Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի ԹԻՎ 1543-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 

«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ

ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի ԹԻՎ 1543-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայումս Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների և կալանավորված անձանց կողմից ստացվող և նրանց մոտ պահվող դեղերի նկատմամբ վերահսկողության անհրաժեշտ և բավարար լծակների բացակայության պայմաններում խնդիրներ են առաջանում բժշկական ցուցման և համապատասխան բժշկական ստորաբաժանման վերահսկողության բացակայությամբ դեղերի մուտքը քրեակատարողական հիմնարկ և դատապարտյալների և կալանավորված անձանց կողմից դրանք իրենց մոտ պահելը արգելելու տեսանկյունից: Գործնականում անհնար է դառնում վերահսկողության իրականացումը դատապարտյալի կամ կալանավորված անձի կողմից առանց համապատասխան թույլտվության և բժշկական ցուցման դեղերի ստացման կամ նրանց մոտ պահելու նկատմամբ:

Հարկ է նշել նաև, որ ՄԱԿ-ի՝ Բանտարկյալների հետ վարվեցողության նվազագույն ստանդարտ կանոնների (Նելսոն Մանդելայի կանոններ) 67-րդ կանոնի համաձայն՝ երբ դատապարտյալն իր հետ բերում է որևէ թմրանյութ կամ դեղորայք, բժիշկը կամ այլ որակավորված բուժաշխատողը պետք է որոշեն դրանց օգտագործման հարցը:

Խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (այսուհետ՝ ԽԿԿ) 3-րդ ընդհանուր զեկույցի 38-րդ կետի համաձայն՝ դեղագործության և դեղերի բաշխման նկատմամբ պետք է առկա լինի պատշաճ վերահսկողություն: Ավելին, դեղերի պատրաստումը պետք է միշտ վստահված լինի որակավորված անձնակազմին (դեղագործ, բուժքույր և այլք):

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի՝ Բանտերում առողջապահության էթիկայի և կազմակերպական հարցերին վերաբերող No. R (98) 7 հանձնարարականի 49-րդ կետի համաձայն՝ բանտային բժիշկը, խորհրդակցելով ձեռնհաս դեղագործի հետ, պետք է պատրաստի բժշկության մեջ սովորաբար նշանակվող դեղերի և թմրանյութերի համապարփակ ցանկ: Բժշկական դեղատոմսերի դուրսգրումը պետք է լինի բժշկի բացառիկ պատասխանատվության ներքո: Եվ դեղորայքը պետք է բաշխվի միայն որակավորված անձնակազմի կողմից:[1]

Խնդրի առարկային առնչվող միջազգային պահանջները ևս վկայում են այն մասին, որ քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց դեղերի տրամադրման նկատմամբ անհրաժեշտ է համապատասխան որակավորում ունեցող անձանց պատշաճ վերահսկողության առկայությունը:

Այս խնդիրներին անդրադարձ է կատարվել նաև Մարդու իրավունքների պաշտպանի (այսուհետ՝ Պաշտպան)՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2018 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցում, որում մասնավորապես նշվում է, որ շարունակում է մտահոգիչ մնալ մերձավոր ազգականների կողմից առանց բժշկական ցուցման ազատությունից զրկված անձանց փոխանցվող դեղորայքի ընդունումը քրեակատարողական հիմնարկի կողմից: Մշտադիտարկման ընթացքում արձանագրվել են բազմաթիվ դեպքեր, երբ ազատությունից զրկված անձին քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի աշխատակցի կողմից փոխանցվել են դեղեր, կամ ազատությունից զրկված անձն իր մոտ դրանք պահել և ընդունել է՝ առանց բժշկական փաստաթղթերում այդ մասին համապատասխան բժշկական ցուցման առկայության (այդ թվում՝ ներարկման համար նախատեսված դեղամիջոցներ):

Ուստի, Պաշտպանը ընդգծել է անհրաժեշտությունը՝ վերահսկելու քրեակատարողական հիմնարկ դեղորայքը ընդունելու, հաշվառելու և ազատությունից զրկված անձին հանձնելու ընթացակարգը, սահմանելու ազատությունից զրկված անձանց իրենց կամ մերձավոր ազգականների հաշվին ձեռք բերված դեղամիջոցները քրեակատարողական հիմնարկներ ընդունելու հստակ մեխանիզմներ՝ առաջնորդվելով բժշկական համապատասխան ցուցմամբ և չվնասելու սկզբունքով:[2]

Նույն խնդիրը Պաշտպանն արձանագրել է նաև «Քրեակատարողական հիմնարկներում ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման իրավունքի ապահովման վերաբերյալ» արտահերթ հրապարակային զեկույցում, որտեղ Պաշտպանը մտահոգիչ է համարել այն, որ ազգականների կողմից դատապարտյալներին բերվող դեղորայքների նկատմամբ պատշաճ վերահսկողություն չի իրականացվում, քանի որ մի շարք քրեակատարողական հիմնարկներում արձանագրվել են դեպքեր, երբ ազատությունից զրկված անձանց մոտ եղել են դեղամիջոցներ, բայց դրանց օգտագործման անհրաժեշտությունը համապատասխան բժշկական ցուցմամբ ամրագրված չի եղել վերջիններիս բժշկական քարտերում: [3]

Մինչդեռ «Հայաստանի Հանարապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության՝ կալանավորվածներին պահելու վայրերի ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության թիվ 1543-Ն որոշման հավելվածի ձև 2-ում, որով սահմանվում է այն իրերի, առարկաների և սննդամթերքի ցանկը, որոնք կալանավորված անձանց և դատապարտյալներին արգելվում է ունենալ իրենց մոտ, ստանալ կամ ձեռք բերել հանձնուքներով, ծանրոցներով և փաթեթներով, դեղորայքի վերաբերյալ որևէ նշում չկա:

Ուստի ներպետական օրենսդրության մեջ հստակություն մտցնելու և այն միջազգայնորեն ընդունված պահանջներին համապատասխանեցնելու համար առկա է Նախագծի ընդունման անհրաժեշտությունը:

 

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Դատապարտյալների և կալանավորված անձանց բժշկական համապատասխան ցուցմամբ և բժշկական ստորաբաժանման թույլտվությամբ դեղամիջոցների պահպանման ու ստացման նկատմամբ վերահսկողության վերաբերյալ միջազգային պահանջների կատարումը և դատապարտյալների ու կալանավորված անձանց պատշաճ բժշկական օգնության տրամադրումը ապահովելու նպատակով՝ առաջարկվում է լրացում կատարել ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշման մեջ:

Այսպես, «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշման մեջ լրացում կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվում է՝

1) նախատեսել, որ կալանավորված անձանց և դատապարտյալներներին, բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների, արգելվում է հանձնուքներով փաթեթներով, ծանրոցներով ստանալ դեղեր՝ առանց բժշկական ստորաբաժանման թույլտվության և բժշկական ցուցման,

2) նախատեսել, որ կալանավորված անձանց և դատապարտյալներին, բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների, արգելվում է իրենց մոտ դեղեր պահել առանց բժշկական ստորաբաժանման թույլտվության և բժշկական ցուցման,

3) հստակեցնել քրեակատարողական հիմնարկներ դատապարտյալների և կալանավորված անձանց կողմից դեղորայքի ստացման և պահման գործընթացը՝ դրա համար նախատեսելով բժշկական ստորաբաժանման թույլտվության և բժշկական ցուցման պարտադիր առկայություն,

4) միասնականացնել բոլոր քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների և կալանավորված անձանց կողմից դեղերի ստացմանը և պահմանը ներկայացվող պահանջները:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ Հայաuտանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշման դրույթները կհամապատասխանեցվեն միջազգային պահանջներին, կապահովվի դատապարտյալների և կալանավորված անձանց կողմից դեղերի ստացման ու պահման նկատմամբ վերահսկողության հնարավորությունը՝ առաջնորդվելով բժշկական համապատասխան ցուցմամբ և չվնասելու սկզբունքով:

 

 

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի ԹԻՎ 1543-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՈՒՄ ԵՎ ԾԱԽՍԵՐՈՒՄ ՍՊԱՍՎԵԼԻՔ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշման մեջ լրացում կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:

 

 

 

 

 

[1] Տե՛ս https://rm.coe.int/09000016804fb13c

[2] Տե՛ս https://www.ombuds.am/images/files/159e14f47f7029294110998e75a5433f.pdf

[3] Տե՛ս https://www.ombuds.am/images/files/d05b280c722b7abbd96cb8792119bde8.pdf

  • Քննարկվել է

    21.11.2019 - 07.12.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Քրեակատարողական

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5757

Տպել