Հիշել նախագիծը

«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի ԹԻՎ 1543-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ»

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ

ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի ԹԻՎ 1543-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է քրեակատարողական ծառայության գործունեության կազմակերպման և իրականացման ընթացքում ի հայտ եկած որոշ հարաբերությունների հստակեցմամբ ու իրավակարգավորմամբ:

Այսպես, ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշման հավելվածով հաստատված՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի (այսուհետ նաև՝ Ներքին կանոնակարգ) 99-րդ կետի համաձայն՝ կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի տարածք մուտք գործող ու այդ տարածքից ելք ունեցող անձանց` կալանավորված անձանց կամ դատապարտյալների համար նախատեսված հանձնուքները, ծանրոցները և անձնական իրերը համապատասխան քրեակատարողական ծառայողի կողմից զննվում են հետևյալ կերպ`

1) հացաբուլկեղենը կտրատվում է,

2) պահածոները բացվում և տեղափոխվում են մեկ այլ տարայի մեջ,

3) ձուկը կտրատվում է մասերի,

4) պանիրը, երշիկեղենը և մսեղենը կտրատվում են կտորների,

5) սորուն մթերքները (շաքարավազ, աղ և այլն) լցվում են մեկ այլ տարայի մեջ,

6) ծխախոտների տուփերը բացվում և ստուգվում են,

7) կոնֆետներն ընդունվում են առանց փաթեթավորման, անհրաժեշտության դեպքում կտրատվում են կտորների,

8) բոլոր մյուս մթերքները, որոնք կարող են օգտագործվել իրենց մեջ արգելված իրեր թաքցնելու համար, ստուգվում են նույն կերպ,

9) գրքերը, ամսագրերը և այլ տպագրական հրատարակությունները թերթվում են, և գրքերի կազմերը շոշափվում են` թաքստոցներ հայտնաբերելու նպատակով:

Զննումը կատարվում է այնպես, որպեսզի մթերքները և իրերը չկորցնեն նպատակային նշանակությամբ օգտագործվելու հնարավորությունները: Անհրաժեշտության դեպքում այդ նպատակով կարող են օգտագործվել տեխնիկական միջոցներ:

Այս համատեքստում հարկ է նշել, որ Ներքին կանոնակարգը ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել դեռևս 2006 թվականին, երբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկները համալրված չեն եղել հանձնուքները, ծանրոցները և անձնական իրերը զննելու հնարավորություն ունեցող տեխնիկական միջոցներով, այդ թվում՝ անշփում զննման համակարգերով, որպիսի հանգամանքով պայմանավորված՝ սահմանվել է հանձնուքների, ծանրոցների և անձնական իրերի մեխանիկական զննման կազմակերպման ընթացակարգ՝ միաժամանակ հնարավորություն նախատեսելով հնարավորության դեպքում այդ նպատակով օգտագործելու տեխնիկական միջոցներ:

Ներկայումս ՀՀ ԱՆ բոլոր քրեակատարողական հիմնարկները համալրված են կալանավորված անձանց կամ դատապարտյալների համար բերված հանձնուքները, ծանրոցները և անձնական իրերը զննելու համար նախատեսված սարքերով, որոնց միջոցով ստուգելուց հետո, քրեակատարողական ծառայողների կողմից կրկնակի նշված իրերի ու առարկաների զննումը, կտրատումը, առանձին տարաների մեջ տեղափոխումը և այլ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ զննող սարքը ցուցադրում է ստուգվող իրերի և առարկաների բաղադրությունը:

Դրանց մեջ արգելված իրերի կամ առարկաների առկայության վերաբերյալ կամ հիմնավոր կասկածի (օրինակ՝ օպերատիվ տեղեկությունների, սարքի տեխնիկական հնարավորությունների անբավարարության և այլն) բացակայության դեպքում կրկին զննելը արդարացված չէ ու կրում է ձևական բնույթ։

Բացի այդ, տեխնիկական սարքով զննելուց հետո, առանց հիմնավոր կասկածի առկայության, կրկին Ներքին կանոնակարգի 99-րդ կետով սահմանված կարգով զննելը (ձևական պահանջը պահպանելը) կարող է առաջացնել քաղաքացիների արհեստական կուտակումներ և պատճառ դառնալ վերջիններիս արդարացի դժգոհության ։

Ավելին, ձևական պահանջի պահպանումը համապատասխան քրեակատարողական ծառայողների համար կառաջացնի աշխատանքային ավելորդ ծանրաբեռնվածություն։

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Հաշվի առնելով վերոգրյալը՝ մշակվել է «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է կալանավորված անձանց կամ դատապարտյալների համար նախատեսված հանձնուքների, ծանրոցների և անձնական իրերի զննությունը սարքի միջոցով ստուգելուց հետո և դրանցում արգելված իրերի առկայության մասին հիմնավոր կասկածի բացակայության պայմաններում, նշված հանձնուքները, ծանրոցները և անձնական իրերը քրեակատարողական ծառայողների կողմից կրկնակի զննման չենթարկել։

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կալանավորված անձանց, դատապարտյալների և վերջիններիս մոտ հանձնուքներ, ծանրոցներ և անձնական իրեր բերող անձանց համար  կստեղծվեն իրենց իրավունքի իրացման համար ավելի բարենպաստ պայմաններ, քրեակատարողական հիմնարկներում կբացառվեն արհեստական հերթեր առաջանալու ռիսկերը, իսկ քրեակատարողական ծառայողները կազատվեն ձևական բնույթի գործողություններ կատարելու ավելորդ  ծանրաբեռնվածությունից:

 

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի ԹԻՎ 1543-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի  3-ի թիվ 1543-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում չի նախատեսվում:

  • Քննարկվել է

    20.11.2019 - 06.12.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Քրեակատարողական

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5467

Տպել