Հիշել նախագիծը

«ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔ» ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՏԱՐԱԾՔ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀՈՂԱԿՏՈՐՆԵՐԻ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՕՊԵՐԱՏՈՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ, ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ, ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՐԱՎՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՁԵՎ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

  • Լ

 

 «ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔ» ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՏԱՐԱԾՔ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀՈՂԱԿՏՈՐՆԵՐԻ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՕՊԵՐԱՏՈՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ, ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ, ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՐԱՎՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՁԵՎ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

          Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և Զարգացման Միջազգային Բանկի միջև 2014թ. օգոստոսի 6-ին ստորագրված՝ «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագիր» վարկային համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր), ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 63-րդ հոդվածի 1)-ին մասի և 65-րդ հոդվածի 6-րդ մասով, Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 605-րդ հոդվածով, հաշվի առնելով  Հայաստանի Հանրապետության «Հարկային օրենսգրքի» օրենքի 62-րդ հոդվածի 7-րդ մասի առաջին նախադասությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հավանություն տալ Համաձայնագրի շրջանակում իրականացվող «Ինժեներական քաղաք» ներդրումային ծրագրին (այսուհետ՝ Ծրագիր)՝ համաձայն հավելված 1-ի:
  2. Սահմանել, որ ծրագիրն իրականացվելու է Երևան քաղաքի Նոր Նորք Մոլդովական փող. և Գառնի ճանապարհի միջև գտնվող /Բագրևանդի փող․թիվ 74 հասցեում գտնվող /ծածկագիր-01-008-0506-0108 / 3 հեկտար հողակտորում (այսուհետ՝ «Տարածք»)։
  3. Տարածքից հողակտորներ անհատույց գործարքի՝ նվիրաբերության միջոցով սեփականության իրավունքով փոխանցել հողակտորի հատկացման մասով սույն որոշման 9-րդ կետով նշված մասնակցության չափորոշիչներին բավարարող, սույն որոշման 10-րդ կետում նշված հավաստագրման հանձնաժողովի համապատասխան եզրակացություն ունեցող ինժեներական և բարձր տեխնոլոգիական ընկերություններին (այսուհետ՝ ԻԲՏ) կամ ԻԲՏ ոլորտի ինովացիոն կենտրոններին, աքսելերատորներին, ինկուբատորներին (այսուհետ՝ Ծրագրի մասնակիցներ)՝ տվյալ հողակտորներում նշված կազմակերպությունների կողմից շենք և (կամ) շինություն կառուցելու և ծրագրով սահմանված պայմաններով այն օգտագործելու նպատակով։
  4. «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (այսուհետ՝ ՁԻՀ) ճանաչել Համաձայնագրի շրջանակում Ծրագրի իրականացման հետ կապված աշխատանքների գլխավոր օպերատոր: Որպես գլխավոր օպերատորի լիազորություններ, սահմանել Ծրագրի արդյունավետ և շարունակական իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների իրականացումը` ապահովվելով պետական-մասնավոր  (տեղական միջազգային կազմակերպությունների) և շահառու կողմերի ներգրավումը: Գլխավոր օպերատորի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են  «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջև կնքվելիք պայմանագրով։
  5. Տարածքի սահմաններում գտնվող հողակտորում Ծրագրի իրականացման վերաբերյալ Համաձայնագրի համապատասխան բաղադրիչի շրջանակում ՁԻՀ-ի մասնակցությամբ /համաձայնությամբ/ իրականացնել Ինժեներական կենտրոնի գրասենյակային շենքի և (կամ) շինության կառուցման աշխատանքներ։
  6. Սահմանել, որ Տարածքի սահմաններում գտնվող սույն որոշման 3-րդ և 5-րդ կետում նշված հողակտոր չհամարվող այլ հողամասերը հանդիսանում են ընդհանուր օգտագործման տարածքներ։
  7. Սահմանել, որ ընդհանուր օգտագործման տարածքները ՁԻՀ-ի մասնակցությամբ /համաձայնությամբ/ կառուցապատվելու և բարեկարգվելու են, իսկ Ծրագրի իրականացման վերաբերյալ Համաձայնագրի համապատասխան բաղադրիչի կատարման ողջ ընթացքում նաև սպասարկվելու են Համաձայնագրի համապատասխան բաղադրիչով նախատեսված միջոցների հաշվին:
  8. Սահմանել, որ Ծրագրի իրականացման վերաբերյալ Համաձայնագրի համապատասխան բաղադրիչի կատարման ավարտից հետո եռամսյա ժամկետում ընդհանուր օգտագործման տարածքները ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, անհատույց գործարքի՝ նվիրաբերության միջոցով, ծրագրով սահմանված պայմաններով օգտագործելու նպատակով փոխանցվելու են սույն որոշման 3-րդ և 5-րդ կետում նշված հողակտորների սեփականատերերին` տարածքում իրենց սեփականության իրավունքով պատկանող հողակտորի չափին համամասնորեն:
  9. Հաստատել ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ չափորոշիչները (այսուհետ՝ Մասնակցության չափորոշիչներ)՝ համաձայն հավելված 2-ի:
  10. Ծրագրի իրականացման նկատմամբ հսկողության իրականացման, այդ թվում՝ ծրագրին մասնակցության կազմակերպման և Մասնակցության չափորոշիչներին համապատասխանող թեկնածուների ընտրության հավաստագրման, ներառյալ հողակտորի հատկացման համար եզրակացության տրամադրման նպատակով ստեղծել Ինժեներական քաղաքի հավաստագրման հանձնաժողով և հաստատել նշված հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը՝ համաձայն հավելված 3-ի:
  11. Ծրագրի մասնակիցների և Հայաստանի Հանրապետության միջև կնքվելիք նվիրաբերության և գրավով պարտավորությունների ապահովման պայմանագրի ձևը՝ սահմանելով հողամասի օգտագործման նպատակներն ու պայմանները՝ համաձայն հավելված 4-ի։
  12. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին լիազորել Հայաստանի Հանրապետության անունից Ծրագրի մասնակիցների հետ կնքել սույն որոշման 11-րդ կետով նշված պայմանագրերը
  13. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ապահովել սույն որոշման 3-րդ, 5-րդ և 8-րդ կետերի կատարումը, ընդունել համապատասխան իրավական ակտեր, իսկ սույն որոշման 5-րդ կետում նշված շենքի և (կամ) շինության կառուցման աշխատանքների ավարտից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցումից հետո սահմանված կարգով ներկայացնել առաջարկություն ՀՀ վարչապետի աշխատակազմ այդ անշարժ գույքը ՁԻՀ-ին 30 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու կամ այլ պայմաններով սեփականության իրավունքով փոխանցելու վերաբերյալ և կնքել համապատասխան պայմանագիր:
  14. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել «Ինժեներական քաղաքի» ստեղծման նպատակով հավաստագրման հանձնաժողովի անհատական կազմը և կազմակերպել հայտերի ընդունման վերաբերյալ հայտարարության տարածումը:

 

  

Հավելված N 1

 ՀՀ կառավարության 2019 թվականի

____   _______  ի N  - Ա որոշման

 

«ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԻ»  ՍՏԵՂԾՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

  1. Նախաբան

 

  1. «Ինժեներական քաղաքի» ստեղծման ծրագիրն իրականացվելու է պետություն-մասնավոր համագործակցությամբ: Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է ստեղծել ինովացիոն էկոհամակարգ, որտեղ ինժեներական և բարձր տեխնոլոգիաների (այսուհետ՝ ԻԲՏ) ոլորտի ընկերություններն արդիական ենթակառուցվածքների կիրառմամբ կմշակեն և կիրագործեն նորարարական գաղափարներ` տեղական ու միջազգային շուկաներում բարձր տեխնոլոգիական լուծումների առաջադրման նպատակով:
  2. Ծրագիրը թույլ կտա մեկ վայրում համախմբել ինժեներական էկոհամակարգի հիմնական մասնակիցներին։

 

  1. Ծրագրի նկարագրությունը

 

  1. Ինժեներական քաղաքը (այսուհետ՝ ԻՔ) Երևան քաղաքում, Բագրևանդ փողոցի 3 հեկտար հողատարածքի վրա կառուցվելիք համալիրն է, որն ի թիվս այլոց ընդգրկելու է Ինժեներական բիզնես աքսելերատորը և շուրջ 35-40 գրասենյակային, արտադրական շենքերը, այլ շինություններ և կառույցներ։ Բացի այդ ԻՔ-ն նաև ներառելու է հիշյալ հողակտորին հարող հատվածում գտնվող կառույցներ, ինչպիսիք են՝ Ինժեներական կենտրոնը, Գիտության և տեխնիկայի ու Տիեզերքի թանգարանները, Ինժեներական գրադարանը և Համատեղ աշխատանքային տարածքը, ինչպես նաև ոլորտային այլ գրասենյակային, արտադրական շենքեր և շինություններ, որոնց նկատմամբ, սակայն չեն տարածվելու  ՀՀ կառավարության սույն որոշմամբ սահմանվող կանոնները և սահմանափակումները: 
  2. ԻՔ-ը նախատեսված է Ինժեներական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների համար, որոնք բավարարում են սույն որոշման հավելված 2-ով նշված մասնակցության չափորոշիչներին (ԻԲՏԸ): ԻՔ ծրագրի նպատակներն են.
  • Հայաստանում ձևավորել ԻԲՏ կլաստեր՝ աջակցելով ոլորտի մասնակիցների միջև համագործակցությունն ու նպաստելով համատեղ արտադրության/ռեսուրսային լաբորատորիաների գործարկումը։
  • Խթանել ԻԲՏ ընկերությունների ստեղծումը, ինժեներական և բարձր տեխնոլոգիական ոլորտի կայուն աճը։
  • Հայաստանը դարձնել ԻԲՏ, ապրանքների և ծառայությունների՝ համաշխարհային շուկաներ արտահանող երկիր, ինչպես նաև նորարարական ինժեներական լուծումների տարածաշրջանային հանգույց:
  1. Նշված նպատակներին հասնելու համար ԻՔ ծրագիրը նախատեսում է մշակել և գործադրել 2 բաղադրիչներ՝ ենթակառուցվածքային ու բովանդակային։
  • Ենթակառուցվածքային բաղադրիչի ներքո ԻՔ ծրագիրը նախատեսում է ստեղծել արդիական և գործուն ենթակառուցվածք՝ բաղկացած Ինժեներական բիզնես աքսելերատորից և Համատեղ աշխատանքային տարածքից, Ինժեներական կենտրոնից, Գիտության, Տեխնիկայի և Տիեզերքի թանգարաններից, Ինժեներական գրադարանից և հարակից ենթակառուցվածքներից:
  • Բովանդակային բաղադրիչի ներքո ԻՔ ծրագիրը ներառում է 4 ուղղություն․ լաբորատորիաների, արհեստանոցի և արտադրամասի ծրագիր, աքսելերացիոն ծրագիր, վերապատրաստման դասընթացներ և «Համակարգերի ճարտարագիտություն» բազային ամբիոն (մագիստրոսական ծրագիր)։
  1. Ծրագրի իրականացումը էապես կնպաստի ԻԲՏ ոլորտի արդիական ենթակառուցվածքների ձևավորմանը, ոլորտի նոր ընկերությունների և աշխատատեղերի ստեղծմանը, բարձրորակ մասնագետների պատրաստմանն ու վերապատրաստմանը, ոլորտի կազմակերպությունների արդյունավետության բարձրացմանը, ինժեներական և բարձր տեխնոլոգիական արտադրանքի ու ծառայությունների արտահանմանը` խթանելով Հայաստանում ԻԲՏ ոլորտի և, ընդհանուր առմամբ, տնտեսության զարգացումը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


 

 

 

 

Հավելված 2

ՀՀ կառավարության 2019 թվականի

____   _______  ի N  - Ա որոշման

 

«ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔ» ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ

  1. «Ինժեներական քաղաք» ծրագրին մասնակցելու համար իրավունք ունեն դիմել (հավաստագրվման հանձնաժողովի հաստատած դիմումի օրինակելի ձևով)․
  • Հայաստանում գրանցված առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունները, օտարերկրյա կազմակերպությունները՝ Հայաստանում գրանցված մասնաճուղերի միջոցով, որոնք իրենց արտադրատեսակների (պրոդուկտների) նախագծման և արտադրության ընթացքը իրականացնում են չափիչ սարքավորումների, նախատիպերի ստեղծման լաբորատորիաների, մեքենայական գործիքների միջոցով և ի թիվս այլոց գործում են (ներառյալ իրականացնում են աքսելերացիոն, ինկուբացիոն գործունեություն) ստորև նշված ոլորտներում․

ա) Նյութագիտություն,

բ) Էլեկտրոնիկա / Ռադիոէլեկտրոնիկա,

գ) Չափիչ սարքավորումներ և համակարգեր,

դ) Ռադիոհաճախականային սարքավորումներ և համակարգեր

ե) Ավիա-տիեզերական սարքավորումներ և համակարգեր,

զ) Ռոբոտաշինություն,

է) Կիսահաղորդչային սարքավորումներ,

ը) Վարորդների աջակցման արդի համակարգեր (ADAS),

թ) Կենսաբժշկական սարքավորումներ։

  • Դիմում ներկայացնող առևտրային կազմակերպությունները պետք է դիմումը ներկայացնելու պահին ունենան առնվազն 25000000 (քսանհինգ միլիոն) ՀՀ դրամ կանոնադրական կապիտալ։
  • դիմումը ներկայացնելու պահին և դրան նախորդող 6 ամիսների ընթացքում դիմում ներկայացնող կազմակերպությունների աշխատակիցների առնվազն 1/3-ը պետք է կնքված աշխատանքային պայմանագրերով ունենան վերոնշյալ ոլորտներին առնչվող աշխատանքի նկարագրություններ։
  • Դիմում ներկայացնող կազմակերպությունները դիմումին կից պետք է ներկայացնեն ծրագիր (հավաստագրվման հանձնաժողովի հաստատած օրինակելի ձևով), որն առնվազն պետք է պարունակի կազմակերպության գործունեության մանրամասն նկարագրություն, տեղեկություններ սպասվող ներդրումների և բացվող աշխատատեղերի մասին։
  • Դիմում ներկայացնող կազմակերպությունները դիմումին կից պետք է ներկայացնեն հարկային տեսչության կողմից տրամադրվող տեղեկանք դիմելու պահի դրությամբ ընկերության հարկային պարտավորությունների բացակայության վերաբերյալ։
  • Դիմում ներկայացնող կազմակերպությունները դիմումին կից պետք է ներկայացնեն կազմակերպության նկատմամբ սնանկության գործընթաց սկսված չլինելու և կազմակերպության մասնակցությամբ ընթացիկ դատական գործընթացների (կամ դրանց բացակայության) վերաբերյալ տեղեկանք իրավասու մարմնից։
  • Առնվազն երկու երաշխավորագրեր Ինժեներական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի Հայաստանում գրանցված այլ իրավաբանական անձանց կողմից:
  • Սույն հավելվածով նշված չափորոշիչներին համապատասխանող մի քանի դիմողներից դիմումներ ներկայացված լինելու դեպքում ընթացք կտրվի ժամանակային առումով առաջինը ներկայացված դիմումին։

 

 

Հավելված N 3

 ՀՀ կառավարության 2019 թվականի

____   _______  ի N  - Ա որոշման

 

 Կ Ա Զ Մ 

ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ներկայացուցիչ, հանձնաժողովի նախագահ

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ներկայացուցիչ, հանձնաժողովի անդամ

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչ, հանձնաժողովի անդամ

«Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության ներկայացուցիչ, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ներկայացուցիչ, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)

«Ինժիներական ասոցիացիա»  հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)

 


 

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Սույն կարգով կարգավորվում են Ինժեներական քաղաքում ռեզիդենտի (այսինքն Ծրագրի մասնակցի) կարգավիճակ ստանալու համար ներկայացված հայտերի քննարկման և որոշումների կայացման լիազորություններ ունեցող հավաստագրման հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) աշխատանքների կազմակերպման հետ կապված հարաբերությունները:

 

  1. ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

  1. Հավաստագրումն իրականացվում է հանձնաժողովի կողմից
  2. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:
  3. Հանձնաժողովի յուրաքանչյուր նիստ սկսվում է նիստի օրակարգի հաստատմամբ:
  4. Հանձնաժողովի նիստերը հրավիրում և վարում է հանձնաժողովի նախագահը, որն ապահովում է հանձնաժողովի բնականոն գործունեության կազմակերպումը:
  5. Հանձնաժողովի անդամներն ունեն ձայնի հավասար իրավունք` հանձնաժողովի նիստերին ուսումնասիրվող հարցերի քննարկման և դրանց կապակցությամբ որոշումների ընդունման ժամանակ:
  6. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ և ստորագրվում են որոշումն ընդունած հանձնաժողովի անդամների կողմից:
  7. Հանձնաժողովի այն անդամը, ով համաձայն չէ հանձնաժողովի ընդունած որոշմանը, ներկայացնում է իր գրավոր հատուկ կարծիքը, որը կցվում է որոշմանը և գրառվում հանձնաժողովի նիստի արձանագրության մեջ:
  8. Հանձնաժողովի անդամը դադարում է անդամ լինելուց իրեն ներկայացրած կառույցի կամ կազմակերպության համապատասխան գրության հիման վրա:
  9. Հանձնաժողովի նիստն իրավազոր է հանձնաժողովի բոլոր անդամների մասնակցության դեպքում, իսկ հանձնաժողովի անդամներից որևէ մեկի բացակայության դեպքում նիստը համարվում է չկայացած և նշանակվում է նոր նիստ: Հանձնաժողովի անդամները կարող են օրենքով սահմանված կարգով լիազորել այլ անձանց իրենց անունից հանձնաժողովի նիստին մասնակցելու համար, ընդ որում, եթե հանձնաժողովի անդամը 2 անգամ անընդմեջ բացակայում է և չի լիազորում այլ անձանց իր անունից հանձնաժողովի նիստին մասնակցելու համար, ապա նշված հանգամանքը հանձնաժողովի նիստը չկայացած համարելու հիմք չէ:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

  1. Հանձնաժողովի նիստերի հրավիրման և այլ ընթացիկ աշխատանքները կազմակերպում է հանձնաժողովի քարտուղարությունը՝ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի կողմից սահմանված նախարարության համապատասխան ստորաբաժանումը (այսուհետ՝ քարտուղարություն):
  2. Քարտուղարությունը`
  • ապահովում է հանձնաժողովի բնականոն գործունեության կազմակերպումը,
  • վարում է հանձնաժողովի աշխատանքների հետ կապված գործավարությունը,
  • տրամադրում է դիմումների ներկայացման ընթացակարգի վերաբերյալ խորհրդատվություն,
  • հրավիրում է հանձնաժողովի նիստերը, ձևավորում է նիստերի վերջնական օրակարգը և համապատասխան փաստաթղթերի հետ միասին տրամադրում է հանձնաժողովի անդամներին,
  • կազմակերպում է հանձնաժողովի որոշումների քվեարկությունները, ամփոփում և հայտարարում քվեարկության արդյունքները,
  • արձանագրում է հանձնաժողովի նիստի քննարկումները և դրանց հիման վրա կազմում որոշումների նախագծեր,
  • գրանցում է հանձնաժողովի անդամների ներկայացրած գրավոր հատուկ կարծիքները,
  • կազմակերպում է հանձնաժողովի որոշումների համարակալումը և տրամադրումը դիմող ինժեներական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպություններին:

 

  1. ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

  1. Ինժեներական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպությունները (այսուհետ` ԻԲՏԿ) Ինժեներական քաղաքում ռեզիդենտի կարգավիճակ ձեռք բերելու նպատակով հավաստագիր ստանալու համար թղթային կամ էլեկտրոնային եղանակով Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն են ներկայացնում`
  • դիմում՝ հավաստագիր ստանալու մասին` համաձայն N 1 ձևի, ընդ որում, դիմումը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին ուղղված ուղեկցող գրությամբ. դիմումը ներառում է նաև տեղեկատվություն` ԻԲՏԿ-ի կողմից հանձնաժողովին ներկայացված հայտում ներառված տեղեկությունների հավաստիության ապահովման, ինչպես նաև Ինժեներական քաղաքի պայմաններին ու կանոններին հետևելու պարտավորության մասին,
  • հայտարարություն այն մասին, որ կազմակերպություն հանդիսանում է «Ինժեներական քաղաք» ծրագրին մասնակցելու չափորոշիչներին համապատասխանող կազմակերպություն` համաձայն N 2 ձևի,
  • հայտարարություն այն մասին, որ ԻԲՏԿ-ն ունի զարգացող բիզնես և անհրաժեշտ ու բավարար միջոցներ իր կողմից առաջարկվող ժամկետներում շինություն կառուցելու համար (ընդ որում նախագիծը պետք է համապատասխանի Ինժեներական քաղաքում կիրառվող ընդհանուր ճարտարապետական լուծումներին)` համաձայն N 3 ձևի,
  • երաշխավորագրեր` տրված ԻԲՏԿ-ին Ինժեներական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի Հայաստանում գրանցված այլ իրավաբանական անձանց կողմից:
  • կառուցվող շենքի ընտրված տարբերակը թուլատրելի ձևաչափերից։
  • Սույն որոշման Հավելված 2-ով («ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔ» ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ) նախատեսված այլ փաստաթղթեր։
  1. Քարտուղարությունը դիմումի ստացման օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է դիմումն ու կից ներկայացված փաստաթղթերը և թերությունների հայտնաբերման դեպքում 2 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է դիմումատուին:
  2. Դիմումատուն կարող է 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել հայտնաբերված թերությունները և փաստաթղթերը գրավոր ներկայացնել քարտուղարություն:
  3. Դիմումները համարվում են ընդունված՝ փաստաթղթերն ամբողջական լինելու դեպքում, որից հետո քարտուղարությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում ձևավորում է նիստի վերջնական օրակարգը և հրավիրում է հանձնաժողովի նիստ:
  4. Նիստի վերջնական օրակարգը, հավաստագրման դիմումները կից փաստաթղթերի հետ միասին քարտուղարությունն էլեկտրոնային եղանակով տրամադրում է հանձնաժողովի անդամներին` գումարվող նիստից առնվազն 5 օր առաջ:
  5. Հանձնաժողովը որոշումը կայացնում է դիմումի ստացման պահից առավելագույնը 30-օրյա ժամկետում:
  6. Սույն կարգով սահմանված պահանջներին բավարարելու դեպքում Ինժեներական քաղաքում ռեզիդենտի կարգավիճակի ստացման և ԻԲՏԿ-ին հողահատկացման համար հավաստագրի տրամադրման մասին որոշման ընդունումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում տնտեսավարող սուբյեկտին տրամադրվում է հավաստագիր` համաձայն N 4 ձևի:
  7. Հավաստագրի տրամադրման որոշման կայացման դեպքում պետության և ԻԲՏԿ-ի միջև կնքվում է հողի նվիրաբերության և գրավով պարտավորությունների ապահովման պայմանագիր։
  8. Հողի նվիրաբերության պայմանագրում նախատեսվում են պայմանագրային պարտավորությունների (ներառյալ հողoգտագործման պայմանների, նպատակային գործունեության պայմանների) ապահովման, ինչպես նաև երրորդ անձանց հնարավոր պահանջներից հատկացվող հողամասերի պաշտպանության գործիքներ (գրավ և այլն)։
  9. Մեկ ԻԲՏԿ-ին հատկացվող հողակտորի չափը կարող է կազմել շուրջ 350 ք․մ կամ շուրջ 500 ք․մ․։
  10. Ինժեներական քաղաքում ԻԲՏԿ-ին տրամադրված հողակտորի չափի մեծացման համար ԻԲՏԿ-ի կողմից հանձնաժողովին է ներկայացվում հավաստագրի փոփոխության վերաբերյալ հայտ, որը հանձնաժողովի կողմից քննության է առնվում սույն կարգով սահմանված ժամկետներում:
  11. Ինժեներական քաղաքի ռեզիդենտը կարող է օտարել կամ վարձակալության տալ իրեն պատկանող հողը կամ շինությունը միայն հանձնաժողովի կողմից հավաստագրված մեկ այլ ԻԲՏԿ-ի։
  12. Սույն կարգով սահմանված պահանջներին չբավարարելու (ներառյալ «Ինժեներական քաղաք» ծրագրին մասնակցելու չափորոշիչներին չբավարարելու) դեպքում Ինժեներական քաղաքում ռեզիդենտի կարգավիճակի ստացման և ԻԲՏԿ-ին հողահատկացման հայտը հանձնաժողովի կողմից մերժվում է, ինչի մասին ԻԲՏԿ-ն տեղեկացվում է հանձնաժողովի կողմից մերժման մասին որոշման ընդունումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:
  13. Հավաստագրի գործողության դադարեցումն ու հողօգտագործման իրավունքից զրկումն իրականացվում է հանձնաժողովի կողմից` Ինժեներական քաղաքի ռեզիդենտների (ներառյալ նրանց աշխատակիցների, հյուրերի) կողմից հողի և դրա վրա տեղակայված շինության ոչ նպատակային օգտագործման, սույն կարգով սահմանված պահանջների խախտման կամ ԻԲՏԿ-ի կողմից հանձնաժողովին ներկայացված` հավաստագրի գործողության դադարեցման մասին դիմումի առկայության դեպքում:
  14. Հավաստագրի գործողության դադարեցման հարցը հանձնաժողովը քննարկում է հավաստագրի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ ԻԲՏԿ-ի դիմումը կամ խախտման վերաբերյալ տեղեկությունները ստանալուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում:
  15. ԻԲՏԿ-ն տեղեկացվում է հանձնաժողովի կողմից հավաստագրի գործողության դադարեցման մասին որոշման ընդունումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:

 

 

 

 

Ձև N 1

 

«Դ Ի Մ Ո Ւ Մ

ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՌԵԶԻԴԵՆՏԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՆԱԼՈՒ

ՀԱՎԱՍՏԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

  1. Կազմակերպության անվանումը
    ___________________________________________________________________________

 

  1. Կազմակերպության գտնվելու (գործունեության) վայրը
    ____________________________________________________________________________

 

  1. Գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն, կապի այլ միջոցներ
    ____________________________________________________________________________

  

Կից ներկայացվող փաստաթղթերը`

 

  • հայտարարություն այն մասին, որ ընկերությունը հանդիսանում է ԻԲՏԸ` ըստ տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի` համաձայն N 2 ձևի,
  • հայտարարություն այն մասին, որ ԻԲՏԸ-ն ունի զարգացող բիզնես և անհրաժեշտ ու բավարար միջոցներ իր կողմից առաջարկվող ժամկետներում շինություն կառուցելու համար (ընդ որում նախագիծը պետք է համապատասխանի Ինժեներական քաղաքում կիրառվող ընդհանուր ճարտարապետական լուծումներին)` համաձայն N 3 ձևի,
  • երաշխավորագրեր` տրված ԻԲՏԸ-ին Ինժեներական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի Հայաստանում գրանցված երկու այլ իրավաբանական անձանց կողմից:

Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ և երաշխավորում, որ այն համապատասխանում է ՀՀ օրենսդրության պահանջներին:

 

Պարտավորվում եմ սույն դիմումով և կից փաստաթղթերում ներկայացված տեղեկությունների յուրաքանչյուր փոփոխման դեպքում դրանց մասին 20-օրյա ժամկետում գրավոր տեղեկացնել հանձնաժողովին:

 Պարտավորվում եմ պահպանել Ինժեներական քաղաքի պայմանները և կանոնները: Գիտակցում եմ, որ դրանք չպահպանելը կհանգեցնի հավաստագրի գործողության դադարեցմանը:

 

 _________________________________________________________________

 (տնօրենի ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)

 

  

  _________ _______________ 20   թ.

 

Դիմումն ընդունող  ____________________  _____ ___________ 20   թ. Ժամը __:__

 

 

 

Ձև N 2

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Հայտարարում եմ, որ

Կազմակերպության անվանումը

 

_______________________________________________________________________

 

հանդիսանում է ինժեներական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերություն` ըստ տնտեսական գործունեության տեսակների թիվ _____  դասակարգչի:

 

________________________________________________________________________

 (տնօրենի ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)

 

_________ _______________ 20   թ.

 

 

 

 

 

  

Ձև N 3

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Հայտարարում եմ, որ

Կազմակերպության անվանումը

 

________________________________________________________________________

 

ինժեներական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունն ունի զարգացող բիզնես և անհրաժեշտ և բավարար միջոցներ իր կողմից առաջարկվող ժամկետներում շինություն կառուցելու համար` Ինժեներական քաղաքում կիրառվող ընդհանուր ճարտարապետական լուծումներին համապատասխան:

 

__________________________________________________________________________

 (տնօրենի ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)

 

_________ _______________ 20   թ.

 

  

  Ձև N 4

 

ՀԱՎԱՍՏԱԳԻՐ N ________

(Ինժեներական քաղաքում ռեզիդենտի կարգավիճակը հավաստող փաստաթուղթ)

 

 

Տրված է............. 20  թ.

 

 

 

Կազմակերպության անվանումը

 _______________________________________________________________________

 

 

Դիմում` .................. 20 թ. N .................

 

 

 

 

Հանձնաժողովի նախագահ

___________

 

____________

 

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

 Կ.Տ.

 

 

 

 

 

Հավելված 4

ՀՀ կառավարության 2019 թվականի

____   _______  ի N  - Ա որոշման

 

  

ՀՈՂԻ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՐԱՎՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԹԻՎ ...


Սույն հողի նվիրաբերության և գրավով պարտավորությունների ապահովման պայմանագիրը (այսուհետ՝ «Պայմանագիր») կնքվել է 201_թ. [ամիս] [ամսաթիվ]-ին՝

Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ՝ «Նվիրաբերող») ի դեմս ________________ մի կողմից և [...]-ի (գրանցման համար՝ [...], ՀՎՀՀ [...]), ում անունից հանդես է գալիս [պաշտոն] [անուն] [ազգանուն], ով գործում է ընկերության [կանոնադրության/լիազորագրի] հիման վրա (այսուհետ՝ «Նվիրառու») մյուս կողմից (այսուհետ միասին՝ «Կողմեր» և առանձին նաև՝ «Կողմ») միջև,

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ

Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և Զարգացման Միջազգային Բանկի միջև 2014թ. օգոստոսի 6-ին ստորագրված՝ «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագիր» վարկային համաձայնագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը 201[.]թ. [ամիս] [ամսաթիվ]-ի N [...]-Ն որոշմամբ հաստատել է ներկայացված «Ինժեներական քաղաք» ներդրումային ծրագիրը (այսուհետ՝ «Ծրագիր»),

 

ՈՒՍՏԻ ԿՈՂՄԵՐԸ, ՂԵԿԱՎԱՐՎԵԼՈՎ  ՀՀ «ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ» 63-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1)-ԻՆ ԿԵՏԻ ԵՎ 65-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍՈՎ, ՀԱՄԱՁԱՅՆՎԵՑԻՆ ՀԵՏԵՎՅԱԼԻ ՄԱՍԻՆ

  1. Հասկացություններ և մեկնաբանում
    • Սույն Պայմանագրում ստորև սահմանված եզրույթները կունենան հետևայլ իմաստը.

 

«Անդամավճար»՝

 

Նվիրառուի և Ծրագրի այլ մասնակիցների կողմից Ընդհանուր ենթակառուցվածքների սպասարկումն իրականացնող մարմնին կատարվող վճարներ, որոնց շնորհիվ իրականացվում է Տարածքի և Ընդհանուր ենթակառույցների սպասարկմանը, 

«Աշխատանքային օր»՝

Աշխատանքային օր ՀՀ օրենսդրության համաձայն,

«Արտոնյալ ժամանակահատված»՝

Պայմանագրի պայմանների խախտման դեպքում այն շտկելու նպատակով Նվիրառուին տրամադրվող ժամկետ, որի ընթացքում Պայմանագիրը չի կարող լուծվել,

«Ենթակառույց»՝

Նվիրառուի կողմից իր կողմից ներկայացված հայտին համապատասխան կառուցման ենթակա կառույցներ, շինություններ, ճանապարհներ, որոնք պետք է օգտագործվեն Նվիրառուի կողմից Ծրագրին համապատասխան՝ որպես ինժեներական և ԲՏ ոլորտի գրասենյակային տարածքներ, լաբորատորիաներ, հետազոտական նշանակությամբ կամ ոլորտային կազմակերպությունների աքսելերացիայի, ինկուբացիայի համար օգտագործվող տարածքներ և դրանց սպասարկման համար օգտագործվող այլ նպատակներով,  

«Ընդհանուր ենթակառույցներ»՝

Տարածքում առկա սեփականատերերի ընդհանուր սեփականությունը հանդիսացող և Տարածքում գտնվող ենթակառույցներ, ներառյալ՝ ընդհանուր օգտագործման տարածքներ, որոնցից անմիջականորեն օգտվում են և որոնց շահառուներն են հանդիսանում Ծրագրի մասնակիցները, 

«Ծրագրային նպատակներ»՝

Հողամասի և դրա վրա կառուցված Ենթակառույցների օգտագործման թույլատրելի նպատակներ՝ համապատասխան Ծրագրին և Նվիրառուի կողմից ներկայացված և հավանության արժանացած հայտի, որոնք ի թիվս այլոց ենթադրում են դրանց օգտագործումը որպես ինժեներական և ԲՏ ոլորտի գրասենյակային տարածքներ, լաբորատորիաներ, հետազոտական նշանակությամբ կամ ոլորտային կազմակերպությունների աքսելերացիայի, ինկուբացիայի համար օգտագործվող տարածքներ և դրանց սպասարկման համար օգտագործվող այլ նպատակներով,

«Հայտ»՝

Հողամասում Ենթակառույցների շինարարության, դրանց օգտագործման վերաբերյալ և Նվիրառուի կողմից ներկայացված դիմում, որն արժանացել է Հավաստագրման հանձնաժողովի հավանությանը ու ներկայացված է սույն Պայմանագրի Հավելված 2-ում,   

«Հավաստագրման անձնաժողով»՝

ՀՀ կառավարության 201[.]թ. [ամիս] [ամսաթիվ]-ի N [...]-Ն որոշմամբ ստեղծված հանձնաժողով, որը նպատակ ունի իրականացնել հսկողություն Ծրագրի իրականացման նկատմամբ,

«Հողամաս»՝

Տարածքում գտնվող […] քմ մակերեսով հողամաս՝ ըստ կից Հավելված 1-ով սահմանված հատակագծի,

«Տարածք»՝

ունի ՀՀ կառավարության 201[.]թ. [ամիս] [ամսաթիվ]-ի N [...]-Ն որոշմամբ սահմանված իմաստը,

«Օրենսդրություն»՝

ցանկացած օրենք, ենթաօրենսդրական ակտ, դատական կամ այլ պետական մարմնի որոշում, որը կարող է կիրառելի լինել Կողմերի միջև հարաբերություններում։

«Շինարարական աշխատանքներ»՝

Ենթակառույցների կառուցապատման, ներքին հարդարման (ընդհուպ մինչև շահագործման համար պիտանելի վիճակի բերելը) աշխատանքներ։

  • Սույն Պայմանագիրը պետք է մեկնաբանվի որպես մեկ ամբողջություն՝ դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակության հիման վրա՝ իրենց համատեքստում։ Առանձին կետերի վերտառությունները սահմանված են միայն տեխնիկական նկատառումներով և չեն սահմանափակում, բնորոշում կամ ընդարձակում դրանցում պարունակված դրույթների բովանդակությունը։
  • Սույն Պայմանագրի հավելվածները վերջինիս անբաժան մասն են և մեկնաբանվում են Պայմանագրի հետ միասին։
  1. Հողամասի նվիրաբերությունը
    • Սույն Պայամանագրի հիման վրա Նվիրաբերողը վերջինիս սեփականություն հանդիսացող Տարածքից [...] ([...]) քմ Հողամասը ըստ կից Հավելված 1-ով սահմանված հատակագծի նվիրաբերում է՝ անհատույց սեփականության իրավունքով տրամադրում է Նվիրառուին, իսկ Նվիրառուն ընդունում է նվիրաբերությունը և պարտավորվում օգտագործել Հողամասը սույն Պայմանագրով սահմանված օգտագործման նպատակներին և պայմաններին համապատասխան։
    • Հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման համար պատասխանատու է և դրա հետ կապված ծախսերը կրում է Նվիրառուն։
    • Հողամասի նվիրաբերությունը պայմանավորված է Նվիրառուի կողմից Հողամասի և դրա վրա կառուցվելիք ենթակառույցների ստորև սահմանված նշանակությամբ օգտագործելով։
  2. Հողամասի և Ենթակառույցների օգտագործման նպատակներն ու պայմանները
    • Նվիրառուն պարտավորվում է Հողամասի վրա իրականացնել Ենթակառույցների շինարարություն համապատասխան Հավաստագրման հանձնաժողովին իր կողմից ներկայացված Հայտի։
    • Շինարարական աշխատանքները պետք է իրականացվեն Նվիրառուի կողմից Հայտով սահմանված ժամանակացույցին համապատասխան, իսկ դրանց շահագործումը սկսվի ոչ ուշ քան [...]թ.։
    • Հողամասը և վերջինիս վրա Նվիրառուի կողմից կառուցված Ենթակառույցները կարող են օգտագործվել բացառապես և միայն Ծրագրային նպատակներին և Նվիրառուի կողմից ներկայացված Հայտին համապատասխան։
    • Հողի և ենթակառույցների օտարում երրորդ անձանց կարող է իրականացվել միայն Հավաստագրման հանձնաժողովի համաձայնության հիման վրա, եթե այդ երրորդ անձը համապատասխանի Ծրագրի մասնակցելու չափորոշիչներին և ներկայացնի Հավաստագրման հանձնաժողովի համար ընդունելի և վերջինիս կողմից հաստատված Հայտ։
    • Հողի և Ենթակառույցների նկատմամբ ցանկացած ճանապարհով երրորդ անձանց տիրապետման և օգտագործման իրավունքներ փոխանցելու (այդ թվում վարձակալության տրամադրման) դեպքում Նվիրառուն պարտավորվում է երաշխավորել այդ երրորդ անձանց կողմից սույն Պայմանագրով սահմանված Ծրագրային նպատակների պահպանումը։ Ծրագրային նպատակների խախտմամբ Հողամասի և Ենթակառույցների օգտագործումը այդ երրորդ անձանց կողմից համարվում է Պայմանագրի խախտում Նվիրառուի կողմից։
    • Հողամասի և Ենթակառույցների Ծրագրային նպատակներին համապատասխան օգտագործման նկատմամբ հսկողությունն իրականացնում է Հանձնաժողովը։
  3. Շինարարական աշխատանքները
    • Շինարարական աշխատանքների իրականացման և ավարտին հասցնելու համար բոլոր անհրաժեշտ թույլտվությունների, լիցենզիաների և այլ ՀՀ օրենսդրությամբ կիրառելի պարտադիր նախադրյալների ձեռքբերումն ու ապահովումը Նվիրառուի պարտականությունն են։
    • Շինարարական աշխատանքների ընթացքում պետք է պահպանվեն անվտանգության՝ ՀՀ օրենսդրությամբ կիրառման ենթակա չափանիշները և քաղաքաշինական նորմերն և կանոնները։
    • Վերը 1 և 4.2 կետերով սահմանված պարտավորությունների խախտումը համարվում են Պայմանագրի էական խախտում։
  4. Նվիրաբերության վերացում
    • Վերը նշված 3-րդ կետով սահմանված օգտագործման նպատակները և պայմանները խախտելու դեպքում Նվիրաբերողն իրավասու է պահանջել Նվիրառուից վերացնել խախտումը՝ տրամադրելով Նվիրառուին 15 (տասնհինգ) Աշխատանքային օր Արտոնյալ ժամանակահատված։
    • Արտոնյալ ժամանակահատվածում թերացումը չշտկելու դեպքում Նվիրաբերողն իրավասու է պահանջել սույն Պայմանագրով սահմանված նվիրաբերության վերացում։
  5. Անդամավճարներ
    • Նվիրառուն ամսական պարտավորվում է Ընդհանուր ենթակառուցվածքների սպասարկումն իրականացնող մարմնին (առկայության դեպքում) նշված մարմնի կողմից համապատասխան որոշմամբ սահմանվող անդամավճարը (պայմանով եթե նման անդամավճար սահմանվել է)։ Անդամավճարներն օգտագործվում են Տարածքի և Ընդհանուր ենթակառույցների սպասարկման ծախսերի հատուցման համար։
    • Տարաձայնություններից խուսափելու համար՝ Անդամավճարներ կատարելը համարվում են Հողամասի և Ենթակառույցների օգտագործման պայման սույն Պայմանագրի իմաստով, և այդ պարտավորությունների խախտումը Նվիրառուի կողմից կարող է հանգեցնել նվիրաբերության վերացման։
    • Նվիրառուի և Ընդհանուր ենթակառուցվածքների սպասարկումն իրականացնող մարմնի միջև հարաբերությունները առավել մանրամասն կարգավորվում են Ինժեներական քաղաքի անդամակցության պայմանագրով։
  6. Նվիրառուի պարտավորությունների կատարման ապահովում
    • Նվիրառուն Հողամասը գրավադրում է Նվիրաբերողի օգտին՝ որպես Նվիրաբերողի հանդեպ սույն Պայմանագրով Նվիրառուի ստանձնած բոլոր պարտավորությունների համալիր կատարման ապահովման միջոց։ Գրավի առարկան ենթակա է պարտադիր գրանցման իրավասու պետական մարմնում` ՀՀ օրենսդրությանը համապատասխան և պետք է ներկայացվի գրանցման սույն Պայմանագրի ստորագրման օրվանից 30 (երեսուն) օրվա ընթացքում:
    • Գրավի իրավունքի գրանցման հետ կապված ծախսերը կրում է Նվիրառուն:
    • Սույն Պայմանագրով գրավի առարկայի փոխարինում չի թույլատրվում։
  7. Բռնագանձում
    • Նվիրաբերողը իր պահանջները բավարարելու համար Հողամասի վրա կարող է բռնագանձում տարածվել միայն դատարանի (կամ արբիտրաժի) համապատասխան որոշման հիման վրա։
  8. Գործողության ժամկետը
    • Սույն Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի ստորագրման և նոտարական վավերացման պահից, իսկ սեփականության իրավունքի և գրավի իրավունքի մասերով՝ համապատասխան պետական գրանցումներն իրականացնելու պահից։ Սույն Պայմանագիրը գործում է անժամկետ, բացառությամբ գրավի իրավունքի, գույքի օտարման և գործունեության տեսակների մասով սամանափակումների, որոնք գործում են 20 տարի ժամկետով։
  9. Ծանուցումներ
    • Սույն Պայմանագրի շրջանակներում Կողմերի ցանկացած ծանուցում կամ նամակագրություն պետք է լինի գրավոր։ Կողմերի նման ծանուցումները և նամակագրությունը կհամարվեն պատշաճ ներկայացված, եթե դրանք հանձնվեն պատվիրված նամակով կամ առաքանի ծառայության միջոցով՝ հետադարձ ծանուցմամբ հետևյալ հասցեներին՝

Նվիրաբերող՝ ՀՀ, ք. Երևան […],

Նվիրառու՝     […],

  • Նվիրառուն պարտավոր է տեղեկացնել Նվիրաբերողին իր իրավաբանական հասցեի փոփոխության դեպքում։ Հասցեի փոփոխության դեպքում չծանուցելու պարագայում, անգործության բացասական հետևանքները կրում է Նվիրառուն, և վերջինիս ներկայացվող նամակագրությունը և ծանուցումները համարվում են պատշաճ հանձնված վերջինիս նախկին ծանուցման հասցեով առաքելու դեպքում։
  1. Իրավունքից հրաժարման բացառում
    • Կողմերից որևէ մեկի կողմից սույն Պայմանագրով ամրագրված իրավունքներից չօգտվելը կամ նման իրավունքներից օգտվելը հետաձգելը չի կարող մեկնաբանվել որպես նման իրավունքի սահմանափակում կամ այդ իրավունքից հրաժարում, քանի դեռ նման իրավունքից հրաժարումը չի արվում գրավոր Կողմի կամ վերջինիս լիազոր ներկայացուցչի ստորագրությամբ։
  2. Ամբողջական համաձայնություն, փոփոխություններ
    • Սույն Պայմանագիրը և դրանում վկայակոչվող այլ փաստաթղթերը կազմում են Պայմանագրի խնդրո առարկայի վերաբերյալ Կողմերի միջև ամբողջական պայմանավորվածությունը, ինչպես նաև արտացոլում են Կողմերի բոլոր պարտավորությունները և գերակայում են ցանկացած հայտարարության, մտադրության արտահայտման կամ ընկալման նկատմամբ, որը Կողմերը կարող էին արած լինել մինչ օրս։
    • Սույն Պայմանագրի ցանկացած փոփոխություն, ինչպես նաև որևէ իրավունքից հրաժարում պետք է արվի գրավոր և ստորագրված լինի Կողմերի կամ վերջիններիս լիազոր ներկայացուցիչների կողմից։
  3. Դրույթների անվավերության հետևանքները
    • Սույն Պայմանագրի որևէ դրույթի անվավերություն կամ կիրարկման անհնարինություն չի ազդում մյուս դրույթների վավերականության և գործողության վրա։ Եթե որևէ դրույթ ճանաչվի անվավեր, Կողմերը պարտավորվում են բարեխղճորեն բանակցել այդ դրույթին բովանդակությամբ առավել մոտ այլ դրույթով Պայմանագիրը փոփոխելու շուրջ։
  4. Կիրառելի օրենսդրությունը
    • Սույն Պայմանագիրը ենթարկվում է և մեկնաբանվում է ՀՀ գործող օրենսդրության համաձայն։
  5. Վեճերի կարգավորումը
    • Կողմերի միջև ցանկացած վեճ կամ տարաձայնություն, որը կվերաբերվի սույն Պայմանագրի կիրառմանը կամ մեկնաբանմանը, ինչպես նաև դրա վավերականությանը, ենթակա կլինի լուծման բանակցությունների միջոցով։
    • Եթե վերը նշված որևէ վեճ կամ տարաձայնություն չի լուծվում Կողմերի միջև բանակցությունների արդյունքում, նման բանակցություններ նախաձեռնելուց հետո 50 (հիսուն) աշխատանքային օրվա ընթացքում Կողմերից յուրաքանչյուրն իրավասու կլինի նման վեճի լուծումը հանձնել իրավազոր ՀՀ դատարաններին։
  6. Պայամանագրի օրինակներ
    • Սույն Պայմանագիրը կազմված է 4 (չորս) օրինակից՝ մեկական օրինակ տրամադրվում է Կողմերից յուրաքանչյուրին, մեկ օրինակ՝ Պայմանագրի նոտարական վավերացումն իրականացրած նոտարին և ևս մեկ օրինակ՝ ՀՀ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեին։
    • Յուրաքանչյուր օրինակ համարվում է բնօրինակ, օրինակներն ունեն հավասար իրավաբանական ուժ։
  7. Կողմերի տվյալները և ստորագրությունները


 

  • Տևողություն

    02.12.2019 18.12.2019
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն

  • Նախարարություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 132

Տպել

Թողնել առաջարկ

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: