Հիշել նախագիծը

Նախագիծը չի ընդունվել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ-ում հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառումը կարգավորվում է «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` Օրենք):  Օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք հանգամանքներով:

Առաջին հերթին, 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված ՀՀ Սահմանադրության փոփոխությամբ, ինչպես նաև «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքի և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխանելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել ոլորտում լիազոր մարմնի (ՀՀ ֆինանսների նախարարություն) մի շարք իրավական ակտերի ընդունման իրավասություններ, որոնք ներկայումս սահմանված են ենթաօրենսդրական իրավական ակտերով (օրինակ` ՀՀ ֆինանսների նախարարի 2014 թվականի հոկտեմբերի 24-ի «ՀՀ հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտը հաստատելու մասին» թիվ 725-Ն հրամանով), սահմանել Օրենքով:

Մասնավորապես, այդ իրավասությունները ներառում են հողամասերի և շենքերի վերագնահատման անցկացման ժամկետների և մեթոդաբանության, նյութական ակտիվը որպես հիմնական միջոց դասակարգելու նվազագույն արժեքի, նոր հիմնական միջոցների և սկզբնական արժեքով հաշվառվող կենսաբանական ակտիվների մաշվածության հաշվարկման նորմատի­վա­յին օգտակար ծառայության ժամկետների, կազմակերպությունների դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի ձևավորման, դեբիտորական պարտքերի անհուսալի ճանաչման, դուրսգրման և հաշվապահական հաշվառման մեջ արտացոլման կարգի հաստատումը։

Միաժամանակ, նախագծով նախատեսվում է հստակ սամանել ՀՀ ֆինանսների նախարարության պարտականությունը իրականացնելու մշտադիտարկում հանրային հատվածի կազմակերպությունների կողմից հաշվապահական հաշվառման վարման և ֆինանսական հաշվետվությունների պատրաստման գործընթացի նկատմամբ և անհրաժեշտության դեպքում տրամադրելու մեթոդական ցուցումներ:

Նախագծով նախատեսվում է նաև փոփոխել վերահսկող կազմակերպությունների կողմից համախմբված ֆինանսական հաշվետվությունների (միջանկյալ համախմբված ֆինանսական հաշվետվություններ) և ՀՀ` որպես մեկ միասնական միավորի, ֆինանսական հաշվետվությունների պատրաստման ժամկետները: Վերը նշվածը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ներկայումս իրականացվում են առանձին հանրային հատվածի կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների մշտադիտարկման աշխատանքներ` այդ հաշվետվությունների որակի բարձրացման նպատակով, և համախմբված ֆինանսական հաշվետվությունների պատրաստումը տեղին կլինի առանձին հանրային հատվածի կազմակերպությունների մակարդակով ֆինանսական հաշվետվողականության բավարար մակարդակ ունենալու դեպքում: Բացի այդ, ՀՀ ֆինանսների նախարարության կողմից մշակվել է «Նախարարությունների մակարդակով միջանկյալ համախմբված ֆինանսական հաշվետվություններ պատրաստելու մեթոդաբանություն և համախմբման համար անհրաժեշտ համակարգչային ծրագրի տեխնիկական առաջադրանքի մեթոդական բաղադրիչ» փաստաթուղթը, որի գործնական արդյունավետությունը նախատեսվում է գնահատել կառավարության ֆինանսների կառավարման տեղեկատվական համակարգի մշակման շրջանակներում, քանի որ ֆինանսական հաշվետվությունների համախմբումն իրենից ներկայացնում է նշված համակարգի առանցքային մոդուլներից մեկը:

Միաժամանակ, նախատեսվում է Օրենքում կատարել որոշ խմբագրական բնույթի շտկումներ։

2.Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

Ներկայումս ՀՀ-ում հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառումը կարգավորվում է «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: ՀՀ կառավարության 2015 թվականի հունվարի 22-ի թիվ 24-Ա որոշմամբ Օրենքի շրջանակներում ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմին է ճանաչվել ՀՀ ֆինանսների նախարարությունը: Լիազոր մարմնի կողմից մի շարք իրավական ակտեր ընդունելու իրավասությունը սահմանված է ենթաօրենսդրական իրավական ակտերով, բացի այդ համախմբված ֆինանսական հաշվետվություններ պատրաստելու համար անհրաժեշտ է առանձին հանրային հատվածի կազմակերպությունների մակարդակով ֆինանսական հաշվետվողականության բավարար մակարդակ:

3.Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

Օրենքի նախագծի ընդունմամբ հիմնականում առաջարկվում է լիազոր մարմնի կողմից մի շարք նորմատիվ իրավական ակտեր ընդունելու լիազորությունը ենթաօրենսդրական ակտերի փոխարեն, սահմանել օրենքով, ինչպես նաև հետաձգել համախմբված ֆինանսական հաշվետվությունների պատրաստման պահանջը:   

4.Կարգավորման առարկան.

Նախագծի կարգավորման առարկան ՀՀ-ում հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման կարգավորումն է:


5. Նախագծի
մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:

6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման ամբողջական համակարգի ներդրումը։

  • Քննարկվել է

    10.12.2019 - 25.12.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Ֆինանսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8263

Տպել