Հիշել նախագիծը

Տրանսֆերային գնագոյացման մեթոդների կիրառության կարգը հաստատելու մասին

 

 

Նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

 

«___» __________ 2019թ.                                                              թիվ _____ Ն

 

ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 368-րդ հոդվածի 7-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել տրանսֆերային գնագոյացման մեթոդների կիրառության կարգը՝ համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված ՀՀ կառավարության 2019 թվականի --------   --ի թիվ  -----Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ

 

  1. Ընդհանուր դրույթներ

 

  1. Սույն կարգով կարգավորվում են տրանսֆերային գնագոյացման մեթոդների կիրառության ընդհանուր սկզբունքները և առանձնահատկությունները:
  2. Սույն կարգում կիրառվող հասկացություններն ունեն Հայաստանի Հանրա­պետության հարկային օրենսգրքով (այսուհետ՝ Օրենսգիրք) սահմանված իմաստն ու նշանակությունը:
  3. Վերահսկվող գործարքում կիրառված ֆինանսական ցուցանիշի պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին համապատասխանությունը որոշելու, ինչպես նաև այդ գործարքի մասով շահու­թա­հարկով հարկման բազան, ԱԱՀ-ով հարկման բազան և (կամ) ռոյալթիի բազան որոշելու նպատակով կիրառվում են տրանսֆերային գնագոյացման հետևյալ մեթոդները (այսուհետ՝ Մեթոդներ)՝
  • համադրելի չվերահսկվող գնի մեթոդը,
  • վերավաճառքի գնի մեթոդը,
  • ծախսումներ գումարած մեթոդը,
  • զուտ շահույթի մեթոդը,
  • շահույթի բաշխման մեթոդը:
  1. Մեթոդների կիրառումը պարտադիր է միայն Օրենսգրքի 363-րդ հոդվածով սահմանված վերահսկվող գործարքների համար։
  2. Համակցված վերահսկվող գործարքների գնահատումը կատարվում է Օրենսգրքի 372-րդ հոդվածի համաձայն:
  3. Վերահսկվող գործարքի՝ պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին համապատասխանությունը որոշելու համար հարկ վճարողի կողմից տրանսֆերային գնագոյացման մեկից ավելի մեթոդների կիրառությունը պարտադիր չէ: Երկու և ավելի մեթոդների կիրառումը կարող է նպատակահարմար լինել այն դեպքում, երբ այն կհանգեցնի վերլուծության ենթակա վերահսկվող գործարքի՝ պարզած ձեռքի հեռա­վորության սկզբունքին համապատասխանության արժանահավատության բարձրաց­մանը:
  4. Տրանսֆերային գնագոյացման առավել համապատասխան մեթոդ է համարվում այն մեթոդը, որն ընտրվել է Օրենսգրքի 368-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի դրույթների համաձայն:
  5. Եթե հարկ վճարողը վերահսկվող գործարքի՝ պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին համապատասխանությունը որոշելու նպատակով կիրառել է Մեթոդներից որևէ մեկը (կամ մեկից ավելի), ապա հարկային մարմնի կողմից հարկ վճարողի վերահսկվող գործարքի՝ պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին համա­պատասխանության պարզումը հիմնվում է հարկ վճարողի կիրառած տրանսֆերային գնագոյացման մեթոդի (մեթոդների) վրա, եթե հարկ վճարողի կիրառած տրանսֆերային գնագոյացման մեթոդի (մեթոդների) ընտրությունը կատարվել է Օրենսգրքի 368-րդ հոդվածի դրույթներին համապատասխան:
  6. Մեթոդների կիրառման համար կարող են օգտագործվել ներքին և արտաքին չվերահսկվող գործարքները, դրանց համակցությունը, ինչպես նաև Օրենսգրքի 367-րդ հոդվածով սահմանված տեղեկատվության այլ աղբյուրներ: Ընդ որում, հավասար արժանահավատության դեպքում պետք է օգտագործել ներքին չվերահսկվող գործարքները:
  7. Մեթոդների կիրառման համար թույլատրելի չէ Օրենսգրքի 4-րդ հոդվածի 63-րդ մասի համաձայն հարկային գաղտնիք համարվող տեղեկատվության օգտագործումը, ինչպես նաև այնպիսի տեղեկատվության օգտագործումը, որի հասանելիությունը սահմանափակված է Հայաստանի Հանրապետության կամ որևէ օտարերկրյա պետության օրենսդրությամբ:
  8. Մեթոդի ընտրության ժամանակ պետք է հաշվի առնվեն տեղեկատվության լիարժեքությունն ու հավաստիությունը, ինչպես նաև համադրելիության ճշգրտումների անցկացման հնարավորությունն ու հիմնավորումը:
  9. Համադրելի չվերահսկվող գնի մեթոդը կարող է կիրառվել ցանկացած վերահսկվող գործարքի նկատմամբ, բացառությամբ համակցված վերահսկվող գործարքների: Օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասի 2)-5)-րդ կետերում նշված մեթոդները յուրաքանչյուր վերահսկվող գործարքի նկատմամբ առանձին կիրառելու անհնարինության դեպքում՝ կիրառվում են համակցված վերահսկվող գործարքների նկատմամբ:
  10. Oրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասի 2)-5)-րդ կետերում նշված մեթոդները կարող են կիրառվել առանց պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին համապատասխան գործարքի գնի հաշվարկի:
  11. Ֆինանսական ցուցանիշները, որոնց հաշվարկման համար հիմք են հանդիսանում ֆինանսական հաշվետվությունների տվյալները, անհրաժեշտության դեպքում դարձվում են համադրելի՝ ապահովելով եկամուտների և ծախսերի հաշվարկի ժամանակ առկա տարբերությունների ոչ էական ազդեցությունը ֆինանսական ցուցանիշների վրա: Մասնավորապես նշված տարբերությունները կարող են ի հայտ գալ այնպիսի իրավիճակում, երբ ֆինանսական ցուցանիշների հաշվարկի համար օգտա­գործվող ֆինանսական հաշվետվությունների կազմման կանոնները տարբերվում են ըստ տարբեր ստանդարտների կամ ըստ տարբեր երկրների օրենսդրությունների: Ֆինանսական հաշվետվության տվյալների համաձայն ֆինանսական ցուցանիշների հաշվարկման ժամանակ օգտագործվում է այն տեղեկատվությունը, որը հասանելի է եղել վերահսկվող գործարքի իրականացման պահին: Այն դեպքերում, երբ  չվերահսկվող գործարքի՝ վերահսկվող գործարքի հետ համա­դրելիությունը գնահատելիս վերահսկվող գործարքի իրականացման հարկային տարվա վերաբերյալ տեղե­կատ­վությունը դեռևս հայտնի չէ, ապա կարող է օգտագործվել`
  • վերահսկվող գործարքի կատարմանը նախոր­դող հարկային տարվա տեղե­կատվությունը, կամ
  • վերահսկվող գործարքի կատարմանը նախոր­դող ոչ ավելի, քան 3 հարկային տարիներին վերաբերող տեղեկատվությունը, եթե դրանք բացահայտում են այնպիսի փաս­տեր, որոնք կարող են ազդել համեմատվող գործարքների համադրելիությունը որոշելու վրա։
  1. Հարկային օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասի 2)-5)-րդ կետերում նշված Մեթոդներից որևէ մեկի կիրառության նպատակով ընտրված ֆինանսական հաշվե­տվությունների տվյալների հիման վրա սահմանված ֆինանսական ցուցանիշները դիտարկվում են որպես արտաքին համադրելի գործարքների հիման վրա ձևավորված ֆինանսական ցուցանիշներ:

 

 

  1. Համադրելի չվերահսկվող գնի մեթոդ

 

  1. Համադրելի չվերահսկվող գնի մեթոդը վերահսկվող գործարքի առարկայի գնի համեմատումն է չվերահսկվող համադրելի գործարքի առարկայի գնի հետ՝ որոշելու վերահսկվող գործարքի գնի համապատասխանությունը պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին:
  2. Այս մեթոդի կիրառության դեպքում գործարքի առարկայի բնութագրին` համադրելիության գործոնին, տրվում է առավել կարևորություն, քանի որ այս մեթոդի կիրառությունը ենթադրում է անմիջապես գործարքի  առարկայի համեմատություն, ի տարբերություն այլ մեթոդների, որտեղ վերլուծվում են շահույթի կամ հասույթի  տարբեր գործակիցներ:
  3. Օրենսգրքի 368-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ համադրելի չվերահսկվող գնի մեթոդն ունի կիրառման առաջնահերթություն Օրենսգրքի 368-րդ հոդվածի 1-ին մասի 2)-5)-րդ կետերում սահմանված Մեթոդների նկատմամբ:
  4. Համադրելի չվերահսկվող գնի մեթոդի կիրառության ժամանակ վերլուծության ենթակա կողմի ընտրություն չի պահանջվում, քանի որ այս մեթոդի դեպքում վերլուծության ենթակա ֆինանսական ցուցանիշը` գինը, համաձայնեցված է երկու փոխկապակցված չհամարվող հարկ վճարողների միջև:
  5. Համադրելի չվերահսկվող գնի մեթոդը կիրառվում է առնվազն մեկ համադրելի գործարքի վերաբերյալ արժանահավատ և հուսալի տեղեկատվության առկայության դեպքում:
  6. Միայն մեկ համադրելի գործարքի մասին տեղեկատվության առկայության դեպքում այդպիսի գործարքի գինը կարող է միևնույն ժամանակ ճանաչվել պարզած ձեռքի հեռավորության տիրույթի նվազագույն և առավելագույն արժեք, միայն այն դեպքում, երբ վերլուծվող վերահսկվող գործարքի և համադրելի գործարքի նկատմամբ ամբողջությամբ իրականացվում են գործարքների համադրելիության կիրառվող բոլոր պայմանները, կամ համապատասխան համադրելիության ճշգրտումների միջոցով ապահովվել է գործարքների լիարժեք համադրելիությունը:
  7. Այն դեպքում, երբ վերահսկվող գործարքի առարկան համադրելի չէ չվերահսկվող գործարքի առարկայի հետ և բավարար համադրելիության ապահովման համար համադրելիության որևէ ճշգրտումներ չեն կարող կիրառվել Օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, ապա համադրելի չվերահսկվող գնի մեթոդի կիրառման փոխարեն պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին՝ վերլուծվող վերահսկվող գործարքի համապատասխանության պարզման համար առավել նպատակահարմար է կիրառել Օրենսգրքի 368-րդ հոդվածի 1-ին մասի 2)-5)-րդ կետերում սահմանված Մեթոդներից մեկը:
  8. Համադրելի չվերահսկվող գնի մեթոդի կիրառության համար պետք է կիրառվեն այն համադրելի գործարքների գները, որոնք կատարվել են վերլուծվող վերահսկվող գործարքի իրականացման հարկային տարում, եթե Օրենսգրքի 370-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ:
  9. Մեկից ավելի համադրելի գործարքների մասին տեղեկատվության առկայության դեպքում պարզած ձեռքի հեռավորության տիրույթը սահմանվում է Օրենսգրքի 371-րդ հոդվածով սահմանված կարգով:
  10. Այն դեպքում, երբ վերահսկվող գործարքում կիրառված գինը գտնվում է պարզած ձեռքի հեռավորության տիրույթում, հաշվի առնելով hամադրելիության ճշգրտումները, եթե դրանք կիրառելի են, ապա հարկման նպատակով ընդունվում է, որ վերլուծվող վերահսկվող գործարքի գինը համապատասխանում է պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին՝ Օրենսգրքի 371-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն:  
  11. Այն դեպքում, երբ վերահսկվող գործարքում կիրառվող գինը գտնվում է պարզած ձեռքի հեռավորության տիրույթից դուրս, հաշվի առնելով համադրելիության ճշգրտումները, եթե դրանք կիրառելի են,  ապա այդպիսի վերահսկվող գործարքի գինը չի համապատասխանում պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին։ Հարկային մարմինը շահութահարկի հարկման բազայի ցանկացած լրացուցիչ գումար կամ հարկային վնասի ցանկացած նվազեցում, ավելացված արժեքի հարկի կամ ռոյալթիի հարկման բազայի ցանկացած լրացուցիչ գումար առաջանալու դեպքում կարող է ճշգրտել վերլուծվող վերահսկվող գործարքի գինը՝ Օրենսգրքի 371-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն։
  • Հարկային մարմինը շահութահարկի հարկման բազայի ցանկացած լրացուցիչ գումար կամ հարկային վնասի ցանկացած նվազեցում, ավելացված արժեքի հարկի կամ ռոյալթիի հարկման բազայի ցանկացած լրացուցիչ գումար առաջանալու դեպքում կարող է ճշգրտել վերահսկվող գործարքի գինը՝ Օրենսգրքի 371-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն։

 

 

Գլուխ 3. Վերավաճառքի գնի մեթոդ

 

27․ Վերավաճառքի գնի մեթոդը վերլուծվող վերահսկվող գործարքի՝ պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին համապատասխանության որոշման մեթոդ է, որն իրականացվում է վերահսկվող գործարքի առարկայի վերավաճառքից ստացված հավելագինը համադրելի չվերահսկվող գործարքի առարկայի վերավաճառքից ստացված հավելագնի հետ համեմատելու միջոցով:

  1. Վերավաճառքի գնի մեթոդի կիրառման դեպքում որպես հավելագին է դիտարկվում վաճառքների համախառն շահութաբերությունը, որը սահմանվում է որպես համախառն շահույթի և հասույթի հարաբերություն (առանց ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի և բնապահպանական հարկի):
  2. Վերավաճառքի գնի մեթոդը կիրառվում է, երբ վերավաճառողը վերահսկվող գործարքում ձեռք բերված առարկայի  վերավաճառքի դեպքում որևէ էական հավելյալ արժեք չի ավելացրել վերավաճառվող ապրանքի վրա:
  3. Այն դեպքում, երբ վերահսկվող գործարքում վերավաճառք իրականացնողի կիրառած հավելագինը գտնվում է պարզած ձեռքի հեռավորության տիրույթում, հաշվի առնելով համադրելիության ճշգրտումները, եթե դրանք կիրառելի են, ապա հարկման նպատակներով ընդունվում է, որ այդպիսի վերահսկվող գործարքի հավելագինը համապատասխանում է պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին՝ համաձայն Օրենսգրքի 371-րդ հոդվածի 2-րդ կետի:
  4. Այն դեպքում, երբ վերահսկվող գործարքում կիրառվող հավելագինը գտնվում է պարզած ձեռքի հեռավորության տիրույթից դուրս, հաշվի առնելով համադրելիության ճշգրտումները, եթե դրանք կիրառելի են,  ապա այդպիսի վերահսկվող գործարքի հավելագինը չի համապատասխանում պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին։ Այդ դեպքում հՀարկային մարմինը շահութահարկի հարկման բազայի ցանկացած լրացուցիչ գումար կամ հարկային վնասի ցանկացած նվազեցում, ավելացված արժեքի հարկի կամ ռոյալթիի հարկման բազայի ցանկացած լրացուցիչ գումար առաջանալու դեպքում կարող է ճշգրտել վերահսկվող գործարքում կիրառվող հավելագինը՝ Օրենսգրքի 371-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն։

 

 

Գլուխ 4. «Ծախսումներ գումարած» մեթոդ

 

  1. «Ծախսումներ գումարած» մեթոդը վերլուծվող վերահսկվող գործարքի՝ պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին համապատասխանության որոշման մեթոդ է, որն իրականացվում է վերահսկվող գործարքի առարկայի մատակարարման ընթացքում կատարված ուղղակի և անուղղակի ծախսերի նկատմամբ կիրառված հավելագինը համադրելի չվերահսկվող գործարքի առարկայի մատակարարման ընթացքում կատարված ուղղակի և անուղղակի ծախսերի նկատմամբ կիրառված հավելագնի հետ համեմատելու միջոցով:
  2. «Ծախսումներ գումարած» մեթոդի կիրառման դեպքում որպես հավելագին է դիտարկվում ծախսերի համախառն շահութաբերությունը, որը սահմանվում է որպես համախառն շահույթի ու գործարքի առարկային վերաբերող ուղղակի և անուղղակի ծախսումների գումարի հարաբերություն:
  3. «Ծախսումներ գումարած» մեթոդը կիրառվում է երբ վերավաճառողը չի օգտագործում էական ոչ նյութական ակտիվներ և (կամ) կրում էական ռիսկեր:
  4. Այն դեպքում, երբ վերահսկվող գործարքի հավելագինը գտնվում է պարզած ձեռքի հեռավորության տիրույթում, հաշվի առնելով համադրելիության ճշգրտումները, եթե դրանք կիրառելի են, ապա հարկման նպատակով ընդունվում է, որ այդպիսի վերահսկվող գործարքում կիրառած հավելագինը համապատասխանում է պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին՝ Օրենսգրքի 371-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն:
  5. Այն դեպքում, երբ վերահսկվող գործարքում կիրառվող հավելագինը գտնվում է պարզած ձեռքի հեռավորության տիրույթից դուրս, հաշվի առնելով համադրելիության ճշգրտումները, եթե դրանք կիրառելի են,  ապա այդպիսի վերահսկվող գործարքի հավելագինը չի համապատասխանում պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին։  Հարկային մարմինը շահութահարկի հարկման բազայի ցանկացած լրացուցիչ գումար կամ հարկային վնասի ցանկացած նվազեցում, ավելացված արժեքի հարկի կամ ռոյալթիի հարկման բազայի ցանկացած լրացուցիչ գումար առաջանալու դեպքում կարող է ճշգրտել վերահսկվող գործարքում կիրառվող հավելագինը՝ Օրենսգրքի 371-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն։

 

 

Գլուխ 5. Զուտ շահույթի մեթոդ

 

  1. Զուտ շահույթի մեթոդը վերլուծվող վերահսկվող գործարքի ֆինանսական ցուցանիշի՝ պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին համապատասխանության որոշման մեթոդ է, որն իրականացվում է վերահսկվող գործարքի արդյունքում առաջացած համապատասխան բազայի, մասնավորապես, ծախսումների, իրացումների, ակտիվների նկատմամբ ստացված զուտ շահույթը համադրելի չվերահսկվող գործարքի արդյունքում առաջացած միևնույն բազայի նկատմամբ ստացված զուտ շահույթի հետ համեմատելու միջոցով:
  2. Զուտ շահույթի մեթոդի կիրառման ժամանակ վերահսկվող գործարքի համապատասխան բազայի ընտրությունն իրականացվում է Օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասի 4)-րդ կետերի դրույթների համաձայն:
  3. Այն դեպքում, երբ վերահսկվող գործարքում վերլուծության ենթակա կողմի ֆինանսական ցուցանիշը գտնվում է պարզած ձեռքի հեռավորության տիրույթում, հաշվի առնելով համադրելիության ճշգրտումները, եթե դրանք կիրառելի են, ապա հարկման նպատակներով ընդունվում է, որ այդպիսի վերահսկվող գործարքի ֆինանսական ցուցանիշը համապատասխանում է պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին:
  4. Այն դեպքում, երբ վերահսկվող գործարքի կողմերից յուրաքանչյուրի ստացած շահույթը (վնասը) գտնվում է պարզած ձեռքի հեռավորության տիրույթից դուրս, հաշվի առնելով համադրելիության ճշգրտումները, եթե դրանք կիրառելի են, ապա այդպիսի վերահսկվող գործարքի համար կիրառելի է այն շահույթը (վնասը), որը համապատասխանում է պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին։ Հարկային մարմինը շահութահարկի հարկման բազայի ցանկացած լրացուցիչ գումար կամ հարկային վնասի ցանկացած նվազեցում, ավելացված արժեքի հարկի կամ ռոյալթիի հարկման բազայի ցանկացած լրացուցիչ գումար առաջանալու դեպքում կարող է ճշգրտել վերահսկվող գործարքի կողմերից յուրաքանչյուրի ստացած շահույթը (վնասը)՝ Օրենսգրքի 371-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն։

 

 

 

Գլուխ 6. Շահույթի բաշխման մեթոդ

 

  1. Շահույթի բաշխման մեթոդը վերլուծվող վերահսկվող գործարքի ֆինանսական ցուցանիշի՝ պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին համապատասխանության որոշման մեթոդ է, որն իրականացվում է վերահսկվող գործարքին մասնակցող փոխկապակցված հարկ վճարողներից յուրաքանչյուրին տվյալ գործարքից ստացված շահույթի կամ վնասի այն մասնաբաժինը հատկացնելու միջոցով, որը փոխկապակցված չհամարվող անձը կարող էր ակնկալել համադրելի չվերահսկվող գործարքին մասնակցելիս: Սույն կետի կիրառության իմաստով՝ գործարքից ստացվող շահույթ է համարվում այդ գործարքի գծով ստացվող հասույթի և դրա գծով ծախսերի դրական տարբերությունը:
  2. Շահույթի բաշխման մեթոդի կիրառման նպատակով վերլուծվող վերահսկվող գործարքի կողմերի շահույթը (վնասը) ճանաչվում է վերլուծվող ժամանակահատվածում վերահսկվող գործարքի համախառն հասույթի և ծախսերի տարբերությունը:
  3. Շահույթի բաշխման մեթոդը, մասնավորապես, կարող է կիրառվել հետևյալ դեպքերում.
  • վերահսկվող գործարքի շրջանակներում վերահսկվող գործարքի կողմերի գործունեության էական փոխկապակցվածության առկայության դեպքում,
  • եթե հնարավոր չէ վերլուծել վերահսկվող գործարքի կողմերից յուրաքանչյուրի գործունեությունն առանձին-առանձին,
  • վերահսկվող գործարքի կողմերից ավելի քան մեկի կողմից վերլուծվող վերահսկվող գործարքի վրա այնպիսի ոչ նյութական ակտիվների օգտագործման դեպքում, որոնք շահույթի մակարդակի վրա էական ազդեցություն են թողնում:
  1. Այն դեպքում, երբ վերահսկվող գործարքի կողմերից յուրաքանչյուրի ստացած շահույթը (վնասը) գտնվում է շահույթի (վնասի) պարզած ձեռքի հեռավորության տիրույթում, որը շահույթի բաշխման մեթոդի համաձայն հաշվարկվել է վերլուծվող վերահսկվող գործարքի այդ կողմի համար, ապա հարկման նպատակով ընդունվում է, որ այդպիսի վերահսկվող գործարքը համապատասխանում է պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին:
  2. Այն դեպքում, երբ վերահսկվող գործարքի կողմերից յուրաքանչյուրի ստացած շահույթը (վնասը) գտնվում է պարզած ձեռքի հեռավորության տիրույթից դուրս, հաշվի առնելով համադրելիության ճշգրտումները, եթե դրանք կիրառելի են, ապա այդպիսի վերահսկվող գործարքի համար կիրառելի է այն շահույթը (վնասը), որը համապատասխանում է պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին։ Հարկային մարմինը շահութահարկի հարկման բազայի ցանկացած լրացուցիչ գումար կամ հարկային վնասի ցանկացած նվազեցում, ավելացված արժեքի հարկի կամ ռոյալթիի հարկման բազայի ցանկացած լրացուցիչ գումար առաջանալու դեպքում կարող է ճշգրտել վերահսկվող գործարքի կողմերից յուրաքանչյուրի ստացած շահույթը (վնասը)՝ Օրենսգրքի 371-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն։

 

  • Քննարկվել է

    11.12.2019 - 27.12.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6727

Տպել