Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայացվող նախագծի նպատակը գյուղական բնակավայրերում բնակվող անձանց համար ևս խնամքի նպաստի իրավունք սահմանելն է՝ մինչև երեխայի 2 տարին լրանալը։

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 27-րդ, 28-րդ և 28.1-ին հոդվածներով սահմանվում է խնամքի նպաստի իրավունքը, նպաստի նշանակման և վճարման կարգը, ինչպես նաև խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու և վերականգնելու, խնամքի նպաստ վճարելը դադարեցնելու և վերսկսելու, չվճարված խնամքի նպաստի գումարը վճարելու հետ կապված հարաբերությունները:

Համաձայն օրենքի՝ նպաստը նշանակվում և վճարվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողին։

Նախորդ ժամանակահատվածում արձանագրված ժողովրդագրական իրավիճակի զարգացման բացասական միտումները մեղմելու նպատակով առաջարկվում է խնամքի նպաստի իրավունք սահմանել նաև գյուղական բնակավայրերում բնակվող ընտանիքների համար՝ մինչև երեխայի 2 տարին լրանալը։

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերագրյալն` առաջարկվում է փոփոխություններ կատարել «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում:

2. Կարգավորման առարկան

Համաձայն ներկայացված նախագծի՝ առաջարկվում է սահմանել, որ խնամքի նպաստի իրավունք ունի նաև երեխայի՝ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում երեխայի հետ նույն գյուղական բնակավայրի հասցեով հաշվառված և փաստացի բնակվող ծնողը, մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը, եթե երեխայի ծննդյան օրվա դրությամբ առնվազն մեկ տարի անընդմեջ հաշվառված է և փաստացի բնակվում է գյուղական բնակավայրի հասցեով:

Ընդ որում, գյուղական բնակավայրում բնակվող ծնողին խնամքի նպաստը նշանակվում և վճարվում է, անկախ ծնողին, որպես վարձու աշխատող, խնամքի նպաստ նշանակելու և վճարելու հանգամանքից։

Գյուղական բնակավայրում բնակվող ծնողին խնամքի նպաստ նշանակելու համար հիմք են հանդիսանում բնակչության պետական ռեգիստրի տվյալները ծնողի և երեխայի հաշվառման (բնակության) վայրի վերաբերյալ, եթե երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է ՀՀ իրավասու մարմինը:

Միաժամանակ, հաշվի առնելով գործնականում հնարավոր դեպքերը՝ առաջարկվում է ՀՀ կառավարությանը վերապահել խնամքի նպաստ նշանակելու առանձնահատկությունները (այդ թվում՝ պայմանները, կարգը, ժամկետները) սահմանելու լիազորություն, երբ.

  • երբ երեխայի ծննդյան օրվա դրությամբ գյուղական բնակավայրում ծնողի հաշվառման ժամկետը պակաս է մեկ տարուց պակաս է,
  • երեխայի ծննդյան գրանցումն իրականացվել է այլ պետությունում,
  • ծնողը և երեխան գյուղական բնակավայրում հաշվառվում են (բնակվում են) երեխայի ծնունդից հետո:

Այս մոտեցումը պայմանավորված է այն հանգամանքով, որ հնարավոր դեպքերը կարող են լինել բազմազան և տեխնիկական մանրամասնություններով օրենքը ծանրաբեռնելը նպատակահարմար չէ։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենքի 23.1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն, չաշխատող մայրերին ևս հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի համար տրվում է մայրության նպաստ, առաջարկվում է գյուղական բնակավայրում խնամքի նպաստը նշանակել հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի վերջին օրվան հաջորդող ամսվա 1-ից։

Միաժամանակ, առաջարկվում է օրենքում կատարել վերը նշվածից բխող այլ փոփոխություններ և լրացումներ, այդ թվում, հստակեցնելով օրենքի այն դրույթները, որոնք կիրառելի են խնամքի նպաստը օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա կամ 1.1-ին մասի հիման վրա նշանակելու դեպքերում։

Հստակեցվում է նաև գյուղական բնակավայրում բնակվող ծնողի խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու պայմաններն ու կարգը։

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքն ընդունվելու դեպքում կապահովվի խնամքի նպաստի նշանակումն ու վճարումը գյուղական բնակավայրերում։

ՏԵՂԵԿԱՆՔ

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտ է համապատասխան փոփոխություն և լրացում կատարել ՀՀ կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման մեջ:

 ՏԵՂԵԿԱՆՔ

 «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ Օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման բացակայության մասին

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

Նախագծի ընդունելու դեպքում կաճեն խնամքի նպաստի ծախսերը։

Անհրաժեշտ լրացուցիչ միջոցները կկազմեն՝ 2020թ.՝  993,195.0 հազ. դրամ (2020 թվականի հուլիսի 1-ից խնամքի նպաստի չափը կկազմի 25500 դրամ)։

Անհրաժեշտ լրացուցիչ միջոցները նախատեսված են ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի նախագծով։

 

 

 

  • Քննարկվել է

    07.11.2019 - 22.11.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 15868

Տպել

Առաջարկներ`

Տիգրան Սարաֆյան

07.11.2019

Անհրաժեշտ է վերանայել 25500 նպաստի չափը, քանի որ այն վերցվել է նվազագույն թոշակի թիվը զուտ մեխանիկորեն տեղափոխելու եղանակով, որի սահմանված չափը ևս հիմնավորման խնդիր ունի, այն վերցվել էր որպես պարենային զամբյուղի թիվ: Քանի որ գործ ունենք երեխաների նպաստի հետ, նշենք որ, համաձայն ՀՀ ԱՎԿ տվյալների նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը ըստ ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակված սննդամթերքի կազմի 2019թ. Երրորդ եռամսյակի հաշվով կազմել է 60 394 դրամ, որից պարենային զաբյուղի արժեքը կազմում է 34 121 դրամ: նույն ցուցանիշները 2019թ. երկրորդ եռամսյակի հաշվով կազմել են՝ 63 634 դրամ և 35 951 դրամ: 2019թ. առաջին եռամսյակի հաշվով կազմել են՝ 63 555 դրամ և 35 906 դրամ: 2018թ. Չորրորդ եռամսյակի հաշվով կազմել են՝ 61 113 դրամ և 34 527 դրամ: Այս ցուցանիշները ըստ եռամսյակների են և տարեկան միջինով չեն հաշվարկվում և տատանվում են: վերոնշյալ տվյալներից ելնելով միջինացված կազմում են՝ 62174 դրամ և 35126 դրամ: Հետևաբար կարիք կա նախատեսվող ցուցանիշը և հիմնավորելու՝ չափանիշների հիման վրա սահմանելու, և բովանդակային կողմն ու նպատակային հասցեականությունն ապահովելու, թեկուզև դա հանգեցնի բյուջետային ծախսերի ավելացման:

Տեսնել ավելին