Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

___________________ 2017 թվականի N –Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 275-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Համաձայն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» N 275-Ն որոշման N 1 հավելվածում`
  • 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3.1. Երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու մասին դիմումը ներկայացվում է նաև առցանց, բացառությամբ այն դեպքերի, երբ`

  • երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է օտարերկրյա քաղաքացիություն ունեցող ծնողին, կամ
  • նոր ծնված երեխայի կամ նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնվող երեխայի ծննդի պետական գրանցումը կատարել է օտարերկրյա պետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը, կամ
  • նոր ծնված երեխան մահացել է պերինատալ շրջանում, կամ
  • նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնվող երեխան մահացել է։»,
  • 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.2-րդ, 3.3-րդ և 3.4-րդ կետերով.

«3.2. Առցանց դիմում ներկայացնելու համար դիմողը գրանցվում է www.epension.am կայքէջում և համապատասխան ծրագրային գործիքի միջոցով մուտքագրում է անհրաժեշտ տվյալները։ Ներկայացված տվյալներն ինքնաշխատ եղանակով, համադրվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնից ստացված ստացված տեղեկատվության հետ, և համապատասխան ծրագրային գործիքի միջոցով.

1) մերժվում է դիմումը հաշվառելը՝ այդ մասին էլեկտրոնային հաղորդագրության միջոցով տեղեկացնելով դիմողին, եթե առկա են անհամապատասխանություններ,

2) հաշվառվում է դիմումը՝ այդ մասին համապատասխան հաղորդագրություն ուղարկելով այն էլեկտրոնային փոստի հասցեին, որը ներկայացվել է www.epension.am կայքէջում գրանցվելու համար, եթե առկա չեն անհամապատասխանություններ:

3.3. Առցանց դիմումում ներառվում են (առցանց դիմումի հիման վրա ներկայացվում են) հետևյալ տվյալները.

1) ծնողի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը.

2) նոր ծնված երեխայի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդյան վկայականի սերիան և համարը, ծննդյան վկայականը հատկացնելու օրը, ամիսը, տարեթիվը, իսկ եթե դիմումը ներկայացվում է ընտանիքում երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստի համար՝ նաև նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնվող երեխայի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդյան վկայականի սերիան և համարը, ծննդյան վկայականը հատկացնելու օրը, ամիսը, տարեթիվը, ծննդյան վկայականը հատկացնող մարմնի տվյալները՝ ըստ ծննդյան վկայականի,

3) նպաստի` ուղղակի վճարվող գումարը վճարելու համար ծնողի բանկային հաշվի համարը կամ այն բանկի անվանումը, որտեղից ծնողը ցանկանում է ստանալ գումարը, իսկ եթե դիմումը ներկայացվում է ընտանիքում երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստի համար՝ նաև պետական աջակցության (բանկային) հաշվի համարը և այն բանկը, որտեղ բացվել է պետական աջակցության հաշիվը։

3.4. Առցանց դիմումին կից փաստաթղթեր (էլեկտրոնային լուսապատճեններ) չեն ներկայացվում: Առցանց դիմումի հիման վրա երեխայի ծննդյան միանվագ նպաստը սույն կարգի 25-րդ կետում նշված լիազորագրով չի վճարվում: Առցանց դիմումի հիման վրա նպաստը վճարվում է դիմումը ներկայացվելուց հետո՝ 10 օրացուցային օրվա ընթացքում։ Եթե տարածքային բաժինը մերժում է սույն կարգի 3.2-րդ կետում նշված՝ համապատասխան ծրագրային գործիքի միջոցով հաշվառված առցանց դիմումի հիման վրա երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելը, ապա այդ մասին համապատասխան հաղորդագրություն է ուղարկվում այն էլեկտրոնային փոստի հասցեին, որը ներկայացվել է www.epension.am կայքէջում գրանցվելու համար։ Ծննդի պետական գրանցման դեպքում առցանց դիմումը կարող է ներկայացնել նաև քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը:»,

  • 6-րդ կետում «քաղաքացի է,» բառերից հետո ավելացնել «ինչպես նաև, եթե դիմումը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի ծնողին` ընտանիքում երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստի համար և նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է օտարերկրյա պետության իրավասու մարմինը,» բառերը.
  • 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6.1 կետ.

«6.1. Եթե ներկայացվում է երեխայի ծննդյան միանվագ նպաստը երրորդ և հաջորդ երեխայի համար սահմանված չափով վճարելու դիմում և նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է Արցախի Հանրապետության իրավասու մարմինը, ապա երեխայի ծննդյան կապակցությամբ Արցախի Հանրապետությունում նպաստ ստացած չլինելու վերաբերյալ տեղեկատվությունն Արցախի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստանում է ծառայությունը:».

  • 7-րդ կետը լրացնել հետևյալ նախադասությամբ.

«Օտարերկրյա կազմակերպությունների (հաստատությունների) տված` անձը հաստատող փաստաթղթերը ներկայացվում են նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությամբ:».

  • 13-րդ կետում «օրվան» բառը փոխարինել «ամսվան» բառով.
  • 18-րդ կետի 1-ին ենթակետը «հասցեով» բառից հետո լրացնել «կամ օտարերկրյա քաղաքացի ծնողը, բնակչության պետական ռեգիստրում երեխայի ծննդյան օրվա դրությամբ երեք տարի անընդմեջ հաշվառված չէ Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով» բառերով, իսկ 6-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ ենթակետ.

«7) նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից իրականացվելու դեպքում՝ եթե ծնողը և նոր ծնված երեխան դիմելու օրվա դրությամբ չեն գտնվում Հայաստանի Հանրապետությունում:».

  • 18-րդ կետի 2-րդ ենթակետում «օրվանից» բառը փոխարինել «ամսվանից» բառով.
  • 19-րդ կետը առաջին նախադասությունում «ծնողին» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն կարգի 3.4-րդ կետում նշված դեպքի» բառերով,
  1. որոշման N 2 հավելվածում`
  • 5-րդ կետի 4-րդ ենթակետը լրացնել «կամ սահմանափակվել են նրա ծնողական իրավունքները» բառերով.
  • 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի դիմումի հիման վրա, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի թույլտվությամբ, ընտանեկան դրամագլուխը կարող է տնօրինվել հաշվետիրոջ, հաշվետիրոջ կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված ընտանիքի անդամի, հաշվետիրոջ ծնողի համար բժշկական ծառայություն ձեռք բերելու (այդ թվում` օրենսդրությամբ սահմանված դեպքերում` համավճարը վճարելու) համար կատարված վճարումը մասնակիորեն փոխհատուցելու նպատակով, եթե դիմելու օրվա դրությամբ այդ ծառայությունը (այդ թվում` օրենսդրությամբ սահմանված դեպքերում` համավճարը) հնարավոր չէ ձեռք բերել պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում: Սույն կետում նշված` բժշկական ծառայությունը ձեռք բերելը (բժշկական ծառայությունը մատուցելը) և դրա դիմաց վճարում կատարելը հավաստող փաստաթղթերը ներկայացնելու դեպքում կատարված վճարումը փոխհատուցվում է`

1) 90 տոկոսի չափով, եթե հաշվետերը ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված է «0»-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի կազմում,

2) ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի դիմումում նշված, բայց ոչ ավելի, քան կատարված վճարման 75 տոկոսի չափով, եթե հաշվետերը ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված չէ «0»-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի կազմում:

Սույն կետում նշված դեպքում` ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունքն ունեցող անձին Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի թույլտվությունը տրամադրելու կարգը, դիմումի ձևը, ներկայացվող փաստաթղթերի կազմը և բժշկական ծառայությունների (այդ թվում` օրենսդրությամբ սահմանված դեպքերում` համավճարների) ցանկը հաստատվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համատեղ հրամանով:».

  • 9-րդ կետում ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6-րդ և 7-րդ ենթակետեր.

«6 անձը մահացել է կամ դատական կարգով ճանաչվել է մահացած կամ անհայտ բացակայող կամ անգործունակ կամ սահմանափակ գործունակ կամ զրկվել է ծնողական իրավունքներից, կամ սահմանափակվել են նրա ծնողական իրավունքները,

7) ներկայացվել է ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի` նոտարական կարգով վավերացված համաձայնությունը` ընտանեկան դրամագլուխը հաշվետիրոջ հետ Հայաստանի Հանրապետությունում նույն բնակության վայրում բնակվող (հաշվառված) մյուս ծնողի կողմից տնօրինելու վերաբերյալ:».

  • 10-րդ կետում «ծագելու հաջորդ» բառերը փոխարինել «ծագելու օրվան հաջորդող» բառերով:
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից, բացառությամբ ընտանիքում երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար առցանց դիմում ներկայացնելուն, երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ երեխայի ծննդյան միանվագ նպաստն առցանց դիմումի հիման վրա նշանակելուն և վճարելուն վերաբերող դրույթների, որոնք ուժի մեջ են մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

  • Քննարկվել է

    25.05.2017 - 09.06.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Հանրային քննարկում

25.05.2017 15:13

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9226

Տպել