Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագծով հստակեցվում են ՀՀ կառավարության, առողջապահության ոլորտում լիազոր մարմնի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, իրավասություններն ու պարտականությունները, դրանց համագործակցության հիմունքները:

Հստակ ձևակերպվում են սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մի շարք պահանջներ՝ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների հաշվառման, հաղորդման, իրականացվող կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման և իրականացման, մարդու (հանրության) առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների վնասակար ազդեցության, ինչպես նաև վարակիչ հիվանդություններով հիվանդների, դրանց հետազոտման, բժշկական զննությունների իրականացման, բուժման,  այդ հիվանդությունների  Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման, դրանց ծագման ու տարածման վտանգի,  բռնկումների, համաճարակների, համավարակների առաջացման դեպքում սահմանափակող միջոցառումների կիրառման (կարանտին), Հայաստանի Հանրապետությունում սանիտարահամաճարակային հսկողության և պետական գրանցման ենթակա ապրանքների կիրառման, մարդու համար ախտածնության 1-4-րդ խմբերի միկրոօրգանիզմների արտադրության, մշակման, տեղափոխման, դեպոնացման, օգտագործման,  պահպանման և ոչնչացման վերաբերյալ:

Նախագծով լրացվում է մասնագիտական գործունեության հետ կապված` աշխատանքային պայմանները և աշխատանքի պայմանների հիգիենիկ դասակարգումը և առողջության համար վնասակար գործոնների թույլատրելի նվազագույն մակարդակը, ջրամատակարարող կազմակերպությունների և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները ջրամատակարարման համակարգի պահպանման, զարգացման և բնակչությանը խմելու ջրի որակի պահանջներին համապատասխան ջրով ապահովելու ուղղությամբ են բժշկական օգնության և սպասարկման, կրթության, խնամքի, կենցաղային, հյուրանոցային, հանգստի, զբոսաշրջության, սպորտի ծառայությունների՝ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության և առողջության ապահովման պահանջները:

Նախագծով հստակեցվում է սանիտարահիգիենիկ փորձաքննության բնույթն ու նպատակը, նշվում են պարտադիր սանիտարահիգիենիկ փորձաքննության դեպքերը, սահմանվում է սանիտահիգիենիկ փորձաքննությունն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից իրականացնելու դեպքերը, վերջիններիս  համար սահմանվում է  լիցենզավորման պահանջ:

Սահմանվում է նաև ազգային լաբորատոր համակարգի և համընդհանուր լաբորատոր ցանցի միջոցով լաբորատոր ոլորտի գործունեության համակարգման պահանջ՝ կառավարությանը վերապահելով Ազգային լաբորատոր համակարգ և համընդհանուր լաբորատոր ցանց ստեղծելու  և դրա լիազորությունները սահմանելու լիազորություն:

Նախագծով մի շարք հոդվածներ համապատասխանեցվել են գործող օրենսդրության պահանջներին, վերացվել են «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգու­թյան ապահով­ման մասին» ՀՀ օրենքի և այլ օրենսդրական ակտերի միջև առկա հակասությունները, կատարվել է «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգու­թյան ապահով­ման մասին» ՀՀ օրենքի խմբագրական լեզվաոճական փոփոխություններ:

Նախագծով առաջարկվում է սննդամթերքի անվտանգության ապահովման լիազոր մարմին ճանաչել առողջապահության նախարարությանը՝ ներկայիս Էկոնոմիկայի նախարարության փոխարեն:

  • Քննարկվել է

    04.12.2019 - 20.12.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9329

Տպել

Առաջարկներ`

Արմեն Վարդանյան

11.12.2019

<<Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի /այսուհետ՝ նախագիծ/ վերաբերյալ Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասում <<պետական սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության>> ձևակերպումը խնդրահարույց է, քանի որ օրենքի վերնագրում և տեքստում օգտագործվում է սանիտարահամաճարակային եզրույթը, մյուս կողմից էլ պարզ չէ, թե խնդրահարույց ձևակերպումը արդյոք չի հակասում սանիտարահամաճարակային եզրույթին, եթե ոչ, ապա ինչ իրավական հիմքով է նույնացվում կամ ներառվում սանիտարահամաճարակայինի հետ: Նախագծի 3-րդ հոդվածում նշվում է սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմատիվների մասին, սակայն պարզ չէ, թե սանիտարական կանոնը ինչով է տարբերվում հիգիենիկ նորմատիվից, եթե չի տարբերվում, ապա պետք է օգտագործել դրանցից մեկը, հակառակ դեպքում նշված 2 ը սանիտարական կանոններ ձևակերպումով նույնացնելը խնդրահարույց է, անհրաժեշ է տալ սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմատիվների առանձին ձևակերպումները: Հաշվի առնել, որ սանիտարական կանոնները կամ հիգիենիկ նորմատիվները, որպես պարտավորություն, պետք է սահմանվեն օրենքով՝ ՀՀ Սահմանադրության համաձայն, սակայն օրենքով կամ նախագծով կանոնից կամ նորմատիվից բխող պարտավորությունները սահմանված չեն: Նախագծի 5-րդ հոդվածով շարադրվող 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում հանել <<ներառյալ՝ սննդամթերքի անվտանգության ոլորտում,>> բառերը, որովհետև սննդամթերքի անվտանգությունը առանձին ոլորտ է և չի կարող ներառվել բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում, բացի այդ, չկա այն իրավական հիմքը կամ ակտը, որով այն սահմանված է՝ որպես դրա մաս կամ բաղադրիչ, բացի այդ, ՀՀ գործող օրենքներով՝ Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին ՀՀ օրենքի հավելվածի 15-րդ կետով սննդամթերքի անվտանգության ոլորտի քաղաքականության մշակման և իրականացման լիազորությունը վերապահված է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը, սննդամթերքի անվտանգությունը կենդանիների առողջության և բույսերի պաշտպանության, կերի անվտանգության ոլորտների հետ դիտարկվում է միասնական և ամբողջական շղթայի համակարգում: Նույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում հաշվի առնել, որ որպես պարտադիր կատարման պահանջներ և պարտավորություն կամ պարտականություն սաահմանող դրույթներ՝ սանիտարական կանոնները պետք է հաստատվեն և սահմանվեն օրենքով, այլ ոչ թե լիազոր մարմնի կողմից: Նույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում պարզ չէ, թե ինչ են իրենցից ներկայացնում համաճարակաբանական դիտարկումը և սոցիալ-հիգիենիկ դիտարկումը, անհրաժեշտ է տալ դրանց հասկացությւոնները՝ որպես դիտարկումներ, դրանց տարբերությունները հասկանալու, սահմանելու և կիրարկման տրամաբանությամբ կրկնորդումներն ու հակասությունները և դրանից բխող հետևանքները բացառելու նպատակով: Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում հսկողությունը խնդիր է, քանի որ հսկողության և վերահսկողության հետ կապված կարգերն ու ընթացակարգերը պետք է սահմանվեն օրենքով, բացի այդ, պարզ չէ, թե հսկողության խնդրում ինչ լիազորություններ կամ կոնկրետ անելիք ունեն տեղական ինքնակառավարման մարմիններն ու տարածքային կառավարման մարմինները, հակառակ դեպքում ստացվում է կրկնորդում և անորոշություն: Նույնը վերաբերում է 3-րդ կետով սահմանված որոշումների ընդունմանը, որտեղ ևս պարզ չէ, թե որ մասով որ մարմինն է պատասխանատու տվյալ որոշման ընդունման համար: Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում հաշվի առնել, որ պարտականություն սահմանելիս դրանք պետք է լինեն հստակ և որոշակի, օրինակ՝ պետական մարմինը ինչպես կարող է բնակչության առողջության մասին տեղեկաություն տալ, եթե լավագույն դեպքում կարող է իր աշխատողներին առնչվել, իսկ մյուս կողմից էլ առողջության խնդրում պարզ չէ, թե առողջության վերաբերյալ կոնկրետ ինչի ն առնչվող տեղեկատվության մասին է խոսքը: Նույնը վերաբերում է սանիտարահամաճարակային իրավիճակին, շրջակա միջավայրին և սանիտարական կանոններին, որոնց դեպքում ևս պարզ չէ, թե դրանց առնչվող կոնկրետ ինչ տեղեկատվության մասին է խոսքը, իսկ սանիտարական կանոնների մասով նկատի առնել, որ լավագույն դեպքում խոսք կարող է լինել կանոնների պահպանման մասին, սակայն այստեղ էլ պարզ չէ, թե որ կանոնների կամ ինչին առնչվող կանոնների մասին էխոսքը: Բացի այդ, տեղեկություն ստանալու պարագայում անհրաժեշտ է սահմանել տեղեկություն տալու պարտականություն, կարգ և ժամկետներ: Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում կանխարգելիչ բառի լրացումը խնդրահարույց է, քանի որ պարզ չէ, թե օրենքում առկա սանիտարահամաճարակային ձևակերպումով եզրույթները ինչով և որ դեպքերում են տարբերվելու սանիտարահամաճարակային կանխարգելիչ եզրույթներից, իսկ եթե բոլոր դեպքերում սանիտարահամաճարակայինը կանխարգելիչն է, ապա օրենքի բոլոր տեղերում պետք է սանիտարահամաճարակայինը փոխվի սանիտարահամաճարակային կանխարգելիչ ձևակերպումով: Նախագծի 10-րդ հոդվածում վերանայել գործող օրենքի 12-դ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը, որովհետև 2-րդ մասով սահմանված է թույլտվություն տեսչական մարմնի կողմից, իսկ 3-րդ մասով եզրակացություն՝ լիազոր մարմնի կողմից նույն խնդրո առարկայի վերաբերյալ, 2 դեպքերում էլ սահմանված են վերակառուցման և կառուցապատման նախագծային ու նորմատիվային փաստաթղթեր, ինչից ստացվում է որ նույն բանի համար պետք է տեսչական մարմնի թույլտվություն, սակայն պարզ չէ, թե ինչ գործողությունների և ընթացակարգի արդյունքում է թույլտվությունը տրվելու, և լիազոր մարմնի եզրակացություն, ինչը փաստացի կրկնորդում և ավելորդ վարչարարություն է, լրացուցիչ բեռ և պարտավրություն տնտեսավարողի, անձի համար: Տրամաբանական է, որ եզրակացության պարագայում այլ վարչարարություն չլինի և եզրակացությունը հիմք լինի որպես թույլտվություն կամ արգելք: Նախագծի 11-րդ հոդվածում հաշվի առնել, որ «Սննդամթերքի անվտանգության մասին» և «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և պետական վերահսկողության առանձնահատկություններ սահմանված չեն, այդ օրենքներով ամբողջական կանոնակարգված են ոլորտը և վերահսկողությունը: Եթե խոսվում է առանձնահատկություններից, ապա առաջ է գալիս այն հարցը, թե ոչ առանձնահատուկ կամ ընդհանրական /ընդհանուր/ դրույթները որո՞նք են և ի՞նչ նորմատիվ իրավական ակտերով են սահմանված, որ սննդամթերքի անվտանգության բնագավառում առանձնահատկությունները պետք է սահմանվեն նշված օրենքներով: Նախագծի 14-րդ հոդվածում հաշվի առնել, որ սանիտարահամաճարակային հսկողության ենթակա ոչ բոլոր ապրանքներն են գրանցվում, գրանցման ենթակա ապրանքները ԵԱՏՄ օրենսդրությամբ սահմանված են, պետական գրանցումը կատարվում է ԵԱՏՄ օրենսդրությամբ սահմանված խաղի կանոններով՝ կարգով, հետևաբար գրանցման ենթակա ապրանք չհանդիսացող սանիտարահամաճարակային հսկման ենթակա այլ ապրանքները չեն կարող գրանցվել, այն էլ ՀՀ օրենսդրությամբ, քանի որ ԵԱՏՄ միասնական խաղի կանոններով և պայմանագրով պետական գրանցման ենթակա ապրանք չհանդիսացող ապրանքների գրանցման լիազորություն անդամ երկրներին վերապահված չէ; Նախագծի 17-րդ հոդվածում օգտագործված բարվոք սանիտարական վիճակ ձևակերպումը հստակեցնել և սահմանել, թե ինչ է իրենից ներկայացնում բարվոք վիճակը, որն է դրա բնորոշումը կամ որոնք են դրա չափորոշիչներն ու չափանիշները, հակառակ դեպքում անորոշ և վերացական է, չի կարող որպես պարտավորություն սահմանվել և ունենալ իրավական հետևանք: Նախագծի 20-րդ հոդվածում <<վարակիչ>> բառից առաջ լրացնել <<մարդկանց>> բառը, իսկ նոր խմբագրությամբ առաջարկվող հոդվածի 2-րդ մասում հստակեցնել, թե ովքեր և որ դեպքերում են պատասխանատու կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների իրականացման համար: Նախագծի 20-րդ հոդվածով առաջարկվող՝ 20.1 հոդվածում <<վարակիչ>> բառից առաջ լրացնել <<մարդկանց>> բառը, իսկ նոր խմբագրությամբ առաջարկվող հոդվածի 2-րդ մասում հստակեցնել, թե ովքեր և որ դեպքերում են պատասխանատու կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների իրականացման համար. 20.2 հոդվածում անհրաժեշտ է կարանտինի կամ օբսերվացիայի կամ մեկուսացման սահմանման կամ չեղյալ հայտարարման, ինչպես նաև դրանց համար լիազոր մարմնի առաջարկների, վարակի օջախի սահմանների որոշման, հակահամաճարակային միջոցառումների կամ գործողությունների վերաբերյալ առաջարկի ներկայացման հստակ ժամկետներ: Նախագծի 22-րդ հոդվածի 2-րդ մասը հանել, որովհետև «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով սահմանված դեպքում խախտում թույլտված անձանց և տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ սահմանփակող գործողություններ և պարտադիր կատարման հանձնարարականներ տվող իրավասու մարմինը սննդամթերքի անվտանգության բնագավառում վերահսկողություն իրականացնող լիազոր մարմինն է, հետևաբար գործող օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի բացառությունը չի կարող հանվել: Նախագծի 23-րդ հոդվածի 3-րդ մասում հաշվի առնել, որ անասնաբուժական հսկման ենթակա ապրանքները /չվերամշակված կենդանական ծագման հումք, մթերք/՝ բացառությամբ կենդանի կենդանիների, ենթակա են անասնաբուժասանիտարական փորձաքննության,բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքները ենթակա են բուսասանիտարական զննման՝ ստուգման, իսկ պատրաստի սննդամթերքը ենթակա է լաբորատոր փորձարկումերի՝ տեխնիկական կանոնակարգերով և այլ ակտերով սահմանված անվտանգության ցուցանիշների նկատմամբ, հետևաբար նշված ապրանքների, ինչպես նաև անասնահամաճարակային և բուսասանիտարական նշանակության օբյեկտների, գործունեության և ծառայության տեսակների համար պետք է սահմանել բացառություն: «ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ օրենքի նախագծի 1-ին և 2-րդ հոդվածները, փաստացի օրենքի նախագիծը հանել, որոհետև հակասում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի հավելվածի 15-րդ կետին, որի համաձայն՝ սննդամթերքի անվտանգության ոլորտի քաղաքականության մշակման և իրականացման լիազոր մարմինը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն է:

Տեսնել ավելին