Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետությունում այգեգործության զարգացման 2020-2023 թվականների ծրագիր

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՅԳԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2020-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ  ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

          Անհրաժեշտությունը:

      «Հայաստանի Հանրապետությունում այգեգործության զարգացման 2020-2023 թվականների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետու­թյան կառավարության որոշման ընդունման անհրաժեշ­տու­թյունը բխում է ՀՀ կառավարության ծրագրից, քանի որ Կառավարության ռազմավարական նպատակներից մեկն էլ գյուղատնտեսության ոլորտում նոր տեխնոլոգիաների կիրառումն է, մասնավորապես ինտենսիվ պտղատու այգիների հիմնումը, ոռոգման արդիական  ու կարկտապաշտպան համակարգերի ներդրումը։ Վերջիններս հնարավորություն կտան էապես խնայել ջրային և հողային ռեսուրսները, ինչպես նաև նվազեցնել կարկտահարությամբ և այլ բնակլիմայական գործոններով պայմանավորված ռիսկերը։

      Ի տարբերություն ավանդական այգու ինտենսիվ այգին արագ է անցնում պտղաբերման, միավոր տարածքի վրա տնկիները ավելի խիտ են տնկվում՝ ապահովելով այգու արտադրողունակության ավելի մեծ ինտենսիվությունը, այգիներում կիրառվում են մշակության արդիական տեխնոլոգիաներ, ապահովվում է  բարձրորակ և մեծաքանակ բերք:

      Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա հանրապետությունում ավելացնել այգիների տարածքները, բարելավել տնկիների և արտադրված արտադրանքի որակը, բարձրացնել ճյուղի ինտենսիվացման մակարդակը, արդյունավետ օգտագործել  հողային և ջրային ռեսուրսները, կանխարգելել բնակլիմայական աղետներից վնասները, ավելացնել արտադրվող արտադրանքի ծավալները և արտաքին շուկայում բարելավել մրցակցային դիրքերը։ Բացի այդ պտղաբուծությունն ու խաղողագործությունը սերտորեն կապված են ագրովերամշակող արդյունաբերության հետ, որը կարևոր նշանակություն ունի գյուղական բնակչության զբաղվածության ու եկամուտների ապահովման առումով։ Պտղի և հատապտղի,  խաղողի արտադրության ծավալների ավելացումը կհանգեցնի նաև ագրովերամշակող արդյունաբերության հումքային բազայի կայունացմանը։

      Ծրագրում միավորվել են Հայաստանի Հանրապետությունում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության ծրագրի և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսությունում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսավճարների սուբսիդավորման ծրագրի բաղադրիչները, որը հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ կարկտապաշտպան ցանցերը որպես կանոն ներդրվում են այգեգործության բնագավառում (գործող ծրագրի շրջանակներում երկու տարվա ընթացքում օգտվել է ընդամենը 4 շահառու, որոնց կողմից կարկտապաշտպան ցանցեր են ներդրվել ծիրանի, խնձորի և կեռասի այգիներում), ուստի ստեղծված իրավիճակը հուշում է, որ առավել նպատակահարմար է կարկտապաշտպան ցանցերի ներդրումը դիտարկել որպես այգեգործության զարգացմանն ուղղված ծրագրի առանձին բաղադրիչ։ Բացի այդ գործող ծրագրի շահառուների մոտ որոշակի դժվարություններ են առաջանում ծախսերը հաստատող փաստաթղթերի ներկայացման հետ կապված, ուստի վերջիններիս ներկայացման պահանջը հանվել է և փոխհատուցվում է 1 հա-ի հաշվով սահմանված համապատասխան գումար։ Սահմանվել են նաև հավաստագրված տնկիների արտադրությունը և իրացումը խթանող դրույթներ։

         Ընթացիկ իրավիճակը և խնդիրները:

          Պտղի, խաղողի և հատապտղի մշակությամբ զբաղվում են հանրապետության բոլոր տարածաշրջաններում, սակայն  այգեգործության հիմնական շրջանները տեղաբաշխված են Արարատյան հարթավայրում և նրա մերձակա շրջաններում:

        Համաձայն Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի տվյալների պտղա­բուծությամբ, խաղողագործությամբ  և հատապտուղների արտադրությամբ զբաղվում են հանրա­պետության 10 մարզերի շուրջ 60․5 հազար  տնտեսավա­րողներ, ընդ որում  մեկ տնտեսության բաժին է ընկնում 0.1 - 200  հա, որից մինչև 1.0 հա ունեցող տնտեսավարողները կազմում են ընդհանուր թվի 91.4%-ը: Այգե­տարածք­նե­րի մաս­նատվա­ծու­թյան և փոքր չափերի պատճառով ցածր է մշա­կության աշխատանքների արդյունավետությունը, որի արդյունքում էլ բարձ­րա­նում է արտադրանքի ինքնարժեքը, նվազում ճյուղի շահութաբերությունը: Վերջին 5 տարիների ընթացքում նկատվում է պտղի և հատապտղի տարածքների աճ՝ 2018 թվականին այն կազմել է 43․0 հազար հա՝ 2014 թվականի 40․1 հազար հա-ի դիմաց, իսկ խաղողի այգիների տարածքները նվազել են՝ կազմելով 16․1 հազար հա՝ 17․2 հազար հա-ի դիմաց։ 2018 թվականին արտադրվել է 343․4 հազար տոննա պտուղ և հատապտուղ, որը գերազանցում է 2014 թվականի ցուցանիշը 18․0 %-ով, իսկ խաղողի արտադրությունը նույն ժամանակահատվածում կազմել է 180․0 հազար տոննա՝ 2014 թվականի համեմատ նվազելով 31․1 %-ով։ Խաղողի արտադրության ծավալների նվազման պայմաններում նույն ժամանակահատվածում դրա արտահանման ծավալները աճել են շուրջ 2 անգամ, իսկ պտղինը և հատապտղինը՝ շուրջ 9 անգամ։

        Հանրապետությունում  պտղի և հատապտղի ու խաղողի ապրանքայնության մակարդակները միջինից բարձր են և 2017-2018 թվականներին կազմել են` համապատասխանաբար 65․0-70․2% և  89․8-90․2%: Բարձր է նաև պտղի, հատապտղի և խաղողի գծով ինքնաբավության մակարդակը․ 2018 թվականին պտղի և հատապտղի գծով այն կազմել է` 108․9 %, իսկ խաղողի գծով՝  104․8 %, ուստի արտադրության ծավալների ավելացումը կնպաստի արտահանման և վերամշակված արտադրանքի ծավալների ավելացմանը։

        Հայաստանի Հանրապետությունում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության ծրագրի շրջանակներում 2019 թվականի դեկտեմբերի 30 - ի դրությամբ 19 տնտեսավարողի կողմից հիմնվել է 73․2 հա ինտենսիվ այգի, իսկ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսությունում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսավճարների սուբսիդավորման ծրագրի շրջանակներում 4 տնտեսավարողի կողմից կարկտապաշտպան ցանց  է ներդրվել 87․7 հա-ի վրա։

          Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը:

Այգեգործության ճյուղում իրականացվող քաղաքակա­նու­թյունը նպատա­կաուղղված է ժամանակակից, բարձր բերքատու այգի­նե­րի հիմնմանը, մրցունակ խաղողի, պտղի և հատապտղի արտադրության և արտահանման ծավալների ավելացմանը, հողային և ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը, գյուղացիական տնտեսությունների եկամտաբերության մակարդակի բարձրացմանը:

          

          Կարգավորման նպատակը և բնույթը:

          Կարգավորման նպատակն է` պետական աջակցության մեխանիզմների, մասնա­վորապես՝ մատչելի վարկավորման և ծախսերի փոխհատուցման միջոցով՝ հանրապետությունում ինտենսիվ այգեգործության՝  խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակ­­վող ին­տեն­­սիվ պտղատու այգիների, հատապտղանոցների հիմնման, հավաստագրված տնկանյութերի արտադրության, ինչպես նաև կարկտապաշտպան համակարգերի ներդրման համար նպաստավոր պայմանների ստեղ­ծումը։

 

         Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք:

          Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախա­րարու­թյան կողմից:

          Ակնկալվող արդյունքը:

Ծրագրի իրականացումից ակնկալվում են հետևյալ արդյունքները.

  • ոռոգման արդիական և/կամ կարկտապաշտպան համակարգերով, ժամանակակից ու մրցունակ տնկանյութերի տեսակներով հագեցած այգիների տարածքների ավելացում շուրջ 1170 հա-ով՝ տարեկան 300 հա (միայն 2020 թվականին՝ 267 հա),
  • կարկտապաշտպան ցանցերով պաշտպանված հողատարածքների ավելացում շուրջ 40 հա-ով՝ տարեկան 10 հա,
  • այգեգործական արտադրանքի ինքնարժեքի իջեցում՝ արտադրության արդյունավետության բարձրացման հաշվին,
  • տնտեսավարող սուբյեկտների եկամուտների ավելացում, մրցունակու­թյան մակար­դակի բարձրացում,
  • ոռոգման արդիական համակարգերի ներդրման արդյունքում ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործում,
  • կարկտապաշտպան համակարգերի ներդրման արդյունքում կարկտահարության ռիսկի նվազեցում գրեթե 100%-ով,
  • տարբեր պտղատեսակների ինտենսիվ այգիների համար նախատեսված տնկանյութերի ներկրման և սեփական արտադրության արդյունքում տնկարանային տնտեսությունների զարգացման նախադրյալների ստեղծում։     

Այլ տեղեկություններ:

          Այլ տեղեկություններ չկան:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    02.03.2020 - 17.03.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7891

Տպել