«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-49-Ն օրենքի 1-ին հոդվածը չեղյալ ճանաչելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներ
-
3 - Կողմ
-
0 - Դեմ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի ՀՕ-49-Ն ՕՐԵՆՔԻ 1-ԻՆ ՀՈԴՎԱԾԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Ներկայումս ՀՀ-ում պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը կարգավորվում է ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 434-րդ հոդվածի, ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 114-116-րդ հոդվածների, ինչպես նաև ՀՀ Նախագահի 2006 թվականի հուլիսի 31-ի ՆՀ-163-Ն հրամանագրի, ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի թիվ 1304-Ն որոշման դրույթների համաձայն: Նշյալ ակտերով նախատեսված կարգավորումներն ու օրենսդրական հիմքերը, կարծես թե, բավարար լծակներ են համակարգը կյանքի կոչելու համար, մինչդեռ, գործնականում խնդրո առարկա համակարգում նկատելի են բազմաթիվ թերություններ, ինչով պայմանավորված՝ համակարգը վերանայման կարիք ունի:
Վիճակագրական տվյալների վերլուծությունից ակնհայտ է, որ պայմանական վաղաժամկետ ազատվողների քանակը տարեցտարի նվազում է: Կատարված դիտարկումը կարելի է բացատրել մի շարք հանգամանքներով, որոնցից է, օրինակ` գործող համակարգի բարդեցված կառուցվածքը, գործընթացին մասնակցող պատասխանատու մարմինների գործողությունների անկանխատեսելիությունը, օրենքների անհստակությունը, կայացվող որոշումների հիմքում դրվող ոչ հստակ չափորոշիչները (պետք է առկա լինի դատարանի համոզվածությունը, որ պատիժը կրող անձի ուղղվելու համար նշանակված պատժի մնացած մասը կրելու կարիք չկա` հաշվի առնելով նաև տուժողին պատճառված վնասի հատուցման հանգամանքը), ինչով պայմանավորված էլ կայացված որոշումները դառնում են քննարկման առարկա:
ՀՀ Նախագահի 2012 թվականի հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՆԿ-96-Ա կարգադրության 4.4-րդ կետում ամրագրված է, որ «Անհրաժեշտ է օրենսդրական փոփոխությունների միջոցով կատարելագործել հանձնաժողովների գործունեության սկզբունքները, որոշումների կայացման չափանիշները, պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ գործերի քննության համար օրենսդրորեն սահմանել ամբողջական կանոններ:
Նման փոփոխությունների իրագործումը մի կողմից կբարձրացնի անկախ հանձնաժողովների գործունեության արդյունավետությունը և կշտկի Հայաստանի Հանրապետությունում պատժից պայմանական վաղաժամկետ ազատման, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու կառուցակարգերում առկա թերությունները, մյուս կողմից կապահովի հասարակության, նրա ներկայացուցիչների մասնակցությունն այդ խնդիրների լուծմանը»:
Այս համատեքստում հարկ է անդրադառնալ նախևառաջ պայմանական վաղաժամկետ ազատելու մասին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 2003 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ Rec(2003) 22 հանձնարարականին: Նշյալ հանձնարարականի ընդունման որոշումը 2000 թվականի «Բանտային գերբեռնվածության ու դատապարտյալների քանակի նվազեցման վերաբերյալ» հանձնարարականի տրամաբանական շարունակությունն էր: Հանձնարարականների հաջորդականությունը և պայմանական ազատման վերաբերյալ հանձնարարականի բովանդակության ուսումնասիրությունը վկայում են այն մասին, որ վաղաժամկետ ազատման հիմնական և կենտրոնական նպատակներից մեկը քրեակատարողական հիմնարկների բեռնաթափումն է: Միևնույն ժամանակ, պայմանական վաղաժամկետ ազատումը նպատակ է հետապնդում դատապարտյալներին օգնել քրեակատարողական հիմնարկի կյանքից հասարակություն վերադառնալու հարցում` ազատությանը հաջորդող համապատասխան պայմանների և հսկողության միջոցով:
Ըստ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի վերոհիշյալ հանձնարարականի առկա են պայմանական վաղաժամկետ ազատման երկու հիմնական համակարգեր՝
1) հայեցողական.
2) պարտադիր:
Հայեցողական համակարգով գործող պայմանական վաղաժամկետ ազատման պարագայում օրենքով հստակ պետք է սահմանված լինի պատժի այն նվազագույն ժամանակահատվածը, որը պետք է կրի դատապարտյալը: Տվյալ նվազագույն ժամկետը վրա հասնելու դեպքում իրավասու մարմինները պետք է սկսեն ազատման ընթացակարգը: Սույն համակարգի պարագայում պետք է սահմանված լինեն հստակ և հասկանալի չափանիշներ: Ավելին, նման չափանիշները պետք է իրատեսական լինեն՝ հաշվի առնելով դատապարտյալի անհատական, սոցիալական և տնտեսական առանձնահատկություններն ու վերականգնողական ծրագրերի առկայությունը: Օրենքով լիազորված մարմնի կողմից պայմանական վաղաժամկետ ազատումը մերժող որոշումը կայացնելու դեպքում պետք է նշանակվի նաև հարցի հաջորդ լսման օրը, որն կապահովի դատապարտյալների կողմից ազատման համար կրկին դիմելու հնարավորությունը:
Պարտադիր վաղաժամկետ ազատման համակարգի դեպքում օրենքով սահմանվում է միայն պատժի նվազագույն ժամանակահատվածը, որը պետք է հաշվի առնվի ազատման հարցը քննելիս:
Ակնհայտ է, որ ՀՀ իրավակիրառ պրակտիկայում առկա է երկու հիմնական համակարգերի չհստակեցված և չտարանջատված խառնուրդ: Մասնավորապես, պայմանական վաղաժամկետ ազատման համար նախատեսվում է ինչպես պատժի նվազագույն ժամանակահատվածը (ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մաս), որը պետք է կրի դատապարտյալը, այնպես էլ ոչ հստակ չափանիշներ, որոնց կիրառումը գործնականում առաջացնում է մի շարք բարդություններ (պետք է առկա լինի դատարանի համոզվածությունը, որ պատիժը կրող անձի ուղղվելու համար նշանակված պատժի մնացած մասը կրելու կարիք չկա` հաշվի առնելով նաև տուժողին պատճառված վնասի հատուցման հանգամանքը):
Անդրադառնալով պայմանական վաղաժամկետ ազատման հարցի առնչությամբ որոշում կայացնող մարմիններին` անհրաժեշտ է նշել, որ ներկայումս որոշում կայացվում է հետևյալ երեք հանրային մարմինների մասնակցությամբ`
- քրեակատարողական հիմնարկի վարչակազմ (առաջին օղակ),
- անկախ հանձնաժողով (երկրորդ օղակ),
- դատարան (երրորդ օղակ):
Քննարկենք վերոնշյալ մարմինների գործառույթներն առանձին-առանձին:
Այսպես, ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատժի ժամկետի՝ օրենքով սահմանված մասը լրանալու դեպքում պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը մեկամսյա ժամկետում պարտադիր լսում է կարգապահական տույժ չունեցող դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ներկայացման հարցը: Այսինքն` քրեակատարողական հիմնարկն առաջին այն օղակն է, որը կարող է դրական կամ բացասական լուծում տալ այս հարցին:
Չստորադասելով այն հանգամանքը, որ քրեակատարողական հիմնարկը, թերևս, ամենալավն է տիրապետում դատապարտյալի կարիքներին, քանի որ ամենօրյա հսկողություն և աշխատանքներ է կատարում դատապարտյալի պատժի կրման և ուղղման գործընթացի շրջանակներում, այնուամենայնիվ, որպես պատիժ կատարող մարմին` քրեակատարողական հիմնարկը տվյալ դեպքում հանդես է գալիս որպես «ինքն իր գործունեությունը գնահատող» մարմին: Այլ խոսքով` քրեակատարողական հիմնարկը գնահատում է` արդյոք իր կողմից իրականացվող աշխատանքները ծառայել են իրենց նպատակին, թե ոչ` որոշելով պայմանական վաղաժամկետ ազատման հարցը հաջորդ` երկրորդ օղակին, ներկայացնելու նպատակահարմարությունը: Բացի այդ, այստեղ առկա է նաև գործառույթների ոչ հստակ տարանջատում` փաստորեն, հանգեցնելով տարբեր մարմինների կողմից միևնույն գործառույթի իրականացմանը:
ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության համաձայն` պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ միջնորդագիր ներկայացնելու մասին որոշում կայացնելու դեպքում որոշումը ներկայացնում է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի հավանությանը:
ՀՀ Նախագահի 2006 թվականի հուլիսի 31-ի ՆՀ-163-Ն հրամանագրի հավելված 1-ի 6-րդ կետը սահմանում է, որ անկախ հանձնաժողովի աշխատակարգային որոշմամբ ստեղծվում են հանձնաժողովի առնվազն երկու անդամներից կազմված ենթահանձնաժողովներ, որոնք, ըստ քրեակատարողական հիմնարկների, նախապատրաստում են հանձնաժողովի քննարկման համար հարցեր: Նույն հրամանագրի 7-րդ կետի համաձայն` ենթահանձնաժողովը ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր ամսվա 15-րդ օրը, քրեակատարողական հիմնարկի ղեկավարի հետ համաձայնեցված օրը այցելում է պատիժը կատարող հիմնարկ, ծանոթանում դատապարտյալի անձնական գործին, մեկուսի հանդիպում նրա հետ, անհրաժեշտության դեպքում հանդիպում է նաև պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի հետ: Արդյունքում` ենթահանձնաժողովները անկախ հանձնաժողովի նիստում ներկայացնում են իրենց կարծիքները, որից հետո անցկացվում է քննարկում և քվեարկություն:
Ելնելով վերոգրյալից` ստացվում է, որ անկախ հանձնաժողովը որոշում կայացնելիս հիմնվում է իր երկու անդամներից կազմված ենթահանձնաժողովի կարծիքի վրա: Այսինքն` անկախ հանձնաժողովի ոչ բոլոր անդամներն են անձամբ հանդիպում դատապարտյալին, լսում նրան, նրա կարծիքը, ծանոթանում նրա գործի բոլոր հանգամանքներին, որը բարձրացնում է սուբյեկտիվ գործոնների կողմից օբյեկտիվ գործոնների ստորադասման ռիսկը: Հարց է ծագում, թե արդյոք երկու անդամի դիտարկման արդյունքում անկախ հանձնաժողովի մնացած անդամների համար անուղղակի ծանոթության ու երկրորդական աղբյուրի միջոցով ստացած տեղեկությունը բավարար և օբյեկտիվ է անձի ճակատագրի մասին որոշում կայացնելու համար:
Անդրադառնալով երրորդ օղակին` հարկ է նշել, որ վերջինիս կողմից պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ որոշում կայացնելիս ամենակարևոր գործոնը հստակ ձևակերպված, հրապարակված, օբյեկտիվ չափանիշների առկայությունն է, որոնցով պետք է առաջնորդվի դատարանը: Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի թիվ Rec(2003) 22 հանձնարարականի 18-րդ կետի համաձայն` «այն չափանիշները, որոնց ազատազրկման դատապարտված անձինք պետք է բավարարեն, որպեսզի պայմանական վաղաժամկետ ազատ արձակվեն, պետք է հստակ ձևակերպված լինեն: Դրանք պետք է նաև իրատեսական լինեն այն առումով, որ պետք է հաշվի առնեն դատապարտյալի անձը և սոցիալական ու տնտեսական հանգամանքները, ինչպես նաև վերաինտեգրման ծրագրերի առկայությունը»:
Տեղին է նաև նշել, որ ՀՀ Սահմանադրական դատարանը 13.05.2008թ. իր թիվ ՍԴՈ-753 որոշման մեջ, անդրադառնալով իրավական որոշակիության սկզբունքին, հայտնել է դիրքորոշում, համաձայն որի՝ իրավական պետության սկզբունքը, ի թիվս այլոց, պահանջում է նաև իրավական օրենքի առկայություն, որը պետք է լինի բավականաչափ մատչելի, որպեսզի հետևանքները իրավունքի սուբյեկտները համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կանխորոշելու, թե տվյալ դեպքում իրավական ինչ նորմեր են կիրառվում: Նորմը չի կարող համարվել «օրենք», եթե այն ձևակերպված չէ բավարար ճշգրտությամբ, որը թույլ կտա իրավաբանական և ֆիզիկական անձանց դրան համապատասխանեցնել իրենց վարքագիծը, նրանք պետք է հնարավորություն ունենան կանխատեսել այն հետևանքները, որոնք կարող է առաջացնել տվյալ գործողությունը: Նույնաբովանդակ իրավական դիրքորոշումներ են տեղ գտել նաև Եվրոպական դատարանի վճիռներում (տե՛ս օրինակ The Sunday Times v. United Kingdom, գանգատ թիվ 6538/74, 1979 թ. ապրիլի 26-ի վճիռ, կետ 49):
Հստակ ձևակերպված չափանիշները նախևառաջ անհրաժեշտ են, որպեսզի ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալներն ի վիճակի լինեն կանխատեսել և համապատասխանաբար կարգավորել իրենց վարքագիծը: Բացի այդ, հստակությունն անհրաժեշտ է համակարգում չարաշահումների և կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, ինչպես նաև համակարգի նկատմամբ հասարակական վստահություն ձևավորելու համար:
Տվյալ պարագայում ակնհայտ է, որ ոչ հստակ և ոչ կանխատեսելի չափանիշների առկայությունը պատժից պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացը դարձնում է ավելի անհաղթահարելի:
Հիմք ընդունելով վերոգրյալը` սույն նախագծերով փորձ է կատարվել նախատեսել պատժից պայմանական վաղաժամկետ ազատման այնպիսի համակարգ, որը կունենա օրենսդրական կայուն հիմք և կնպաստի գործուն և արդյունավետ պրակտիկայի ձևավորմանը: Ի վերջո, անհրաժեշտ է նշել, որ պատժից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի կիրառման համար հստակ և իրական չափանիշների նախատեսումն իր հերթին կապահովի ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված պատժի նպատակների իրականացումը: Այս առումով ցանկալի է ընդգծել դատապարտյալի ուղղման գլխավոր նպատակին հասնելու հանգամանքը, քանի որ պետք է ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ դատապարտյալը շահագրգռված լինի ուղղվելու և որպես ուղղվելու գրավական՝ իրեն դրսևորի պատշաճ ձևով՝ վստահ լինելով, որ երբ լրանա օրենքով նախատեսված պատժի կրման ժամկետը, և եթե նա համապատասխանի օրենքով սահմանված չափանիշներին, այսինքն՝ փաստված լինի, որ վերջինս բռնել է ուղղման ճանապարհը, ապա ազատ կարձակվի:
Առաջարկվող կարգավորման բնույթը
Հաշվի առնելով վերոգրյալը և ի կատարումն ՀՀ Նախագահի հիշյալ հրամանագրի պահանջի՝ սույն նախագծերով առաջարկվում են կարգավորումներ, որոնք ուղղված են պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի և անկախ հանձնաժողովի գործառույթների հստակեցմանը` բացառելով նույնաբնույթ գործառույթների իրականացումը, հստակ չափանիշների սահմանմանը, որոնք կդրվեն և՛ անկախ հանձնաժողովի, և ՛ դատարանի պատճառաբանված որոշումների հիմքում, ինչպես նաև դատապարտյալի իրավունքների արդյունավետ իրացմանը: Մասնավորապես` նախատեսվել են.
1) Պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի և անկախ հանձնաժողովների գործառույթների հստակ տարանջատման մեխանիզմ, ինչպես նաև պատժից պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի բարդեցված կառուցվածքի պարզեցում:
Խնդրո առարկա հարցի շուրջ նախագծերի մշակման փուլում առանձնացվել են միջազգային փորձում առկա և հնարավոր երեք տարբերակներ, որոնք ենթարկվել են խորը վերլուծության: Մասնավորապես՝ առանձնացվել են պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու և պատիժն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ինստիտուցիոնալ հետևյալ մոդելները.
1-ԻՆ ՄՈԴԵԼ՝ պատիժը կատարող հիմնարկի վարչակազմ - դատարան: Այս մոդելի դեպքում ուղղակի կապ է առաջանում պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի և դատարանի միջև: Այսինքն՝ անկախ հանձնաժողովը, որպես միջանկյալ օղակ և որոշում կայացնող մարմին, պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու և պատիժն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ինստիտուտների գործընթացից բացառվում է:
2-ՐԴ ՄՈԴԵԼ՝ անկախ հանձնաժողովը՝ որպես վերջնական որոշում կայացնող մարմին: Այս մոդելի ընտրության դեպքում ստացվում է, որ դատարանները՝ որպես արդարադատության իրականացնող մարմիններ, բացառվում են պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու և պատիժն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ինստիտուտների գործընթացից: Քննարկվող մոդելն առկա է արտասահմանյան որոշ պետություններում (օրինակ՝ Խորվաթիա, Կանադա և այլն):
Մինչդեռ, տեղին է նշել, որ ներպետական օրենսդրությամբ նման մոդելի ամրագրումը հակասում է Հայաստանի Հանրապետության որդեգրած քրեական քաղաքականությանը: Դատական ակտերի կատարման փուլին առնչվող հարցերը լուծվում են դատարանների կողմից (տե՛ս Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 49-րդ գլուխը): Ասվածը հավասարապես վերաբերում է դատապարտյալների նկատմամբ խրախուսական համարվող այնպիսի ինստիտուտների, ինչպիսին պատժից պայմանական վաղաժամկետն ազատելն և պատիժն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելն է:
3-ՐԴ ՄՈԴԵԼ՝ անկախ հանձնաժողով - դատարան: Այս մոդելը, թերևս, ամենաշատն է համապատասխանում ՀՀ Նախագահի 2012 թվականի հունիսի 30-ի ՆԿ-96-Ա կարգադրությամբ առաջադրված պահանջներին: Խնդրո առարկա մոդելը բացառում է պատիժը կատարող հիմնարկի և անկախ հանձնաժողովի կողմից նույնաբնույթ գործառույթների իրականացումը, բարձրացնում է անկախ հանձնաժողովների արդյունավետությունը:
Ելնելով վերոգրյալից՝ նախագծերով առաջարկվում է Հայասատանի Հանրապետությունում ներդնել վերոնշյալ 3-րդ մոդելը:
Այսպես, նախագծծերի փաթեթով առաջարկվում է պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու գործընթացի մեկնարկը պայմանավորել դատապարտյալի կողմից պատժի ժամկետի՝ օրենքով սահմանված մասը կրելու հետ, որպիսի պայմաններում պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը տասնօրյա ժամկետում պարտավոր է անկախ հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ներկայացման հարցը` կցելով դատապարտյալի անձնական գործի ամփոփ տեղեկանքը, դատապարտյալի անձի և վարքագծի փաստական նկարագիրը և դատապարտյալի անձնական գործը, ինչի մասին կայացնում է որոշում:
Անդրադառնալով դիմումի առկայության դեպքում նշյալ ինստիտուտների իրացման միջազգային փորձին, հարկ է նկատել, որ քննարկվող հարցի առնչությամբ միասնական մոտեցումը բացակայում է: Կան երկրներ, որոնք պայմանական վաղաժամկետ ազատման հարցը քննվում է դատապարտյալի դիմումի հիման վրա (Ֆրանսիա, Գերմանիա, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Կանադա), և կան երկրներ, որոնցում քննվում է մեխանիկորեն (Իսպանիա, Նիդերլանդներ, Պորտուգալիա, Խորվաթիա):
Օրինակ՝ Ֆրանսիայում դատապարտյալը պետք է դիմում ներկայացնի պատիժների կատարման գծով դատավորին կամ դատարան:
Գերմանիայում նույնպես դատապարտյալը պետք է դիմում ներկայացնի տարածքային դատարաններում պատիժների կատարման հարցերով քրեական պալատ։
Իսպանիայում պայմանական վաղաժամկետ ազատման հարցի քննությունը պետք է սկսվի մեխանիկորեն, հակառակ դեպքում դատապարտյալը կարող է բողոք ներկայացնել։
Նախագծերի փաթեթով որդեգրված մոտեցումը պայմանավորված է այն հանգամանքով, որ պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատիժն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ինստիտուտները իրենց բնույթով խրախուսական նորմեր են դատապարտյալներին նկատմամբ, ուստի, անհրաժեշտ է ապահովել օրենսդրական կառուցակարգ առ այն, որ քննարկվող խրախուսական նորմերի կիրառման հնարավորությունը քննվի մեխանիկորեն: Ինչ վերաբերում է դատապարտյալի կողմից դիմում ներկայացնելու և այդկերպ իր համաձայնությունն արտահայտելու պահանջին, ապա դատապարտյալի համաձայնությունը ստանալու պահանջն իրացնելու նպատակով սահմանվել է, որ անկախ հանձնաժողովի կողմից դատապարտյալի վարքագծի և վերջինիս կողմից նոր հանցանք կատարելու հավանակության վերաբերյալ օրենքով հստակ սահմանված հանգամանքների վերաբերյալ եզրակացություն տալուց հետո պատիժը կատարող հիմնարկի ղեկավարը համապատասխան եզրակացությունը դատարան ներկայացնում է դատապարտյալի գրավոր համաձայնության դեպքում: Դատապարտյալի համաձայնության պահանջը նախատեսելը բխում է դատապարտյալի կամարտահայտության, լսված լինելու սկզբունքներից:
Անհրաժեշտ է ընդգծել, որ անկախ հանձնաժողովի կողմից հարցի քննարկման գործընթացից «ենթահանձնաժողովների ինստիտուտը» հանվել է, որպիսի պայմաններում անկախ հանձնաժողովն իր ողջ կազմով քննում է դատապարտյալի գործը դատապարտյալի մասնակցությամբ, ով էլ իր հերթին ձեռք է բերում մի շարք իրավունքներ: Անկախ հանձնաժողովի կողմից եզրակացություն տալուց հետո դրա պատճենը, ոչ ուշ, քան յոթօրյա ժամկետում ստորագրությամբ հանձնվում է դատապարտյալին և ուղարկվում է պատիժը կատարող հիմնարկի վարչակազմին և պատժի կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
2) Հստակ և իրական չափանիշներ, որոնք պետք է հաշվի առնվեն դատապարտյալին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցի լուծման ընթացքում:
Այսպես, արտասահմանյան երկրների փորձի և միջազգային փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պայմանական վաղաժամկետ ազատման չափանիշները բաժանվում են երկու խմբի.
- դատապարտյալի անցյալին և ներկային վերաբերող գործոնների գնահատում (ազատազրկման ընթացքում դատապարտյալի դրսևորած վարքագիծը, կարիքները, նրա հետ իրականացված աշխատանքների արդյունքները և այլն),
- ապագային վերաբերող գործոնների գնահատում (պայմանական վաղաժամկետ ազատվելուց հետո կրկին հանցանք կատարելու ռիսկի կանխատեսումը):
Առաջին խմբի շրջանակներում նախագծում առանձնացված են հետևյալ չափանիշները`
- պատժի կրման ընթացքում դրսևորել է պատշաճ վարքագիծ.
Դատապարտյալի պատշաճ վարքագծի պահանջը բխում է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի` խնդրո առարկա հարցի վերաբերյալ արտահայտած դիրքորոշումներից: Մասնավորապես` Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի 2007 թվականի նոյեմբերի 30-ի թիվ ՎԲ-212/07 և ՎԲ-213/07 որոշումներում արտահայտած է իրավական դիրքորոշում առ այն, որ պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու հնարավորության հարցը լուծելիս դատապարտյալի ուղղված լինելու մասին դատարանի հետևությունը պետք է հիմնված լինի քրեակատարողական հիմնարկում դատապարտյալի գտնված լինելու ամբողջ ժամանակահատվածում վերջինիս վարքի մասին տվյալների բազմակողմանի ուսումնասիրության վրա: Դատարանը գտնում է, որ դատապարտյալը պետք է վարքով ապացուցի իր ուղղված լինելը, հետևաբար` ուղղվելու համար նշանակված պատժի մնացած մասը կրելու կարիք չունենալը:
Ըստ այդմ` դատապարտյալի պատշաճ վարքագիծը գնահատելիս հաշվի են առնվում հետևյալ հանգամանքները.
1) պատժի կրման ընթացքում խրախուսանքի առկայությունը.
2) պատժի կրման ընթացքում կարգապահական տույժի առկայությունը
3) պատժի կրման ընթացքում կրթական ծրագրերին, մարզական կամ մշակութային միջոցառումներին կամ դատապարտյալների ինքնագործ միավորումներին մասնակցելը, եթե առկա է եղել նման հնարավորություն.
4) պատժի կրման ընթացքում առնվազն երեք ամիս աշխատելը, եթե առկա է եղել աշխատելու հնարավորություն կամ եթե չաշխատելը պայմանավորված չէ դատապարյալի առողջական խնդիրներով.
5) դատապարտյալի պատշաճ վարքագիծը գնահատող այլ հանգամանքներ:
Երկրորդ խմբի շրջանակներում նախագծում առանձնացված է հետևյալ չափանիշը`
- դատապարտյալի կողմից նոր հանցագործություն կատարելու հավանականությունը ցածր է:
Նշյալ պահանջը ևս բխում է պատժի նպատակներից, այն է` հանցագործությունների կանխումը: Այս պահանջի նախատեսումը բխում է նաև Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 2003 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ Rec(2003) 22 հանձնարարականի 8-րդ կետի կարգավորումներից, համաձայն որի` ռեցիդիվի վտանգը նվազեցնելու նպատակով պետք է հնարավոր լինի անձանց նկատմամբ կիրառել անհատականացված պայմաններ:
Դատապարտյալի կողմից նոր հանցագործություն կատարելու վտանգը գնահատելիս հաշվի են առնվում հետևյալ չափորոշիչները.
1) դատապարտյալի տարիքը, դատապարտյալի տարիքը հանցագործություն կատարելու պահին.
2) հանցագործության բնույթը և հանրային վտանգավորությունը.
3) ռեցիդիվի առկայությունը.
4) իր կատարած հանցանքի նկատմամբ ունեցած վերաբերմունքը
5) հատուցել կամ այլ կերպ հարթել է հանցագործությամբ պատճառած վնասը կամ գրավոր պարտավորություն է ստանձնել պատճառած վնասը հատուցելու կամ այլ կերպ հարթելու վերաբերյալ.
6) նրա վերաբերմունքը քրեական ենթամշակույթի նկատմամբ.
7) որոշակի հակումները, հնարավոր կախվածությունները, նախասիրությունները.
8) մասնակցությունը մասնակցությունը վերասոցիալականացման, այդ թվում` անձնական զարգացման միջոցառումներին.
9) ընտանիքի և արտաքին աշխարհի հետ կապը կամ խնամքի տակ գտնվող անձանց առկայությունը.
10) սոցիալական միջավայրը.
11) առողջական, այդ թվում` հոգեկան առողջության վիճակը, հարկադիր բուժման մեջ գտնվելը և հարկադիր բուժման արդյունքը.
12) դատապարտյալի կողմից նոր հանցագործություն կատարելու հավանականությունը գնահատող այլ հանգամանքներ:
Վերոթվարկյալ հանգամանքների հիմքում դրվել են ստատիկ և դինամիկ այնպիսի գործոններ, որոնք կարող են օգնել դատապարտյալի ռիսկերի և քրեածին պահանջմունքների գնահատման առումով:
Ստատիկ գործոններն այն գործոններն են, որոնք չեն փոփոխվում: Դրանք են` տարիքը հանցագործություն կատարելիս, նախկինում կատարած հանցագործության փաստը, հանցագործությունների տեսակները և այլն: Այս` անցյալին վերաբերող գործոնները, որպես կանոն, գնահատվում են ներկա իրավիճակի համատեքստում, որպեսզի հնարավոր լինի կանխատեսել հետագա զարգացումները (նոր հանցագործություն կատարելու ռիսկը):
Դինամիկ գործոններն այն գործոններն են, որոնց վրա ազդելով հնարավոր է նվազեցնել, չեզոքացնել նոր հանցագործությունների ռիսկը: Դրանք են` զբաղվածությունը, ընտանեկան հարաբերությունները, կախվածությունները, դիրքորոշումը քրեական ենթամշակույթի հանդեպ, արժեհամակարգը, շրջապատը (միջավայրը) և անձնային հատկանիշները (հոգեհուզական վիճակը):
Նշված գործոններից նախագծում առանձնացվել են այն հիմնականները, որոնք դատարանը կամ անկախ հանձնաժողովը պարտավոր է հաշվի առնել:
Նախագծում նաև հստակ տարանջատվել է, որ Անկախ հանձնաժողովը սոսկ եզրակացություն է տալիս դատապարտյալի վարքագծի և վերջինիս կողմից նոր հանցանք կատարելու հավանակության վերաբերյալ օրենքով հստակ սահմանված հանգամանքների վերաբերյալ, իսկ այդ եզրակացության գնահատման արդյունքում դատարանն է որոշելու, թե արդյոք դատապարտյալն ուղղվել է և պատժի հետագա մասը կրելու կարիք չունի:
3) Դատապարտյալին տրվել են մի շարք իրավունքներ, որոնք ուղղված են իրեն վերաբերող եզրակացության կայացմանը ներկա գտնվելուն և իր «պաշտպանությունն» իրականացնելուն:
Մասնավորապես` ըստ նախագծի` պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը քննարկելիս դատապարտյալն իրավունք ունի.
1) անկախ հանձնաժողովի նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին ստանալ պատշաճ ծանուցում.
2) անձամբ կամ փաստաբանի կամ օրենքով սահմանված կարգով անվճար իրավաբանական օգնություն ցույց տվող փաստաբանի միջոցով մասնակցել անկախ հանձնաժողովում իր վերաբերյալ հարցերի քննարկմանը.
3) հայերենին չտիրապետելու դեպքում պետության միջոցների հաշվին օգտվել թարգմանչի ծառայություններից.
4) ծանոթանալ իր վերաբերյալ անկախ հանձնաժողով ներկայացված նյութերին և անվճար ստանալ դրանց պատճենները.
5) ներկայացնել բացատրություններ և փաստաթղթեր, հանդես գալ հայտարարություններով.
6) հայտնել իր կարծիքը` իրեն վերաբերող հարցերի քննարկման ժամանակ:
Վերոգրյալ իրավունքների համալիր վերլուծությունից կարելի է եզրակացնել, որ դատապարտյալը կարող է իրացնել իր իրավունքները` ապահովելով մրցակցություն նաև անկախ հանձնաժողովում: Ապահովելու համար դատապարտյալների իրավունքերի իրական պաշտպանությունը նախագծում տրված կարգավորումներն իրենց հիմքում ունեն այն տչամաբանությունը, որ պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ հարցի քննությունը պետք է՝
- հիմնված լինի օրենքով սահմանված, մատչելի և կանխատեսելի ընթացակարգերի վրա,
- իրականացվի մրցակցային սկզբունքով,
- անկախ հանձնաժողովի եզրակացությունը պետք է լինի պատճառաբանված և օբյեկտիվ:
Ընդ որում, այս ինստիտուտի կիրառման արդյունավետության բարձրացման և իսկ որոշման հետ դատապարտյալի դատապարտյալների իրավունքերի իրական պաշտպանության ապահովման համար ինչպես արդեն նշվել է, սահմանվել է, որ անկախ հանձնաժողովի եզրակացությունը պարտադիր ներկայացվում է դատարան, եթե առկա է դատապարտյալի գրավոր համաձայնությունը: Այսինքն՝ գործը դատարան չի ուղարկվի միայն դատապարտյալի առարկության դեպքում:
4) Պայմանական վաղաժամկետ ազատվելու դեպքում դատապարտյալի պատժի չկրած մասը համարվելու է փորձաշրջան: Ցմահ ազատազրկման դատապարտված անձին պատժից պայմանական վաղաժամկետ ազատվելիս դատարանը փորձաշրջանը նշանակելու է ութ տարի ժամկետով:
Միաժամանակ հարկ է նշել, որ, հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասի դրույթը՝ Նախագծով առաջարկվում է չեղյալ ճանաչել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-49-Ն օրենքի 1-ին հոդվածը, որը լրացումներ էր նախատեսում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին մասում: Նախագծով առաջարկվում է նշյալ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ, ինչի արդյունքում «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-49-Ն օրենքի 1-ին հոդվածի պահանջների կատարումը հնարավոր չի լինի իրականացնել: Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ քննարկվող օրենքը դեռևս չի կիրառվել` Նախագծով առաջարկվում չեղյալ ճանաչել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-49-Ն օրենքի 1-ին հոդվածը և վերջինիս կարգավորումները ներառել օրենսդրական սույն փաթեթում:
5) Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 114-րդ հոդվածի 3-րդ մասն ամրագրում է, որ անկախ հանձնաժողովի կազմում ընդգրկվում են համապատասխան գերատեսչությունների և հասարակության այլ ներկայացուցիչներ, որոնք, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2006 թվականի հուլիսի 31-ի ՆՀ-163-Ն հրամանագրի համաձայն, թվով 8-ն են:
Այս առումով Նախագծում հստակեցվել և սպառիչ կերպով թվարկվել են այն մարմինները, որոնց ներկայացուցիչները կարող են ընդգրկվել են անկախ հանձնաժողովի կազմում: Այսպես, Անկախ հանձնաժողվի կազմում ընդգրկվում են հոգեբան, հոգեբույժ՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից, սոցիալական աշխատող՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, կրիմինոլոգ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և առնվազն վերջին հինգ տարվա ընթացքում քրեակատարողական համակարգի բարեփոխման և դատապարտյալների իրավունքների պաշտպանության բնագավառում գործունեություն ծավալած հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ նախագծով առաջարկվում է անկախ հանձնաժողովի կազմում ընդգրկել թվով 7 ներկայացուցիչներ: Վերոհիշյալ կարգավորմամբ փորձ է արվել անկախ հանձնաժողովը դարձնել մասնագիտացված մարմին և ապահովել դատապարտյալի վարքագծի և վերջինիս կողմից նոր հանցանք կատարելու հավանակության վերաբերյալ օրենքով հստակ սահմանված հանգամանքների վերաբերյալ մասնագիտական եզրակացություն տալը, որը դատարանի համար փորձագիտական կարծիքի դեր կկատարի:
Անհրաժեշտ է փաստել, որ քննարկվող հարցի շուրջ միջազգային փորձում (խոսքը վերաբերում է այն պետություններին, որտեղ, բացի դատական կարգից, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ վերջնական որոշում կարող է կայացվել նաև հանձնաժողովային կարգով) ներդաշնակություն չի տիրում:
Կանադայում պայմանական վաղաժամկետ ազատման մասին որոշումների կայացման բացառիկ իրավունքը պատկանում է պայմանական վաղաժամկետ ազատման ազգային հանձնաժողովին: Այս հանձնաժողովը բաղկացած է ոչ ավելի, քան 45 լրիվ դրույքով և մի քանի կես դրույքով աշխատող անդամներից, որոնց նախարարի առաջարկությամբ նշանակում է Կանադայի գլխավոր նահանգապետը` համապատասխանաբար 10 և 3 տարի ժամկետով: Անդամները պետք է ունենան կրթություն տարբեր ոլորտներում` իրավաբանություն, քրեաբանություն, սոցիալական աշխատանք, հոգեբանություն և այլն:
Մեծ Բրիտանիայում 2005 թվականին ուժի մեջ մտած Քրեական արդարադատության ակտի ուժով որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց պայմանական վաղաժամկետ ազատումը դարձավ պարտադիր` պատժի համապատասխան մասը կրելուց հետո: Այս դեպքում համապատասխան պայմաններ է նշանակում բանտի վարչակազմը: Առանձին հանցագործությունների դեպքում պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ որոշումները կայացնում է պայմանական վաղաժամկետ ազատման հանձնաժողովը: 2016 թվականի դրությամբ հանձնաժողովի կազմում ընդգրկված է 206 անդամ` դատավորներ, հոգեբաններ, քրեաբաններ, պրոբացիայի ծառայողներ, հաշտարարներ, փաստաբաններ, գիտնականներ և այլ անկախ անձինք: Հանձնաժողովն իր գործառույթներն իրականացնում է տարբեր ընթացակարգերով` որոշ դեպքերում` միայն գրավոր կերպ, որոշ դեպքերում` բանավոր, 1 կամ 3 անդամներով:
Ակնկալվող արդյունքը
Նախագծերի ընդունման դեպքում կապահովվի պատժից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի կիրառման արդյունավետության բարձրացումը: Մասնավորապես՝
- կհստակեցվեն անկախ հանձնաժողովի և դատարանի գործառույթները՝ բացառելով նույնաբնույթ գործառույթների իրականացումը.
- կսահմանվեն հստակ չափանիշներ, որոնք կդրվեն և՛ անկախ հանձնաժողովի, և՛ դատարանի պատճառաբանված որոշումների հիմքում.
- դատապարտյալն իրավունք կունենա մասնակցելու իրեն վերաբերող եզրակացության կայացմանը և իրականացնելու համապատասխան պաշտպանություն:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի ՀՕ-49-Ն ՕՐԵՆՔԻ 1-ԻՆ ՀՈԴՎԱԾԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-49-Ն օրենքի 1-ին հոդվածը չեղյալ ճանաչելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն է առաջանում:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի ՀՕ-49-Ն ՕՐԵՆՔԻ 1-ԻՆ ՀՈԴՎԱԾԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ », «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-49-Ն օրենքի 1-ին հոդվածը չեղյալ ճանաչելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի կամ եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Քննարկվել է
06.02.2017 - 21.02.2017
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն, Պրոբացիա, Քրեակատարողական, Քրեական օրենսդրություն, Քրեական դատավարություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 11664
Տպել