Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» օրենքի նախագծի և դրանից բխող մի շարք օրենքներում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրենքների նախագծերի փաթեթ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՄԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

  1. Սույն օրենքը կարգավորում է կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի հետ կապված հարաբերությունները, սահմանում կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի սկզբունքները, հիմնական նպատակները, սուբյեկտները, նրանց հիմնական իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի կատարման իրավական հիմքերն ու առանձնահատկությունները:

 

Հոդված 2. Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին օրենսդրությունը

 

  1. Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

 

Հոդված 3.  Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները   

 

  1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) կամավորական գործունեություն՝ սույն մասի 5-րդ կետով սահմանված կազմակերպության կամավորության վրա հիմնված, հանրօգուտ, անվարձահատույց, ոչ պարտադիր կամ ոչ հարկադիր, սույն օրենքին համապատասխան իրականացվող գործունեություն.

2) կամավոր՝ սույն օրենքով սահմանված կամավոր աշխատանքի մասին գրավոր պայմանագրով կամավոր աշխատանք կատարող Հայաստանի Հանրապետության քաղաքացի, օտարերկրյա քաղաքացի, քաղաքացիություն չունեցող անձ (այսուհետ՝  ֆիզիկական անձ). 

3) կամավոր աշխատանք՝ կամավորի, ինչպես նաև սույն մասի 4-րդ կետով սահմանված անձի կողմից կամավորության վրա հիմնված, հանրօգուտ, անվարձահատույց, ոչ պարտադիր կամ ոչ հարկադիր, սույն օրենքին համապատասխան կատարվող աշխատանք.

4) կամավոր աշխատանք կատարող այլ անձ՝ սույն մասի 2-րդ կետի իմաստով կամավոր չհամարվող ֆիզիկական անձ, ով առանց կամավոր աշխատանքի մասին պայմանագրի` սույն օրենքով սահմանված կարգով կատարում է կամավոր աշխատանք և (կամ) կազմակերպում և (կամ) մասնակցում է սույն մասի 10-րդ կետով սահմանված կամավորական գործողության (ակցիայի):

5) ոչ առևտրային կազմակերպություն կամ հիմնարկ կամ սույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքում` առևտրային կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր (այսուհետ՝ Կազմակերպություն)՝ սույն օրենքին համապատասխան կամավորներ և (կամ) կամավոր աշխատանք կատարող այլ անձանց հավաքագրող և նրանց կամավոր աշխատանքները կազմակերպող և (կամ) կամավոր աշխատանքների կատարման կարիքն ունեցող և (կամ) նրանց` կամավոր աշխատանքների նպատակաուղղող (այսուհետ՝  ներգրավող) Կազմակերպություն:

6) կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի սուբյեկտ՝ Կազմակերպություն, կամավոր, կամավոր աշխատանք կատարող այլ անձ.

7) կամավոր աշխատանքի մասին պայմանագիր՝ կամավորի և Կազմակերպության միջև կամավոր աշխատանք կատարելու մասին գրավոր համաձայնություն.

8) օգնություն ցուցաբերելու նպատակով կատարվող աշխատանք՝ ընտանեկան, ազգակցական, ընկերական կամ հարևանական հարաբերությունների հիման վրա կատարվող աշխատանք.

9) կամավորական ծրագիր՝ կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի սուբյեկտների կողմից մշակվող և (կամ) իրականացվող, որոշակի խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների համալիր.

10) կամավորական գործողություն (ակցիա)՝ կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի սուբյեկտների կողմից սույն օրենքին  համապատասխան իրականացվող մեկանգամյա և (կամ) մշտական բնույթ չկրող միջոցառում.

11) հաշվառման մատյան՝ Կազմակերպության կողմից կամավորների, ինչպես նաև կամավորական գործողության (ակցիայի) շրջանակներում կամավոր աշխատանք կատարող այլ անձանց վերաբերյալ սույն օրենքի 19-րդ հոդվածով սահմանված կարգով վարվող փաստաթուղթ:

 

Հոդված 4. Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի սկզբունքները

 

  1. Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի սկզբունքներն են`
  • կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի սուբյեկտների կամքի ազատությունը.
  • անշահախնդրությունն ու կատարված աշխատանքի անհատուցելիությունը.
  • կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի հետ կապված հարաբերությունների կողմերի իրավահավասարությունը.
  • նախաձեռնողականությունը, մարդասիրությունը և մարդու իրավունքների ու ազատությունների հարգումը.
  • կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի ընթացքում կամավորների և այլ անձանց առողջության և անվտանգության ապահովումը.
  • կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի բնագավառում ազգային, տարածաշրջանային և միջազգային համագործակցությունը:

 

Հոդված 5. Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի հիմնական նպատակները

 

  1. Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի հիմնական նպատակներն են`
  • հանրային խնդիրների լուծմանն աջակցելը.
  • անձանց՝ սոցիալական խնդիրների ինքնուրույն լուծման նպատակով անհրաժեշտ հմտությունների ձեռք բերմանն ու զարգացմանը, ինչպես նաև ֆիզիկական և (կամ) մտավոր խնդիրներ ունեցող և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման խթանմանն աջակցելը.
  • հասարակության խոցելի խմբերի (ներառյալ` կանանց, երեխաների, տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց) իրավունքների պաշտպանությունը և նրանց նկատմամբ ոչ խտրական վերաբերմունք, փոխօգնության մթնոլորտ ձևավորելը.
  • քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության, այդ թվում՝ տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների վերացման աշխատանքներին, փրկարարական գործողություններին, տուժածներին օգնության ցուցաբերման, ինչպես նաև աղետների ռիսկերի կառավարման միջոցառումներին աջակցելը.
  • կամավորական գործունեությանն ու կամավոր աշխատանքին ուղղված նախաձեռնությունները զարգացնելն ու աջակցելը և (կամ) դրանց մասին հանրությանն իրազեկելը.
  • սոցիալական պատասխանատվության և համերաշխության մթնոլորտի կայացմանը, ինչպես նաև ինքնակազմակերպվող և ակտիվ քաղաքացիական հասարակության ձևավորմանն աջակցելը.
  • հանրությանը մարդասիրական գաղափարների և սկզբունքների ոգով դաստիարակելը, կրթելը և հասարակական գործունեության մեջ ներգարվման հնարավորություն ընձեռելը,
  • մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունն ու դրանց մասին հասարակության իրազեկման մակարդակի բարձրացումն ապահովելը,
  • անձի՝ իր կրթությամբ, որակավորմամբ, գիտելիքներով ու հմտություններով օգտակար լինելու գիտակցության ձևավորմանը և նոր հմտություններ ու փորձառություն ձեռք բերելուն նպաստելը:

 

Հոդված 6. Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի սահմանափակումներն ու առանձնահատկությունները

 

  1. Հատուկ (նեղ մասնագիտական) գործունեություն կամ աշխատանք պահանջող բնագավառներում և աշխատանքներում կամավորական գործունեություն կարող է իրականացվել կամ կամավոր աշխատանք կարող է կատարվել՝ մասնագիտական գործունեության կամ աշխատանքի համապատասխան իրավասությունն ունենալու դեպքում՝ պահպանելով օրենքով նախատեսված սահմանափակումներն ու առանձնահատկությունները:
  2. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված՝ օգնություն ցուցաբերելու նպատակով կատարվող աշխատանքները, զինվորական կամավորությունը, օրենքով սահմանված կարգով և դեպքերում առանց վարձատրության աշխատանքները (ներառյալ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի, համանախագահների կամ մյուս անդամների կամ այլ պաշտոնատար անձանց չվարձատրվող՝ հասարակական աշխատանքները կամ օրենքով սահմանված դեպքերում դատարանի կողմից նշանակված, իրավասու մարմնի կողմից որոշված վայրում չվարձատրվող՝ դատապարտյալների կողմից հանրության համար օգտակար հանրային աշխատանքները կամ ուղղիչ հիմնարկներում դատապարտյալների չվարձատրվող աշխատանքները) չեն համարվում կամավոր աշխատանքներ:
  3. Կամավորին և կամավոր աշխատանք կատարող այլ անձին արգելվում է ներգրավել Կազմակերպության ձեռնարկատիրական գործունեությանը:
  4. Առևտրային կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը սույն օրենքին համապատասխան կարող է ներգրավել կամավորների և (կամ) կամավոր աշխատանք կատարող այլ անձանց` միայն իր` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բարեգործական որակված ծրագրերի շրջանակներում.
  5. Հայաստանի Հանրապետությունում կամավոր աշխատանք կարող է կատարել տասնվեց տարին լրացած, օրենքով սահմանված կարգով լրիվ ծավալով աշխատանքային գործունակություն ձեռք բերած յուրաքանչյուր անձ:
  6. Մինչև տասնվեց տարեկան անձինք կարող են ընդգրկվել միայն նրանց առողջությանը, անվտանգությանը, կրթությանը և բարոյականությանը չվնասող կամավոր աշխատանքներում՝ ծնողներից մեկի կամ որդեգրողի կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությամբ:
  7. Կազմակերպության միջոցով օտարերկրյա պետությունում կամավոր աշխատանքի կամ կամավորական գործողության (ակցիայի)` մինչև տասնութ տարեկան ֆիզիկական անձինք կարող են ներգրավվել միայն ծնողներից մեկի կամ որդեգրողի կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությամբ:
  8. Հղի կանայք, մինչև երեք տարեկան երեխա խնամող անձինք, ինչպես նաև մինչև տասնութ տարեկան անձինք կամավոր աշխատանքի կարող են ներգրավվել՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված սահմանափակումներին ու առանձնահատկություններին համապատասխան:  
  9. Եթե հաստատվում է, որ կամավոր աշխատանքը վտանգել է կամ կարող է վտանգել կամավորի կամ կամավոր աշխատանք կատարող այլ անձի առողջությանը, ապա Կազմակերպությունը նրանց կարող է ներգրավել միայն տվյալ աշխատանքից տարբերվող այլ աշխատանքներում:

ԳԼՈՒԽ 2

ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՄԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 7. Կամավորի և կամավոր աշխատանք կատարող այլ անձի իրավունքները

 

  1. Կամավորը կամ կամավոր աշխատանք կատարող այլ անձն իրավունք ունի`
  • Կազմակերպությունից ստանալու անհրաժեշտ խորհրդատվություն և աջակցություն, ինչպես նաև իր կամավոր աշխատանքին առնչվող ցանկացած տեղեկատվություն.
  • մասնակցելու Կազմակերպության կամավորական ծրագրերի մշակմանը և իրականացմանը.
  • մասնակցելու Կազմակերպության կողմից կազմակերպվող կամավորական գործողություններին (ակցիաներին).
  • սույն օրենքով սահմանված դեպքերում և կարգով ստանալու կամավոր աշխատանքի կատարման համար անհրաժեշտ ֆինանսական և (կամ) գույքային միջոցներ, ինչպես նաև կամավոր աշխատանքի կատարման ընթացքում իր կատարած լրացուցիչ ծախսերի փոխհատուցում.
  • օրենքով սահմանված դեպքերում և կարգով ստանալու վնասի հատուցում.
  • մասնակցելու Կազմակերպության կազմակերպած կրթական ծրագրերին և իր կամավոր աշխատանքին առնչվող իրազեկման այլ միջոցառումներին.
  • սույն օրենքով սահմանված դեպքերում և կարգով խրախուսվելու.
  • սույն օրենքի 15-րդ հոդվածով սահմանված կարգով աշխատանքային ժամերին կամավոր աշխատանք կատարելու դեպքում՝ աշխատատեղը (պաշտոնը) պահպանելու.
  • ունենալու սույն օրենքով, այլ օրենքներով նախատեսված այլ իրավունքներ:
  1. Կամավորը, սույն հոդվածի 1-ին մասով սահմանված իրավունքներից բացի, իրավունք ունի կամավոր աշխատանքի մասին պայմանագրով նախատեսված դեպքերում և կարգով ունենալու կամավոր աշխատանքի հետ կապված հնարավոր ռիսկերից ապահովագրության երաշխիքներ:
  2. Կամավոր աշխատանք կատարող այլ անձը, սույն հոդվածի 1-ին մասով սահմանված իրավունքներից բացի, իրավունք ունի՝
  • սույն օրենքին համապատասխան կատարելու կամավոր աշխատանքներ ինչպես ինքնուրույն, այնպես էլ` Կազմակերպությունների հետ համատեղ.
  • մշակելու և (կամ) իրականացնելու կամավորական ծրագրեր և (կամ) կամավորական գործողություններ (ակցիաներ).
  • սույն օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով ձեռք բերելու կամավորին հավասար կարգավիճակ:

 

Հոդված 8. Կամավորի և կամավոր աշխատանք կատարող այլ անձի պարտականությունները

 

  1. Կամավորը կամ կամավոր աշխատանք կատարող այլ անձը պարտավոր է՝
  • չտարածել կամավոր աշխատանքը կատարելու ընթացքում իրեն հայտնի դարձած` մարդու կյանքի և (կամ) առողջության մասին կամ պետական, ծառայողական, բանկային, առևտրային, բժշկական, փաստաբանական գաղտնիք պարունակող տեղեկությունները,
  • կամավոր աշխատանքը կատարել առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերաբերալ նորմատիվ իրավական ակտերի պահանջներին համապատասխան,
  • օրենքով սահմանված դեպքերում և կարգով հատուցել սույն հոդվածով սահմանված պարտականությունները կատարելիս՝ իր գործողության կամ անգործության հետևանքով անձին պատճառած նյութական վնասը,
  • անցնել պարտադիր բժշկական զննությունը, եթե կամավոր աշխատանքը կատարվելու է այնպիսի աշխատանքներում, որոնք պահանջում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նախնական և պարբերական բժշկական զննություն,
  • կրել սույն օրենքով, այլ օրենքներով սահմանված այլ պարտականություններ:
  1. Կամավորը, սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պարտականություններից բացի, պարտավոր է`
  • Կազմակերպության հետ սույն օրենքով սահմանված կարգով կնքելու կամավոր աշխատանքի մասին պայմանագիր.
  • նպատակային ու բարեխղճորեն օգտագործել Կազմակերպության հատկացրած միջոցները,
  • Կազմակերպության պահանջով տրամադրել իր կամավոր աշխատանքի մասին տեղեկատվություն,
  • Կազմակերպության պահանջով տրամադրել հաշվառման մատյանում տեղեկատվության լրացման համար անհրաժեշտ փաստաթղթերը, բացառությամբ սույն օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքի,
  • մասնակցել Կազմակերպության կազմակերպած և իր կամավոր աշխատանքին առնչվող կրթական ծրագրերին, իրազեկման այլ միջոցառումներին՝ տվյալ կամավոր աշխատանքը կատարելու համար պարտադիր նախապայման լինելու դեպքում:
  1. Կազմակերպության կողմից կազմակերպվող կամավորական գործողություններին (ակցիաներին) ներգրավվելու դեպքում՝ կամավոր աշխատանք կատարող այլ անձի վրա տարածվում են նաև սույն հոդվածի 2-րդ մասի 2-5-րդ կետերով սահմանված պարտականությունները:

 

Հոդված 9. Կազմակերպության իրավունքները

 

  1. Կազմակերպությունն իրավունք ունի`
  • մշակելու և իրականացնելու կամավորական ծրագրեր և կամավորական գործողություններ (ակցիաներ) ինչպես ինքնուրույն, այնպես էլ՝ կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի այլ սուբյեկտների հետ համատեղ.
  • սույն օրենքով սահմանված դեպքերում և կարգով ներգրավելու կամավորների և (կամ) կամավոր աշխատանք կատարող այլ անձանց.
  • կամավորից, ինչպես նաև իր կազմակերպած կամավորական գործողության (ակցիայի) շրջանակներում կամավոր աշխատանք կատարող այլ անձից ստանալու տեղեկատվություն՝ կատարված կամավոր աշխատանքների վերաբերյալ.
  • լուսաբանելու իր կամավորական գործունեության արդյունքները.
  • կամավորից, ինչպես նաև կամավոր աշխատանք կատարող այլ անձից պահանջելու կրթության կամ անհրաժեշտ որակավորման մասին վկայական, եթե կամավոր աշխատանքը կատարվելու է հատուկ (նեղ մասնագիտական) աշխատանքներում.
  • կամավորի, ինչպես նաև կամավոր աշխատանք կատարող այլ անձի ցանկության դեպքում` նրանց կատարած կամավոր աշխատանքի մասին տեղեկատվություն կամ երաշխավորագրեր ներկայացնելու այլ անձանց.
  • սույն օրենքով սահմանված կարգով և դեպքերում հաշվառման մատյան վարելու.
  • ունենալու սույն օրենքով, այլ օրենքներով սահմանված այլ իրավունքներ:

         

Հոդված 10. Կազմակերպության պարտականությունները

 

  1. Կազմակերպությունը պարտավոր է՝
  • սույն օրենքով սահմանված դեպքերում և կարգով կամավորների հետ կնքել կամավոր աշխատանքի մասին պայմանագրեր,
  • կամավորի ցանկության դեպքում՝ ապահովել կամավորի մասնակցությունն իր կողմից իրականացվող կամավորական ծրագրերի մշակմանը,
  • կամավորին կամ իր կազմակերպած կամավորական գործողության (ակցիայի) շրջանակներում կամավոր աշխատանք կատարող այլ անձին տրամադրել տեղեկատվություն իր կամավորական գործունեության և (կամ) կատարվող կամավոր աշխատանքի մասին,
  • ապահովել կամավորի, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում՝ իր կազմակերպած կամավորական գործողության (ակցիայի) շրջանակներում կամավոր աշխատանք կատարող այլ անձի մասնակցությունն իր կազմակերպած համապատասխան կրթական ծրագրերին, կամավոր աշխատանքին առնչվող իրազեկման այլ միջոցառումներին՝ այդ նպատակով համագործակցելով համապատասխան կրթական հաստատությունների հետ,
  • սույն օրենքով սահմանված դեպքերում և կարգով տրամադրել կամավոր աշխատանքի կատարման համար անհրաժեշտ ֆինանսական և (կամ) գույքային միջոցներ,
  • սույն օրենքով սահմանված դեպքերում և կարգով փոխհատուցել կամավոր աշխատանքի ընթացքում կամավորի, ինչպես նաև իր կազմակերպած կամավորական գործողության (ակցիայի) շրջանակներում կամավոր աշխատանք կատարող այլ անձի՝ այդ աշխատանքի ընթացքում կատարած լրացուցիչ ծախսերը,
  • ստեղծել կամավոր աշխատանքի կատարման համար անհրաժեշտ, անվտանգ և առողջության համար անվնաս պայմաններ, ինչպես նաև կամավոր աշխատանքի համար անհրաժեշտ մատչելի պայմաններ, եթե կամավորը կամ իր կազմակերպած կամավորական գործողության (ակցիայի) շրջանակներում կամավոր աշխատանք կատարող այլ անձն ունի հաշմանդամություն,
  • մինչև կամավորի և անհրաժեշտության դեպքում՝ իր կազմակերպած կամավորական գործողության (ակցիայի) շրջանակներում կամավոր աշխատանք կատարող այլ անձի կամավոր աշխատանքի անցնելը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան նրանց հետ անցկացնել առողջության պահպանման և աշխատանքի անվտանգության ապահովման և կատարվող աշխատանքի առանձնահատկությունների վերաբերյալ հրահանգավորում,
  • իր միջոցների հաշվին ապահովել կամավորի և անհրաժեշտության դեպքում՝ իր կազմակերպած կամավորական գործողության (ակցիայի) շրջանակներում կամավոր աշխատանք կատարող այլ անձի պարտադիր բժշկական զննությունը, եթե կամավոր աշխատանքը կատարվելու է այնպիսի աշխատանքներում, որոնք պահանջում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նախնական և պարբերական բժշկական զննություն, ինչպես նաև մինչև տասնութ տարեկան անձանց կամավոր աշխատանքի ներգրավելու դեպքում,
  • օրենքով սահմանված դեպքերում և կարգով հատուցել կամավորի, ինչպես նաև իր կազմակերպած կամավորական գործողության (ակցիայի) շրջանակներում կամավոր աշխատանք կատարող այլ անձի կրած վնասը,
  • օրենքով սահմանված դեպքերում և կարգով հատուցել կամավորի, ինչպես նաև իր կազմակերպած կամավորական գործողության (ակցիայի) շրջանակներում կամավոր աշխատանք կատարող այլ անձի՝ սույն օրենքի 8-րդ հոդվածով սահմանված պարտականությունները կատարելիս (գործողության կամ անգործության հետևանքով) անձին պատճառած նյութական վնասը,
  • համապատասխան լիազորագրի առկայության դեպքում օրենքով սահմանված կարգով ներկայացնել կամավորի, ինչպես նաև իր կազմակերպած կամավորական գործողության (ակցիայի) շրջանակներում կամավոր աշխատանք կատարող այլ անձի իրավունքներն ու շահերը երրորդ անձանց առջև և (կամ) այլ կազմակերպություններում, դատարանում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում,
  • կազմակերպել և հսկել կամավորի, ինչպես նաև կամավորական գործողության (ակցիայի) շրջանակներում կամավոր աշխատանք կատարող այլ անձի կողմից կատարվող կամավոր աշխատանքները՝ իր կողմից սահմանված կարգով,
  • կամավոր աշխատանքի մասին պայմանագրով նախատեսված դեպքերում և կարգով ապահովագրել կամավորին՝ կամավոր աշխատանքի հետ կապված դժբախտ դեպքերից, մասնագիտական հիվանդություններից, ինչպես նաև ապահովագրել այդ կամավորի քաղաքացիական պատասխանատվությունը՝ երրորդ անձանց գույքային կամ անձնական վնաս պատճառելու ռիսկի հետ կապված,
  • կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի հետ կապված հարաբերությունները կարգավորելու նպատակով ընդունել ներքին և անհատական իրավական ակտեր,
  • կամավորին կամ իր կազմակերպած կամավորական գործողության (ակցիայի) շրջանակներում կամավոր աշխատանք կատարող (կատարած) այլ անձին` սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված կոչումը շնորհելու նպատակով` համապատասխան թեկնածուների տվյալները ներկայացնել լիազոր մարմին,
  • կրել սույն օրենքով, այլ օրենքներով սահմանված այլ պարտականություններ:

 

Հոդված 11. Կամավորի՝ կամավոր աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունները

 

  1. Կամավոր աշխատանքի ընթացքում կամավորի՝ հանգստի կամ սնվելու համար ընդմիջումները, ամենօրյա, ամենշաբաթյա, ամենամյա անընդմեջ հանգիստը սահմանվում են կողմերի համաձայնությամբ՝ առնվազն պահպանելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով համապատասխան աշխատանքի համար սահմանված հանգստի նվազագույն տևողությունները:

 

Հոդված 12. Կազմակերպության կողմից կատարվող ծախսերը և կամավոր աշխատանքի հետ կապված ծախսերի փոխհատուցումը

 

  1. Կամավոր աշխատանքի կատարման համար անհրաժեշտ ծախսերի նպատակով կամավորին կամ կամավորական գործողության (ակցիայի) շրջանակներում կամավոր աշխատանք կատարող այլ անձին ֆինանսական և (կամ) գույքային միջոցները նախապես տրամադրվում են՝ Կազմակերպության կողմից, իսկ նրանց` կամավոր աշխատանքներից բխող լրացուցիչ ծախսերը փոխհատուցվում են այդ ծախսերը հիմնավորող փաստաթղթերի առկայության դեպքում:
  2. Իր բնակության վայրից դուրս կամավոր աշխատանք կատարելու դեպքում՝ Կազմակերպության կողմից կամավորին կամ կամավորական գործողության (ակցիայի) շրջանակներում կամավոր աշխատանք կատարող այլ անձին տրվում է նաև ծախսերի փոխհատուցում՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ` գործուղման ծախսերի փոխհատուցման համար նախատեսված կարգին և չափերին համապատասխան:
  3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված միջոցներից և ծախսերի փոխհատուցումից կամավորը կամ գործողության (ակցիայի) շրջանակներում կամավոր աշխատանք կատարող այլ անձը կարող է ամբողջությամբ կամ մասամբ հրաժարվել:

 

Հոդված 13. Կամավոր աշխատանքի խրախուսումը

 

  1. Հայաստանի Հանրապետությունում կամավոր աշխատանքը խրախուսելու նպատակով շնորհվում են հետևյալ կոչումները.

1) Հայաստանի Հանրապետության պատվավոր կամավոր.

2) Հայաստանի Հանրապետության տարվա կամավոր:

  1. Հայաստանի Հանրապետության տարվա կամավորի կամ պատվավոր կամավորի կոչումները շնորհվում են՝ հիմք ընդունելով կամավոր աշխատանքի հանրօգուտ արդյունքի կարևորությունն ու կատարված աշխատանքը:
  2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված կոչումը շնորհում է Հանրապետության Նախագահը՝ օրենքով սահմանված կարգով, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված կոչումը շնորհվում է կամավորական կազմակերպության կողմից՝ իր կողմից սահմանված կարգով:
  3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված կոչումը շնորհելու նպատակով` համապատասխան թեկնածուների տվյալները Հանրապետության Նախագահին ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
  4. 5. Կազմակերպությունը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված խրախուսման ձևերից բացի կարող է կիրառել նաև խրախուսման այլ ձևեր՝ հաշվի առնելով սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված սկզբունքը։

 

ԳԼՈՒԽ 3

ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՄԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԿԱՄԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆԸ

 

Հոդված 14. Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի հետ կապված հարաբերությունները

 

  1. Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի հետ կապված հարաբերությունները կողմերի փոխադարձ համաձայնության վրա հիմնված այն հարաբերություններն են, որոնք ծագում են կամավորի և Կազմակերպության միջև սույն օրենքով սահմանված կարգով կնքված կամավոր աշխատանքի մասին պայմանագրով:
  2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հարաբերությունները չեն համարվում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված աշխատանքային հարաբերություններ, իսկ պայմանագիրը՝ աշխատանքային պայմանագիր:

 

Հոդված 15. Աշխատող (սովորող) անձանց կողմից կամավոր աշխատանքներ կատարելու դեպքերն ու կարգը

 

  1. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող աշխատողը կամ ուսումնառության գործընթացում գտնվող ֆիզիկական անձը կարող է կամավոր աշխատանք կատարել իր աշխատանքից կամ ուսումնառությունից ազատ ժամանակ, իսկ աշխատանքային և (կամ) ուսուցման ժամերին կամավոր աշխատանք կարող է կատարվել միայն գործատուի և (կամ) ուսումնական հաստատության համապատասխան իրավասություն ունեցող պաշտոնատար անձի գրավոր համաձայնությամբ:
  2. Այն անձինք, ովքեր աշխատանքային հարաբերությունների շրջանակներում աշխատավարձ են ստանում Հայաստանի Հանրապետության պետական կամ համայնքային բյուջեներից, աշխատանքային ժամերին կամավոր աշխատանք կարող են կատարել միայն քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառներում:
  3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված դեպքերում աշխատանքային և (կամ) ուսուցման ժամերին կատարված կամավոր աշխատանքի ժամանակահատվածը հաշվարկվում է աշխատողի աշխատանքային ստաժում, պահպանվում է աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձանց աշխատատեղը (պաշտոնը), իսկ աշխատավարձի վճարման հարցը կարգավորվում է կողմերի համաձայնությամբ, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Ուսումնառության գործընթացում գտնվող անձանց բացակաները համարվում են հարգելի:

 

          Հոդված 16. Կամավոր աշխատանքի մասին պայմանագրի կնքման կարգը

 

  1. Կամավոր աշխատանքի մասին պայմանագիրը կնքվում է որոշակի ժամկետով:
  2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պայմանագիրը կնքվում է գրավոր ձևով, երկու օրինակից` կողմերի, իսկ մինչև տասնչորս տարեկան անձանց հետ կնքվող պայմանագրերի դեպքում՝ ծնողներից մեկի կամ որդեգրողի կամ խնամակալի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով, որի մեկ օրինակը Կազմակերպությունը հանձնում է կամավորին, իսկ մինչև տասնչորս տարեկան կամավորի դեպքում` ծնողներից մեկին կամ որդեգրողին կամ խնամակալին:
  3. Կազմակերպությունն իր աշխատողի հետ չի կարող կնքել կամավոր աշխատանքի մասին պայմանագիր:
  4. Կամավոր աշխատանք կատարող այլ անձի (այդ թվում՝ Կազմակերպության կազմակերպած կամավորական գործողության (ակցիայի) շրջանակներում) կամավոր աշխատանքը կատարվում է առանց կամավոր աշխատանքի մասին պայմանագրի:

 

Հոդված 17. Կամավոր աշխատանքի մասին պայմանագրի բովանդակությունը

 

  1. Կամավոր աշխատանքի մասին պայմանագրում նշվում են`
  • պայմանագիրը կնքելու տարին, ամիսը, ամսաթիվը,
  • պայմանագիր կնքող Կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը,
  • կամավորի անունը, ազգանունը, նրա ցանկությամբ` նաև հայրանունը, ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը, բնակության վայրը,
  • կամավորի անձը հաստատող փաստաթղթի վավերապայմանները,
  • կամավոր աշխատանքի անվանումը և (կամ) գործառույթները,
  • բարեգործական ծրագրի անվանումը՝ օրենքով սահմանված կարգով բարեգործական որակված ծրագրի իրականացման աշխատանքներում կամավորին ներգրավելու դեպքում,
  • կամավոր աշխատանքը կատարելու հետ կապված հնարավոր ռիսկերը,
  • սույն օրենքով սահմանված դեպքերում՝ ապահովագրության վերաբերյալ կարգավորումները,
  • կամավոր աշխատանքը կատարելու կարգն ու պայմանները,
  • պայմանագրի գործողության ժամկետը,
  • Կազմակերպության անունից պայմանագիրը ստորագրող անձի պաշտոնը, անունը, ազգանունը, նրա ցանկությամբ` նաև հայրանունը, կողմերի տվյալները և ստորագրությունները:
  1. Կամավոր աշխատանքի մասին պայմանագրում կարող են ներառվել նաև սույն օրենքից բխող և (կամ) սույն օրենքին չհակասող այլ պայմաններ:

 

Հոդված 18. Կամավոր աշխատանքի մասին պայմանագրի պայմանների  փոփոխման և պայմանագրի լուծման հիմքերն ու կարգը

 

  1. Կամավոր աշխատանքի մասին պայմանագիրը կարող է փոփոխվել կամ լուծվել կողմերի համաձայնությամբ:
  2. Կամավոր աշխատանքի մասին պայմանագիրը լուծվում է նաև՝
  • պայմանագրի գործողության ժամկետը լրանալու դեպքում.
  • եթե կամավորի համար առկա է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված հղիության և (կամ) ծննդաբերության արձակուրդ տրամադրելու հիմքերից որևէ մեկը.
  • կամավորի՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու դեպքում.
  • դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայության դեպքում, որին համապատասխան` կամավորը ենթարկվել է այնպիսի պատասխանատվության, որը հնարավորություն չի տալիս շարունակելու կամավոր աշխատանքը,
  • եթե օրենսդրությամբ սահմանված կարգով կամավորը զրկվել է տվյալ աշխատանքները կատարելու իրավունքներից.
  • սույն օրենքով սահմանված կարգով կամավոր աշխատանքի մասին պայմանագիր կնքելիս՝ կամավորի կամ Կազմակերպության կողմից ներկայացված տեղեկատվությունը կեղծ լինելու կամ որոշակի աշխատանքներ կատարելու իրավունքներից զրկված լինելու փաստը կամավորի կողմից թաքցնելու դեպքում.
  • կամավորի կողմից ոգելից խմիչքների, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ազդեցության տակ կամավոր աշխատանքի վայրում գտնվելու դեպքում.
  • կամավորի մահվան դեպքում.
  • Կազմակերպության լուծարման  դեպքում,
  • Կամավոր աշխատանքի մասին պայմանագրով սահմանված այլ դեպքերում:
  1. Կամավոր աշխատանքի մասին պայմանագիրը կողմերից մեկի նախաձեռնությամբ լուծելու դեպքում նախապես գրավոր տեղեկացվում է մյուս կողմին առնվազն 3 աշխատանքային օր առաջ, եթե տեղեկացման այլ կարգ նախատեսված չէ կամավոր աշխատանքի մասին պայմանագրով:

           

Հոդված 19. Հաշվառման մատյանը

 

  1. Կազմակերպությունը կամավորների համար կարող է վարել հաշվառման մատյան:
  2. Հաշվառման մատյանում վարվող տեղեկատվությունը պետք է ներառի՝
  • կամավորի կամ կամավոր աշխատանք կատարող այլ անձի գրանցման հերթական համարը,
  • կամավորի կամ կամավոր աշխատանք կատարող այլ անձի անունը, ազգանունը, ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը, բնակության և (կամ) հաշվառման վայրը, ինչպես նաև հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն (առկայության դեպքում),
  • կամավորի կամ կամավոր աշխատանք կատարող այլ անձի` անձը հաստատող փաստաթղթի վավերապայմանները,
  • մասնագիտական որակավորումը, ինչպես նաև ցանկության դեպքում՝ մասնագիտական աշխատանքային ստաժը և (կամ) կամավոր աշխատանքի ստաժը,
  • կամավորի կամ կամավոր աշխատանք կատարող այլ անձի կամավոր աշխատանքը սկսելու տարին, ամիսը, ամսաթիվը,
  • կամավորի կամ կամավոր աշխատանք կատարող այլ անձի կամավոր աշխատանքն ավարտելու տարին, ամիսը, ամսաթիվը,
  • կամավորի կամ կամավոր աշխատանք կատարող այլ անձի կամավոր աշխատանքի անվանումը և (կամ) գործառույթները,
  • բարեգործական ծրագրի անվանումը՝ կամավորին կամ կամավոր աշխատանք կատարող այլ անձին օրենքով սահմանված կարգով բարեգործական որակված ծրագրի իրականացման աշխատանքներում ներգրավելու դեպքում:
  1. Կազմակերպության կողմից հաշվառումը կատարվում է կամավորի համար՝ կամավոր աշխատանքի մասին պայմանագիրը կնքելու օրվանից մինչև կամավոր աշխատանքի մասին պայմանագիրը լուծելու օրը, կամ կամավորական գործողության (ակցիայի) շրջանակներում կամավոր աշխատանք կատարող այլ անձի համար՝ կամավոր աշխատանք կատարելու օրվանից սկսված և ավարտվել՝ տվյալ անձի կամավոր աշխատանքները դադարեցնելու օրվա դրությամբ:
  2. Կամավորը կամ կամավորական գործողության (ակցիայի) շրջանակներում կամավոր աշխատանք կատարող այլ անձը կարող է գրավոր հրաժարվել և չհաշվառվել սույն հոդվածով սահմանված հաշվառման մատյանում:
  3. Կամավոր աշխատանք կատարող այլ անձի կողմից ինքնուրույն (այդ թվում՝ ինքնուրույն կազմակերպած կամավորական գործողությունների (ակցիաների) շրջանակներում) կատարվող կամավոր աշխատանքների համար հաշվառման մատյան չի վարվում:
  4. Կամավոր աշխատանք կատարող այլ անձի վերաբերյալ տեղեկատվությունը՝ սույն հոդվածով սահմանված կարգով հաշվառման մատյանում ներառվելու դեպքում, տվյալ անձը ձեռք է բերում կամավորին հավասար կարգավիճակ:

 

ԳԼՈՒԽ 4

ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՄԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ, ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՄԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

 

Հոդված 20. Լիազոր մարմնի իրավասությունները

 

  1. Լիազոր մարմնի իրավասություններն են`
  • կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի բնագավառի պետական քաղաքականության մշակումն ու իրականացումը.
  • կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի խթանման և զարգացման ծրագրերի մշակումը և իրականացման ապահովումը.
  • կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի սուբյեկտներին տեղեկատվական, մեթոդական և խորհրդատվական աջակցության տրամադրումը.
  • սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված կոչումը շնորհելու նպատակով` համապատասխան թեկնածուների տվյալները Հանրապետության Նախագահին ներկայացնելը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.
  • օրենքով սահմանված այլ իրավասություններ:

 

          Հոդված 21. Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի սուբյեկտների իրավունքների պաշտպանությունը, կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի հետ կապված վեճերի լուծումը

 

  1. Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի սուբյեկտների կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի հետ կապված իրավունքների պաշտպանությունը, կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի հետ կապված վեճերի լուծումը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված գործերի ենթակայությանը համապատասխան, իրականացնում է դատարանը:

 

ԳԼՈՒԽ 5

ԿԱՄԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ  ԿԱՄԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

 

Հոդված 22. Կամավոր աշխատանքի կազմակերպումը օտարերկրյա պետություններում և օտարերկրյա քաղաքացիների կամավոր աշխատանքը Հայաստանի Հանրապետությունում

 

  1. Կազմակերպությունը օտարերկրյա պետությունում կամավորական գործունեություն իրականացնելու նպատակով կամավորին կարող է գործուղել օտարերկրյա պետություն՝ օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության հրավերով:
  2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում օտարերկրյա պետությունում կամավորական գործունեությունը և կամավոր աշխատանքը կարգավորվում են սույն օրենքով, ընդունող պետության օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
  3. Կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության տարածքում սույն օրենքով սահմանված կարգով կամավոր աշխատանք կատարելու նպատակով կարող է հրավիրել օտարերկյա քաղաքացիներ:
  4. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում կամավոր աշխատանքի ընթացքում կամավորի կատարած, այդ թվում՝ կամավորին գործուղելու հետ կապված ծախսերի փոխհատուցումը սույն օրենքով սահմանված կարգով իրականացվում է Կազմակերպության և (կամ) ընդունող պետության կամ միջազգային կազմակերպության միջոցների հաշվին:

 

ԳԼՈՒԽ 6

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 23. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից երեք ամիս հետո:

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

OՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. Հայաuտանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 1062-րդ հոդվածում՝

  1. վերնագիրը և 1-ին մասը «իր աշխատողի» բառերից հետո լրացնել «կամ օրենքով սահմանված կարգով իր կողմից ներգրավված կամավորի կամ կամավոր աշխատանք կատարող այլ անձի» բառերով,
  2. 1-ին մասը «պաշտոնեական)» բառից հետո լրացնել «կամ կամավոր աշխատանքի շրջանակներում օրենքով սահմանված» բառերով,
  3. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 2.1-ին մասով.

«2.1. Սույն հոդվածի 1-ին մասի՝ կամավորի, կամավոր աշխատանք կատարող այլ անձի հասկացությունները, կամավոր աշխատանք կատարելու առանձնահատկությունները սահմանվում են օրենքով:»:

 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 1074-րդ հոդվածի 1-ին մասը «և այլն» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև կամավորի կամ կամավոր աշխատանք կատարող այլ անձի՝ կամավոր աշխատանքի շրջանակներում օրենքով սահմանված պարտականությունները կատարելիս,» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգրքի 1077-րդ հոդվածը «համապատասխան պարտականություններ» բառերից հետո լրացնել «կամ կամավոր աշխատանքի շրջանակներում օրենքով սահմանված պարտականություններ,» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 4. Օրենսգրքի 1079-րդ հոդվածը՝

  1. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 1.1-ին մասով.

«1.1. Կամավոր աշխատանքի շրջանակներում օրենքով սահմանված պարտականություններ կատարելիս տուժողի կորցրած աշխատավարձի (եկամտի) հատուցման ենթակա չափը որոշվում է միջին աշխատավարձից (եկամտից) տոկոսներով, որը նա ստացել է մինչև հաշմությունը կամ առողջության այլ վնասվածքը կամ աշխատունակության կորուստը՝ կամավոր աշխատանքից դուրս այլ՝ հիմնական կամ համատեղությամբ եկամտային հարկով հարկվող աշխատանքային և քաղաքացիական իրավական պայմանագրերով կատարվող աշխատանքներից, ձեռնարկատիրական գործունեությունից, ինչպես նաև հեղինակային հոնորարից:»,

  1. 2-րդ մասը «Տուժողի» բառից առաջ լրացնել «Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված՝» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից երեք ամիս հետո:

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

OՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. Հայաuտանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 147-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 12.1-ին կետով.

«12.1) օրենքով սահմանված կարգով կամավոր աշխատանքների կատարման հետ կապված ծախսերի փոխհատուցման վճարները.»:

 

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից երեք ամիս հետո:

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

OՐԵՆՔԸ

«ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. «Բարեգործության մասին» Հայաuտանի Հանրապետության 2002 թվականի հոկտեմբերի 8-ի ՀՕ-424-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի «կամավորները,» բառից հետո լրացնել «կամավոր աշխատանք կատարող այլ անձինք,» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 9.  Կամավորները և կամավոր աշխատանք կատարող այլ անձինք

Կամավորը, ինչպես նաև կամավոր աշխատանք կատարող այլ անձը սույն օրենքով սահմանված բարեգործությանը մասնակցում և բարեգործություն ստացողների օգտին կամավոր աշխատանքներ կատարում է օրենքով սահմանված կարգով:»:

 

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետից հանել «և կամավորների կատարած աշխատանքի» բառերը:

 

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասում «կամավորների գործունեության հետ կապված ծախսերը» բառերը փոխարինել «կամավոր աշխատանքների հետ կապված օրենքով սահմանված դեպքերում և կարգով կատարվող ծախսերը և լրացուցիչ ծախսերի փոխհատուցման վճարները» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 15-րդ հոդվածի՝

  1. 1-ին նախադասության՝
  • «և կամավորի» բառերը հանել,
  • 2-րդ և 4-րդ կետերը հանել,
  1. 4-րդ և 5-րդ նախադասությունները հանել,
  2. 6-րդ նախադասության «և կամավորների կատարած աշխատանքի» բառերը հանել:

 

ՀՈԴՎԱԾ 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից երեք ամիս հետո:

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

OՐԵՆՔԸ

«ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաuտանի Հանրապետության 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-22-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 17-րդ հոդվածի՝

  • 1-ին մասը «իր աշխատանքներում» բառերից հետո լրացնել «օրենքով սահմանված դեպքերում և կարգով» բառերով, իսկ «կամավորների» բառից հետո՝ «կամ կամավոր աշխատանք կատարող այլ անձանց» բառերով.
  • 2-րդ մասի 2-րդ նախադասությունը և 3-8-րդ մասերը հանել:

 

ՀՈԴՎԱԾ 2. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

  1. «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործողությունը տարածվում է նաև Կազմակերպությունների կողմից կամավորների հետ մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը կնքված կամավոր աշխատանքի մասին պայմանագրերի, ինչպես նաև այդ պայմանագրերից ծագած հարաբերությունների վրա:
  2. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը կամավորների հետ կնքված կամավոր աշխատանքի մասին պայմանագրերի համապատասխանեցումը «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին Կազմակերպությունները պարտավոր են կատարել սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում:

       

        ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից երեք ամիս հետո:

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

OՐԵՆՔԸ

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. «Սոցիալական աջակցության մասին» Հայաuտանի Հանրապետության 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-231-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 35-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3.1-ին կետով.

«3.1. Աջակցող ցանցի միջոցով սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված մարմինների, կազմակերպությունների կամավորական գործունեության, ինչպես նաև ֆիզիկական անձանց  կամավոր աշխատանքի՝ սույն օրենքով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» օրենքով սահմանված կարգով:»:

 

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից երեք ամիս հետո:

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

OՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. «Պետական տուրքի մասին» Հայաuտանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 22-րդ հոդվածի «ա» կետը «վեճերի» բառից հետո լրացնել «, ինչպես նաև կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի հետ կապված վեճերի» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր բ.1-ին կետով հետևյալ բովանդակությամբ.

«բ.1) Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով կամավորական գործունեություն կամ կամավոր աշխատանք կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող անձինք:»:

 

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից երեք ամիս հետո:

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

OՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաuտանի Հանրապետության 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-100-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասը «սպորտի» բառից հետո լրացնել «, կամավոր աշխատանքի» բառերով, իսկ 2-րդ մասը՝ «վաստակավոր կոլեկտիվի պատվավոր կոչումը» բառերից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության պատվավոր կամավոր կոչումը» բառերը:

 

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից երեք ամիս հետո:

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    27.05.2020 - 11.06.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Աշխատանք և զբաղվածություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8697

Տպել

Առաջարկներ`

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

11.06.2020

Նախագծով սահմանվել է հաշվառման մատյանի վարումը։ Թեպետ նշվել է, որ այն պետք է կրի հայեցողական բնույթ և ամեն դեպքում պետք է ելնել կամավորի համաձայնությունից՝ դրույթը ձևակերպվել է այնպես, որ մատյանը վարվում է ոչ թե կամավորի համաձայնության դեպքում, այլ քանի դեռ կամավորը չի հրաժարվել։ Նախագծի 19-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Կամավորը կամ կամավորական գործողության (ակցիայի) շրջանակներում կամավոր աշխատանք կատարող այլ անձը կարող է գրավոր հրաժարվել և չհաշվառվել սույն հոդվածով սահմանված հաշվառման մատյանում: Գտնում ենք, որ Նախագծի 19-րդ հոդվածի 4-րդ մասը պետք է ձևակերպվի հետևյալ կերպ՝ Հաշվառման մատյանը վարվում է կամավորի կամ կամավորական գործողության (ակցիայի) շրջանակներում կամավոր աշխատանք կատարող այլ անձի գրավոր համաձայնության դեպքում։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

11.06.2020

Նախագծի 18-րդ հոդվածով ամրագրվել են պայմանագրի լուծման հիմքերը, որպես հիմք առկա է նաև 7-րդ կետում սահմանված կամավորի կողմից ոգելից խմիչքների, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ազդեցության տակ կամավոր աշխատանքի վայրում գտնվելու դեպքը։ Նախագծով առաջարկվող կարգավորումներով բացակայում են կամավոր աշխատանքի վայրը սահմանող դրույթներ, ուստի եթե օրենսդիրը ելնում է պայմանագրի բովանդակությունը և էական պայմանները օրենքով սահմանելու տրամաբանությունից, պետք է հաշվի առնել նաև այս հանգամանքը, հակառակ դեպքում լուծման հիմքերից վկայակոչածը չի գործի։ Առաջարկում ենք Նախագծի 18-րդ հոդվածի 7-րդ կետը խմբագրել հետևյալ բովանդակությամբ՝ 7. Կամավորության գործունեություն և կամավորական աշխատանք կատարելու ժամանակ կամավորի կողմից ոգելից խմիչքների, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի օգտագործման դեպքում։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

11.06.2020

Նախագծի 6-րդ հոդվածը սահմանում է կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի սահմանափակումներն ու առանձնահատկությունները։ Մասնավորապես 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հատուկ (նեղ մասնագիտական) գործունեություն կամ աշխատանք պահանջող բնագավառներում և աշխատանքներում կամավորական գործունեություն կարող է իրականացվել կամ կամավոր աշխատանք կարող է կատարվել՝ մասնագիտական գործունեության կամ աշխատանքի համապատասխան իրավասությունն ունենալու դեպքում՝ պահպանելով օրենքով նախատեսված սահմանափակումներն ու առանձնահատկությունները: Իրավասությունը նշանակում է նորմատիվ իրավական ակտով սահմանված պետական մարմնի, տեղական ինքնակառավարման մարմնի, պաշտոնատար անձանց, հասարակական հարաբերությունների այլ մասնակիցների իրավունքներն ու պարտականություններ (Տե՛ս Авакьян С. А. Конституционный лексикон: Государственно-правовой терминологический словарь / С. А. Авакьян — М.: Юстицинформ, 2015, с. 514 ): Աշխատանքի իրավասությունը հաստատվում է անձի աշխատանքային համապատասխան ոլորտում իրավունքներն ու պարտականությունները սահմանող պարտադիր իրավաբանական ուժ ունեցող ակտով։ Անձը համապատասխան մասնագիտական գիտելիքներով ու հմտություններով օգտակար լինելու գիտակցության ձևավորմանը և նոր հմտություններ ու փորձառություն ձեռք բերելուն նպաստելու նպատակով աշխատանքի համապատասխան իրավասություն չունենալու դեպքում հնարավորություն չի ունենելու կատարելու կամավոր աշխատանք։ Կազմակերպությունը, հիմնվելով իր գործունեության առանձնահատկությունների և ուղղությունների վրա, հաշվի առնելով կամավորի աշխատանքի հնարավոր ազդեցությունը այլ անձանց կյանքի և առողոջության վրա, պետք է գնահատի կամավորի մասնագիտական գիտելիքները և հնարավորությունները կամավոր աշխատանքը իրականացնելու համար։ Ներկայացված խնդրի հաշվառմամբ անտրամաբանական է նախատեսել օրինակ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության, այդ թվում՝ տարերային աղետներին, տեխնոլոգիական վթարներին, համաճարակների վերացման աշխատանքներին, փրկարարական գործողություններին, տուժածներին օգնության ցուցաբերման, ինչպես նաև աղետների ռիսկերի կառավարման միջոցառումներին կամավորի մասնակցելու հնարավորությունը, իսկ սահմանափակումը պայմանավորել մասնագիտական գործունեության կամ աշխատանքի համապատասխան իրավասություն ունենալու հանգամանքով։ Նշված սահմանափակումը հակասում է Նախագծի 5-րդ հոդվածի 9-րդ մասում սահմանված՝ անձի՝ իր կրթությամբ, որակավորմամբ, գիտելիքներով ու հմտություններով օգտակար լինելու գիտակցության ձևավորմանը և նոր հմտություններ ու փորձառություն ձեռք բերելուն նպաստելու նպատակի իրականացմանը: Եթե կամավորական աշխատանքը կատարվում է կոնկրետ ոլորտում հմտություն կամ փորձառություն ձեռք բերելու նպատակներից ելնելով, և անձը դեռ չունի մասնագիտական գործունեության իրավասություն, նախագծով սահմանված կամավորության նպատակները դառնում են հռչակագրային։ Առաջարկում ենք 6-րդ հոդվածի 1-ին մասը խմաբգրել հետևյալ բովանադակությամբ՝ «1. Հատուկ (նեղ մասնագիտական) գործունեություն կամ աշխատանք պահանջող բնագավառներում և աշխատանքներում կամավորական գործունեություն կարող է իրականացվել կամ կամավոր աշխատանք կարող է կատարվել՝ մասնագիտական գործունեության կամ աշխատանքի համապատասխան գիտելիքների առկայության դեպքում՝ պահպանելով օրենքով նախատեսված սահմանափակումներն ու առանձնահատկությունները:

Տեսնել ավելին