Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Գևորգ Մալխասյան 27.02.2020 15:40:59 Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Նոտարական վավերացում չպահանջող պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 1851-Ն որոշման 3-րդ կետով հանձնարարվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին եւ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` մինչեւ 2012 թվականի հուլիսի 10-ը իրականացնել համապատասխանաբար նոտարիատի եւ անշարժ գույքի կադաստրի բնագավառներում ուսումնասիրություններ, վերլուծել եւ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ օրինակելի պայմանագրերի լրամշակման անհրաժեշտության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կիրառման ապահովման վերաբերյալ: Այս պարագայում պարզ չէ թե արդյոք ՀՀ արդարադատության նախարարության հետ կատարվել են համապատասխան աշխատանքները և արդյոք այս նախագծի հիմքում են ընկած են համապատասխան ուսումնասիրությունները: Նույն որոշման 2-րդ կետում նշված է, որ որոշմամբ սահմանված կարգով իրականացվող գործարքները ռիսկային են: Արդյոք այս ընթացքում քննարկվել է նաև այդ հարցը:
2 Գևորգ Մալխասյան 27.02.2020 15:40:59 Այս առումով ցանկանում եմ ներկայացնել առկա որոշ ռիսկեր: 1. Կադաստրի կոմիտեի համապատասխան աշխատակիցներ չեն հանդիսանում քաղաքացիական իրավունքի մասնագետներ, այս իսկ պատճառով չեն հասկանում ու չեն էլ կարող հասկանալ իրենց դիմած անձանց խնդիրները ու դրա հետևանքով կարող են տալ սխալ մեկնաբանություններ ու խորհուրդներ. 2. Կադաստրի կոմիտեի աշխատակիցները չեն ստուգում անձանց գործունակությունն, ինչպես նաև գործարքի կնքման պահին նրանց հոգեվիճակը, որի արդյունքում կարող են կնքվել գործարքներ անգործունակ անձանց կամ տվյալ պահին հոգեկան խանգարում կամ հոգեկան այլ բարդ վիճակում գտնվող անձանց կողմից. 3. Կադաստրի կոմիտեի աշխատակիցները չեն ստուգում իրավաբանական անձանց իրավունակությունը, որի հետևանքով կարող է կնքվել տվյալ իրավաբանական անձի կանոնադրությանը կամ օրենքին հակասող գործարք. 4. Կադաստրի կոմիտեի աշխատակիցները չեն պարզում թե կնքվող գործարքը համապատասխանում է կողմերի իրական մտադրություններն թե կողմերը իրականում ցանկանում են կնքել այլ պայմանագիր, սակայն մյուս կողմը խաբեյությամբ կնքել է տալիս իրեն ցանկալի պայմանագիր. 5. Ոչ պետությունը և ոչ էլ Կադաստրի կոմիտեի համապատասխան աշխատակիցը որևէ նյութական պատասխանատվություն չի կրում իր անփութության կամ սխալի հետևանքով գործարքի կողմերին հասցված վնասների համար. 6. Կադաստրի կոմիտեի աշխատակիցները չեն ստուգում ու չեն էլ կարող ստուգել թե տվյալ գործարքը համապատասխանում է ՀՀ օրենսդրության պահանջներին թե ոչ: ՀՀ քաղաքացիական օրենսգրքով առկա են գործարքն առոչինչ կամ անվավեր ճանաչելու համար նախատեսված մի քանի տասնյակից ավել իրավական հիմքեր: 7. Կադաստրի կոմիտեի աշխատակիցները չեն ստուգում ու չեն էլ կարող ստուգել ներկայացված լիազորագրերի օրինականությունը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված են լիազորագրին ներկայացվող հստակ պահանջներ: Միաժամանակ խնդիր է նաև կեղծ լիազորագրի հայտնաբերման հարցը: Այս և բազում այլ հացեր քննում ու լուծում է նոտարը, որը լրիվ նյութական պատասխանատվություն է կրում իր մեքով կամ անփութությամբ կողմերին պատճառած վնասի համար: Այս է պատճառը, որ ՀՀ սահմանադրական դատարանը, 15.05.2007 թվականի թիվ ՍԴՈ-702 որոշմամբ անդրադառնալով գրավոր գործարքները նոտարական վավերացման ենթարկելու օրենսդրության պահանջին, արձանագրել է, որ գրավոր գործարքի նոտարական վավերացմամբ "Նոտարիատի մասին" ՀՀ օրենքով սահմանված ընթացակարգի շրջանակներում նախապես անվիճելի են ճանաչվում իրավաբանական նշանակություն ունեցող այնպիսի փաստեր, ինչպիսիք են`
3 Գևորգ Մալխասյան 27.02.2020 15:40:59 ա) գրավոր ձեւով գործարքի կնքումը եւ դրա` օրենքով նախատեսված կարգի պահպանումը, բ) պայմանագրի կողմերի ինքնության հաստատումը, նրանց իրավազորությունը եւ ազատ կամարտահայտությունը, գ) գործարքի պայմանների համապատասխանությունը ՀՀ օրենսդրության պահանջներին եւ միջազգային պայմանագրերի դրույթներին, ինչպես նաեւ կողմերի իրական մտադրությանը: Այս պայմաններում պարզ չէ թե մինչև տասը հազար դրամ ծախսի փոխարեն պետությունն ինչու է անձանց ուղղորդում մեծ ռիսկներ պարունակող գործարքներ կատարելու, փոխանակ օգնի նրանց, որ նրանք կնքեն անվիճելի գործարքներ:
4 Գևորգ Մալխասյան 27.02.2020 17:11:38 Պարզ չէ թե ինչու է պետությունն իր քաղաքացիներին առաջարկում է անվճար, անորակ ու առանց երաշխիքների ծառայություն, եթե նա ունի իր կողմից որակավորված ու իր կողմից հաստատված սակագներով աշխատող, որակյալ ու բազում երաշխիքներով և լիովին ապահովագրված ծառայություններ։ Եթե անգամ պետությունը ցանկանում է օգնել անձանց, ապա նա պարտավոր է նրանց նախօրոք գրավոր տեղեկացնել առկա ռիսկերի մասին։ ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածը սահմանում է, որ մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են: Մինչդեռ օրինակելի ու ռիսկային գործարքները գրանցելով ու դրան ռիսկայնության մասին անձանց նախօրոք չհայտնելով հանրային իշխանությունը ոչ թե պաշպանում, այլ խախտում է անձանց իրավունքները։ Եթե խնդիրը խորն ուսումնասիրվեր, ապա կպարզվեր, որ օրենքի պահանջների խախտման հիմքով նոտարի կողմից մերժված պայմանագրերն անմիջապես գրանցվում են Կադաստրի կոմիտեի կողմից։ Ցանկանում եմ հավելել նաև, որ Կադաստրի կոմիտեի աշխատակիցներն անգամ չգիտեն ու պարտավոր ել չեն իմանալ պայմանագրերի էությունն ու տարբերությունները։ Մասնավորապես անձը կնքի նվիրատվության թե նվիրաբերության պայմանագիր, կամ կնքի ռենտայի, վարձակալության թե կառուցապատման իրավունքի պայմանագիր և այլն։ Խնդիրները բազում են ու դրանց տեղյակ են շատերը, սակայն ես ցանկացա անդրադառնալ միայն մի քանիսին։ Շնորհակալություն․
5 Գևորգ Մալխասյան 27.02.2020 17:11:52 Պարզ չէ թե ինչու է պետությունն իր քաղաքացիներին առաջարկում է անվճար, անորակ ու առանց երաշխիքների ծառայություն, եթե նա ունի իր կողմից որակավորված ու իր կողմից հաստատված սակագներով աշխատող, որակյալ ու բազում երաշխիքներով և լիովին ապահովագրված ծառայություններ։ Եթե անգամ պետությունը ցանկանում է օգնել անձանց, ապա նա պարտավոր է նրանց նախօրոք գրավոր տեղեկացնել առկա ռիսկերի մասին։ ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածը սահմանում է, որ մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են: Մինչդեռ օրինակելի ու ռիսկային գործարքները գրանցելով ու դրան ռիսկայնության մասին անձանց նախօրոք չհայտնելով հանրային իշխանությունը ոչ թե պաշպանում, այլ խախտում է անձանց իրավունքները։ Եթե խնդիրը խորն ուսումնասիրվեր, ապա կպարզվեր, որ օրենքի պահանջների խախտման հիմքով նոտարի կողմից մերժված պայմանագրերն անմիջապես գրանցվում են Կադաստրի կոմիտեի կողմից։ Ցանկանում եմ հավելել նաև, որ Կադաստրի կոմիտեի աշխատակիցներն անգամ չգիտեն ու պարտավոր ել չեն իմանալ պայմանագրերի էությունն ու տարբերությունները։ Մասնավորապես անձը կնքի նվիրատվության թե նվիրաբերության պայմանագիր, կամ կնքի ռենտայի, վարձակալության թե կառուցապատման իրավունքի պայմանագիր և այլն։ Խնդիրները բազում են ու դրանց տեղյակ են շատերը, սակայն ես ցանկացա անդրադառնալ միայն մի քանիսին։ Շնորհակալություն․
6 Լիլիթ Մուրադյան 01.03.2020 11:09:32 Նախագծի առաջարկի կապակցությամբ գտնում եմ, որ այն ամբողջությամբ իրավազուրկ է, խնդրահարույց և չի կարող կյանքի կոչվել հետևյալ պատճառաբանությամբ. 1. կադաստրի աշխատակցի կողմից պայմանագրի կնքման դեպքում բացարձակ չի պարզաբանվում գործարքի իմաստն ու նշանակությունը և չի ստուգվում քաղաքացու իրական կամքը, մինչդեռ նոտարական գործարքների վավերացման դեպքում նոտարը պարտավոր է կողմերին պարզաբանել նրանց ներկայացրած գործարքների նախագծերի իմաստն ու նշանակությունը և ստուգել դրանց բովանդակության համապատասխանությունը կողմերի իրական մտադրությանը. Հիմք՝ Նոտարիատի մասին ՀՀ օրենքի 23-րդ հոդված: Նոտարը տարբեր հարցադրումների միջոցով պարզում է, թե արդյո՞ք քաղաքացիների միջև իրական առուվաճառքի իրավահարաբերություններ են ծագել, թե պարզապես պարտքի դիմաց գույքը գրավ դնելու փոխարեն պարտատերն օգտվում է պարտապանի անտեղյակ լինելու հանգամանքից և վստահությունը չարաշահելով համոզում է, որ որոշ ժամանակով ձևակերպի գույքն իր անվամբ մինչև պարտավորության կատարումը: Արդյունքում պարտքի դիմաց գույքը գրավ դնելու փոխարեն կնքում են առուվաճառքի պայմանագիր, ընդ որում շատ հաճախ գույքի արժեքը մի քանի անգամ գերազանցում է պարտավորության չափը: Այսպիսով կադաստրի միջոցով կնքվում են կեղծ և շինծու գործարքներ, որպիսի հանգամանքը հանգեցնում է դատական վեճերի: 2. Կադաստրի աշխատակցի կողմից պայմանագրի կնքման դեպքում բացարձակ չի ստուգվում գործարքի կողմերի գործունակությունը, մինչդեռ նոտարական գործողություններ կատարելիս նոտարը պարտավոր է ստուգել նոտարական գործողություններ կատարելու համար դիմած ֆիզիկական անձանց, նրանց ներկայացուցիչների /լիազորված անձանց/ կամ կազմակերպության ներկայացուցիչների ինքնությունն ու գործունակությունը, ընդ որում վավերացման մակագրության մեջ հատուկ նշում է կատարվում դրա մասին. Հիմք՝ Նոտարիատի մասին ՀՀ օրենքի 40 և 49 հոդվածներ: Արդյունքում ստացվում է հետևյալը՝ նոտարական գրասենյակ են բերում անգործունակ կամ սահմանափակ գործունակ քաղաքացու /հիվանդության կամ ծերության հիմքով սուբյեկտի ինքնուրույն, գիտակցված գործողություններով իրավաբանական իրավունքներ և պարտականություններ իրականացնելու հնարավորության և ունակության բացակայությունը/, ով պարզապես ի զորու չէ որևէ գործարք կնքել, առավել ևս սեփականության իրավունքի օտարման գործարք, չի կարողանում արտահայտել իր կամքը, գիտակցել, թե ուր է եկել, ինչի համար է եկել և այլն, որի արդյունքում նոտարը մերժում է քաղաքացու գործարքը, հետագայում պարզվում է, որ քաղաքացուն շահագրգիռ անձինք ուղեկցել են կադաստր, որտեղ և կնքվել է ցանկալի օտարման գործարքը առանց որևէ խնդրի, քանի որ կադաստրում քաղաքացուց անհրաժեշտ է բացառապես ստորագրությունը: Այսպիսով, կադաստրի միջոցով գործարքների կնքումը հանգեցնում է քաղաքացիների իրավունքների ոտնահարմանը, մինչդեռ պետությունը Սահմանադրությամբ ստանձնել է պաշտպանել ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքներն ու շահերը: 3. Լիազորագրերով գործարքներ կնքելը խնդիրն էլ ավելի է բարդացնում, քանի որ նախ և առաջ, կադաստրում գործարք կնքող աշխատակիցը չունի իրավաբանական կրթություն, որպեսզի կարողանա հստակ մեկնաբանել լիազորագիրը, տարբերակել անդեմ և երկիմաստ լիազորագրերը, ստուգել լիազորագիրը գործում է, թե ոչ, պարունակում է արդյո՞ք առոչնչության տարր, թե ոչ և այլն: Մինչդեռ, նոտարը լիազորված անձի լիազորությունների շրջանակը որոշելիս ելնում է միայն լիազորագրի բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից: Լիազորագրով իրականացվում են միայն դրանում նախատեսված գործողություններ, և կնքվում են դրանում նախատեսված գործարքներ: Անդեմ, անիմաստ գործողություններ կատարելու կամ գործարքներ կնքելու լիազորություններ չբովանդակող կամ բազմիմաստ լիազորություններ բովանդակող լիազորագրերի դրույթները գործարքներ կամ նոտարական այլ գործողություններ կատարելու համար հիմք չեն ընդունվում /ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 322-325-րդ, 599-րդ հոդվածներ, Նոտարիատի մասին ՀՀ օրենքի 48-րդ հոդված/: Ավելին, էլեկտրոնային նոտար համակարգը հնարավորություն է ընձեռում նոտարին ստուգել, թե արդյո՞ք ներկայացված լիազորագիրը գործող է, թե՝ ոչ: Իր միջոցներով և իր հաշվին ձեռնարկում է բոլոր միջոցները արտերկրից, այդ թվում ՀՀ հյուպատոսարաններից ներկայացված լիազորագրերի իսկությունը ստուգելու ուղղությամբ, ինչը կադաստրի կողմից չի իրականացվում: 4. Կադաստրի կողմից գործարքների կնքումը ազդում է երրորդ անձանց /համատեղ սեփկանատերերի/ իրավունքների ծավալի վրա: Մասնավորապես, եթե նոտարական գործարք վավերացնելիս նոտարը ստուգում է, թե արդյո՞ք գույքը համատեղ կյանքի ընթացքում է ձեռք բերվել կամ արդյո՞ք այլ անձանց իրավունքներով ծանրաբեռնված է այն, թե ոչ /նախկին շրջխորհրդի գործկոմի որոշմամբ ձեռքբերված գույք, որն ընտանիքի բոլոր անդամներին է հատկացվել, սակայն գույքը գրանցված է մեկ անձի անվամբ/, ապա կադաստրի կողմից բացարձակ նման հանգամանքներ հաշվի չեն առնվում, որպիսի հանգամանքը հավաստվում է այսօր ՀՀ դատական համակարգում գոյացած բազմաթիվ վեճերով: ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է, որ ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով սահմանված դեպքերի: Շատ հաճախ բոլոր համատեղ սեփականատերերի համաձայնության բացակայության հիմքով նոտարի կողմից մերժված քաղաքացիները կադաստրի միջոցով գտնում են իրենց ելքի ճանապարհը՝ խախտելով և ՀՀ Սահմանադրության և ՀՀ այլ օրենքների նորմերը: 5. Եվ ի վերջո հարկ է արձանագրել, որ ցանկացած դեպքում նոտարը կրում է գույքային պատասխանատվություն և նոտարի վրա օրենքով դրված է վնասի հատուցման պարտականություն, եթե վավերացրած գործարքով վնաս է պատճառվել քաղաքացուն, և օրենքով սահմանված կարգով ապահովագրված է նոտարի ռիսկը, իսկ կադաստրի պարագայում նման պատասխանատվություն սահմանված չէ, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ օտարման գործարքների կնքման լիազորությունը վերապահելով կադաստրին, չի բխում քաղաքացու, ինչու չէ նաև պետության շահերից: Հատկանշական է, որ վերոնշյալ էական և կարևոր փաստարկներն անտեսելով նախագիծն առաջարկողը կարևորում է ստորագրությունների իսկության ճանաչմամբ գործարքների կնքման ինստիտուտի ընդլայնումը՝ պայմանավորելով այն անշարժ գույքի գործարքների կնքման ընթացակարգերի պարզեցմամբ, այդ ընթացակարգերի ժամկետների ու ծախսատարության կրճատմամբ, գործարքները մեկ վայրում կնքելու մեկ պատուհանի ներդրմամբ: Հարկ է արձանագրել, որ դեռևս 2015 թվականին ՀՀ նոտարական համակարգում արդեն իսկ գործում էր մեկ պատուհանի սկզբունքը, որի արդյունքում քաղաքացին այցելելով նոտարական գրասենյակ՝ կնքում է պայմանագիր, գրանցում իրավունքները և ստանում ավարտական փաստաթուղթ տվյալ նոտարական գրասենյակից, հետևապես նման հանգամանքը այսօր արդիականացնելը վաղուց ակտուալ չէ: Ինչ վերաբերում է ծախսատարության վերաբերյալ փաստարկներին, ապա պետք է նշել, որ նմանատիպ իրավահարաբերությունում, երբ խոսքը գնում է անձի սեփականության իրավունքի օտարմանը, չի կարող ծախսատարության մասին խոսք գնալ, քանի որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, ցանկացած հասարակություն գերադասում է առաջին հերթին լինել առավել պաշտպանված և ցանկացած կայացած պետություն հետամուտ է լինում բոլոր օրինաչափ միջոցներով ապահովելու իր քաղաքացու սեփականության իրավունքի պաշտպանությունը, այլ ոչ թե խախտված իրավունքի վերականգնումը: Ավելին, ծախսատարության մասին խոսելիս չպետք է անտեսել, որ նոտարական գործարքների համար սահմանված վճարը իր մեջ ներառում է նաև պետական տուրք, որը փոխանցվում է բյուջե, իսկ նոտարի ծառայության վճարից պետությանը ևս վճարվում են հարկեր, արդյունքում նոտարական կարգով գործարքների վավերացման պարագայում պետությունը կրկնակի շահում է: Վերոգրյալ հիմնավորմամբ գտնում եմ, որ նման նախագծի մերժման հիմքում անհրաժեշտ է դնել բացառապես ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու և պետության շահը, այլ ոչ թե <<Հայաստանի գործարար միջավայրի դիրքի բարելավումը և ավելի լայն զանգվածին նոտարական վավերացում չպահանջող պայմանագրերի կնքումից օգտվելու հնարավորության ընձեռումը>>, քանի որ, ինչպես արդեն վերը նշվեց, յուրաքանչյուր դեպքում պետության առաջնային դերը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների և շահերի պաշտպանությունն է: Եվ ի վերջո, Հայաստանի Հանրապետությունը, ստանձնելով պարտավորություն քայլել առաջադեմ պետությունների հետ հավասար, նման իրավահարաբերություններում ևս պետք է հետևողական լինի և վերցնի այնպիսի պետությունների փորձը, որտեղ տվյալ երկրի քաղաքացու իրավունքներն ու շահերը այնպիսի պաշտպանվածության աստիճանում են, որի ցուցիչն է հանդիսանում դատական ատյաններում սեփականության իրավունքի խախտման վերաբերյալ գործերի սակավությունը /օրինակ՝ Նիդեռլանդների Թագավորությունը և այլն/, որոնց համար անընդունելի է անշարժ գույքի վերաբերյալ գործարքների իրականացումը ոչ թե բովանդակության վավերացմամբ, այլ կողմերի ստորագրության իսկության հաստատմամբ: ՀՀ Նոտարական պալատի նախագահ՝ Լիլիթ Մուրադյան