Հիշել նախագիծը

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է վիճարկման հայցերով վարչական ակտերի կատարման կասեցում մինչև գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը։ Տվյալ դատավարական նորմի կիրառությունը բազմաթիվ դեպքերում հանգեցնում է վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող երրորդ անձանց կողմից իրենց իրավունքների չարաշահման՝ ի հաշիվ բարենպաստ վարչական ակտի հասցեատիրոջ իրավունքների և օրինական շահերի, ինչպես նաև վարչարարության տնտեսավարության սկզբունքի խախտման։ Միևնույն ժամանակ, վիճարկման հայցերով վարչական գործերով դատավորները չունեն հնարավորություն՝ ապահովելու վարչական ակտի հասցեատիրոջ գերակայող իրավունքներն ու օրինական շահերը առերևույթ արհեստական ներկայացված հայցերով հարուցված գործերի առնչությամբ։

Ներկայացված իրավական ակտի նախագծով առաջարկվում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը լրացնել 1.1 մասով, որով կնախատեսվի, որ վարչական ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտը երրորդ անձի կողմից բողոքարկվելու դեպքում այդ վարչական ակտի կատարումը կասեցնելու օրենսդրական պահանջը չի կիրառվում, այլ կիրառվում են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված հայցի ապահովման ընդհանուր կանոնները։

  • Տևողություն

    26.03.2020 14.04.2020
  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 517

Տպել

Առաջարկներ`

Ռուզաննա Ազրոյան

27.03.2020

1. Առաջարկում եմ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ նաև Օրենսգիրք) ոչ թե 83-րդ հոդվածը լրացնել նոր 1.1 մասով, այլ 1-ին մասը լրացնել նոր 4-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «4. Այն դեպքերի, երբ վիճարկման հայցը ներկայացվել է երրորդ անձի՝ վարչական ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտը ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնելու պահանջով»: 2. Անհրաժեշտ է կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ Օրենսգրքի 91-րդ հոդվածում, մասնավորապես 1-ին և 2-րդ մասերում: 3. Նշված հոդվածում կամ Օրենսգրքի 93-րդ հոդվածում կատարել լրացում և նախատեսել, որ դատարանն իրավասու է հայցի ապահովումը պայմանավորելու որոշակի ժամկետով և իրավասու է իր նախաձեռնությամբ ցանկացած ժամանակ փոխել կամ վերացնել իր որոշումը: Այս փոփոխությունը հնարավորություն կտա խուսափել արհեստական հայցերից, իրավունքի չարաշահումից և գործերի քննությունը անհարկի ձգձգելու միտումներից: Բացի այդ, Օրենսգրքով նախատեսված է երկօրյա ժամկետ հայցի ապահովման մասին միջնորդությունը քննարկելու համար և նման միջնորդությունները, որպես կանոն, ներկայացվում են հայցադիմումի հետ միաժամանակ և դատարանը հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելիս բացի հայցվորի կողմից ներկայացված փաստերից այլ տեղեկություններ, նյութեր չունի և շատ հնարավոր է, որ հետագայում՝ պահանջված վարույթի նյութերից պարզվի, որ հայցի ապահովման կիրառումը տեղին, համաչափ և արդարացված չի եղել, և դատավորը պետք է հնարավորություն ունենա այդ իրավիճակը շտկել: 4. Առաջարկում եմ սահմանել անցումային դրույթներ, մասնավորապես հստակեցնել, արդյոք նորմը կիրառվելու է նաև մինչև օրենքի ուժի մեջ մտնելը դատարան հայց ներկայացրած, ինչպես նաև արդեն վարույթ ընդունված գործերի նկատմամբ: 5. Առաջարկում եմ քննարկել հակընդդեմ ապահովման կիրառման հնարավորության հարցը: 6. Միաժամանակ, առաջարկում եմ Օրենսգրքի 83-րդ հոդվածի 5-րդ մասում «վիճարկման հայցի» բառերը փոխարինել «վիճարկվող ակտի» բառերով, քանզի ենթադրվում է, որ ժամանակին տեղի է ունեցել տեխնիկական վրիպակ:

Տիգրան Ստեփանյան

26.03.2020

)) Եկեք պատկերացնենք արդի կյանքից մի օրինակ՝ ասենք Արդար, Խոհեմ և Անկաշառ մի վարչական մարմին (պայմանականորեն թող դա լինի Քաղաքաշինության կոմիտեն) բարի նպատակով, անշահախնդիր կերպով շինթույլտվություն է տալիս ինչ-որ տնտեսվարողի (պայմանական Ա/Ձ Գործարար Իշխանամետիչին), որը, որպես բարենպաստ վարչական ակտի հասցեատեր, անմինջապես ձեռնամուխ է լինում շինթույլտվությամբ իրեն վերապահված <<գերակայող>> իրավունքներն իրագործելուն՝ սահմանազատում է շինհրապարակ, բերում է շինտեխնիկա, քանդում է իրեն խանգարող՝ երրորդ անձանց պատկանող շինությունները, փակում է դրանց մուտքը կամ լուսավորությունը․․․․և այդ ամենը՝ շինթույտվության շրջանակներում։ Գործող օրենսդրության պայմաններում վերոհիշյալ հաստատության վարչարարության հետևանքով պոտենցիալ տուժող հարևանները, որոնք չեն հանդիսանում վարչական ակտի հասցեատեր, կարող են վիճարկել վերոհիշյալ տնտեսվարողի համար բարենպաստ վարչական ակտը՝ շինթույտվությունը, որպիսի պարագայում վարչական ակտի կատարումը կասեցվում է օրենքի ուժով՝ մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը։ Հիմա էս նախագծով ըստ էության առաջարկվում է հետևյալ տրամաբանությունը՝ բարենպաստ վարչական ակտի հասցեատեր, Գործարար և Բարերար Ա/Ձ Իշխանամետիչի իրավունքներն ու օրինական շահերը գերակա են՝ թող քանդի ջարդի փշրի այդ <<երրորդ անձ>> կոչեցյալների տները–չէ որ վարչական մարմնի վարչարարությունն apriori իրավաչափ է, համապատասխան պատկառ մարմինները չեն սխալվում և այլն։ Իսկ այդ <<երրորդ անձ>> կոչեցյալները, այդ առերևույթ արհեստական հայցեր ներկայացնողները թող մոռանան օրենքի ուժով պաշտպանված լինելու մասին: Ծայրահեղ դեպքում թող փորձեն հայցի ապահովման միջնորդություն գրեն դատարան․․ пишите в Спортлото․․․

Տեսնել ավելին

Թողնել առաջարկ

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: