Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի N 1231-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

  1. Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի թիվ 1231-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը նախապատրաստելու անհրաժեշտությունը պայմանավորված է քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը բարելավելու, մասնավորապես ԱՎ վարչության կողմից տրվող հաշվառման վերաբերյալ տեղեկանքները էլեկտրոնային եղանակով ստանալու և քաղաքացիներին տրամադրելու միջոցով աշխատանքներն առավել արագ և արդյունավետ կազմակերպելու հանգամանքով, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջի կատարումն ապահովելու նպատակով։

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

ՀՀ ոստիկանության պետի 2005 թվականի հոկտեմբերի 24-ի թիվ 8-Ն հրամանով հաստատված են դիմումի հիման վրա տրվող բնակչության պետական ռեգիստրում հաշվառման մասին տեղեկանքի ձևերը, որոնք քաղաքացիներին տրամադրելիս լրացվում են վարչության աշխատակիցների կողմից՝ ձեռագիր եղանակով։ Ներկայումս ԱՎ վարչության կողմից ծրագրային աշխատանքներ են տարվել հաշվառման վերաբերյալ տեղեկանքները էլեկտրոնային եղանակով ստանալու ուղղությամբ՝ աշխատանքներն առավել արագ և արդյունավետ կազմակերպելու նպատակով, սակայն էլեկտրոնային եղանակով ստացվող տեղեկանքները ձևերը որոշակիորեն տարբերվում են վերը նշված հրամանով հաստատված ձևերից։ Բացի այդ, 2015թ. ընդունված ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Հաշվի առնելով, որ վերը նշված տեղեկանքների ձևերը սահմանելու լիազորություն օրենքով ՀՀ ոստիկանության պետին վերապահված չէ, ուստի Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխանեցնելու նպատակով անհրաժեշտ է տեղեկանքների ձևերը սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի թիվ 1231-Ն որոշման մեջ։ Նշված գործընթացին զուգահեռ անհրաժեշտ է ուժը կորցրած ճանաչել ՀՀ ոստիկանության պետի 2005 թվականի հոկտեմբերի 24-ի թիվ 8-Ն հրամանը, իսկ հրամանով հաստատված՝ չհաշվառված անձանց կողմից ռեգիստրում հաշվառման կանգնելու մասին դիմումի, բնակության նոր վայրում հաշվառման մասին դիմումի, դիմումների հաշվառման մատյանի և բնակության իրավունքը հավաստող` տվյալ բնակության վայրի սեփականատիրոջ գրավոր համաձայնության ձևերը սահմանել ՀՀ ոստիկանության պետի լոկալ հրամանով, քանի որ դրանք չեն պարունակում նորմատիվ դրույթներ։

Այս առումով հարկ է նշել նաև, որ ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի թիվ 1141-Ն որոշման 4-րդ հավելվածով սահմանված՝ ոստիկանության կողմից քաղաքացիներին ծառայությունների մատուցման ոլորտում հայտնաբերված կոռուպցիոն ռիսկերի և դրանց չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումների կատարումն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանության պետի 10.03.2018թ. թիվ 720-Ա հրամանով հաստատված միջոցառումների ժամանակացույցի 15-րդ կետով առաջ է քաշվել խնդիր առ այն, որ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունն ապահովված չէ նոտարական մարմինների հետ էլեկտրոնային արագ հարցման հնարավորությամբ, ինչն էլ հանգեցնում է ծառայությունների մատուցման ժամանակ քաշքշուկի և անհրաժեշտ տեղեկանքներ ստանալու համար քաղաքացիներն ուղղորդվում են ԱՎՎ։

Հարցի լուծման նպատակով ՀՀ արդարադատության նախարարության հետ կազմակերպված քննարկման ժամանակ բարձրացվել է նոտրաների կողմից հաշվառման վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար քաղաքացիներին ԱՎ վարչություն չուղղորդելու, այլ պահանջվող տեղեկատվությունը առցանց եղանակով ստանալու հարցը, ինչին ՀՀ արդարադատության նախարարությունը հավանություն է տվել։ Միջոցառման կատարումն ապահովելու նպատակով համապատասխան փոփոխություն է կատարվել ՀՀ կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի «Բնակչության պետական ռեգիստրի համակարգ ներդնելու մասին» թիվ 1231-Ն որոշման մեջ /ուժի մեջ է մտել 15.12.2018թ./, որով նոտարներին իրավունք է վերապահվել օգտվել բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական բազաներից, ուստի սույն հրամանի նախագիծը հաստատվելուց հետո նոտարները նույնպես կկարողական օգտվել բնակչության պետական ռեգիստրի բազաներից և պահանջվող տեղեկատվությունը ստանալ առցանց եղանակով։

 

  1. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:

        4.Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում ԱՎ վարչության կողմից տրվող հաշվառման վերաբերյալ տեղեկանքները կստացվեն առցանց եղանակով, ինչի արդյունքում կբարելավվի քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը, աշխատանքները կկազմակերպվեն առավել արագ և արդյունավետ, ինչպես նաև կապահովվի ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջի կատարումը։

 

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ


 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի թիվ 1231-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն լինի։

 

                                                                                            ՀՀ    ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի թիվ 1231-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումից հետո անհրաժեշտություն կառաջանա ուժը կարցրած ճանաչել ՀՀ ոստիկանության պետի 2005 թվականի հոկտեմբերի 24-ի թիվ 8-Ն հրամանը, իսկ դրանով հաստատված՝ չհաշվառված անձանց կողմից ռեգիստրում հաշվառման կանգնելու մասին դիմումի ձևը, բնակության նոր վայրում հաշվառման մասին դիմումի ձևը, դիմումների հաշվառման մատյանի ձևը և բնակության իրավունքը հավաստող` տվյալ բնակության վայրի սեփականատիրոջ գրավոր համաձայնության ձևը սահմանել ՀՀ ոստիկանության պետի լոկալ հրամանով, քանի որ դրանք չեն պարունակում նորմատիվ դրույթներ։

 

 

                                                                                          ՀՀ    ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

 

  • Քննարկվել է

    12.05.2020 - 27.05.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տեղեկատվության ազատություն ապահովման

  • Նախարարություն

    Ոստիկանություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6622

Տպել