Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ տեխնիկական կանոնակարգով «սահմանվում են արտադրանքի բնութագրերի և (կամ) արտադրանքի հետ կապված գործընթացներին, արտադրական եղանակներին, ներառյալ` կիրառվող վարչական դրույթներին ներկայացվող` կատարման և կիրառման համար պարտադիր պահանջներ, ինչպես նաև արտադրանքի ներմուծման և շուկայահանման պայմաններ: Այն կարող է ներառել նաև արտադրանքի, գործընթացի կամ արտադրական եղանակի նկատմամբ կիրառվող հասկացություններ, պայմանանշաններ, փաթեթավորման, մակնշման և պիտակավորման պահանջներ, ․․․»։

 «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 51-րդ հոդվածի համաձայն՝ տեխնիկական կանոնակարգերով սահմանվում են արտադրանքին կամ արտադրանքին և դրան ներկայացվող պահանջներին առնչվող՝ նախագծման, արտադրության, շինարարության, մոնտաժի, շահագործման, պահման, փոխադրման, իրացման և ուտիլիզացման գործընթացներին ներկայացվող և կատարման համար պարտադիր պահանջներ։ Պայմանագրի 52-րդ հոդվածով սահմանված է, որ ԵԱՏՄ անդամ պետությունները չեն կարող իրենց օրենսդրությամբ սահմանել միասնական ցանկում չընդգրկված արտադրանքին առնչվող պարտադիր պահանջներ (ԵԱՏՀ 2011թ. հունվարի 28-ի թիվ 526 որոշում)։

Բացի նշվածից՝ ներկայացված բոլոր իրավական ակտերի նախաբանում հղում է կատարված «Ստանդարտացման մասին» 1999 թվականի նոյեմբերի 9-ի ՀՕ-18 օրենքին, որը ուժը կորցրած է ճանաչվել 2012 թվականի փետրվարի 8-ին ընդունված և նույն թվականի մարտի 3-ին ուժի մեջ մտած «Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքով: Համաձայն ՀՀ արդարադատության նախարարության դիրքորոշմանը (ՀՀ վարչապետի 2020 թվականի մարտի 13-ի թիվ 02/16.6/9206-2020 հանձնարարական)՝ հիշյալ օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերը, ըստ էության, այլևս չեն բխում գործող օրենքից, ուստի` անհրաժեշտ է օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերը համապատասխանեցնել Սահմանադրության պահանջին, որի 6-րդ հոդվածի համաձայն` ենթաօրենսդրական ակտերը պետք է համապատասխանեն օրենքին:

  • Քննարկվել է

    08.04.2020 - 29.04.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6954

Տպել

Առաջարկներ`

Արմեն Վարդանյան

20.04.2020

Որոշման նախագծի 1-ին կետի 28-րդ ենթակետով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի «Ձկնորսության արտադրանքի հիգիենային ներկայացվող առանձնակի պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 79-Ն որոշումն ընդունվել է նախկինում ընդունված <<Սննդամթերքի անվտանգության մասին>> ՀՀ օրենքի հղմամբ, իսկ այդ օրենքն ուժը կորցրած է ճանաչվել՝ 2014թ-ին <<Սննդամթերքի անվտանգության մասին>> ՀՀ օրենքի ընդունմամբ պայմանավորված: Նոր օրենքի ընդունումից հետո ՀՀ կառավարության 79-Ն որոշման հղումը անհրաժեշտ էր համապատասխանեցնել <<Սննդամթերքի անվտանգության մասին>> ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետին, որի համաձայն՝ կառավարությունը, ի թիվս մի շարք պահանջների, հաստատում է նաև սննդամթերքի հիգիենային ներկայացվող առանձնակի պահանջներ, ինչպիսին 79-Ն որոշմամբ սահմանված առանձնակի պահանջներն են: Ի կատարումն ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի, որի համաձայն՝ օրենքները պետք է համապատասխանեն սահմանադրական օրենքներին, իսկ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը՝ սահմանադրական օրենքներին և օրենքներին, և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով՝ ՀՀ կառավարության 2011թ 79-Ն որոշումը պետք է վաղուց վերանայվեր, մասնավորապես փոփոխության ենթարկվեր որոշման նախաբանը՝ հղում տալով <<Սննդամթերքի անվտանգության մասին>> ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետին, ինչը չի արվել: ՀՀ կառավարության 79-Ն որոշման դեպքում գործում է նաև <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումը, որի պարագայում տվյալ որոշման համար ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ առանձին նորմատիվ իրավական ակտ ընդունելու անհրաժեշտությունը չկա: Հաշվի առնելով նշվածը՝ 2011թ 79-Ն որոշումը առանձին կարգավորման հարց է: Բացի այդ, որոշման նախագծի հիմնավորման մեջ, որպես իրավական ակտի նախագծի ընդունման անհրաժեշտություն, նշված է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջի կատարմամբ, մինչդեռ նշված պահանջը ընդամենը խնդրի լուծման միջոցն է կամ իրավական հիմքը, իսկ անհրաժեշտությունը իրականում որոշման նախագծով ուժը կորցրած ճանաչվող տեխնիկական կանոնակարգերի իրավական հակասություններն են ՀՀ և ԵԱՏՄ օրենսդրությանը, իսկ ՀՀ կառավարության 79-Ն որոշման գործողության կամ ճակատագրի մասով հարկ է նշել, որ ԵԱՏՄ մակարդակում ընդունվել է ձկան վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը, որը սակայն չի սահմանում հիգիենային ներկայացվող առանձնակի պահանջներ, որի հիմքը Եվրոպական Միության /ԵՄ/ օրենսդրությունն է և ԵՄ շուկա տեղական արտադրանքի շուկայահանման նախապայմանններից մեկը, ուստի 79-Ն որոշմամբ սահմանված պահանջները ուղղակի անհրաժեշտություն են և չեն կարող ուղղակի ուժը կորցրած ճանաչվել, այլ հարց է, որ քննարկման առարկա է, թե ՀՀ տեխնիկական կանոնակարգման վերաբերյալ օրենսդրության տրամաբանության և պահանջների հիմքով արդյո՞ք կարող է 79-որոշման բովանդակությունը սահմանվել ոչ տեխնիկական կանոնակարգով: Նույն հիմքով քննարկման առարկա է որոշման նախագծի 1-ին կետի կետի 4-րդ կետով սահմանված ՀՀ կառավարության 2005թ 1928-Ն որոշման լինելիության հարցը տեխնիկական կանոնակարգման տեսանկյունից: Հաշվի առնել նաև, որ որոշման նախագծի հիմնավորման մեջ՝ ընթացիկ իրավիճակը բաժնի վերջին նախադասությունում ՀՀ Սահմանադրությանը կատարված հղումը սխալ է, որովհետև ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածով ենթաօրենսդրական ակտի օրենքին համապատասխանության վերաբերյալ դրույթ չկա, նման դրույթը սահմանված է ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասով: Բացի այդ, առնվազն ՀՀ կառավարության 79-Ն որոշման նախաբանում <<Ստանդարտացման մասին>> ՀՀ օրենքի որևէ դրույթի հղում չկա, ինչպես նշված է որոշման նախագծի հիմնավորման ընթացիկ իրավիճակը բաժնի 3-րդ պարբերությունում: Որոշման նախագծի տրամաբանությամբ ստացվում է, որ նախագծի ընդունման պարագայում մի շարք տեխնիկական կանոնակարգեր ուժը կորցրած ճանաչելու դեպքում դրանցով սահմանված ոլորտային կարգավորումները և պահանջները չեն լինի առնվազն 4 ամիս, եթե առաջնորդվենք այն կանխավարկածով, որ բոլոր որոշումների կարգավորման առարկան այլ իրավակարգավորում կստանա, ինչի երաշխիքը օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով պետական իրավասու մարմնի մակարդակում միանշանակ տալ հնարավոր չէ, որի իրականությունում իրավակիրառ պրակտիկայում չի բացառվում այս կամ այն ոլորտային կամ տեխնիկական կանոնակարգման առարկա հանդիսացող իրավակարգավորումների բացակայության պայմաններում ոչ միայն խնդիրների, այլև ճգնաժամային իրավիճակների ի հայտ գալը և դրանցից բխող հետևանքների անթույլատրելի հեռանկարը:

Արտակ Պողոսյան

09.04.2020

Առաջարկում եմ սույն նախագիծը հանել շրջանառությունից՝ հիմք ընդունելով ներկայացված նախագծի 2-րդ կետը: Խնդիրը կայանում է նրանում, որ ուժը կորցրած ճանաչելու դեպքում շուրջ չորս ամիս դաշտը չի կարգավորվելու: Ուստի, առաջարկում եմ սույն նախագծին անդրադառնալ համապատասխան պատասխանատու գործադիր իշխանության մարմինների կողմից դաշտը կարգավորող նորմերը մշակելուց հետո, ինչի համար անհրաժեշտ է հանձնարարական իջեցվի կամ ՀՀ կառավարության որոշմամբ հանձնարարվի և դրանք հաստատելուց հետո նոր ուժը կորցրած ճանաչել նախագծով առաջարկվող նորմերը և/կամ կանոնակարգերը:

Տեսնել ավելին