Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ  կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն  կատարելու մասին», «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների  նախագծերի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

16.12.2016թ. ընդունված և 2017 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (նոր խմբագրությամբ) կիրարկման ընթացքում առաջացել են բազմաթիվ իրավակիրառ և իրավաիրացնող խնդիրներ, որոնց լուծումը անհրաժեշտություն է առաջացրել կազմելու և մշակելու «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը՝ կից օրենքների նախագծերի փաթեթով:

Ներկայացվող օրենսդրական նախաձեռնության նախագծային փաթեթում ներառվել են Հայաստանի Հանրապետությունում ներբնակավայրային նշանակության աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների հետ կապված իրավահարաբերությունները կարգավորող օրենսդրական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծեր: Մասնավորապես՝  «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը  տարանջատում է աշխարհագրական օբյեկտները ըստ կատեգորիաների, որոնցից մեկը համարվում է ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտները: Ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների՝ այդ թվում համայնքային նշանակության փողոցների, պողոտաների, հրապարակների, զբոսայգիների անվանակոչման և անվանափոխման լիազորությունը  համաձայն «Աշխարհագրական անվանումների մասին» ՀՀ օրենքի վերապահված է համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությանը, բացի այդ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով համայնքի ավագանուն է վերապահված նաև համայնքային ենթակայության կրթական, մշակութային և այլ կազմակերպությունների անվանման և վերանվանման վերաբերյալ որոշումներ կայացնելու լիազորությունը:

Իրավակիրառ պրակտիկայում հայտնի են դեպքեր, երբ ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտները՝ համայնքային նշանակության փողոցները, պողոտաները, ինչպես նաև համայնքային ենթակայության այլ կազմակերպությունները անվանակոչվում են դեռևս կենդանի, սակայն պետության կամ տվյալ համայնքի կենսագործման և զարգացման գործում էական ներդրում ունեցած   նշանավոր անհատների  անուններով: Մինչդեռ «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը հստակ սահմանում է հետևյալը. «Նշանավոր որևէ անհատի անվամբ կարող է անվանակոչում կատարվել նրա մահվանից առնվազն 5 տարի հետո:»: Վերը նշված օրենքից ելնելով,  ՀՀ կառավարության կողմից  29 դեկտեմբերի 2005 թվականին ընդունվել է N 2387-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման և անվանափոխման վերաբերյալ: Այդ որոշմամբ  սահմանված կարգով ներբնակավայրային որևէ օբյեկտ կարող է անվանակոչվել ականավոր որևէ անհատի անվամբ, նրա մահվանից առնվազն 10 տարի հետո: Փաստորեն առկա է հստակ հակասություն օրենքի և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի միջև, մի կողմից օրենքով սահմանվում է առնվազն 5 տարվա պարտադիր ժամկետը, մյուս կողմից ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվում է առնվազն 10 տարվա պարտադիր ժամկետը:

Այնուհանդերձ, բացի վերը նշված օրենսդրական սահմանափակումներից և հակասություններից, իրավակիրառ պրակտիկայում հանդիպող դեպքերը երբեմն լինում են բացառիկ, և հետևաբար բացառիկության սկզբունքը հաշվի առնելով այդ անվանակոչումները փաստորեն իրականացվում են գործող օրենսդրության խախտման պայմաններում:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի   3-րդ կետով սահմանված է, որ համայնքի պաշտոնական համացանցային կայքում ներբեռնման հնարավորությամբ  պետք է առկա լինի՝ համայնքի հնգամյա զարգացման ծրագիրն ու դրա կատարման վերաբերյալ հաշվետվությունը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծով ներդրվում է համայնքի տարեկան աշխատանքային պլանի հաստատման և իրականացման ինստիտուտը, ինչպես նաև հիմք ընդունելով այն փաստը, որ հնգամյա զարգացման ծրագրի հաշվետվության ներկայացումը տրամաբանորեն պետք է լինի հնգամյա զարգացման ծրագրի ավարտին, Նախագծով նախատեսվում է վերը մեջբերված նորմը խմբագրել հետևյալ բովանդակությամբ. «համայնքի հնգամյա զարգացման ծրագիրը դրա իրականացման վերաբերյալ հաշվետվությունը.»: Միաժամանակ, վերը մեջբերված տրամաբանության շրջանակում, Նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել գործող օրենքի 82-րդ հոդվածի    7-րդ մասը, որը նախատեսում է հետևյալը. «Մինչև հաշվետու բյուջետային տարվան հաջորդող տարվա մարտի 1-ը բյուջեի կատարման տարեկան հաշվետվության հետ համայնքի ղեկավարը համայնքի ավագանուն է ներկայացնում հաշվետու տարում հնգամյա զարգացման ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվություն, որը ենթակա է հրապարակման՝ օրենքով սահմանված կարգով:»: Բացի վերը նշվածից, Նախագծով նախատեսվում է օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-րդ կետով՝ «համայնքի տարեկան աշխատանքային պլանը, դրա  իրականացման վերաբերյալ հաշվետվությունը»: Նշված կարգավորման ընդունման պարագայում, համայնքի պաշտոնական կայքում կտեղադրվի նաև համայնքի տարեկան աշխատանքային պլանը և դրա իրականացման վերաբերյալ հաշվետվությունը:

Նախագծով սահմանվում է, որ «Ավագանու նիստի հետ կապված փաստաթղթերն ավագանու անդամներին տրամադրվում են նաև էլեկտրոնային եղանակով»: Այդ լրացումը պայմանավորված է նրանով, որ որոշ դեպքերում ավագանու անդամներին հնարավոր չի լինում ավագանու նիստի հետ կապված նյութերը փոխանցել առձեռն: Բացի այդ, սահմանվում է, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված կարող են հրավիրվել ավագանու հեռավար եղանակով նիստեր», քանի որ COVID-19 համավարակով պայմանավորված 2020 թվականի սահմանափակումները, քաղաքացիների միջև շփումների նվազեցման անհրաժեշտությունը բերեցին այն եզրահանգման, որ ավագանու նիստեր կայացնելու անհրաժեշտության պարագայում՝ օրենսդրորեն լեգիտիմացվի նիստերի անցկացումը և կարգավորել այդ նիստերին մասնակցելու գրանցման, նիստի տեսաձայնագրման, որոշումների ընդունման հետ կապված հարցերը:

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության   օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետում սահմանված է, որ համայնքի ղեկավարը՝ լիազոր մարմնի հետ համաձայնեցնելուց հետո, համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքում ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեման։ Սակայն նույն օրենքի՝ համայնքի ավագանու լիազորությունները սահմանող 18-րդ հոդվածում ավագանու համար նման լիազորություն սահմանված չէ։ Նախագծով առաջարկվում է ավագանու լիազորությունները լրացնել նոր կետով, որով ավագանուն կտրվի համայնքի ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեման հաստատելու լիազորություն: Միաժամանակ, Նախագծով համայնքի ավագանու լիազորությունները սահմանող 18-րդ հոդվածը լրացվում է նոր կետերով, համաձայն որոնց, համայնքի ավագանին հաստատում է համայնքի տարեկան աշխատանքային պլանը, դրա  իրականացման վերաբերյալ հաշվետվությունը, համայնքի ղեկավարի առաջարկությամբ որոշում է կայացնում համայնքի  կազմում ընդգրկված, 500-ից պակաս հաշվառված բնակիչ ունեցող բնակավայրերում վարչական ղեկավար ունենալու կամ բնակավայրի վարչական ղեկավարի լիազորություններից բխող գործառույթների իրականացումն մեկ այլ բնակավայրի վարչական ղեկավարին վերապահելու մասին, ինչպես նաև որոշում է տեղական ինքնակառավարման մարմինների և վարչական ղեկավարների նստավայրերը:

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով, համայնքի ավագանին  որոշում է կայացնում համայնքի ղեկավարի և ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ: Նախագծով առաջարկվում է նշված կետում «որոշում է կայացնում» բառերից հետո լրացնել «կամ կազմում  արձանագրություն» բառերով: Նույն հոդվածի 1-ին մասի 22-րդ կետը առաջարկվում է խմբագրել, հաշվի առնելով սույն նախագծային փաթեթում ներառված «Աշխարհագրական անվանումների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների նախագիծը, մասնավորապես՝ առաջարկվում է ավագանու մասով սահմանել հետևյալը. «Բացառիկ դեպքերում՝ նշանավոր որևէ անհատի անվամբ մինչև վերջինիս մահվան 5 տարին լրանալն  անվանակոչում կամ անվանափոխում  կատարելու վերաբերյալ կայացնում է որոշում, այդ նպատակով անցկացված հանրային լսումների արդյունքների հիման վրա»:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով նշվում է, որ համայնքի ավագանին «համայնքի ղեկավարի առաջարկությամբ որոշում է կայացնում համայնքի սեփականություն հանդիսացող գույքն օգտագործման տրամադրելու կամ օտարելու մասին»: Սակայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված են ընթացակարգեր, որտեղ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի օտարումը, մասնավորապես՝ հողամասի գնման նախապատվության իրավունքի առկայության պարագայում, ավագանու որոշման պարտադիր պահանջ չի ներկայացվում: Նախագծով առաջարկվում է վերոնշյալ դրույթը լրացնել «բացառությամբ այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված դեպքերի» բառերով. այդպիսով վերացնել այլ իրավական ակտերի հետ առկա հակասությունը:

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանվում է, որ «Համայնքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, եթե՝ նա մեկ տարվա ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների կամ մշտական հանձնաժողովի նիստերի ավելի քան կեսից.»: Սակայն օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված չէ, որ համայնքի ավագանու անդամը պարտավոր է մասնակցել ավագանու քվեարկություններին: Այլապես ավագանու անդամը կարող է մասնակցել նիստերին, սակայն չմասնակցել քվեարկություններին: Ելնելով վերոգրյալից, առաջարկվում է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում՝ «նիստերին» բառից հետո լրացնել «և քվեարկություններին» բառերը:

Նախագծով նախատեսվում է, գործող օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասում կատարել փոփոխություն, մասնավորապես՝ «համայնքի ավագանին կազմում է համայնքի ավագանու անդամի լիազորության վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրություն» բառերը փոխարինել «ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարում են օրենքի ուժով» բառերով:

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածը սահմանում է համայնքի ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հետ կապված իրավահարաբերությունները: Նախագծով նախատեսվում է մի շարք փոփոխություններ կատարել մեջբերված հոդվածի իրավակարգավորումներում, մասնավորապես՝ հոդվածի 2-րդ մասում «արձանագրությունը» բառը փոխարինել «սույն հոդվածի 1-ին և 5-րդ մասերում նշված արձանագրությունները» բառերով, նույն հոդվածի 3-րդ մասում «20-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «քսան աշխատանքային օրվա ընթացքում» բառերով՝ նպատակ ունենալով ապահովել իրավական տեխնիկայի կանոնների պահպանումը, իսկ նույն      հոդվածի 5-րդ մասի 1-ին կետում առաջարկվում է կատարել  լրացում նոր նախադասության տեսքով՝  հետևյալ բովանդակությամբ. «Սույն կետում նշված փաստն արձանագրում է համայնքի ղեկավարը:»: Վերջին կարգավորման էությունը կայանում է նրանում, որ վերը մեջբերված դրույթի համաձայն, համայնքի ավագանու լիազորությունները դադարեցվում են իրավունքի ուժով, սակայն այդ փաստի արձանագրման հետ կապված կարգավորումը ըստ էության բացակայում է օրենքից, հետևաբար Նախագծով առաջարկվում է նշված փաստի արձանագրումը վերապահել համայնքի ղեկավարին:

Գործող օրենքի 26-րդ հոդվածը սահմանում է համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը և դադարումը: Նշված հոդվածի 1-ին մասով սահմանվում են ընթացակարգային կարգավորումներ որոշ դեպքերի համար որոշում, իսկ մի քանի այլ դեպքերի համար արձանագրություն ընդունելու մասով: Կարևորելով նշված հոդվածի 1-ին և 7-րդ կետերով սահմանված դեպքերում որոշման ընդունման ձևաչափով փաստի հաստատման կարևորությունը, Նախագծով առաջարկվում է նախատեսել հետևյալը. «Սույն հոդվածի 1-ին մասում նշված դեպքերում, բացառությամբ 1-ին և 7-րդ կետերի, համայնքի ավագանին կազմում է համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին արձանագրություն:»: Միաժամանակ, Նախագծով առաջարկվում է ընթացակարգը փոխել հետևյալ խմբագրությամբ և տրամաբանությամբ. «Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դեպքում համայնքի ղեկավարը հրաժարականի մասին իր դիմումը 3-օրյա ժամկետում կարող է հետ վերցնել: Համայնքի ղեկավարի կողմից հրաժարականի մասին իր դիմումը 3-օրյա ժամկետում հետ չվերցնելու դեպքում՝ աշխատակազմի քարտուղարի կողմից համայնքի ղեկավարի հրաժարականի մասին պատշաճ ձևով ծանուցվելուց հետո համայնքի ավագանին եռօրյա ժամկետում կազմում է համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին արձանագրություն: Արձանագրություն չկազմվելու դեպքում համայնքի ղեկավարի լիազորություններն օրենքի ուժով համարվում են վաղաժամկետ դադարեցված: Համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրությունը չկազմվելու մասին հաղորդումը աշխատակազմի քարտուղարի կողմից ներկայացվում է մարզպետարան»: Նախատեսվում է նաև սահմանել, որ 26-րդ  հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված դեպքում ավագանին ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ  է ընդունում համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշում: Ըստ էության, նշված հոդվածում բացի որոշում և արձանագրություն ընդունելու և կազմելու իրավասությունից, սահմանվել է նաև հաղորդում տալու կարգավորում, որն վերապահվել է համայնքի աշխատակազմի քարտուղարին, նպատակ ունենալով խուսափելու իրավակիրառ պրակտիկայում հանդիպած այն դեպքերից, երբ համայնքի ավագանին նշված դեպքերում ցուցաբերում է ակնհայտ անգործություն, դրանով առաջացնելով իրավական անհնարինություն:

 «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  27-րդ հոդվածը սահմանում է համայնքի ղեկավարի պաշտոնակատարի նշանակման հետ կապված իրավահարաբերությունները: Նախագծով նախատեսվում է նոր խմբագրությամբ շարադրել նշված հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, որոնք հիմնականում պայմանավորված են այն հանգամանքով, որ օրենքի 26-րդ հոդվածում համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման փաստի արձանագրումը որոշ դեպքերում վերապահվում է նաև համայնքի աշխատակազմի քարտուղարին, միաժամանակ, սահմանվել է, որ համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը թափուր լինելու պարագայում համայնքի ղեկավարի կողմից մինչև մեկ ամիս ժամկետով իր ծառայողական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում՝ համայնքի ղեկավարի նիստ հրավիրելու և վարելու պարտականությունները դրվում են համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա: Կարևորելով տեղական ինքնակառավարման կայունության ապահովման սկզբունքը,  վերը մեջբերված կարգավորմանը զուգահեռ, նախատեսվում է որոշակի սահմանափակումներ այդ ընթացքում գումարվող համայնքի ավագանու նիստի օրակարգային հարցերի մասով, մասնավորապես առաջարկվում է սահմանել հետևյալը. «Այդ ընթացքում համայնքի ավագանու նիստի օրակարգում չեն կարող ընգրկվել համայնքի զարգացման ծրագրի, բյուջեի, տարեկան աշխատանքային պլանի նախագծերը, ինչպես նաև ավագանու նիստի ընթացքում չեն կարող ներկայացվել համայնքի ղեկավարի՝ սույն օրենքով նախատեսված հաշվետվությունները:»: Բացի այդ, նույն հոդվածի 2-րդ մասում նախատեսվում է «կամ այդ պաշտոնի բացակայության» բառերը հանել, քանի որ Նախագծով նախատեսվում է համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը (հաստիք) ունենալը դարձնել պարտադիր (իմպերատիվ կարգավորմամբ):

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Համայնքի ղեկավարն իր պաշտոնն ստանձնելու օրվանից ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում, մշակում և համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում աշխատակազմի, համայնքային հիմնարկների և ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունները, կառուցվածքները (համապատասխան ստորաբաժանումներ նախատեսված լինելու դեպքում), աշխատողների քանակը, հաստիքացուցակն ու պաշտոնային դրույքաչափերը:»: Փաստորեն, անկախ անհրաժեշտությունից նորընտիր համայնքի ղեկավարը մշակում և համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում վերը նշված փաստաթղթերը: Նախագծով առաջարկվում է օրենքի նշված հոդվածը խմբագրել, հանելով պարտադիր փոփոխություն կատարելու վերաբերյալ դրույթը, սահմանելով, որ համայնքի ղեկավարը ըստ անհրաժեշտության մշակում և ավագանու հաստատմանն է ներկայացնում  այդ փոփոխությունները:

Նախագծով նախատեսվում է ամբողջությամբ նոր խմբագրությամբ սահմանել «Համայնքի ղեկավարի տեղակալը» վերտառությամբ հոդվածը՝ հետևյալ բովանդակությամբ. «Համայնքի ղեկավարն ունի տեղակալ (տեղակալներ): Համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը համայնքային հայեցողական պաշտոն է՝ բացառությամբ՝ համամասնական ընտրակարգով ընտրված համայնքի ղեկավարի առաջին տեղակալի: Համայնքի ղեկավարի տեղակալին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է համայնքի ղեկավարը: Համայնքի ղեկավարի տեղակալն իրականացնում է համայնքապետարանի աշխատակազմի կանոնադրությամբ իրեն վերապահված գործառույթները: Համայնքի ղեկավարի հանձնարարությամբ տեղակալը (տեղակալներից մեկը) փոխարինում է համայնքի ղեկավարին վերջինիս բացակայության ժամանակ:»: Նշված նախագծային կարգավորմամբ իմպերատիվ սահմանվում է համայնքի ղեկավարի տեղակալի հաստիք ունենալու պահանջը, միաժամանակ հստակեցվում է համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնի տեսակը, մասնավորապես՝ սահմանելով որ այն հայեցողական պաշտոն է, բացառությամբ՝ համամասնական ընտրակարգով ընտրված համայնքի ղեկավարի առաջին տեղակալի, քանի որ այդ դեպքում՝ համայնքի ղեկավարի առաջին տեղակալը նաև հանդիսանում է ավագանու անդամ, իսկ այդ պաշտոնը համայնքային քաղաքական պաշտոն է: Նշված հստակեցմանը զուգահեռ, սույն հիմնավորմամբ պայմանավորված նախագծային փաթեթում ներառված է նաև «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով համայնքի ղեկավարի պաշտոնը որպես քաղաքական պաշտոն փոխարինվում է հայեցողական պաշտոնի տեսակով, նախատեսելով համապատասխան բացառություններ համամասնական ընտրակարգով ընտրված համայնքի ղեկավարի առաջին տեղակալների համար, որոնց պաշտոնը թողնվում է որպես համայնքային քաղաքական:

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի 10-րդ կետով սահմանված է, որ «Աշխատակազմի ընթացիկ գործունեությունը ղեկավարում է աշխատակազմի քարտուղարը՝ օրենքով, իրավական այլ ակտերով կամ աշխատակազմի կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում կամ գործառույթների շրջանակում նշանակում և ազատում է աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.»: Աշխատակազմի հայեցողական և համայնքային ծառայության պաշտոններում նշանակման և ազատման իրավասությունները սահմանված են «Տեղական ինքնակառավարման մասին» և «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքներով, սակայն աշխատակազմի տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց աշխատանքի ընդունման և աշխատանքից ազատման իրավասությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված չէ: Արդյունքում առանձին դեպքերում համայնքի ղեկավարի և աշխատակազմի քարտուղարի միջև տարաձայնություններ են առաջանում վերջիններիս աշխատանքի ընդունման և աշխատանքից ազատման իրավասության առնչությամբ: Ելնելով վերոգրյալից, առաջարկվում է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի 10-րդ կետում՝ «աշխատողներին» բառից հետո լրացնել «,այդ թվում՝ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց» բառերը:

Օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասում առաջարկվող փոփոխությունը նպատակ ունի համապատասխանեցնել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի այդ և Աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասում առկա աշխատողների վարձատրության հավելումներ նախատեսելու դեպքերը: Օրենքում հղում է տրվում Աշխատանքային օրենսգրքին, որպեսզի կարգավորվի վերոնշյալ երկու իրավական ակտերում առկա հավելումների դեպքերի համապատասխանությունը:

Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով սահմանված է, որ համայնքի ավագանին համաձայնություն է տալիս համայնքի ղեկավարի ներկայացրած` համայնքային հիմնարկների և ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների թեկնածուներին, սակայն, օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետում նշված է, որ ավագանին համաձայնություն է տալիս նաև կազմակերպությունների ղեկավարներին պաշտոնից ազատելիս: Վերոնշյալ երկու հոդվածների համապատասխան կետերը թղթակցելու նպատակով օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետում կատարվել են փոփոխություններ:

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով համայնքի ղեկավարի համար որպես պատվիրակված լիազորություն սահմանված է հետևյալը, «սահմանում է խնամակալություն, հոգաբարձություն, իրականացնում է խնամակալության և հոգաբարձության մարմիններին օրենքով վերապահված այլ լիազորություններ.»: Վերը նշված լիազորությունը, համայնքների տեղական ինքնակառավարման մարմինները իրավակիրառ պրակտիկայում իրականացնում են որպես համայնքի ղեկավարի սեփական լիազորություն, մինչդեռ օրենքով այն սահմանված է որպես պատվիրակված լիազորություն: Եթե պրակտիկայում համայնքի ղեկավարն այն իրականացնում է սեփական միջոցների հաշվին, ապա անհասկանալի է դառնում այդ լիազորության օրենքով սահմանված պատվիրակված լինելու հանգամանքը: Ելնելով վերոգրյալից, առաջարկվում է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել փոփոխություն, նշված լիազորությունը սահմանելով որպես համայնքի ղեկավարի սեփական լիազորություն:

Գործող «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, բազմաբնակավայր համայնքի յուրաքանչյուր բնակավայրում պետք է նշանակվի բնակավայրի վարչական ղեկավար, բացառությամբ՝ համայնքի կենտրոն հանդիսացող բնակավայրի: Այս օրենսդրական նորմի պահանջը լրացուցիչ վարչական հաստիքի ստեղծման և համայնքի բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում ապահովելու պայման է առաջադրել բազմաբնակավայր համայնքների ղեկավարների համար:

Մինչև 2015 թվականից սկսված վարչատարածքային բարեփոխումները, Հայաստանի Հանրապետությունում դեռևս 1996 թվականի վարչատարածքային բարեփոխումների արդյունքում արդեն իսկ ձևավորվել և գործում էին բազմաբնակավայր համայնքներ, ընդ որում այդ համայնքներում ընդգրկված բազմաթիվ բնակավայրեր չունեն մշտական բնակչություն, ունեն ամառանոցային բնակավայրի կարգավիճակ կամ էլ բնակչության թվաքանակը տատանվում է մի քանի բնակչից մինչև հարյուր բնակիչ: Այս համատեքստում, նախագծով առաջարկվում է օրենքում կատարել փոփոխություններ, մասնավորապես՝ վարչական ղեկավար ունենալու պարտադիր պայման սահմանել միայն 500-ից ավել հաշվառված բնակիչ ունեցող բնակավայրերի համար, իսկ 500-ից պակաս հաշվառված բնակիչ ունեցող բնակավայրերի մասով, առաջարկվում է վարչական ղեկավար ունենալ-չունենալու կամ նրա պարտականությունները մեկ այլ բնակավայրի վարչական ղեկավարին վերապահելու հարցը թողնել համայնքի ավագանու որոշելուն:

«Տեղական ինքնակառավարման մասին»  Հայաստանի Հանրապետության  օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետում համայնքի ղեկավարի համար  սահմանված է՝ «12) համայնքի քաղաքաշինական կանոնադրությանը համապատասխան՝ տալիս է արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն.»: Ավագանու լիազորությունները սահմանող 18-րդ հոդվածի 1-ին մասի 41-րդ կետի համաձայն՝ «41) սահմանում է համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու կարգն ու պայմանները.» Առկա է  հստակեցման անհրաժեշտություն։ Տրամաբանական է, որպեսզի համայնքի ղեկավարը գովազդ տեղադրելու թույլտվությունը տրամադրի համայնքի ավագանու հաստատած գովազդ տեղադրելու կարգին ու պայմաններին համապատասխան, այլ ոչ թե՝ քաղաքաշինական կանոնադրությանը համապատասխան։ Հետևաբար նախագծով առաջարկվում է համայնքի ղեկավարի գործառութային լիազորությունը համապատասխանեցնել համայնքի ավագանուն վերապահված իրավաստեղծ լիազորության հետ, որպեսզի ապահովվի օրենքի տվյալ դրույթի միատեսակ կիրառությունը:

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 98-րդ հոդվածով սահմանված է տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնող մարմինների իրավասությունները: Նշված հոդվածի 3-րդ մասով սահմանվել է, որ «Եթե սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դիմումը ստանալու օրվանից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, տեղական ինքնակառավարման մարմինը չի փոփոխում կամ վերացնում իր որոշումը և այդ մասին տեղեկացնում դիմումը ներկայացրած մարմնին, ապա դիմումը ներկայացրած հսկողություն իրականացնող մարմինը հայց է ներկայացնում դատարան՝ տեղական ինքնակառավարման մարմնի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով:»: Օրենքի նշված դրույթը լիազոր մարմնի համար սահմանել է իմպերատիվ կարգավորում, որից ենթադրվում է, որ իրավական հսկողություն իրականացնող մարմինը պարտադիր պետք է դիմի դատարան պարտավորեցման հայցով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրավակիրառ պրակտիկայում, ոչ բոլոր նման դեպքերում է, որ հսկողություն իրականացնող մարմինը դիմում է դատարան, հետևաբար միանգամայն իրավաչափ կլինի օրենքով հսկողություն իրականացնող մարմնին վերապահել հայեցողական պարտավորություն, այլ ոչ թե իմպերատիվ: Ելնելով վերոգրյալից, առաջարկվում է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 98-րդ հոդվածի 3-րդ մասում՝ «հայց է ներկայացնում» բառերը փոխարինել «կարող է հայց ներկայացնել» բառերով: Միաժամանակ, Նախագծով առաջարկվում է սեփական լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական հսկողության սահմանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Իրավական հսկողությունը սահմանափակվում է բացառապես այդ լիազորությունների իրականացման ընթացքում տեղական ինքնակառավարման մարմինների ընդունած որոշումների,  ինչպես նաև վերջիններիս սեփական լիազորությունների իրականացման օրինականությունը ստուգելով:»: Նույն հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ «Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ հսկողություն իրականացնող մարմիններն իրավասու են համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենսդրությանը հակասող որոշումները վերացնելու կամ փոփոխելու առաջարկով որոշումն ընդունվելուց հետո՝ 20 օրվա ընթացքում, դիմելու համապատասխանաբար համայնքի ավագանուն և համայնքի ղեկավարին»: Նախագծով առաջարկվում է «որոշումն ընդունվելուց հետո՝ 20 օրվա» բառերը փոխարինել «որոշումը մարզպետարան մուտքագրվելուց հետո՝ 20 աշխատանքային օրվա» բառերով, քանի որ իրավակիրառ պրակտիկայում լինում են դեպքեր, երբ ՏԻՄ-երի ընդունած որոշումները համայնքներից մարզպետարան ուշ են մուտքագրվում կամ չեն մուտքագրվում: Առաջարկվող փոփոխությամբ մարզպետարանի գործողությունները կկապվեն ոչ թե որոշման ընդունման (ինչի մասին մարզպետարանում կարող են չիմանալ), այլ մարզպետարան մուտքագրվելու ժամկետին:

Իրավակիրառ պրակտիկայում համայնքների ՏԻՄ-երի  կողմից կազմվում և մշակվում են համայնքների տարեկան աշխատանքային պլաներ: Սակայն ըստ էության, համայնքի տարեկան աշխատանքային պլանի վերաբերյալ, գործող «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում որևէ կարգավորում սահմանված չէ:  Հաշվի առնելով այդ փաստաթղթի գործնականում համայնքների կողմից կազմելու, հաստատելու  և կիրառելու իրողությունը, նպատակահարմար է գտնվել «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով, նոր հոդված սահմանելու ձևաչափով ամրագրել համայնքի տարեկան աշխատանքային պլանի հասկացությունը և դրա մշակման ու ընդունման հետ կապված ընթացակարգային դրույթները: Գործող օրենսդրության կարգավորումների շրջանակում, համայնքը չունի հակիրճ, հստակ, չափելի ցուցանիշերով օժտված մի փաստաթուղթ, որով կհիմնավորվի իր՝ լրացուցիչ միջոցներ հայտնաբերելու քաղաքականությունը: Բացի այդ, համայնքի ՏԻՄ-երի համար չկա սահմանված  մի փաստաթուղթ, որը  ամբողջական կներկայացնի ՏԻՄ-երի կողմից տվյալ տարվա ընթացքում տվյալ համայնքում ծրագրավորվող միջոցառումներն ու գործողությունները, այդ թվում՝ ենթակառուցվածքային, մարդկային ռեսուրսների կառավարման (վերապատրաստում, որակի և կատարողականի գնահատում), գույքի կառավարման (հիմնական միջոցներ), համայնքի տնտեսական զարգացման (ՀՏԶ) ծրագրեր, համայնքում իրականացվող դոնորների ծրագրեր, ծառայություններ և դրույքաչափեր, համայնքի համագործակցությունը պետական ու տարածքային կառավարման մարմինների, օտարերկրյա սուբյեկտների հետ և այլն: Պրակտիկայում, պետական կառավարման մարմիններն ունեն գործողությունների տարեկան ծրագրեր, որոնք համայնքների մասով  առաջացնում են ժամկետային ներդաշնակության և համապատասխանության խնդիր: Ոչ միայն համայնքի հնգամյա զարգացման ծրագիրը այդ խնդրի կապակցությամբ չի առաջադրում լուծումներ, այլ նաև ՏԻՄ-երը չունեն մեկ փաստաթուղթ, որով կհամադրվեն ՏԻՄ-երի, պետական և այլ ծրագրերը՝ դրանք համակարգելու, կրկնողությունները բացառելու, միջոցներն արդյունավետ օգտագործելու նպատակով: Պրակտիկայում բացակայում է ծրագրված և իրականացված քաղաքականությունների և ռազմավարությունների ու միջոցառումների մշտադիտարկման և գնահատման համակարգը, համայնքի  բյուջեում արտահայտված չեն  ներդրումների վերաբերյալ  տեղեկությունները և ժամանակացույցը: Համայնքի տարեկան աշխատանքային պլանը, հնարավորություն կընձեռնի ՏԻՄ-երին՝ արտաքին գործընկերների հետ փոխհարաբերություններում  հանդես գալու, որպես վերլուծված և հիմնավորված քաղաքականություն ունեցող կառույց: Այն միաժամանակ հնարավորություն կստեղծի  միասնականացնել մշտադիտարկման և գնահատման  համակարգը որպես հաշվետվողականության առաջնային, հիմնավորված գործիք ինչպես պետության, այնպես էլ այլ ֆինանսավորողների, գործընկերների ու դերակատարների հանդեպ: Միաժամանակ, Նախագծով նախատեսվում է սահմանել համայնքի տարեկան աշխատանքային պլանի կատարման հաշվետվության վերաբերյալ կարգորոշումներ, մասնավորապես՝ համայնքի ղեկավարի մասով սահմանվել է համայնքի տարեկան աշխատանքային պլանի կատարողականի և դրա իրականացման վերաբերյալ հաշվետվության կազմման և ավագանու հաստատմանը ներկայացնելու պարտավորություն և համապատասխանաբար՝ համայնքի ավագանու մասով սահմանվել է այն հաստատելու պարտավորություն:

Գործող «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 95-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է հետևյալը. «Իրավական հսկողությունը սահմանափակվում է բացառապես այդ լիազորությունների իրականացման ընթացքում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընդունված որոշումների օրինականությունը ստուգելով:»:

Օրենսդրական վերը նշված կարգավորումը հսկողություն իրականացնող մարմնին հնարավորություն է ընձեռում իրավական հսկողությունը կազմակերպել և իրականացնել միայն այն դեպքերում, երբ ՏԻՄ-երի սեփական լիազորությունների իրականացման պայմաններում վերջիններիս կողմից ընդունվել են համապատասխան որոշումներ: Սակայն այն դեպքերում, երբ ՏԻՄ-երը չեն իրականացրել օրենքով իրենց վերապահված սեփական լիազորությունները և համապատասխանաբար դրա արդյունքում չեն ընդունել որոշումներ, իրավական հսկողություն իրականացնող մարմինը իրավասու չէ իրականացնելու հսկողական գործառույթ:

Անշուշտ, կարևոր է, որ իրավական հսկողությունը ծառայի իր տրամաբանական նպատակներին, որոնք ամրագրված թե՛ ներպետական և թե՛ միջազգային օրենսդրության նորմերով: Սակայն հատկանշական է, որ իրավակիրառ պրակտիկայում բազմաթիվ են այն սեփական լիազորությունները, որոնք ՏԻՄ-երի կողմից պարզապես չեն իրականացվում: Այս պարագայում, նրանց կողմից լիազորությունների չկատարումը կամ այսպես կոչված «անգործության ցուցաբերումը» որևէ իրավական հետևանք չի առաջացնում:

Գործող «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված իրավական հսկողության օրենսդրական գործիքակազմերը հնարավորություն չեն ընձեռում անդրադառնալ այն սեփական լիազորություններին, որոնք ՏԻՄ-երի կողմից չեն իրականացվում: Այս իրավաիրացնող խնդիրը լուծելու նպատակով, անհրաժեշտություն է առաջացել կատարել համապատասխան փոփոխություններ:

Մինչ փոփոխությունների առաջարկին անդրադառնալը, հարկ է նկատել որ «Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի» 8-րդ հոդվածը սահմանում է տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության վարչական վերահսկողությունը: Փաստորեն, Խարտիան վարչական հսկողությունը  դիտարկում է ոչ միայն սեփական լիազորությունների արդյունքում ընդունված որոշումների օրինականությունը ստուգելու համատեքստում, այլ առհասարակ ՏԻՄ-երի գործունեության նկատմամբ ընդհանրապես: Սա ենթադրում է, որ իրավական հսկողությունը կարող է իրականացվել թե՛ ՏԻՄ-երի գործողությունների, և թե՛ անգործությունների պարագայում:

Բացի այդ, ՀՀ Սահմանադրության 188-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ համայնքի սեփական խնդիրների իրականացման նկատմամբ Կառավարության լիազոր մարմինն օրենքով սահմանված դեպքերում և կարգով իրականացնում է իրավական հսկողություն։ Սահմանադրությունը սահմանում է իրավական հսկողությունը համայնքի խնդիրների՝ այն է պարտադիր և կամավոր խնդիրների իրականացման նկատմամբ:

ՏԻՄ-երը համայնքի պարտադիր և կամավոր խնդիրները լուծելու նպատակով Սահմանադրության 182-րդ հոդվածի 1-ին մասի ուժով ստանում են սեփական լիազորություններ՝ օրենքով: Փաստորեն, այն սեփական լիազորությունները, որոնք ՏԻՄ-երը չեն իրականացնում, առաջացնում է մի իրավիճակ, երբ համայնքի խնդիրները կամ դրանց մի մասը մնում է չլուծված:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրավական հսկողություն իրականացնող մարմնի հիմնական լիազորությունն է իրավական հսկողություն իրականացնել համայնքի խնդիրների իրականացման, այն է՝ այդ խնդիրների  լուծման նկատմամբ, ուստի գործող «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի վիճելի կարգավորումը  լիարժեք հնարավորություն չի ընձեռում իրավական հսկողություն իրականացնող մարմնին կատարելու իր սահմանադրական լիազորությունը ամբողջությամբ:

Ելնելով վերոգրյալից առաջարկվում է փոփոխություն կատարել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 95-րդ հոդվածում, մասնավորապես՝ նշված հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3. Իրավական հսկողությունը սահմանափակվում է բացառապես այդ լիազորությունների իրականացման ընթացքում տեղական ինքնակառավարման մարմինների ընդունած որոշումների,  ինչպես նաև վերջիններիս սեփական լիազորությունների իրականացման օրինականությունը ստուգելով:»:

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը կվերացնի նշված օրենքի և գործող «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի միջև եղած հակասությունը: Խնդիրը կայանում է հետևյալում, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները ստեղծվում են համայնքի ավագանու որոշմամբ, մինչդեռ՝ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, դրանք ստեղծվում են համայնքի ղեկավարի կողմից: Առաջարկվում է վերը նշված օրենքի նախագծի շրջանակներում համապատասխանեցնել երկու օրենսդրական ակտերի իրավակարգավորող նորմերը:

Նախագծային փաթեթում ներառված են նաև «Աշխարհագրական անվանումների մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Չբացառելով, որևէ ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտի կամ համայնքային ենթակայության որևէ կազմակերպության  անվանակոչումը կամ անվանափոխումը  նշանավոր որևէ անհատի անվամբ մինչև վերջինիս մահվան 5 տարին լրանալը, նրա անունովանվանակոչում կամ անվանափոխում կատարելու պրակտիկ անհրաժեշտությունը, առաջարկվում է սույն հիմնավորմամբ պայմանավորված օրենսդրական փաթեթում առկա իրավական ակտերի նախագծերով կարգավորել այդ խնդրահարույց հարցերը:  Մասնավորապես օրենսդրական փաթեթում ներառված «Աշխարհագրական անվանումների մասին»  ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է, որևէ նշանավոր անհատի անվամբ մինչև վերջինիս մահվան 5 տարին լրանալն անվանակոչում կամ անվանափոխում կատարելը սահմանել որպես բացառիկ դեպք: Այս բացառության համար որպես փոխզսպման մեխանիզմ առաջարկվել է սահմանել նմանատիպ դեպքերում հանրային լսում անցկացնելու և անցկացված  հանրային լսումների  արդյունքները ՏԻՄ-երի համար որպես հիմք ծառայեցնելու օրենսդրական պահանջը:

Օրենսդրական փաթեթում ներառված «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում  փոփոխություն  կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերով առաջարկվում է համապատասխանեցնել կարգավորումները «Աշխարհագրական անվանումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի հետ: Մասնավորապես, այդ նախագծերով առաջարկվում է համայնքի ավագանու լիազորությունը  համայնքային նշանակության փողոցների, պողոտաների, հրապարակների, զբոսայգիների, համայնքային ենթակայության կրթական, մշակութային և այլ կազմակերպությունների անվանման  և վերանվանման մասով փոփոխել և խմբագրել:  Առաջին հերթին՝ «անվանման և վերանվանման» բառերը փոխարինել «անվանակոչման և անվանափոխման» բառերով, դրանով իսկ այն համապատասխանեցնելով «Աշխարհագրական անվանումների մասին» ՀՀ օրենքի սահմանած տերմինաբանությանը և հասկացություններին, երկրորդ հերթին՝ ավագանու լիազորությունը լրացնել այն բացառիկ դեպքերի մասով, երբ անվանակոչումը կամ անվանափոխումը պետք է կատարվի նշանավոր որևէ անհատի անվամբ մինչև վերջինիս մահվան 5 տարին լրանալն:

«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է բացառություն սահմանել վարչական ղեկավարի բարձրագույն կրթություն ունենալու պահանջի մասով, այն է նախատեսվում է, որ այդ պարտադիր պահանջը տարածվի 1000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրի վարչական ղեկավարի վրա, նկատի ունենալով այն հանգամանքը, որ 1000-ից ավելի բնակչություն ունեցող համայնքներում բարձրագույն կրթություն ունեցող և նշված պաշտոնին համապատասխանող պայմաններով աշխատելու ցանկություն ունեցող անձանց շրջանակը բավարար է, ինչը 1000-ից պակաս բնակչություն ունեցող համայնքների համար կարող է խոչընդոտ հանդիսանալ: Միաժամանակ, նույն օրենքի նախագծով առաջարկվում է համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը քաղաքականի փոխարեն սահմանել որպես հայեցողական պաշտոն:

 

  1. 3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք:

 

Նախագծերը մշակվել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության  կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

 

Ներկայացված օրենսդրական նախագծային փաթեթում ընդգրկված օրենքների նախագծերի   ընդունման  արդյունքում կլուծվեն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումից առաջացած իրավակիրառ և իրավաիրացնող խնդիրները, կհստակեցվեն տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված մի շարք լիազորությունները, կհամապատասխանեցվեն տարբեր օրենսդրական ակտերի միջև եղած իրավական հակասությունները և կլրացվեն օրենսդրական բացերը: Նշված օրենսդրական նախագծային փաթեթի ընդունման արդյունքում առավել կկարգավորվի տեղական ինքնակառավարման ինստիտուցիոնալ համակարգը, որը կարող է էականորեն ազդել տեղական ինքնակառավարման իրավունքի իրացման և առհասարակ տեղական ինքնակառավարման համակարգի արդյունավետության բարձրացման վրա:

Միաժամանակ, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի առնչությամբ հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրենսդրական նախագծերի ընդունման  արդյունքում կկարգավորվի Հայաստանի Հանրապետության ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների, ինչպես նաև համայնքային ենթակայության կազմակերպությունների անվանակոչման և անվանափոխման համալիր իրավահարաբերությունները: Նշված օրենսդրական նախաձեռնությունում առկա բացառիկ դեպքերի վերաբերյալ լրացումները, թույլ կտան համայնքների տեղական ինքնակառավարման մարմիններին, իրենց գործունեությունը այդ մասով կազմակերպելու և իրականացնելու բացառապես օրենքի շրջանակներում:  Այս կարգավորումների ընդունումը ևս մի լրացուցիչ գործիք է  համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների այս ոլորտում իրականացվող գործունեությունը կարգավորելու, կամայական որոշումների ընդունումից հրաժարվելու   և հանրային նման կարևորություն ունեցող հարցերի շուրջ սեփական պատասխանատվությամբ  համայնքի բնակչության հետ «հաշվի նստելու» մասով: Առաջարկվող օրենսդրական կարգավորումների ընդունման պարագայում կվերացվի համայնքային մակարդակում աշխարհագրական օբյեկտների և կազմակերպությունների  անվանակոչումների և անվանափոխումների վերաբերյալ գործող օրենսդրական  սահմանափակումները, համայնքների տեղական ինքնակառավարման մարմիններին կտրվեն լրացուցիչ գործիքակազմեր և հնարավորություններ՝ սակայն բացառապես համայնքի բնակչության կարծիքի հաշվի առնման պայմաններում (հանրային լսումներ անցկացնելու):

 

  • Քննարկվել է

    15.06.2020 - 30.06.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6210

Տպել

Առաջարկներ`

Grig Grig

15.06.2020

hi

Կարեն Հովհաննեսյան

15.06.2020

Առաջարկվող փոփոխության 12-րդ հոդվածի 3-րդ կետը (Համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը համայնքային հայեցողական պաշտոն է, բացառությամբ՝ համամասնական ընտրակարգով ընտրված համայնքի ղեկավարի առաջին տեղակալի) հակասում է <Հանրային ծառայության մասին> ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ կետին, որով սահմանված է, որ՝ 3, Համայնքային քաղաքական պաշտոններն են համայնքների ղեկավարների և նրանց տեղակալների, համայնքի ավագանու անդամի պաշտոնները:

Տեսնել ավելին