Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների՝ 17.12.2019 - 03.01.2020թթ. հանրային քննարկման արդյունքում լրամշակված նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  

ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայումս, ի տարբերություն վարչական և քրեական դատավարությունների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսվել է վճռաբեկ բողոքների գրավոր ընթացակարգով քննության հնարավորություն, ինչը ուղղված է ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի ապահովմանը և դատական ռեսուրսների խնայողությանը:

Հարկ է նշել, որ վճռաբեկ բողոքների գրավոր ընթացակարգով քննության արդյունավետությունը բխում է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) և ՀՀ սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումներից:

Մասնավորապես, Եվրոպական դատարանը գրավոր ընթացակարգով քննությունը ոչ միայն չի դիտել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի խախտում, այլ նաև փաստել է, որ եթե առաջին ատյանում հրապարակային լսումներ են անցկացվել, երկրորդ կամ երրորդ ատյանում հրապարակային լսումների բացակայությունը կարող է արդարացված համարվել՝ հիմք ընդունելով քննության առանձնահատկությունները:

Սահմանադրական դատարանը ևս 11.04.2012 թվականի թիվ ՍԴՈ-1020 որոշմամբ գտել է, որ գրավոր ընթացակարգով գործի քննությունն ինքնին չի կարող խախտել գործի հրապարակային քննության իրավունքը, եթե ապահովվում են անհրաժեշտ երաշխիքները:

Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը, քննելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 401-րդ հոդվածի   1-ին մասի[1] սահմանադրականության հարցը, 02.04.2019 թվականի թիվ ՍԴՈ-1452 որոշմամբ գտել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 401-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը:

Սահմանադրական դատարանը, մասնավորապես, կարևորել է հետևյալը.

«{...) վճռաբեկ բողոքների քննության ընթացակարգերի հիմքում դրված է հետևյալ տրամաբանությունը.

ա) թեև օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության ապահովումը Վճռաբեկ դատարանի հիմնական սահմանադրական գործառույթներից է, այնուամենայնիվ, Սահմանադրությամբ կանխորոշված այդ գործառույթները դատարանն իրականացնում է արդարադատություն իրականացնելու միջոցով,

բ) քաղաքացիական դատավարության շրջանակներում Վճռաբեկ դատարանը չի իրականացնում փաստերի անմիջական հաստատման լիազորություն և գործը վերանայում է նախորդ ատյանների դատարաններում հաստատված փաստերի շրջանակներում,

գ) փաստերի հաստատման լիազորության բացակայությունը, վճռաբեկ բողոքի պատասխան ներկայացնելու իրավունքը, քաղաքացիական դատավարության ընդհանուր կանոններով միջնորդություններ ներկայացնելու հնարավորությունը և այլ դատավարական կանոններ կոչված են ապահովելու Վճռաբեկ դատարանում գրավոր ընթացակարգով քննվող գործերի կանխատեսելիությունը,

դ) Վճռաբեկ դատարանի կարգավիճակը կանխորոշում է, որ այս ատյանում առավելապես կիրառելի է գրավոր ընթացակարգը»:

Սահմանադրական դատարանի և Եվրոպական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով գրավոր ընթացակարգով վճռաբեկ բողոքների քննությանը՝ անհրաժեշտ է նշել, որ Վճռաբեկ դատարանում գործի քննությունն ունի առանձնահատկություններ, որոնք բխում են վերջինիս սահմանադրական գործառույթներից:     

Ընդ որում, հարկ է անդրադառնալ նաև դատական նիստով վճռաբեկ բողոքի քննության ընթացակարգին: Վճռաբեկ դատարանում բողոքի քննության ընթացքում, եթե անգամ բողոքը քննվում է դատական նիստում, գործին մասնակցող անձինք ելույթ չեն ունենում, եթե Վճռաբեկ դատարանը վերջիններիս հարցեր ուղղելու անհրաժեշտություն չի գտնում:     Անկախ նրանից բողոքը քննվում է գրավոր ընթացակարգով, թե դատական նիստում, Վճռաբեկ դատարանի դատավորները ծանոթանում են վճռաբեկ բողոքին, բողոքի պատասխանին, գործի նյութերին, իրենց հարցերն են ներկայացնում զեկուցող դատավորին, իրականացնում գործի կոլեգիալ քննություն, և եթե արդյունքում գտնում են, որ առկա է գործին մասնակցող անձանց հարցեր ուղղելու անհրաժեշտություն, ապա Վճռաբեկ դատարանը կարող է որոշում կայացնել բողոքը դատական նիստում քննելու մասին: Ուստի անկախ բողոքի քննության եղանակից՝ գործին մասնակցող անձինք Վճռաբեկ դատարանին վճռաբեկ բողոքի հիմքերն ու հիմնավորումները կամ վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները ներկայացնում են գրավոր, իսկ բանավոր հարցերին պատասխանելու անհրաժեշտությունը որոշում է Վճռաբեկ դատարանը:

Հարկ է նաև նշել, որ վճռաբեկ բողոքների գրավոր քննության ընթացակարգի առկայության արդյունքում, ինչպես ցույց է տալիս Վճռաբեկ դատարանի դատական պրակտիկան, բողոքների քննության արդյունքում որոշումներն ավելի արագ են կայացվում, քան նախկինում, երբ բողոքների քննությունն իրականացվում էր միայն դատական նիստերով: Նման պրակտիկան պայմանավորված է այն հանգամանքով, որ դատական նիստում բողոքի քննությունը ենթադրում է ավելի շատ դատական ռեսուրսների օգտագործում: Մինչդեռ բողոքների գրավոր ընթացակարգով քննությունն էականորեն խնայում է դատական ռեսուրսները՝ դրանով իսկ ապահովելով բողոքների ավելի արագ քննությունը:

Գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը Վճռաբեկ դատարանում բողոքի քննության՝ վերը նշված առանձնահատկությունները հաշվի չի առնում և սահմանում է վարույթ ընդունված վճռաբեկ բողոքը դատական նիստում քննելու պարտադիր պահանջ՝ փաստորեն չապահովելով դատական ռեսուրսների խնայողությունը:

Անհրաժեշտ է նաև նկատել, որ վարչական գործերով ներկայացված և վարույթ ընդունված յուրաքանչյուր վճռաբեկ բողոք դատական նիստում քննելու արդյունքում վճռաբեկ բողոքները Վճռաբեկ դատարանում քննվում են ավելի երկար ժամկետում՝ հաշվի առնելով նաև Վճռաբեկ դատարանի ծանրաբեռնվածությունը: Մասնավորապես, 2018 թվականի ընթացքում միայն Վերաքննիչ վարչական դատարանի դատական ակտերի դեմ Վճռաբեկ դատարանում ստացվել է 1016 բողոք:

Հաշվի առնելով, որ Վճռաբեկ դատարանում բողոքի քննության ընթացքում որպես կանոն դատավարության մասնակիցների բացատրություններ տալու, հետևաբար վճռաբեկ բողոքը դատական նիստում քննելու անհրաժեշտությունը հաճախ բացակայում է, իսկ վարույթ ընդունված յուրաքանչյուր վճռաբեկ բողոք դատական նիստում քննելու հանգամանքը հանգեցնում է վճռաբեկ բողոքների քննությունը երկար ժամկետներում իրականացնելուն, առավել նպատակահարմար է ՀՀ վարչական դատավարությունում որպես ընդհանուր կանոն նախատեսել վարույթ ընդունված վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Այսպիսով, վճռաբեկ բողոքների գրավոր ընթացակարգով քննության հնարավորություն նախատեսելը պայմանավորված է Վճռաբեկ դատարանի գործառույթների առանձնահատկություններով և նպատակ ունի, մասնավորապես, թեթևացնելու դատարանի ծանրաբեռնվածությունը՝ կոչված լինելով նպաստելու արդարադատության արդյունավետության բարձրացմանը՝ այդ թվում ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի ապահովմանը և դատական ռեսուրսների խնայողությանը:

Վերոշարադրյալը վկայում է ՀՀ վարչական դատավարության և քրեական դատավարության օրենսգրքերում համապատասխան փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին:

Առաջարկվող կարգավորման բնույթը

«Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերով (այսուհետ՝ Նախագծեր) նախատեսվել է վճռաբեկության կարգով գործերի քննությունն իրականացնել գրավոր ընթացակարգի հիման վրա:

 Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագծերը մշակվել են Վճռաբեկ դատարանի և Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից:

 Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է նվազեցնել Վճռաբեկ դատարանի ծանրաբեռնվածությունը՝ կոչված լինելով նպաստելու արդարադատության արդյունավետության բարձրացմանը՝ այդ թվում ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի ապահովմանը և դատական ռեսուրսների խնայողությանը:

 

 

 

 

 

 

 

 

 

[1] ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 401-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն' Վճռաբեկ դատարանը վերաքննիչ դատարանի դատական ակտի դեմ ներկայացված ն վարույթ ընդունված վճռաբեկ բողոքները քննում և դրանց վերաբերյալ որոշումները կայացնում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ Վճռաբեկ դատարանը եկել է եզրահանգման, որ անհրաժեշտ է վճռաբեկ բողոքի քննությունն իրականացնել դատական նիստում:

  • Քննարկվել է

    17.02.2020 - 23.03.2020

  • Տեսակ

    Օրենսգիրք

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5933

Տպել