Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

1991 թվականի սեպտեմբերից 2018 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում պարբերաբար տեղի են ունեցել մարդու իրավունքների զանգվածային խախտումներ՝ զուգակցված երկրում համակարգային և քաղաքական կոռուպցիայի երևույթների կայուն առկայությամբ, որպիսի հանգամանքն ընդգծվել է մի շարք միջազգային զեկույցներում:[1]

2018 թվականին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները հետևանք էին այս երևույթների արդյունքում հասարակության մեջ կուտակված անարդարության զգացման, որը կարող է հաղթահարված համարվել միայն իրավունքների խախտման վերաբերյալ տեղեկություններ հավաքագրելու, տուժողների խախտված իրավունքները, հնարավորինս վերականգնելու, անցյալին գնահատական տալու և ինստիտուցիոնալ բարեփոխումներ կատարելու, որպեսզի բացառվի հետագայում որևէ իրավիճակում նման երևույթների կրկնությունը:

Ըստ այդմ, 2019 թվականի հոկտեմբերի 10-ին հաստատված դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությամբ ամրագրվել է անցումային արդարադատության գործիքներ կիրառելու անհրաժեշտությունը: Այդպիսի տարածված գործիք է Փաստահավաք հանձնաժողովը՝ միջազգային պրակտիկայում ընդունված որպես ճշմարտության, որոշ դեպքերում նաև՝ հաշտեցման հանձնաժողովը:

Հանձնաժողովները ոչ դատական մարմիններ են, որոնց ստեղծման հիմնական նպատակն է ուսումնասիրել և բացահայտել անցյալում կատարված իրադարձությունները, հայտնաբերել դրանց պատճառները և հետևանքները: Հանձնաժողովներն իրենց զեկույցների և առաջարկությունների միջոցով նպաստում են դատական կարգով իրականացվող հետապնդումների և հատուցումների արդյունավետ իրականացմանը, օժանդակում հասարակության մեջ լռության և անվստահության մթնոլորտի հաղթահարմանը, ինչպես նաև ներկայացնում ինստիտուցիոնալ բարեփոխումների վերաբերյալ առաջարկներ նոր բռնությունները կանխելու համար:[2]

Հանձնաժողովների ստեղծման պատմությունը վկայում է, որ մարդու իրավունքների ոտնահարման լուրջ խախտումների քարտեզագրումը և փաստագրումը կարևոր քայլ է ճշմարտության իրավունքի իրացման համար:[3]

Աշխարհի տարբեր երկրներում և տարբեր ժամանակահատվածներում ստեղծվել և գործել են (գործում են) 40-ից ավելի նման հանձնաժողովներ, որոնք ընդգրկում են բավականին լայն աշխարհագրություն[4]: Այդ հանձնաժողովներից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները, որոնց սակայն միավորում են բազմաթիվ ընդհանուր գծեր և ուղղություններ, որոնք ուսումնասիրվել և ամփոփվել են տարբեր միջազգային կառույցների, հատկապես՝ Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի (International Center for Transitional Justice) զեկույցներում[5]:

Այսպես, օրինակ, Հարավաֆրիկյան Հանրապետության Ճշմարտության և Հաշտեցման հանձնաժողովը (The South African Truth and Reconciliation Commission (TRC) ստեղծվել էր՝ ապարտեիդի հետևանքով մարդու իրավունքների համակողմանի խախտումներին և բռնություններին անդրադառնալու համար[6]

Քենիայի Ճշմարտության և Հաշտեցման հանձնաժողովը ստեղծվել էր` ուսումնասիրելու մարդու իրավունքների խախտումներն ու չարաշահումները, կոռուպցիոն բնույթի խախտումները, հողերի զավթումները և սոցիալական, ինչպես նաև տնտեսական իրավունքների խախտումները սկսած Քենիայի անկախությունից ի վեր` 1962 թվականից[7]:

Թունիսի ճշմարտության և հաշտեցման հանձնաժողովները ևս ձևավորվել էին որպես անցումային արդարադատության հաստատություններ, որոնք զբաղվելու էին անձանց փոխհատուցումների, կոռուպցիայի և մարդկանց իրավունքների խախտումների ուսունասիրություններով, ինչպես նաև ինստիտուցիոնալ բարեխոխումների վերահսկողությամբ[8]: Ֆիլիպիններում 2010 թվականին ևս ձևավորվել էր ճշմարտության հանձնաժողով, որը զբաղվելու էր կոռուպցիայի դեպքերի ուսումնասիրություններով:[9] Նման հանձնաժողովներ ստեղծվել են նաև Վրաստանում[10], որտեղ պետք է ուսումնասիրվեին արդարադատության ընթացքում թույլ տրված սխալները, Լիբիայում[11], Չիլիում[12]` մարդու իրավունքների խախտումների դեպքերը բացահայտելու համար և մի շարք այլ երկրներում:

Քննարկվող հանձնաժողովների էության բացահայտման համար հարկ է անդրադառնալ դրանց խնդիրներին, բնութագրական գծերին, իրավասությունների շրջանակին և լիազորություններին:

Հանձնաժողովների հիմնական խնդիրներն են`

-  փաստերի պարզումը և պարզաբանումը,

-  տուժողների իրավունքների պաշտպանությունը, ճանաչումը, վերականգնումը,

-  դրական սոցիալ-քաղաքական փոփոխությունների իրականացումը:

Հանձնաժողովների հիմնական բնութագրական գծերն են՝

1) քրեական արդարադատությանը լրացնող ինստիտուտ է

Հարկ է նկատի ունենալ, որ հանձնաժողովները արդարադատության մարմիններ չեն: Նրանք քրեական պատասխանատվություն չեն սահմանում, պատժամիջոցներ չեն կիրառում: Եթե նրանք ձեռք բերեն հետաքննության համար օգտակար ապացույցներ, ապա դրանք կարող են աջակցել դատարանների աշխատանքին:

2) կենտրոնացած է մարդու իրավունքների հիմնարար խախտումների բացահայտման վրա

Պատմականորեն, ճշմարտության հանձնաժողովները ուղղված են եղել մարդու ֆիզիկական և հոգեկան բռնությունից և այլ ծանր հանցագործություններից պաշտպանությանը, սակայն ժամանակի ընթացքում նրանց դերն ընդլայնվել է՝ ներառելով նաև տնտեսական հանցագործությունները և կոռուպցիան՝ որպես ավտորիտար ռեժիմի երևույթներ:

3) ընդգրկում է խախտումների երկար ժամանակահատված

Ի տարբերություն խորհրդարանական քննիչ հանձնաժողովների, ճշմարտության հանձնաժողովների իրավազորությունը տարածվում է բավականին լայն ժամանակահատվածի դեպքերի վրա, ինչը հնարավորություն է տալիս հանձնաժողովներին բացահայտել պատմականորեն արմատավորված համակարգային խախտումները:

Հանձնաժողովների իրավասությունը (մանդատը) ներառում է.

- խախտումների շրջանակը.

Օրինակ՝ Պերուի հանձնաժողովի մանդատը ներառում էր` ա) սպանություններ և առևանգումներ, բ) բռնի անհետացումներ, գ) խոշտանգում և այլ կոպիտ խախտումներ, դ) բնիկների և Անդյան համայնքների կոլեկտիվ իրավունքների խախտումներ, ե) այլ հանցագործություններ և մարդու իրավունքների կոպիտ այլ խախտումներ[13]:

- խախտումների ժամանակահատվածը.

Խախտումներն ընդգրկող ժամանակահատվածի առումով տարբեր հանձնաժողովներ հիմք են ընդունել մինչև 40 տարվա վաղեմության ժամանակահատվածը, որոշները՝ նույնիսկ մինչև մի քանի շաբաթվա: Երկար ժամանակահատվածի ուսումնասիրությունները բավականին բարդ գործընթացներ են, ինչը պահանջում է բավարար ռեսուրսներով ապահովվածություն այդ ուսումնասիրությունները պատշաճ իրականացնելու համար:

- խախտումների սուբյեկտները

Վաղ շրջանի հանձնաժողովները, օրինակ՝ Արգենտինայի Անհետացածների հանձնաժողովը, կենտրոնացել էր միայն պետական պաշտոնյաների կողմից կատարված չարաշահումների (խախտումների) վրա: Այնուամենայնիվ, հետագա հանձնաժողովները կարևորել են հասարակությանը վնաս պատճառած բոլոր խախտումների հետաքննության անհրաժեշտությունը, լինի դա կատարված պետական իշխանության կամ այլ սուբյեկտների կողմից կատարված, այդ թվում՝ հակակառավարական ուժերի գործողությունները:

- խախտումների աշխարհագրությունը

Բոլոր հանձնաժողովներն իրենց ուսումնասիրությունները կենտրոնացրել են այն պետության տարածքում, որտեղ հիմնվել է հանձնաժողովը: Այնուամենայնիվ, շատ խախտումներ և չարաշահումներ կարող են ընդգրկել նաև այլ երկրների տարածքները կամ դրանցում ներգրավված լինեն նաև այլ երկրների քաղաքացիներ: Ուստի կարող են լինել դեպքեր, երբ հանձնաժողովի իրավասությունների շրջանակը պետք է ներառի այլ երկրների հետ հնարավոր համագործակցություն հետաքննությունների իրականացման հարցերում:

Հանձնաժողովների լիազորությունները:

Հանձնաժողովները, ընդհանուր առմամբ, օժտված են եղել հետևյալ լիազորություններով՝

1) հարցաքննել յուրաքանչյուրի՝ ով կարող է տրամադրել քննվող փաստերի վերաբերյալ տեղեկատվություն,

2) համագործակցել պետական մարմինների հետ,

3) իրականացնել անհրաժեշտ այցելություններ,

4) կատարել հարցումներ,

5) իրականացնել հետախուզում և առգրավում,

6) վկաների պաշտպանությանն ուղղված լիազորություններ,

7) կազմել զեկույցներ:

Այսպես, օրինակ, Լիբիայի Անցումային արդարադատության մասին օրենքի 7-րդ հոդվածը, ամրագրելով Փաստահավաք և հաշտեցման հանձնաժողովների ձևավորման հնարավորությունը և իրավասության շրջանակները, ի թիվս այլնի սահմանել է, որ հանձնաժողովը`

  • իրականացնում է փաստերի ուսումնասիրություն` կապված մարդու իրավունքների կոպիտ և պարբերական խախտումներին առնչվող իրադարձություններին, և որոշում է այդ խախտումներում ներգրավված անձանց ինքնությունը,
  • նախորդ դարաշրջանում կատարված մարդու իրավունքների կոպիտ խախտումների բնույթի, պատճառների և հանգամանքների մասին ամբողջական տեղեկատվություն (զեկույց) է ներկայացում,
  • համագործակցում է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ,
  • միջոցներ է ձեռնարկում Լիբիայից տարհանված քաղաքացիներին վերադարձնելու, նրանց արժանապատիվ կյանք ապահովելու, նրանց իրավունքների պաշտպանության, ցանկացած բնույթի խտրականության բացառման ուղղությամբ,
  • որոշումներ է կայացնում տուժածներին համապատասխան փոխհատուցման տրամադրելու մասին:

    Հանձնաժողովի գործունեության ժամկետները

     Հանձնաժողովը ձևավորվում է որոշակի ժամկետով գործունեություն իրականացնելու համար: Ընդ որում, հանձնաժողովի գործունեության դադարման երեք մոդել է գործում՝ գործունեությունը դադարում է օրենքով սահմանված ժամկետը վրա հասնելով, եզրափակիչ զեկույցի հրապարակմամբ կամ զեկույցի հիման վրա ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացմամբ:

    Հատկանշական է, որ շատ երկրներում ընդունված է հանձնաժողովի գործունեության սահմանված ժամկետը երկարաձգելու հնարավորության ընձեռումը: Այսպես, օրինակ, Չիլիում հանձնաժողովը ձևավորվել էր վեց ամիս ժամկետով, որը կարող էր երկարաձգվել ոչ ավելի քան երեք ամսով[14], Վրաստանում` երեք տարի ժամկետով, որը պատճառաբանված և հիմնավորված միջնորդության դեպքում կարող է երկարաձգվել ևս մեկ տարով[15], իսկ Լիբիայում` չորս տարի ժամկետով անդամների նշանակումից հետո, որը կարող է երկարաձգվել ևս մեկ տարի ժամկետով[16]:

    Հանձնաժողովի կազմավորման կարգը

    Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հիմնականում հանձնաժողովների կազմավորման գործում ակտիվ դերակատարում ունեն պառլամենտները (օրինակ` Թունիս[17], Վրաստան[18 և այլն): Որոշ հանձնաժողովներում անդամների ընտրության գործընթացը սկսվել է հանրության կողմից թեկնածուների առաջադրմամբ, թեկնածուներին ընտրող հանձնաժողովի ստեղծմամբ, հանձնաժողովի կողմից թեկնածուների ընտրությամբ և թեկնածուներին այն նշանակող մարմնին ներկայացնելու միջոցով:

 2. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Հայաստանի Հանրապետությունում փաստահավաք հանձնաժողովի մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերով (այսուհետ՝ Նախագծեր) սահմանվել են՝

1) Հանձնաժողովի ստեղծման և գործունեության նպատակներն ու սկզբունքները, մասնավորապես` Հայաստանի Հանրապետությունում Փաստահավաք հանձնաժողովի ստեղծումը ուղղված է նախևառաջ 1991 թվականի սեպտեմբերից մինչև 2018 թվականի ապրիլ ամիսը տեղի ունեցած` դեպքերի և իրադարձությունների շրջանակում կամ դրանց հետևանքով տեղի ունեցած՝ մարդու իրավունքների հիմնարար և պարբերական խախտումների վերաբերյալ փաստերի հավաքագրմանը և ուսումնասիրմանը, որը պետք է գործի հետևյալ սկզբունքների հաշվառմամբ` անձանց իրավունքների և արժանապատվության հարգում և պաշտպանություն, անկախություն, օբյեկտիվություն և անկողմնակալություն, քաղաքական չեզոքություն, կոլեգիալություն, ֆինանսական ինքնուրույնություն, հանրային հաշվետվողականություն և թափանցիկություն, համագործակցություն.

2) Հանձնաժողովի իրավասությունների շրջանակը և լիազորությունները,  մասնավորապես` Հանձնաժողովի կողմից ուսումնասիրվող դեպքերը և իրադարձությունները պետք է ներառեն՝

2.1) համապետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների և հանրաքվեների կազմակերպում և անցկացում,

2.2) հետընտրական գործընթացներում տեղի ունեցած քաղաքական հետապնդումներ,

2.3) հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումներ,

2.4) անձանց սեփականության իրավունքից զրկելու այլ դրսևորումներ,

2.5) ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքեր,

2.6) վերոնշյալ դեպքերի և իրադարձությունների հետ համակարգային առումով փոխկապակցված այլ դեպքեր և իրադարձություններ, որոնց Հանձնաժողովը անհրաժեշտ և հիմնավոր կհամարի անդրադառնալու:

Թվարկված դեպքերի ուսումնասիրության համար Հանձնաժողովը լիազորված է անձից պահանջել և ստանալ վկայություններ, կազմակերպել այցելություններ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց ստորաբաժանումների գտնվելու վայրեր, ցանկացած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից կամ դրանց պաշտոնատար անձանցից պահանջել և ստանալ դեպքերին, իրադարձություններին և խախտումներին առնչվող անհրաժեշտ նյութեր ու փաստաթղթեր` անկախ նյութական կրիչի ձևից և տեսակից, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններից կամ դրանց պաշտոնատար անձանցից, բացառությամբ դատարանների ու դատավորների, պահանջել և ստանալ դեպքերի և իրադարձությունների վերաբերյալ պարզաբանումներ, պահանջել անցկացնելու հետազոտություններ և տրամադրել եզրակացություններ պարզաբանման ենթակա հարցերի վերաբերյալ, ծանոթանալ քրեական, քաղաքացիական, վարչական և կարգապահական իրավախախտումների վերաբերյալ այն գործերին, որոնց վերաբերյալ դատավճիռները, վճիռները և որոշումներն օրինական ուժի մեջ են մտել, ինչպես նաև այն նյութերին, որոնց կապակցությամբ մերժվել է այդ գործերի հարուցումը և իրականացնելու այլ գործողություններ:

3) Հանձնաժողովի կազմավորման կարգը և կառուցվածքը, անդամներին ներկայացվող պահանջները, մասնավորապես` Հանձնաժողովը գործելու է մինչև իր եզրափակիչ զեկույցի հրապարակումը, որի համար սահմանված է երկու տարի ժամկետ, իսկ նրա անդամները ընտրվելու են Ազգային ժողովի կողմից.

4) Հանձնաժողովի աշխատանքի կազմակերպման և գործունեության կարգը, որը Նախագծով նախատեսվում է իրականացնել նիստերի միջոցով, իսկ գործունեությունն իրականցնելու է կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով.

5) Հանձնաժողովի կողմից զեկույցների կազմման և հրապարակման կարգը, մասնավորապես` Նախագծով նախատեսվում է Հանձնաժողովը իր գործունեության արդյունքում կազմելու է եզրափակիչ զեկույց, որը պարունակելու է խախտումների նկարագրությունը և Հանձնաժողովի եզրակացություններն ու առաջարկությունները, իսկ ընթացիկ աշխատանքների ամփոփման և հրապարակայնության ապահովման նպատակով նախատեսվում է միջանկյալ զեկույցներ ներկայացնելու կարգը.

 6) «Հայաստանի Հանրապետությունում փաստահավաք հանձնաժողովի մասին» օրենքի նախագծից բխող կարգավորումներ են սահմանվել հարակից օրենքներում:

 3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից:

 4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է երաշխավորել Հանձնաժողովի կազմավորումը և գործունեության իրականացումը, որի միջոցով հնարավոր կլինի անդրադառնալ անցյալում տեղի ունեցած իրադարձություններին և անձանց խախտված իրավունքների պաշտպանության միջոցներ ձեռնարկել:

 

[1] Տե՛ս, օրինակ, Universal Periodic Review – Armenia (https://www.ohchr.org/EN/HRBodies/UPR/Pages/AMindex.aspx), Trial Monitoring Project in Armenia (April 2008 – July 2009) – OSCE/ODHIR (հասանելի է հետևյալ հղումով՝ https://www.osce.org/hy/odihr/75779), Resolution 1609 (2008) The functioning of democratic institutions in Armenia (հասանելի է հետևյալ հղումով՝ http://assembly.coe.int/nw/xml/XRef/Xref-XML2HTML-en.asp?fileid=17643&lang=en), The Human Freedom Index (https://www.cato.org/human-freedom-index-new), Freedom in the World 2018 (հասանելի է հետևյալ հղումով՝ https://freedomhouse.org/report/freedom-world/freedom-world-2018), Control of Corruption Indicator – Millennium Challenge Corporation (հասանելի է հետևյալ հղումով՝ https://www.mcc.gov/who-we-fund/scorecards?fwp_scorecard_country=6170):

[2] Տես Truth Seeking Elements of Creating an Efective Truth Commission, 2013 Edited by Eduardo González and Howard Varney, էջ 9:

[3] Տես UNITED NATIONS. GUIDANCE NOTE OF THE SECRETARY-GENERAL: United Nations Approach to Transitional Justice, էջ 8, (https://www.un.org/ruleoflaw/files/TJ_Guidance_Note_March_2010FINAL.pdf):

[4] https://en.wikipedia.org/wiki/List_of_truth_and_reconciliation_commissions

[5] https://www.ictj.org/about:

[6] Truth and Reconciliation Commission (http://www.justice.gov.za/trc/), Promotion of National Unity and Reconciliation Act 34 OF 1995 (http://www.justice.gov.za/legislation/acts/1995-034.pdf):

[7]https://www.knchr.org/Portals/0/Transitional%20Justice/TJRC%20Downloads/TJRC_report_Volume_4.pdf?ver=2018-06-18-174714-950:    

[8] https://www.ohchr.org/Documents/Countries/TN/TransitionalJusticeTunisia.pdf:

[9]https://web.archive.org/web/20120823022747/http://sc.judiciary.gov.ph/jurisprudence/2010/december2010/192935.htm:

[10] https://www.venice.coe.int/webforms/documents/default.aspx?pdffile=CDL-REF(2013)024-e:

[11] https://security-legislation.ly/sites/default/files/lois/631-Law%20No.%20%2829%29%20of%202013_EN.pdf:

[12] https://www.usip.org/sites/default/files/file/resources/collections/commissions/Chile90-Charter.pdf:

[13] https://www.apt.ch/content/files_res/truth_commissions_executive_summaries.pdf, էջ 33:

[14] https://www.usip.org/sites/default/files/file/resources/collections/commissions/Chile90-Charter.pdf:

[15] https://www.venice.coe.int/webforms/documents/default.aspx?pdffile=CDL-REF(2013)024-e:

[16] https://security-legislation.ly/sites/default/files/lois/631-Law%20No.%20%2829%29%20of%202013_EN.pdf:

[17] https://www.ohchr.org/Documents/Countries/TN/TransitionalJusticeTunisia.pdf:

[18] https://www.venice.coe.int/webforms/documents/default.aspx?pdffile=CDL-REF(2013)024-e:

  • Քննարկվել է

    26.05.2020 - 10.06.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 15550

Տպել

Առաջարկներ`

Իրավաբանների հայկական ասոցիացիա

10.06.2020

3. Օրենքի 36-րդ հոդվածի 6—րդ մասը ա-զ կետերով սահմանում է Փաստահավաք հանձնաժողովի եզրակացությունների և առաջարկների ոլորտների շրջանակը: Այսինքն, սահմանվում է ոլորտների սպառիչ ցանկ, որոնց վերաբերյալ Հանձնաժողովը կարող է եզրակացություններ և առաջարկներ կազմել: Կարծում ենք, առավել արդյունավետ է հրաժարվել սպառիչ ցանկից և 36-րդ հոդվածի 6-րդ մասի զ կետը ավելացնել «և այլն» արտահայտությամբ: Սա պայմանավորված է նրանով, որ հանձնաժողովի բազմակողմանի ուսումնասիրությունների արդյունքում կարող են առաջանալ տարատեսակ առաջարկների ներկայացման անհրաժեշտություն, և տվյալ պահին օրենքի նման սպառիչ ցանկը կդառնա Հանձնաժողովի՝ եզրակացությունների և առաջարկների անարգել կազմման խոչընդոտ:

Իրավաբանների հայկական ասոցիացիա

10.06.2020

2. Օրենքի 24-րդ հոդվածը սահմանում է Հանձնաժողովի կազմավորման կարգը: Ըստ նշվածի 1-5-րդ մասերի համաձայն՝ Հանձնաժողովը կազմված է 9 անդամներից, որոնցից 1-ը ներկայացվում է Կառավարության, 1-ը ՝ Ազգային Ժողովի, 1-ը՝ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից: Մնացյալ 6 անդամներին 2-ական կարգով ներկայացնում են Ազգային Ժողովի 3 խմբակցությունները, ընդ որում, ներկայացվող 2-ից 1-ը պետք է լինի մարդու իրավունքների պաշտպանությունը որպես կանոնադրական նպատակ ունեցող հասարակական կազմակերպությունների առաջարկած թեկնածուների շարքից: Խորհրդարանական խմբակցությունների կողմից երկուական թեկնածու նշանակելը ոչնչով չի հիմնավորվում, սակայն նման կարգավորման նպատակը հասարակական կազմակերպությունների մասնակցությունն ապահովելն է: Պետք է նկատի ունենալ, որ նման կարևոր իրավազորություն ունեցող, հրապարակայնության սկզբունքի հիման վրա գործող Հանձնաժողովի կազմավորման գործընթացում անհրաժեշտ է մեծացնել հանրության մասնակցության աստիճանը: Այս տեսանկյունից առաջարկում ենք նախատեսել Հանրային խորհրդի՝ քաղաքականության մշակման և իրականացման գործում հասարակության տարբեր շերտերի շահերը ներկայացնելու իրավասությամբ օժտված, սահմանադրական կարգավիճակ ունեցող մարմնի կողմից Հանձնաժողովի անդամի թեկնածուի ներկայացումը: Չմոռանալով մարմնի պրոֆեսիոնալիզմի և մասնագիտական պիտանելիության մասին, առաջարկում ենք նախատեսել նաև Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատի կողմից Հանձնաժողովի անդամի թեկնածուի ներկայացումը: Առաջարկում ենք այս երկու փոփոխությունները կատարել ի հաշիվ խորհրդարանական խմբակցությունների կողմից ներկայացվելիք 1-ական թեկնածուների` առաջարկելով խորհրդարանական խմբակցություններից յուրաքանչյուրը ներկայացի 1 թեկանածու` մարդու իրավունքների պաշտպանությունը որպես կանոնադրական նպատակ ունեցող հասարակական կազմակերպությունների առաջարկած թեկնածուների շարքից: Հասարակական կազմակերպությունների ներգրավվածությունը առավել մեծացնելու համար, առաջարկվում է Հանրային խորհրդի և Փաստաբանների պալատի կողմից ներկայացվելիք թեկնածուներին ևս ընտրել այն հասարակական կազմակերպությունների առաջարկած ցուցակներից, որոնց կանոնադրական նպատակներից է մարդու իրավունքների պաշտպանությունը: Հանձնաժողովի առաջարկվող կազմն ունի հետևյալ տեսքը. Կառավարություն, Մարդու իրավունքների պաշտպան, Ազգային ժողով՝ 1-ական թեկնածու, խորհրդարանական երեք խմբակցություններ՝ 1-ական թեկնածու, Հանրային խորհուրդ, Փաստաբանների պալատ՝ 1-ական թեկնածու: Անդամների ընդհանուր թիվը 8-ն է: Իրավաբանների հայկական ասոցիացիան գտնում է, որ անհրաժեշտություն չկա պապհպանել 9 հոգու սկզբունքը և արհեստականորեն նախատեսել այլ թեկնածու, քանզի աշխարհին հայտնի փորձում առկա են նաև զույգ թվով անդամներ ունեցող հաշտեցման հանձնաժողովներ, օրինակ, Չիլի՝ 10 անդամ:

Իրավաբանների հայկական ասոցիացիա

10.06.2020

1. Օրենքը որևէ կերպ չի անդրադառնում 1991-2018թթ. տեղի ունեցած կոռուպցոին հանցագործությունների ուսումնասիրմանը: Գաղտնիք չէ, որ այդ տարիների ընթացքում և ընդհանրապես պետություն-քաղաքացի անհամաձայնությունները, մարդու իրավունքների զանգվածային խախտումները պրոյեկտվում են հենց կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վրա: Ավելին, սույն նախագծի հեղինակները նախագծի հիմնավորումներում անդրադարձել են Քենիայի փորձին, որտեղ շեշտադրվում էր 1962թ.ից, Քենիայի անկախությունից ի վեր կատարված կոռուպցիոն հանցագործությունների հետքերով գնալը: Այս տեսանկյունից, հարկ է օրենքի մակարդակով ամրագրել Հանձնաժողովի կողմից՝ 1991-2018թթ. ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում պարբերաբար տեղի ունեցած հնարավոր կոռուպցիոն բնույթի հանցագործությունների և սխեմաների ուսումնասիրումը:

Տեսնել ավելին