոփոխություններ: Հանրակրթության պետական չափորոշիչը սահմանում է հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը, առավելագույն ծավալը, տարրական, հիմնական և միջնակարգ հանրակրթական ծրագրերի շրջանավարտներին ներկայացվող ընդհանրական պահանջները և սովորողների գնահատման համակարգը: Այսպիսով, հանրակրթության պետական չափորոշչի վերանայումից անցել է շուրջ տաս տարի, այնինչ հանրակրթության ոլորտում անցկացված ուսումնասիրությունները մատնացույց են անում կրթության բովանդակության, որակի և համապատասխանության մի շարք լուրջ խնդիրներ, որոնք օրախնդիր են դարձնում պետական չափորոշչի վերանայումը։

Մասնավորապես, խոսքը որակյալ կրթության հասանելիության ու արդիականութան, գյուղական և քաղաքային բնակավայրերում ուսումնառության արդյունքների տարբերության, միջազգային ստուգատեսներով գրանցված ցածր ցուցանիշների և արձանագրվող այլ խնդիրների մասին է:

Անդրադառնալով կրթության հասանելիությանը, պետք է նշել, որ 2015 թ.-ին հանրակրթության տարիքային խմբում գտնվող երեխաների ընդգրկվածության զուտ տոկոսը 91,6 էր: 2017 թվականից 12-ամյա կրթությունը պարտադիր է Հայաստանի Հանրապետությունում, ինչի արդյունքում, աշխատանքային տարիքում գտնվող բնակչության համար ուսման միջին տարիների տևողությունը 12,5 է: Աշխատանքային տարիքի ոչ աղքատ քաղաքացիների ավելի քան 20 տոկոսն ունի բարձրագույն կրթությունը, ի համեմատություն աղքատության շեմից ներքև գտնվեղ քաղաքացիների, որոնց ընդհամենը 10 տոկոսն ունի բարձրագույն կրթություն: Վերջիններիս շրջանում աշխատունակ տարիքի բնակչության 44 տոկոսն ունի միայն միջնակարգ կրթություն, իսկ 15 տոկոսը `միջին մակարդակի մասնագիտական կրթություն: Գյուղական բնակիչության շրջանում բնակչության միայն 9 տոկոսն է բարձրագույն կրթություն ստանում, համեմատած Հայաստանի մարզային գրանցվող 25 տոկոս, իսկ Երևանում գրանցվող 31 տոկոս ցուցանիշների հետ:Այս ցուցանիշները ընդգծում են թե մասնագիտական կրթության հասանելիության մեծացման անհրաժեշտությունը, թե, որ ավելի կարևոր է՝ և հետագայում մասնագիտական կրթությունը շարունակելու համարժեք պատրաստվածության կամ միանգամից տասներկուամյա կրթությունից հետո զբաղվածության անցնելու տեսանկյուններից, որակյալ և հավասարապես հասանելի հանրակրթության կարևորությունը: Ուստի, հանրակրթության բովանդակության արդիականացումը և դրա կիրառականության բարձրացումը հանրային զարգացման ամենակարևոր խնդիրներից են:

Համաձայն վերջերս հրապարակված զեկույցի, Հայաստանի աղքատ ուսուցիչների ճնշող մեծամասնությունը (ընդհանուր 38.690-ից մոտ 4000-ը, համարժեք է 10%-ին) աշխատում է գյուղական դպրոցներում: Գյուղական վայրերում ուսումնառության արդյունքները զիջում են քաղաքային վայրերին: Օրինակ, մեծ քաղաքներում բնակվող աշակերտների 12-րդ դասարանիի մաթեմատիկայի ավարտական քննության միջին գնահատականը 14.3 է (20-ից), ի համեմատ սահմանամերձ և հեռավոր գյուղերի աշակերտների, որոնց շրջանում միջին գնահատականներն են համապատասխանաբար, 12.1-ը և 11,9-ը: 9-րդ դասարանի ավարտին իրականացվող քննությունների միավորները կազմել են 13.3 (խոշոր քաղաքներ), 12.3-ը (սահմանամերձ տարածքներ) և 12.5-ը (հեռավոր գյուղեր): TIMMS միջազգային ստուգատեսի գնահատման արդյունքները հաստատում են քաղաքային և գյուղական բնակավայրերում կրթության մակարդակի տարբերության արդեն իսկ նկարագրված իրավիճակը: Ստուգատեսի արդյունքները հատկապես ցույց են տալիս քաղաքաբնակ և գյուղաբնակ 4-րդ և 8-րդ դասարանների աշակերտների շրջանում մաթեմատիկայից և բնագիտական առարկաներից գրանցված արդյունքներում մեծ տարբերություն ի օգուտ քաղաքաբնակ աշակերտների: Ավելին, ուսումնասիրելով TIMSS-ի արդյունքները, ակնհայտ է դառնում, որ 2015-ին թվին մաթեմատիկայից գրանցված արդյունքները եղել են ավելի ցածր քան 2003-ին, իսկ բնագիտական առարկաներից մնացել են նույնը:

Առաջարկվող նախագծով փորձ է արվում արձագանքել վերոնշյալ խնդիրներին և ստեղծել համապատսխան հիմքեր ավելի ճկուն բովանդակություն կառուցելու համար:

Մասնավորապես, առաջարկվող նախագծով Հանրակրթության պետական չափորոշիչը սահմանելու է հանրակրթական միջնակարգ կրթության հիմնական ծրագրի շրջանավարտի ակնկալվող կարողունակությունները (կոմպետենցիաներ)։   Կարողունակությունների ձևավորմանը միտված են հանրակրթական միջնակարգ կրթության հիմնական ծրագրերը, տարրական, հիմնական և միջնակարգ հանրակրթական ծրագրերի շրջանավարտների ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները, սովորողների ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալները՝ ըստ կրթության աստիճանների և սովորողների գնահատման համակարգի սկզբունքները:

Նոր չափորոշիչը կստեղծի հնարավորություն գիտության և տեխնոլոգիաների արագ զարգացման պայմաններում ունենալ հնարավորինս քիչ սահմանափակող չափորոշչային պահանջներ, ինչը թույլ կտա արագ արձագանքել փոփոխություններին՝ առավելագույնս նպաստելով սովորողների կրթական տարատեսակ պահանջների բավարարմանը: Առաջարկվում է նաև վերանայել շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները և դրանք կառուցել կարողունակությունների հիման վրա:

 

 

  1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գործող չափորոշիչը՝ որպես հանրակրթության կազմակերպման ծրագիր, ավելի մոտ է կրթակարգերի կազմման «խառը» մոդելին (միջազգային պրակտիկայում ընդունված է տարբերակել «հրահանգչական», «ազատական» և «խառը» մոդելներ)։ «Խառը» մոդելի համակարգում ուսուցիչները նորմատիվային տեսանկյունից հանրակրթական ծրագրերի բովանդակության մշակման վրա ազդելու սահմանափակ հնարավորություններ ունեն: Չափորոշչում կրթության բովանդակության մասնատվածությունը, բովանդակային պահանջների ոչ լիարժեք մասնավորեցումը չի ապահովում մեթոդական նորարարության միջավայր։ Մյուս կողմից, հիմնական ծրագրերի բովանդակության նվազագույնը սահմանելով՝ հանրակրթության պետական չափորոշիչը կարևորում է բովանդակությունը հիշելը, իմանալը։ Այսպիսով՝ գործող չափորոշչի մոդելը սահմանափակում է դպրոցների և ուսուցչական համայնքի զարգացումը և չի խթանում նորարարությունը։

Գործող չափորոշչի առավել մանրամասն խնդիրները ներկայացված են ստորև.

  • Գործող չափորոշիչը սահմանելով հանրակրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը, այն ձևակերպում է խիստ մանրամասն և որոշ դեպքերում ավելի բարդ, քան նվազագույն պահանջը կարող է լինել։ Այն սահմանափակում է առարկայական ծրագրերի բովանդակության այլ սկզբունքով և տրամաբանությամբ ներկայացնելու հնարավորությունները, նորարարական ու ստեղծագործական մոտեցումների շրջանակը։ Դրա արդյունքում առարկայական ծրագրերը կրկնում են չափորոշչով սահմանված բովանդակությունը 2010 թվականից մինչ օրս։
  • Ըստ կրթական աստիճանների շրջանավարտին ներկայացվող ընդհանրական պահանջները կրկնում են Հանրակրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույն պահանջները, ինչը քննարկելի է դարձնում այդ բաժնի գոյության նպատակահարմարությունը Չափորոշչում։
  • Հանրակրթական ծրագրերի հենքային ուսումնական պլանը սահմանում է ծրագրերի նորմատիվային ծավալը (դասաժամեր), որտեղ նվազագույն և առավելագույն ծավալների տարբերությունը 800-1000 ժամ։ Շաբաթական կտրվածքով 1000 ժամը ավագ դպրոցի յուրաքանչյուր դասարանում կազմում է 10 ժամ։ Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ օրինակելի ուսումնական պլանով պարտադրվում է այդ ժամերի մի մասը հատկացնել այս կամ այն լրացուցիչ առարկային, դպրոցը իր ուսումնական պլանը ձևավորելու գործնականում հնարավորություն չի ունենում։ Մինդեռ Հանրակրթության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ կետով պահանջվում է «ուսումնական բնագավառներին հատկացվող պարտադիր նվազագույն ժամաքանակը հիմնական դպրոցում չի կարող լինել ընդհանուր նորմատիվային ժամաքանակի կեսից պակաս, իսկ ավագ դպրոցում` 30 տոկոսից պակաս», որը հնարավորություն է տալիս կրթության պետական լիազոր մարմնին օրինակելի ուսումնական պլանով դպրոցին ընդհանրապես որոշում կայացնելու հնարավորություն չտալ, իսկ բարի կամքի դեպքում հիմնական դպրոցում տրամադրել ժամերի 50%-ը՝ մոտ 3000 ժամ տարեկան և ավագ դպրոցում 70%-ը՝ մոտ 3000 ժամ: Այս ճկունությունը հնարավորություն կտար առարկայական ծրագրերին հատկացված ժամաքանակը բաշխել այնպես, որ բովանդակության յուրացման, հմտությունների զարգացման, վերաբերմունքի և արժեքների ձևավորման համար կմնար բավարար ժամանակ։ Ժամանակը կլիներ նաև բավարար աշակերտների համար, ովքեր իրենց տարիքային և անհատական առանձնահատկությունների սահմաններում կկարողանային այդ ժամանակամիջոցում յուրացնել նյութը, սովորել այն կիրառել կրթությունը շարունակելու, ապրելու և աշխատելու համար։
  • Չափորոշչի առարկայացանկի ձևավորման հիմնական սկզբունքներով պետությունը սահմանում է կոնկրետ առարկաներ, իսկ դպրոցական բաղադրիչի 1-4 ժամով առաջարկում է դպրոցին ներմուծել առարկաներ կրթության պետական լիազորված մարմնի կողմից հաստատված առարկայացանկից, կամ դպրոցի կողմից մշակված և նախարարության կողմից հաստատված առարկաների համար։ Այս ժամաքանակը քիչ է և այն էլ ավելի է պակասում օրինակելի ուսումնական պլանի պահանջով այդ ժամերի մի մասն այլ առարկաներին տրադրելու դեպքում: Սա նույնպես խիստ սահմանափակում է դպրոցի ազատությունը և դպրոցները այդ իրավունքից հիմնականում չեն օգտվում դպրոցական բաղադրիչի ժամերը հատկացնելով արդեն ուսումնական պլանում եղած առարկաներին։
  • Սովորողների առաջադիմության գնահատումը պահանջվում է իրականացնել քանակական (միավորային) և որակական (ուսուցանող) եղանակներով, սակայն որակական եղանակը գործնականում չի կիրառվում։ Գնահատման մեթոդաբանությունը ներկայացված է առանձին փաստաթղթով, որը բարդ է իր կառուցվածքով և իրականում կիրառվում է միայն միավորային գնահատումը։ Չափորոշչի հիման վրա մշակված առարկայական ծրագրերի ոչ չափելի կամ դժվար չափելի պահանջները ուսուցիչների կողմից չեն հաշվի առնվում և օգտագործվում է միայն դասագրքի իմացությունը, որը բերում է հիմնականում գիտելիքը հիշելու արդյունքի գնահատման։ Տասնամյակներ շարունակ այս սկզբունքով սովորող աշակերտը ձգտում է լավ հիշել սովորածը գնահատական ստանալու համար, իսկ ուսուցիչը դասավանդում է այնպես, որ աշակերտները ուսումնասիրված գիտելիքը հիշեն մինչև թեմատիկ գրավոր աշխատնքը կամ քննությունը։ Ուսուցիչները նույնպես ստիպված են ուշադրությունը կենտրոնացնել գիտելիքների յուրացմանը, քանի որ հիմնականում դա են պահանջում թեմատիկ ամփոփիչ, ավարտական և ընդունելության թեստերը: Այսպիսով, ուսուցչի կողմից գիտելիքը կիրառել, հետազոտել, ստեղծագործել սովորեցնելու ձգտում աշակերտների մեծ մասի և նրանց ծնողների կողմից ընկալվում է որպես աշակերտների սովորելու գործընթացի բարդացում։

 

  1. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

 

Հիմնվելով վերոնշյալ խնդիրների առկայության վրա՝ առաջարկվում է հանրակրթության պետական չափորոշչում հրաժարվել «Հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը» սահմանումից, ինչը հնարավորություն կընձեռի գիտության և տեխնոլոգիաների արագ զարգացմանը զուգընթաց ներդնել նոր բովանդակություն և ծրագրեր:

Ի տարբերություն գործող չափորոշչի՝ նախագծում կրթության բովանդակության ձևավորման հիմքում առաջարկվում է ներդնել կարողունակությունների վրա հիմնված մոտեցումը, որը կարևորում է ոչ թե այն գիտելիքներն ու կարողությունները, որոնք պետք է սովորողը ձեռք բերի առանձին առարկաների ուսումնասիրության արդյունքում, այլ այն հիմնական, առանցքային կարողունակությունները (գիտելիք, հմտություն, վերաբերմունք, արժեքային համակարգ), որոնց պետք է տիրապետի սովորողը իր կրթական խնդիրները լուծելու, արդի աշխարհում արդյունավետ գործելու համար: Կարողունակությունների սահմանման համար հիմք են հանդիսացել Եվրոպայի Խորհրդի կողմից առաջադրված Ժողովրդավարական մշակույթի կոմպետենցիաները (CDC):

Ինչպես Հանրակրթության մասին ՀՀ օրենքով, այնպես էլ գործող Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված չէ «ուսումնական բնագավառ» հասկացությունը: Այս սահմանման բացակայության պարագայում հասկանալի չէ, թե ինչ սկզբունքով են առանձնացված ներկայիս ուսումնական բնագավառները և դրանց նպատակաուղղվածությունները ինչպես են իրար առնչվում: Առաջարկվում է Հանրակրթության պետական չափորոշչում հստակ սահմանել «ուսումնական բնագավառ» հասկացությունը, դրա հիմքում դնելով ոչ թե գոյություն ունեցող առարկաների խմբավորումը, այլ «հանրակրթության բովանդակություն» հասկացությունը: Առաջարկվում է հետևյալ սահմանումը՝

«Ուսումնական բնագավառը կրթության բովանդակության որոշակի տիրույթ է, որն առանձնանում է ուսումնասիրության օբյեկտով և ճանաչողության յուրահատուկ մեթոդներով»:

Նման բաշխումը հնարավորություն կտա առարկաների ծրագրերը մշակելիս խուսափել անհարկի կրկնություններից, տարբեր դասագրքերում նույն երևույթի վերաբերյալ երբեմն հանդիպող տարբեր բացատրություններից, նույն մեծությունների տարբեր նշանակումներից, ինչը ծանրաբեռնում էր դասագիրքը և աշակերտի մոտ հակասություններ էր առաջացնում։

Յուրաքանչյուր ուսումնական բնագավառ դպրոցի տարբեր աստիճաններում ներկայացվում է որոշակի առարկայացանկով, որի ընտրութան համար հիմք են հանդիսանում չափորոշչով սահմանված վերջնարդյունքներն ու սովորողների ընկալման տարիքային առանձնահատկությունները:

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով ուսումնական բնագավառի առաջարկվող սահմանումը, անհրաժեշտ կլինի անդրադառնալ գործող չափորոշչով նկարագրված ուսումնական բնագավառներին և վերաձևակերպել դրանք: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել հետևյալ 7 բնագավառները՝

  • Հայոց լեզու և գրականություն
  • Հայրենագիտություն
  • Օտար լեզուներ
  • Բնագիտություն, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա (ԲՏՃՄ)
  • Հասարակություն, հասարակական գիտություններ
  • Արվեստ և արհեստ
  • Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն:

Հաշվի առնելով ուսումնական բնագավառների վերաբերյալ ներկայացված առաջարկը, մասնավորապես դրանց վերախմբավորումն ու քանակի պակասեցումը, հենքային ուսումնական պլանի մասով ներկայացվում են միայն բարելավման առաջարկներ, որոնք կարտացոլեն վերոնշյալ առաջարկները:

Առաջարկվում է հենքային ուսումնական պլանում կատարել փոփոխություններ, որոնք կարտացոլեն առաջարկվող նոր բնագավառներին հատկացված ժամաքանակները: Միևնույն ժամանակ, առաջարկվում է բնագավառներին հատկացված ժամաքանակները ներկայացնել տոկոսային հարաբերակցությամբ: Սա հանրակրթական ուսումնական հաստատություններին թույլ է տալու ձևավորել սեփական մոտեցումը՝ յուրաքանչյուր բնագավառին հատկացվող համամասնության և ժամաքանակների միջոցով՝ մեծացնելով նրանց ինքնավարությունը։

Կարևոր է նշել նաև, որ նախագծով առաջարկվում է դպրոցներին տալ հնարավորություն հենքային ուսումնական պլանի հիման վրա մշակել դպրոցի ուսումնական պլան, որը գործող Չափորոշչով իրականացվում է օրինակելի ուսումնական պլանի հիման վրա: Սա թույլ կտա մեծացնել դպրոցների կողմից մշակվող ուսումնական պլանների ճկունության աստիճանը: Դպրոցներին տրվող ճկունությամբ հանդերձ՝ պետական քաղաքականությունն ամրագրում է պարտադիր չորս առարկաները՝ հայոց լեզու և գրականություն, մաթեմատիկա, հայոց պատմություն և օտար լեզու, որոնք նաև ի դեմս պետական պարտադիր բաղադրիչի՝ ունեն երաշխավորված ժամաքանակ բոլոր դպրոցներում։

Միևնույն ժամանակ առաջարկվում է տարրական, միջին և ավագ դպրոցներում իջեցնել ծրագրերի նորմատիվային նվազագույնը (դասաժամ)՝ արդյունքում պակասեցնելով դասարանների շաբաթական ծանրաբեռնվածությունը։ Սա հնարավորություն կտա փոքրացնել մեկ օրվա ընթացքում ուսուցանվող նյութի ծավալն այնպես, որ աշակերտները կարողանան նյութը յուրացնել տարիքով և անհատական առանձնահատկություններով պայմանավորված ծանրաբեռնվածությամբ և արագությամբ։ Սա հատկապես կարևոր է ամբողջ հանրապետությունում համընդհանուր ներառական կրթության անցման համատեքստում: Դասարանների շաբաթական ծանրաբեռնվածության պակասեցումը չի խոչընդոտի ծրագրով նախատեսված նյութի յուրացումը, հաշվի առնելով առարկայական ծրագրերում նախատեսված բովանդակության բեռնաթափումը: Տարրական դասարաններում ծանրաբեռնվածության ճիշտ բաշխման նպատակով երկու շաբաթով կրճատվել է նաև տարեկան նվազագույն ուսումնական շաբաթների թիվը 3-4-րդ դասարաններում, ինչը հնարավորություն կտա ունենալ գարնանային և աշնանային արձակուրդների ընդլայնված տևողություն այս դասարանների սովորողների համար։ 

Առաջարկվում է ուսումնական պլանում ներառել երեք բաղադրիչ՝ պետական բաղադրիչ, դպրոցական բաղադրիչ և անհատական բաղադրիչ: Ի տարբերություն գործող չափորոշչի՝ անհատական բաղադրիչը ավելացնելու անհրաժեշտությունը բխում է աշակերտների հետաքրքրությունների և կարիքներին արձագանքելու անհրաժեշտությունից: Անհատական բաղադրիչը աշակերտին հնարավորություն է տալիս ընտրել դպրոցի կողմից առաջարկվող այն նախագծերը կամ խմբակները, որոնց ցանկանում է մասնակցել։ Ինչը կարևոր է, պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում անհատական բաղադրիչի ֆինանսավորումը մտնում ներառված է, ինչը նշանակում է, որ երաշխավորված է լինելու խմբակների և հետազոտական աշխատանքների ֆինանսավորումն ու իրականացումը՝ նպաստելով սովորելու արդյունավետ միջավայրի ձևավորմանը։ Սա հատկապես կարևոր է հանրակրթական ուսումնական հաստատության երրորդ աստիճանում, որի պարագայում անհատական բաղադրիչի կշիռը կազմում է տասնհինգ տոկոս՝ հնարավորություն ընձեռելով ձևավորել անհատական դասացուցակ և ուղեծիր աշակերտների համար։ Համադրվելով երրորդ աստիճանում կրեդիտային համակարգի ներդրման ծրագրերին՝ սա հնարավորություն կտա սովորողներին ճկուն ձևաչափով ներգրավվել համայնքում գործող տարբեր հաստատություններում՝ կրեդիտային համակարգի միջոցով ապահովելով այդ արդյունքի գրանցումը հանրակրթական ուսումնական հաստատության կողմից։ Կարևոր է նաև երրորդ աստիճանում մոդուլային ուսուցման հնարավորության ներդրումը, որը թույլ կտա ուսումնական հաստատություններին ձևավորել շատ ավելի համարժեք և արդյունավետ ուսումնական պլաններ՝ էապես բարձրացնելով հանրակրթության երրորդ աստիճանի որակը։

Կարևոր փոփոխություններից է սկսած յոթներորդ դասարանից նախագծային ուսուցման պարտադիր պահանջի ամրագրումը, որը հնարավորություն կտա զարգացնել արդի իրականության մեջ սովորողների առանցքային կարողունակությունները՝ ստեղծարարության և հետազոտական հմտությունների, ինքնուրույն վերլուծությունների և քննադատական մտածողության տեսանկյունից։

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գնահատման համակարգը կառուցվածքային տեսանկյունից մասնատված է տարբեր փաստաթղթերում։ Ուսուցիչներն ընթացիկ և ամփոփիչ գնահատումն իրականացնում են՝ հիմնականում հիմնվելով գնահատման ուղեցույցների վրա և առաջնորդվում կոնկրետ տարվա ցուցումներով։ Վերջիններս ուղղորդիչ բնույթ ունեն և հարուստ են պատրաստվածության ստուգման տեսակների օրինակներով։

Համակարգային մասնատվածությունը հնարավորություն չի ընձեռում հստակ կապ ստեղծել գնահատման համակարգի և չափորոշչային պահանջների միջև։ Թե՛ գնահատման համակարգի և թե՛ չափորոշչային պահանջների մասնատված ներկայացումը բերում է տարընթերցման և տարըմբռնման։

Չափորոշչում գնահատման նկարագրությամբ սովորողներին ներկայացվող պահանջները հիմնականում իմացական գիտելիքի բնույթի են, և առկա է կիրառական հմտությունների և կարողությունների շեշտադրումների պակաս։ Բացի այդ, գործող գնահատման համակարգում շեշտադրվում է դրանում պատժի բաղադրիչը՝ հիմնված միավորային գնահատման վրա։ Տարբեր ուսումնասիրություններ ցույց են տալիս արդի պայմաններում միավորային գնահատման ոչ բավարար լինելը՝ սովորելու արդյունավետ միջավայր ապահովելու տեսանկյունից և դրան ի համեմատ ուսուցանող և ձևավորող գնահատման բաղադրիչի շեշտադրման անհրաժեշտությունը։

Նախագծում առաջարկվում է սովորողների միավորային գնահատումն իրականացնել սկսած 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից՝ էապես կարևորելով ուսուցանող (ձևավորող) գնահատումը: Տարրական դպրոցում ամփոփիչ գնահատումը կիրականացվի սովորողի ուսումնական ձեռքբերումների բնութագրման միջոցով:

Ինչ վերաբերում է քանակական գնահատման դեպքում միավորային սանդղակի կիրառմանը, ապա կարևոր փոփոխություն է բացասական կամ անբավարար միավորային շեմից հրաժարվելը՝ գիտելիքը արժևորելու տեսակետից։ Այս քայլի արդյունքում նախատեսվում է ունենալ առավել արդարացի գնահատում հատկապես հաշվի առնելով հանրակրթության ներառականությունը, կվերացնի երկտարեցիության երևույթը, որն իրականում նպաստում է սովորողների առանձին խմբի պիտակավորմանը և սոցիալական մեկուսացմանը, այլ ոչ թե աջակցում նրանց խնդիրների կարգավորմանը։

Միևնույն ժամանակ, նախատեսվում է չափորոշչով հստակ սահմանել գնահատման սկզբունքները, նպատակները և չափանիշները, իսկ գնահատման գործիքակազմը սահմանել առանձին միասնական կարգով։

Նախագծի մշակման ընթացքում ուսումնասիրվել է մի շարք երկրների փորձը հանրակրթական չափորոշիչների վերաբերյալ, ի թիվս որոնց, ԱՄՆ-ի ազգային, Կալիֆոռնիա, Մասաչուսեթս,   Մինեսոտա, և Նյու Ջերսի նահանգների, Սինգապուրի, Ֆինլանդիայի, Էստոնիայի ևն: Անդրադառնալով այդ փորձին, ԱՄՆ-ի հանրակրթության ազգային չափորոշիչները (ստանդարտ) կարգավորում են միայն լեզվի և մաթեմատիկայի դասավանդումը և կրթության բովանդակության մնացած ծավալը կարգավորվում է նահանգների չափորոշիչներով: Սրա արդյունքում կարելի է նկատել դպրոցներում դասավանդվող կրթության բովանդակության ճկունություն, ինչը հնարավորություն է տալիս այն համապատասխանեցնել կոնկրետ շրջանի բնակիչների կարիքներին: Ավելին, յուրաքանչյուր նահանգի չափորոշիչ նկարագրում է միայն առարկայական վերջնարդյունքները, առանց հստակեցնելու կոնկրետ բովանդակություն կամ ժամաքանակ: Այս գործառույթները իրականացվում են առանձին դպրոցների մակարդակում և տալիս ուսուցիչներին հնարավորություն կազմել ճկուն և աշակերտների կարիքներին արձագանքող առարկայական ծրագրեր: Այնուամենայնիվ, ազատության այսպիսի մեծ աստիճանը ենթադրում է ուսուցիչների պատրաստման և վերապատրաստման համապատասխան համակարգ, ինչպես նաև առարկայական ծրագրեր մշակելու հարուստ փորձառություն ունեցող ուսուցչական անձնակազմ: Այս հանգամանքը հաշվի առնելով, ներկայացված տրամաբանության շրջանակում առաջարկվող նախագծի մեջ ներդրված է ազատության ավելի չափավոր մակարդակ, այն է, հանրակրթության պետական չափորոշչով առաջարկվում է սահմանել այն ընդհանրական կարողունակություններն ու հանրակրթության հիմնական ծրագրերի շրջանավարտների ակնկալվող վերջնարդյունքները, որոնք կուղղորդեն առարկայական ծրագրերի մշակումը: Միևնույն ժամանակ, բնագավառների նվազագույն բովանդակություն չսահմանելով և դրանց հատկացվող ժամաքանակի տոկոսային ներկայացվածությամբ ապահովվում է ազատության և ճկունության ընդունելի մակարդակ:

Էստոնիայի հանրակրթության չափորոշիչը կառուցվածքով մոտ է առաջարկվող հանրակրթության պետական չափորոշչին: Այն կարգավորում է հանրակրթության արդյունքում աշակերտների շրջանում ձևավորվող կարողունակությունները, ուսումնառության նպատակները և մեթոդական մոտեցումները ըստ կրթական աստիճանի, առարկայացանկի ձևավորման սկզբունքները և առարկաներին հատկացվող ժամերի քանակը ու գնահատման սկզբունքները: Այն ներառում է նաև պարտադիր և ընտրովի առարկաների ծրագրերը: Կարևոր է ընդգծել, որ առաջարկվող նախագիծը չի ներառում առարկայական ծրագրեր, համահունչ դպրոցների ազատության և բովանդակային ճկունության մեծացման գաղափարախոսությանը: Այնուամենայնիվ, նախագծով առաջարկվում է պետության կողմից սահմանել հետևյալ առարկաները, որպես պարտադիր՝ հայոց լեզու և գրականություն, մաթեմատիկա, հայոց պատմություն և օտար լեզու: Այս կարգավորումը թույլ կտա պահպանել որոշակի ընդհանրականություն այս ուղղություններով:

Սինգապուրի փորձը նույնպես կառուցվածքով նման է առաջարկվող նախագծին: Մասնավորապես, առանձնացված են այն հիմնական կարողունակությունները, որոնք ընդհանուր են բոլոր հանրակրթական հաստատությունների համար և պետք է  ապահովվեն հանրաակրթության ավարտին, դրան զուգահեռ սահմանվում են նաև ցանկալի արդյունքները ըստ կրթական աստիճանների: Բովանդակության կարգավորումը Սինգապուրյան մոդելում իրականացվում է առարկայական չափորոշիչների միջոցով, որոնք ևս պարտադիր են բոլոր հանրակրթական դպրոցների համար:

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Արդյունքում ակնկալվում է, որ նախագծի ընդունումը թույլ կա ունենալ կարողունակությունների ձևավորմանն ուղղված հանրակրթության բովանդակություն, որին կհետևի չափելի վերջնարդյունքների հիման վրա առարկայական ծրագրերի, գնահատման մեթոդաբանության մշակում և դասագրքերի ստեղծում։ Չափորոշիչը հնարավորություն կընձեռի ստանալ ուսումնական նյութի և դրա ուսումնասիրության համար նախատեսված դասաժամերի այնպիսի հարաբերություն, որը հնարավորություն է տալիս աշակերտներին հասկանալ այն, սովորել և կարողանալ կիրառել։ Այն դպրոցներին հնարավորություն կտա ստեղծել աշակերտների կարիքներին համապատասխան ուսումնական պլան, գնահատումն իրականացնել ուսումնական հաջողությունները գրանցելու, բացթողումները տեսնելու և դրանք հաշվի առնելու դասավանդման ընթացքում։ Չափորոշչի ընդունմամբ գնահատման քանակական (միավորային) և որակական (ուսուցանող) եղանակների մեջ որակական գնահատման տեսակարար կշռի զգալի կմեծանա՝ նպաստելով սովորողների հաջողությունների և բարելավման ուղղությունների որակյալ նկարագրությանը։ Չափորոշչի ընդունման արդյունքում կմեծացվի պետական հանրակրթական ուսումնական հաստատություններին ուղղվող ֆինանսավորումը՝ ընձեռելով աշակերտների հետազոտական աշխատանքների, ինչպես նաև տարաբնույթ խմբակների ֆինանսավորման հնարավորություն, իսկ անհատական բաղադրիչի ներդրումը թույլ կտա ունենալ յուրաքանչյուր աշակերտի կարիքներին ու պահանջներին ուղղված կրթության կազմակերպում։

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն կառաջանա:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶՄԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հանրակրթության պետական գործող չափորոշիչը սահմանում է հանրակրթական հիմնական ծրագրերի նորմատիվային պարտադիր նվազագույ և առավելագույն ծավալը (դասաժամ)։

 

Հանրակրթության պետական առաջարկվող չափորոշիչը սահմանում է հանրակրթական ծրագրի ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի և ուսումնական գործունեության կազմակերպման տեսակների (խմբակ, ուսումնական նախագիծ) իրականացման նորմատիվային ծավալները (դասաժամ)։

 

Տարրական դպրոց

 

Գործող չափորոշչով տարրական դպրոցում որպես նվազագույն ծավալ սահմանված է 2940 ժամ, որը առաջարկվող չափորոշչում նվազեցվելև սահմանվել է ոչ պակաս, քան 2746 ժամ տարեկան։

Գործող չափորոշչով տարրական դպրոցում որպես առավելագույն ծավալ սահմանված է 3590 ժամ, որը առաջարկվող չափորոշչում պահպանվել է նույնությամբ և սահմանվել է ոչ ավել, քան 3590 ժամ տարեկան։

 

Միջին դպրոց

 

Գործող չափորոշչով միջին դպրոցում որպես նվազագույն ծավալ սահմանված է 5100 ժամ, որը առաջարկվող չափորոշչում նվազեցվելև սահմանվել է ոչ պակաս, քան 4760 ժամ տարեկան։

Գործող չափորոշչով միջին դպրոցում որպես առավելագույն ծավալ սահմանված է 5950 ժամ, որը առաջարկվող չափորոշչում պահպանվել է նույնությամբ և սահմանվել է ոչ ավել, քան 5950 ժամ տարեկան։

 

Ավագ դպրոց

 

Գործող չափորոշչով միջին դպրոցում որպես նվազագույն ծավալ սահմանված է 3060 ժամ, որը առաջարկվող չափորոշչում նվազեցվելև սահմանվել է ոչ պակաս, քան 2890 ժամ տարեկան։

Գործող չափորոշչով միջին դպրոցում որպես առավելագույն ծավալ սահմանված է 4080 ժամ, որը առաջարկվող չափորոշչում պահպանվել է նույնությամբ և սահմանվել է ոչ ավել, քան 4080 ժամ տարեկան։

 

Գործող և առաջարկվող չափորոշիչներում սահմանված առավելագույն ծավալները նույնն են։ 

 

Գործող չափորոշչի ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԵՆՔԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆԻ

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ բաժնի 4-րդ կետով սահմանված է հանրակրթական պետական ծրագրերի համար սահմանվում են հետևյալ նորմատիվային ծավալները

1) տարրական` 3204 ժամ, 

2) հիմնական (միջին դպրոց)` 5576 ժամ, 

3) միջնակարգ (ավագ դպրոց)` 3468 ժամ:

 

Առաջարկվոց չափորոշիչի 29-րդ կետով հանրակրթական պետական ուսումնական հաստատությունների համար սահմանվում են հետևյալ նորմատիվային ծավալները (դասաժամ)՝

  1. տարրական դպրոց` 3590, որից պետական պարտադիր բաղադրիչ 1630, դպրոցական պարտադիր բաղադրիչ 1610, անհատական (ընտրովի) բաղադրիչ 350,
  2. հիմնական (միջին դպրոց)` 5950, որից պետական պարտադիր բաղադրիչ 2040, դպրոցական պարտադիր բաղադրիչ 3535, անհատական (ընտրովի) բաղադրիչ 375,
  3. միջնակարգ  (ավագ դպրոց)` 4080, պետական պարտադիր բաղադրիչ 1224, դպրոցական պարտադիր բաղադրիչ 2244, անհատական (ընտրովի) բաղադրիչ 612

 

Գործող և առաջարկվող չափորոշիչներում սահմանված հանրակրթական պետական ծրագրերի համար սահմանվում են նորմատիվային ծավալների տարբերությունը առաջանում է այն պատճառով, որ գործող չափորոշչով սահմանված ժամաքանակները նախատեսված են բոլոր հանրակարթական ուսումանական հաստատությունների համար անկախ իրաավական և կազմակերպական ձևերից։ Պետական ծրագրերի համար գործող չափորոշիչը նախատեսում է ավելի պակաս ժամաքանակներ։ Առաջարկվող չափորոշիչը չի նվազեցնում պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների համար սահմանված ուսումնական ծրագրի առավելագույն նորմատիվային ծավալը։

 

Գործող և առաջարկվող չափորոշիչներում սահմանված հանրակրթական պետական ծրագրերի համար սահմանվում են նորմատիվային ծավալների տարբերությունը կազմում է

 

 

 

 

գործող չափորոշիչ (ժամ տարեկան)

առաջարկվող չափորոշիչ

(ժամ տարեկան)

տարբերություն

(ժամ տարեկան)

տարրական

3204

3590 

386 

հիմնական (միջին դպրոց)

5576

5950 

374 

միջնակարգ (ավագ դպրոց)

3468

4080 

612 

Ընդամենը

1372

 

 

Ներկայացված չափորոշչի ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեից անհրաժեշտ կլինի ևս 4,469,665,152 ՀՀ դրամ:

Հաշվարկը կցվում է:

 

 

 

  • Քննարկվել է

    25.06.2020 - 10.07.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 118570

Տպել

Առաջարկներ`

Մամիկոն Խաչատրյան

10.07.2020

Առաջարկում եմ՝ 'իմանա և պահպանի հասարակական վարքի՝ իրեն առնչվող կանոններն ու իրավունքները, այդ թվում՝ կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների մասով, հարգի ուրիշ մարդկանց, ընկալի յուրաքանչյուր մարդու առանձնահատուկ և արժեքավոր լինելը' չափորոշիչը փոխարինել 'իմանա և պահպանի հասարակական վարքի՝ իրեն առնչվող կանոններն ու իրավունքները, այդ թվում՝ մարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների մասով, հարգի այլ մարդկանց, ընկալի յուրաքանչյուր մարդու անհատականություն և արժեքավոր լինելը' տարբերակով, քանի որ տարրական դասարանի (6-10 տ) երեխաների սեռային պատկանելիության գիտակցումը բավարար է տարբերակելու համար, որ մարդիկ լինում են երկու սեռի՝ կին և տղամարդ, ընդ որում դա տեղի է ունենում այս տարիքին հատուկ ներքին ճանաչողական մեխանիզմներով, բնականոն համընթաց ճանապարհով։ Հատուկ շեշտադրում անելով՝ որ աղջիկները և տղաները հավասար իրավունքներ ունեն՝ ուշադրությունը արհեստականորեն բևեռում ենք սեռերի տարբերակման վրա։ Սա կարող է առաջացնել ավելորդ հետաքրքրվածություն, որին այդ տարիքում գտնվող երեխան ոչ կոգնիտիվ հնարավորություններով, ոչ հուզականորեն պատրաստ չէ։ Երեխան երեխա է, մարդը մարդ է։ Պետք չէ նշել նաև յուրաքանչյուր մարդու առանձնահատուկ լինելը, քանի որ այս տարիքին բնորոշ անցողիկ առանձնահատկությունները համամարդկային են ու բոլորովին էլ յուրահատկություն չեն։

Մամիկոն Խաչատրյան

10.07.2020

Առաջարկում եմ՝ 'իմանա և պահպանի հասարակական վարքի՝ իրեն առնչվող կանոններն ու իրավունքները, այդ թվում՝ կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների մասով, հարգի ուրիշ մարդկանց, ընկալի յուրաքանչյուր մարդու առանձնահատուկ և արժեքավոր լինելը' չափորոշիչը փոխարինել 'իմանա և պահպանի հասարակական վարքի՝ իրեն առնչվող կանոններն ու իրավունքները, այդ թվում՝ մարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների մասով, հարգի այլ մարդկանց, ընկալի յուրաքանչյուր մարդու անհատականություն և արժեքավոր լինելը' տարբերակով, քանի որ տարրական դասարանի (6-10 տ) երեխաների սեռային պատկանելիության գիտակցումը բավարար է տարբերակելու համար, որ մարդիկ լինում են երկու սեռի՝ կին և տղամարդ, ընդ որում դա տեղի է ունենում այս տարիքին հատուկ ներքին ճանաչողական մեխանիզմներով, բնականոն համընթաց ճանապարհով։ Հատուկ շեշտադրում անելով՝ որ աղջիկները և տղաները հավասար իրավունքներ ունեն՝ ուշադրությունը արհեստականորեն բևեռում ենք սեռերի տարբերակման վրա։ Սա կարող է առաջացնել ավելորդ հետաքրքրվածություն, որին այդ տարիքում գտնվող երեխան ոչ կոգնիտիվ հնարավորություններով, ոչ հուզականորեն պատրաստ չէ։ Երեխան երեխա է, մարդը մարդ է։ Պետք չէ նշել նաև յուրաքանչյուր մարդու առանձնահատուկ լինելը, քանի որ այս տարիքին բնորոշ անցողիկ առանձնահատկությունները համամարդկային են ու բոլորովին էլ յուրահատկություն չեն։

Հայկանուշ Գալստյան

10.07.2020

Առաջարկում եմ՝ 'իմանա և պահպանի հասարակական վարքի՝ իրեն առնչվող կանոններն ու իրավունքները, այդ թվում՝ կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների մասով, հարգի ուրիշ մարդկանց, ընկալի յուրաքանչյուր մարդու առանձնահատուկ և արժեքավոր լինելը' չափորոշիչը փոխարինել 'իմանա և պահպանի հասարակական վարքի՝ իրեն առնչվող կանոններն ու իրավունքները, այդ թվում՝ մարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների մասով, հարգի այլ մարդկանց, ընկալի յուրաքանչյուր մարդու անհատականություն և արժեքավոր լինելը' տարբերակով, քանի որ տարրական դասարանի (6-10 տ) երեխաների սեռային պատկանելիության գիտակցումը բավարար է տարբերակելու համար, որ մարդիկ լինում են երկու սեռի՝ կին և տղամարդ, ընդ որում դա տեղի է ունենում այս տարիքին հատուկ ներքին ճանաչողական մեխանիզմներով, բնականոն համընթաց ճանապարհով։ Հատուկ շեշտադրում անելով՝ որ աղջիկները և տղաները հավասար իրավունքներ ունեն՝ ուշադրությունը արհեստականորեն բևեռում ենք սեռերի տարբերակման վրա։ Սա կարող է առաջացնել ավելորդ հետաքրքրվածություն, որին այդ տարիքում գտնվող երեխան ոչ կոգնիտիվ հնարավորություններով, ոչ հուզականորեն պատրաստ չէ։ Երեխան երեխա է, մարդը մարդ է։ Պետք չէ նշել նաև յուրաքանչյուր մարդու առանձնահատուկ լինելը, քանի որ այս տարիքին բնորոշ անցողիկ առանձնահատկությունները համամարդկային են ու բոլորովին էլ յուրահատկություն չեն։

Տեսնել ավելին