Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

<<Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ

ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշմամբ հաստատված Հավելված N 1-ի՝ «Կառավարության 2019-2023 թվականների գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների» ծրագրի 48-րդ կետի պահանջից, որը նախատեսվել է՝ հաշվի առնելով 2018 թվականին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններով օրակարգ բերված՝ իրապես անկախ, արդյունավետ, կոռուպցիայից և հովանավորչությունից զերծ դատական իշխանություն ունենալու բացարձակ առաջնահերթությունը։

2005 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո ընդունվել են    դատական և իրավական բարեփոխումների երկու ռազմավարություններ. առաջինն ընդգրկել է 2009-2011 թվականները, երկրորդը՝ 2012-2016 թվականները (այս ծրագրի ժամկետը երկարաձգվել է մեկ տարով՝ մինչ 2017 թվականի ավարտը)[1]։

Վերոնշյալ երկու ծրագրերում ընդգծվել է արդյունավետ դատական իշխանության կայացումը, անկախ և հանրության վստահությունը վայելող դատական համակարգի ձևավորումը[2]։ Նախորդ ռազմավարության շրջանակներում իրականացվել են որոշ դրական փոփոխություններ, որոնցից կարելի է մատնանշել դատավարության ոլորտին առնչվող որոշ հիմնարար օրենսգրքերի ընդունման հանգամանքը, մասնավորապես՝ Վարչական դատավարության օրենսգրքի (ընդունվել է 05.12.2013 թվականին), «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (ընդունվել է 07.02.2018 թվականին), Քաղաքացիական դատավարության օրենսգրքի ընդունումը (ընդունվել է 09.02.2018 թվականին):

Իրականացված ծրագրերը, սակայն, չհանգեցրեցին ո՛չ համակարգային բարեփոխումների, ո՛չ դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության բարձրացման, ո՛չ դատարաններում և իրավապահ մարմիններում  կոռուպցիոն երևույթների վերացման։ Որոշ բարեփոխումներ իրականացվեցին կիսատ՝ այդպես էլ ամբողջ ծավալով չիրագործելով իրենց առջև դրված սահմանադրական խնդիրները: Մասնավորապես՝ «Դատական օրենսգիրք» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում առկա են կարգավորումներ, որոնք գործնականում էական խնդիրներ են առաջացնում՝ հատկապես դատավորների կարգապահական պատասխանատվության, դատավորների նշանակման ընթացակարգերի թափանցիկության, դատական իշխանության հանրային հաշվետվողականության ապահովման իմաստով և այլն: 

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

 

Դատական համակարգի՝ վերոնշյալ և բազմաթիվ այլ խնդիրներին արձագանքելու նպատակով՝ անհրաժեշտ է խնդիրները համապարփակ կերպով վեր հանել և դրանց հիման վրա մշակել դատական և իրավական բարեփոխումների ծրագիր, որը կներառի կարճաժամկետ ու հրատապ, ինչպես նաև երկարաժամկետ խնդիրներ և դրանցից բխող միջոցառումներ, ինչին և ուղղված է ռազմավարությունը։

Ռազմավարությունը մշակելիս հաշվի են առնվել ՀՀ դատական իշխանության և իրավական համակարգի առկա խնդիրները, միջազգային կառույցների և քաղաքացիական հասարակության դիտողությունները և առաջարկությունները, դատաիրավական բարեփոխումների միջազգային առաջադեմ փորձը, որոնց հիման վրա սահմանվել են Ռազմավարության ընդհանուր նպատակը, դրանից բխող առանձին ռազմավարական նպատակները և դրանց համապատասխան ռազմավարական ուղղությունները: Ռազմավարության հիման վրա կազմվել են երեք գործողությունների ծրագրեր՝ կարճաժամկետ (2019 թվականի 2-րդ կիսամյակից մինչև 2020 թվական), երկարաժամկետ (2021 թվականից մինչև 2023 թվականը) և էլեկտրոնային արդարադատության հարթակի ստեղծման և տվյալների էլեկտրոնային բազաների մատչելիության ապահովման վերաբերյալ առանձին գործողությունների ծրագիր (2019 թվականի 2-րդ կիսամյակից մինչև 2023 թվականը):

Գործողությունների ծրագրերով սահմանվում են ռազմավարական նպատակներից և ուղղություններից բխող որոշակի գործողություններ՝ դրանց կատարման համար պատասխանատու մարմնի, ելակետային իրավիճակի, կատարման վերջնաժամկետի, ստուգման միջոցի, ակնկալվող արդյունքների և յուրաքանչյուր գործողության համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ակնկալվող աղբյուրի նախատեսմամբ:

Փաստաթղթով ամրագրված ռազմավարական նպատակներն են՝

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿԻ ՍՏԵՂԾՈՒՄ, ՏՎՅԱԼՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԲԱԶԱՆԵՐԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ

Այս նպատակի շրջանակում նախատեսվում է՝ էլեկտրոնային արդարադատության համակարգի ներդնում, ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքի արդիականացում, Իրավաբանական անձանց էլեկտրոնային գրանցման e-register համակարգի արդիականացում, թվային արխիվների ստեղծում, Նոտարի կողմից էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով գործարք վավերացնելու և փաստաթղթերի փոխանակման (փոխանցման) պայմանների ապահովում, Էլեկտրոնային եղանակով նոտարի կողմից էլեկտրոնային թվային ստորագրությամբ կնքված պայմանագրերի վավերացման համար պայմանների ապահովում Էլեկտրոնային սնանկության համակարգի ներդնում:

 

 

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔԱԿԱԶՄԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ

Անցումային արդարադատության գործիքակազմի կիրառման ղեկավար սկզբունքը լինելու է համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին և օրենքներին:

Հայաստանի Հանրապետությունում անցումային արդարադատության գործիքակազմը իրագործվելու է հետևյալ շրջանակում՝

 

  • հավաքել մարդու իրավունքների զանգվածային, պարբերական խախտումների (այսուհետ նաև՝ Խախտումներ) վերաբերյալ փաստեր առնվազն հետևյալ ոլորտներում՝ ա) 1991 թվականի սեպտեմբերից ի վեր տեղի ունեցած բոլոր ընտրական գործընթացներ, բ) 1991 թվականի սեպտեմբերից ի վեր հետընտրական գործընթացում տեղի ունեցած քաղաքական հետապնդումներ, գ) Հայաստանում պետության կամ հասարակության կարիքների համար գույքի հարկադիր օտարումներ, դ) սեփականազրկումների այլ դրսևորումներ, ե) ոչ մարտական պայմաններում զոհված զինվածառայողներ,
  • դիտարկել խախտված իրավունքների վերականգնման հնարավորությունը,
  • հանցագործությունների վերաբերյալ նոր տեղեկությունների ի հայտ գալու դեպքում այդ տեղեկությունների տրամադրում իրավապահ մարմիններին,
  • ինստիտուցիոնալ բարեփոխումների, այդ թվում՝ մշտադիտարկման այնպիսի համակարգերի ներդրում, որոնց կիրառումը թույլ կտա վեր հանել հնարավոր խախտումները և կբացառի անցյալի սխալների կրկնությունը,
  • ստացված տեղեկությունների ամփոփում զեկույցի մեջ, դրա հրապարակում և գնահատական անցյալին:

1991-2018 թվականների ընթացքում Հայաստանում տեղի ունեցած Խախտումների դեպքերի ուսումնասիրության և դրանց վերաբերյալ տեղեկությունների հավաքման համար 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում կձևավորվի Փաստահավաք հանձնաժողով, որը կլինի արտադատական, անկախ մարմին և որում ներկայացված կլինեն հասարակության մեջ հեղինակություն վայելող անձինք՝ ապահովելով հասարակության տարբեր սոցիալական խմբերի ներկայացվածությունը: Հանձնաժողովը կազմավորվելու է օրենքով, որով սահմանվելու են դրա կազմավորման կարգը, նպատակները, գործունեության ուղղությունները, լիազորությունները, զեկույցի կազմման առանձնահատկությունները և այլ հարցեր: Հանձնաժողովի գործունեության վերջնարդյունքը զեկույցի հրապարակումն է, որտեղ արտացոլված են փաստահավաք գործունեության ընթացքում հավաքված տեղեկությունները։ Հավաքված տեղեկությունների հիման վրա Հանձնաժողովը զեկույցում Ազգային ժողովին և Կառավարությանը կներկայացնի խորհրդատվական եզրակացություն՝ այդ իրավախախտումներից տուժած անձանց իրավունքների վերականգնման հնարավորության, ձևերի, չափերի և դրա անհրաժեշտության, ինչպես նաև ինստիտուցիոնալ բարեփոխումների անհրաժեշտության և ուղղությունների վերաբերյալ:

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄ

 

Սահմանադրական բարեփոխումների անցկացման հիմնական նպատակը բոլոր տեսակի սուբյեկտիվ գործոններից զերծ, ժողովրդի կողմից առանց որևէ ուղղորդման, իր ազատ կամահայտնության արդյունքում ընդունված Սահմանադրություն ունենալն է:

2020 թվականի առաջին եռամսյակում նախատեսվում է ստեղծել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով, որը կքննարկի սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու հարցը և կներկայացնի սահմանադրական փոփոխությունների նախագիծ: Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը, ի թիվս այլնի, պետք է քննարկի մի շարք հայեցակարգային հարցեր, որոնցից են Սահմանադրության ուղղակի գործողությունը, միջազգային պայմանագրերի տեղը ՀՀ իրավական համակարգում, վերպետական կառույցներին անդամակցելիս տվյալ վերպետական կառույցի ընդունած նորմատիվ իրավական ակտերի կիրառելիության առանձնահատկությունները, Սահմանադրությամբ նախատեսված մարմիններին տրված լիազորությունների շրջանակը, Ազգային ժողովի պատգամավորների ընտրության և խորհրդարանական մեծամասնության ձևավորման կարգը, ինչպես նաև պատգամավորների թիվը, Սահմանադրությամբ նախատեսված Կառավարությանը, Վարչապետին և նախարարություններին ենթակա այլ մարմինների կազմավորման և լիազորությունների հետ կապված հարցերը, Սահմանադրությամբ նախատեսված մարմինների միջև լիազորությունների տարանջատումը և հավասարակշռումը, Բարձրագույն դատական խորհրդի ձևավորման կարգը, դերը և լիազորությունները և այլն:

Արդարադատության նախարարությունն ակնկալում է շահագրգիռ բոլոր կողմերի ակտիվ մասնակցությունը՝ հանրային քննարկման ներկայացված նախագծի վերաբերյալ կարծիքներ և առաջարկներ ներկայացնելու հարցում:

 

 

ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄ

Որպես իրապես ազատ և արդար գնահատված՝ ՀՀ Ազգային ժողովի 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններից հետո[3] անհրաժեշտ է ընտրական օրենսդրության մեջ նախատեսել այնպիսի կառուցակարգեր, որոնք վերոնշյալ ընտրությամբ ամրագրված ձեռքբերումները, այն է ՝ հանրության շրջանում ընտրությունների նկատմամբ վստահությունը, ընտրվող իշխանությունների լեգիտիմությունը, ինչպես նաև հասարակության ընկալումներում ընտրական գործընթացի արդարացիության նկատմամբ վստահությունը կդնեն օրենսդրական հենքի վրա: Եվ դրա արդյունքում նմանատիպ ընտրությունները կդառնան ոչ թե բացառություն, այլ կանոն:

 

ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆԱՉԱՌՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ

Այս նպատակի շրջանակում նախատեսվում է՝ դատավորների թեկնածուների հավակնորդների որակավորման ստուգման կառուցակարգի բարելավում, դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու՝ միջազգային չափանիշներին համապատասխան հիմքերի և ընթացակարգերի ներդնում, հանրության մոտ դատական իշխանության դերի ընկալման և դրա նկատմամբ վստահության բարձրացում, դատավորների և նրանց աշխատակազմի վարձատրության բարձրացում

 

ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑԱԿԱՐԳԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ

Այս նպատակի շրջանակում նախատեսվում է՝ դատական համակարգի գործունեության վերաբերյալ հաշվետվությունների և վիճակագրության հրապարակում, բարձրագույն դատական խորհրդի որոշումների ընդունման գործընթացի թափանցիկության և պատճառաբանվածության ապահովում, դատական գործերի էլեկտրոնային մակագրության և բաշխման կարգի կատարելագործեում, Կարգապահական հանձնաժողովի կազմավորման կարգի բարելավում, դատավորների գույքի, եկամուտների, շահերի, ծախսերի ամբողջական հայտարարագրում:

 

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՑ ԵՎ ՀՈՎԱՆԱՎՈՐՉՈՒԹՅՈՒՆԻՑ ԶԵՐԾ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Այս նպատակի շրջանակում նախատեսվում է՝ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի համապատասխանեցում կոռուպցիայի հաղթահարման նպատակին, դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգի կատարելագործում, կարողությունների զարգացում և իրազեկվածության բարձրացում:

 

ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ

Այս նպատակի շրջանակում նախատեսվում է՝ դատարանների ծանրաբեռնվածության նվազեցում և դատական քննության ողջամիտ ժամկետի ապահովում, հակակոռուպցիոն դատարանի ստեղծում, դատավորների կարողությունների շարունակական զարգացում, դատարանների շենքային պայմանների բարելավում և տեխնիկական աջակցության տրամադրում:

 

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՐԹԱԿԻ ՍՏԵՂԾՈՒՄ

Այս նպատակի շրջանակում նախատեսվում է՝ «Մեկ պատուհանի» սկզբունքով գործող միասնական գրասենյակի ստեղծում, փորձագիտական ծառայություններ մատուցող պետական մարմիններում ընդգրկված ստորաբաժանումների միավորում:

 

ԻՐԱՎԱՊԱՀ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄ

Այս նպատակի շրջանակում նախատեսվում է՝ դատախազության համակարգի բարեփոխում, այդ թվում՝ դատախազների ընտրության մրցույթի թափանցիկության ապահովում, դատախազներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կառուցակարգի բարելավում, դատախազների կարողությունների զարգացում, քննչական մարմինների համակարգի բարեփոխում, այդ թվում՝ կառուցվածքային փոփոխություններ, քննիչներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կառուցակարգի բարելավում, քննիչների կարողությունների զարգացում:  

 

ՔՐԵԱԿԱՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄ

Այս նպատակի շրջանակում նախատեսվում է՝ քրեական ենթամշակույթի վերացում, այլընտրանքային պատիժների համակարգի ներդնում, իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ներդնում, այլընտրանքային խափանման միջոցների ներդնում, պարզեցված նախաքննության ներդնում, համաձայնեցման և համագործակցության վարույթներ, բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման հետ կապված փոփոխություն, անչափահասների մասնակցությամբ վարույթների կատարելագործում, քրեական գործերով իրավական փոխօգնության արդյունավետ կարգավորման նախատեսում:

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄ

Այս նպատակի շրջանակում նախատեսվում է՝ քաղաքացիական օրենսդրության բարեփոխում (այդ թվում՝ քաղաքացիական իրավունքի օբյեկտների, պայմանագրի ձևերի, վնաս պատճառելու հետևանքով առաջացած իրավահարաբերությունների վերանայում), քաղաքացիական դատավարությունում հայցադիմումը վերադարձնելու ինստիտուտի վերանայում, քաղաքացիական դատավարությունում պարտադիր հաշտարարության դեպքերի սահմանում, քաղաքացիական դատավարության իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրների գույքագրման արդյունքներով արձանագրված խնդիրների լուծում

Էլեկտրոնային եղանակով ծանուցումների իրականացման անհրաժեշտ գործիքակազմի ներդնում, դատավարական փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու անհրաժեշտ կառուցակարգերի ներդնում:

ՎԱՐՉԱԿԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ

Այս նպատակի շրջանակում նախատեսվում է՝ վճռաբեկ դատարանի վարչական պալատի ստեղծում, քրեակատարողական հիմնարկի վարչակազմի որոշումների, գործողությունների և անգործության վիճարկման վարույթի ենթակայության հստակեցում, վարչական դատավարությունում ծանուցման ընթացակարգերի բարելավում, վարչական դատավարությունում բողոքարկման սահմանափակումների ամրագրում, վարչական դատավարության հատուկ վարույթների արդյունավետության բարձրացումը, վարչական վարույթի արդյունավետության բարձրացում, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրության կատարելագործում և այլն:

 

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ

Այս նպատակի շրջանակում նախատեսվում է՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրության կատարելագործում, սնանկության կառավարիչների նշանակման և փոխարինման կարգի վերանայում, սնանկության կառավարչիների մասնագիտական պատրաստվածության բարձրացում, կարողությունների զարգացում, սնանկության կառավարիչների կարգապահական պատասխանատվության ինստիտուտի վերանայում, պարտապանի գույքի գույքագրման, գնահատման և աճուրդի գործընթացի հստակեցում:

ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Այս նպատակի շրջանակում նախատեսվում է՝ արբիտրաժային օրենսդրության կատարելագործում, արբիտրաժային կենտրոնների ստեղծման հնարավորությունների ապահովում, վեճերի լուծման այլընտրանքային այլ միջոցների զարգացում, այդ թվում՝ (առցանց հաշտարարություն համապատասխան իրավական կրթություն և հանրային իրազեկվածության բարձրացում:

 

ՆՈՏԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ

Այս նպատակի շրջանակում նախատեսվում է՝ կատարողական մակագրության ինստիտուտի կիրառման անհրա­ժեշտ ընթացակարգերի ներդնումը, նոտարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և նրա լիազորությունները դադարեցնելու ընթացակարգերի վերանայումը, նոտարական գործողությունների արդյունավետության բարձրացում:

 

ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ

Այս նպատակի շրջանակում նախատեսվում է՝ անվճար իրավաբանական օգնության տրամադրման այլընտրանքային կառուցակարգերի զարգացում, հանրային պաշտպանների գործունեության արդյունավետության բարձրացում, փաստաբանական դպրոցի գործունեության զարգացում, փաստաբանի վարքագծի և բարեվարքության կանոնների կատարելագործում, փաստաբանների պալատի ներքին կառուցակարգերի զարգացում:

 

 ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ 

Այս նպատակի շրջանակում նախատեսվում է՝ կատարողական վարույթների կասեցման հիմքերի և կարգի վերանայում, կատարողական վարույթում էլեկտրոնային գործիքակազմի կիրառման եղանակների ընդլայնում, կատարողական վարույթի ժամկետների կրճատում:

 

 

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

 

 Ռազմավարության ընդունմամբ ակնկալվում է դատարանների և արդարադատության համակարգին առնչվող պետական ինստիտուտների վերակառուցումը անկախության և հաշվետվողականության չափանիշներով, ինչն անհրաժեշտ է ժողովրդավարական պետության զարգացման համար։ Դատական համակարգը պետք է լիարժեք անկախանա, որպեսզի կարողանա դառնալ հավասարակշռող ուժ իշխանության մյուս ճյուղերին։

 

 

 

 

[1] Տե´ս https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=50926, https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=110851 :

[2] Ծրագրերի վերլուծությունն առավել մանրամասն տե՛ս «Դատական և իրավական բարեփոխումների ծրագրերի ազդեցությունը ՀՀ-ում դատական իշխանության անկախության հաստատման վրա», հասանելի է հետևյալ հղումով՝ http://prwb.am/new/hy/2019/01/25/%D5%B0%D5%A5%D5%BF%D5%A1%D5%A6%D5%B8%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D5%A4%D5%A1%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D6%87-%D5%AB%D6%80%D5%A1%D5%BE%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A2/

[3] ՀՀ Ազգային ժողովի 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույցը տե՛ս հետևյալ հղումով՝ https://transparency.am/files/publications/1554816519-0-788440.pdf:

  • Քննարկվել է

    26.08.2019 - 11.09.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Սնանկություն, Էլեկտրոնային արդարադատություն, Նոտարական, Հանրային կառավարում

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 18310

Տպել

Առաջարկներ`

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

11.09.2019

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել է Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության նախագիծը, որի վերաբերյալ առկա են հետևյալ նկատառումները․ 1․ Անցումային արդարադատություն Ռազմավարության նախագծով անցումային արդարադատության իրականացման նպատակադրման համատեքստում նախատեսված է նաև դրա իրականացման գործիքակազմ, այդ թվում՝ փաստահավաք հանձնաժողովի ստեղծում, որը պետք է իրականացնի 1991-2018 թվականների ընթացքում Հայաստանում տեղի ունեցած խախտումների դեպքերի ուսումնասիրություն և դրանց վերաբերյալ տեղեկությունների հավաքում։ Նշված գործիքակազմը չափազանց կարևոր է անցումային արդարադատության իրականացման համար իրատեսական իրավական հիմքեր ձևավորելու առումով, քանզի այն ենթադրում է հասարակական մեծ հետաքրքրություն և պահանջում է վստահության մեծ չափաբաժին։ Միաժամանակ հարկ է նշել, որ ըստ նախագծի փաստահավաք հանձնաժողովում պետք է ներգրավվեն հասարակության մեջ հեղինակություն վայելող անձիք, իսկ հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգը կկարգավորվի օրենքով։ Հարկ է նշել, որ ռազմավարությունը՝ որպես ոլորտի վերաբերյալ հիմանական փաստաթուղթ, պետք է նախատեսի իրավակարգավորումների բոլոր ելակետային սկզբունքները, որոնք հնարավորություն կտան նաև կանխատեսելի դարձնել առաջարկվող փաստաթղթից բխող իրավական ակտերի բովանդակությունը։ Այս առումով պետք է արձանագրել, որ նախագծով չի առաջարկվում փաստահավաք հանձնաժողովի ձևավորման որևէ սկզբունք-մեխանիզմ, իսկ «հեղինակություն վայելող անձ» հասկացության բովանդակության հստակեցումն այս դեպքում հնարավորություն կտար կանխատեսելի դարձնել առաջարկվող հանձնաժողովի «հեղինակության և մասնագիտական» չափանիշները։ Բացի այդ, նախագծով հստակեցված չէ, թե որ խախտումների մասին է կատարվելու ուսումնասիրությունը, ինչը անհստակություն է մտցնում ոչ միայն խախտումների բնույթի, այլ նաև խախտումների ծավալի տեսանկյունից։ Առաջարկություն • Ռազմավարությամբ նախատեսել փաստահավաք հանձնաժողովի անդամների մասնագիտական և «հեղինակություն վայելող անձ» բառակապակցության հստակ չափորոշիչները։ • Որպես ուղենիշ նախատեսել հանձնաժողովի ձևավորմանը մասնակցող մարմիններին և կառույցներին, ինչը հնարավորություն կտա կանխորոշել նաև դրա նկատմամբ վստահության երաշխիքների որոշ մասը։ • Հստակեցնել փաստահավաք հանձնաժողովի գործունեության ոլորտները՝ նախատեսելով ընտրական իրավունքի, սեփականության իրավունքի և զինված ուժերում արձանագրված հասարակական հնչեղություն ստացած խախտումներով դեպքերի ուսումնասիրությունը։ 2․ Սահմանադրական բարեփոխումների անցկացում Առաջարկվող նախագծով ներկայացվում է սահմանադրաիրավական փոփոխություններ կատարելու պահանջ և որպես հիմնավորում մատնանշվում է 2015թ․ իրականացված սահմանադրական փոփոխություններում սուբյեկտիվիզմի, ընդունման ամբողջական գործընթացում հասարակության մասնակցայնության անբավարար աստիճանի, սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամների մոտ շահերի բախման առկայության, սահմանադրական փոփոխությունների օբյեկտիվ անհրաժեշտության բացակայության գործոններով։ Հարկ է նշել, որ սահմադրական փոփոխությունների իրականացումը պետք է կանխորոշի ողջ պետական և իրավական համակարգի զարգացման հեռահար նպատակները և ուղղությունները։ 1995թ․ ՀՀ սահմանադրության ընդունումից հետո իրականացված 2005թ․ և 2015թ․ սահմանադրական փոփոխությունների իրականացման գործընթացի լեգիտիմությունը գնահատվում էր չափազանց ցածր։ Հատկապես 2015թ․ սահմանադրական փոփոխությունները խիստ կասկածի տակ առնվեցին հասարակության կողմից, քանի որ ամրագրելով պետական կառավարման ձևի փոփոխություն, սահմանադրությունը գրողները այն նախատեսել էին որպես ընդունման պահին գործող նախագահի իշխանական լիազորությունների շարունակությունն ապահովող քաղաքական և իրավական գործիք։ Սահմանադրական փոփոխությունների արդյունքում նախատեսված իրավակարգավորումները ոչ միայն ամրագրում էին իշխանության գերկենտրոնացում վարչապետի ձեռքում, այլ մի շարք հոդվածներով ստեղծում էին իրավական լուրջ հակասություններ, որոնք իրենց պրակտիկ դրսևորումը ստացան 2018թ․ հեղափոխությունից հետո ձևավորված քաղաքական իրավիճակում՝ երկիրը կանգնեցնելով սահմանադրական ճգնաժամի առջև։ Այս առումով, ներկայացված ռազմավարությամբ ցանկալի կլիներ ավելի լուրջ վերաբերել սահմանադրական փոփոխություններին և սահմանադրությանն ընդհանրապես, դրանք նախատեսելով որպես ռազմավարության ընդունման համար ամենակարևոր պատճառ և ամրագրել սահմանադրական փոփոխությունների հիմնական ուղղությունները, նպատակները և կանխորոշել իրավաքաղաքական արդյունքները։ Ներկայացված նախագծով ընդհանուր գծերով է նկարագրվում սահմանադրական փոփոխությունների նպատակը՝ որպես իշխանությունների տարանջատման և հավասարակշռման սկզբունքի իրացման անհրաժեշտություն։ Սակայն ընկալելի չէ, թե իշխանությունների տարանջատման սկզբունքի կիրառմամբ կառավարման որ մոդելի, պետաիշխանական համակարգի փոխհարաբերությունների որ հակակշիռների մասին է խոսքը։ Առաջարկություն Ռազմավարությամբ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը հիմնավորել իրավական, քաղաքական, սոցիալական, տնտեսական և բոլոր այլ ռազմավարական բաղադրիչներով՝ հաղորդելով դրանց հասարակության նպատակաուղղվածությունը։ 3. Քրեական և քրեական դատավարության օրենսդրության բարեփոխում Ռազմավարության նախագծով իրավացիորեն առաջարկվում է քրեական օրենսգրքում համապատասխան փոփոխությունների իրականացման ճանապարհով ներդնել այլընտրանքային պատիժների համակարգ։ Ներկայումս դատարանները գործող պատիժների համակարգի պայմաններում շատ դեպքերում ազատազարկմանն այլընտրանք չեն ունենում, իչով էլ պայմանավորված է նաև քրեակատարողական հիմնարկների ծանրաբեռնվածությունը։ Վերոնշյալ հանգամանքով պայմանավորված նախագծով առաջարկվում է հանրային աշխատանքները նախատեսել որպես ինքնուրույն կիրառվող պատժատեսակ։ Այս համատեքստում կարևոր է նշել, որ ՀՀ-ում օրակարգային է նաև խափանման միջոցների հետ կապված խնդիրը՝ կապված կալանքի կիրառման պայմանների և չափանիշների պահպանման հետ։ ՀՀ վերաբերյալ մի շարք գործերով Եվրոպական դատարանն արձանագրել է կալանքի կիրառման պայմանների վերաբերյալ խախտումներ՝ մատնանշելով, որ կոնկրետ իրավիճակներում կալանքի կիրառման նպատակահարմարությունը գնահատվել է ողջամիտ կասկածի սկզբունքի խախտումով, անհրաժեշտ և բավարար պայմանի անտեսմամբ։ Այս առումով խիստ կարևոր է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով խափանման միջոցների շարքում ամրագրել տնային կալանքը՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ այն կիրառող երկրներում արձանագրվել են հաջողություններ այդ բնագավառում (օրինակ ԱՄՆ, Ֆրանսիա, Ուկրաինա, Ռուսաստան)։ Առաջարկություն Ռազմավարությամբ ամրագրել խափանման միջոցների շարքն ընդլայնելու անհրաժեշտությունը, մասնավորապես տնային կալանքի ինստիտուտի կիրառության համար ձևաորելով անհրաժեշտ իրավական մեխանիզմներ։ 4․ Փորձաքննությունների վիճակի բարելավում Ներկայացված նախագծով ռազմավարական ուղղություններում ամրագրված է փորձագիտական ծառայություններ մատուցող պետական մարմիններում ընդգրկված ստորաբաժանումների միավորման խնդիրը։ ՀՀ-ում քրեական դատավարության բոլոր փուլերում ներկայումս խնդիր է հանդիսանում փորձաքննությունների ոլորտում տիրող ոչ բարվոք վիճակը՝ հատկապես ժամկետների ձգձգումների մասով, ինչպես նաև եզրակացությունների որակի հետ կապված։ Ներկայումս փորձաքննություններ իրականացնում են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր կազմակերպություններ, որոնցում փորձաքննությունների իրականացման, եզրակացությունների մշակման մեթոդաբանությունը չունի միասնական սկզբունքային հիմնավորում։ Առհասարակ վիճակը քրեական գործերի շրջանակներում հակասություններ է առաջացնում՝ կապված դատահոգեբանական, դատահոգեբուժական, դատահաշվապահական փորձաքննությունների եզրակացությունների և քրեական գործերով այլ ապացույցների համադրությունից։ Վերոնշյալ խնդիրների լուծումը չպետք է դիտարկել փորձաքննություններ իրականացնող պետական կազմակերպությունների միավորման համատեքստում։ Այն բավականին բազմաշերտ խնդիր է և ենթադրում է խորը վերլուծություններ, կոռուպցիոն ռիսկերի վերհանում և դրանց կանխարգելմանն ու վերացմանը միտված կոնկրետ գործողություններ՝ պետական և մասնավոր կազմակերպությունների համար լիցենզավորման միասնական ընթացակարգեր, միջազգային փորձագիտական կազմակերպությունների հետ սերտ համագործակցություն, քանի որ մի շարք բնագավառներում ՀՀ-ում ոչ միայն բացակայում են կադրերը, այլ նաև վերջիններիս ուսումնառության և մասնագիտացման հնարավորությունները՝ հատկապես տեխնիկական գիտությունների բնագավառում։ Առաջարկություն • Վերհանել փորձաքննությունների կատարման տարբեր ուղղություններում առկա խնդիրները։ • Սահմանել փորձագիտական կազմակերպությունների համար լիցենզավորման միասնական ընթացակարգ և նորմատիվներ։ • Նախատեսել որոշ բնագավառներում անհատ փորձագետների գործունեության հնարավորություն՝ փորձագիտական հիմնարկից դուրս։ 5․ Փաստաբանական գործունեության դաշտը Չհերքելով այն հանգամանքը, որ փաստաբանական գործունեության դաշտը ևս պետք է գտնվի պետության կողմից խիստ իրավակարգավորումների շրջանակում, միաժամանակ պետք է փաստել, որ ներկայումս ՀՀ-ում փաստաբանական գործունեության բնագավառում լիցենզավորման ուղղությունը մենաշնորհային կարգավիճակում է, մասնավորապես՝ փաստաբանական գործունեության համար լիցենզավորումն իրականացվում է փաստաբանական պալատի միջոցով, իսկ որպես պարտադիր պահանջ նախատեսվում է փաստաբանական դպրոցում ուսումնառությունը՝ անկախ իրավաբանի մասնագիտական գործունեության ոլորտից և ստաժից։ Սա անտրամաբանական մոտեցում է խնդրի նկատմամբ և ենթադրում է իրավական փոփոխությունների ճանապարհով նախատեսել այլընտրանք փաստաբանական գործունեության լիցենզավորման և փաստաբանական գործող համակարգի նկատմամբ՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ փաստաբանական գործունեությունը նաև բիզնես գործունեություն է և ենթադրում է լիցենզավորման համար պայմանների ճկունություն։ Առաջարկություն • Փաստաբանական գործունեության դաշտում գործունեության լիցենզավորման, ուսումնառության և փաստաբանական գործունեության համակարգման ուղղություններում նախատեսել այլընտրանքի իրավական կարգավորումներ։ • Փաստաբանական լիցենզիայի տրամադրման համար վերացնել փաստաբանական դպրոցում ուսումնառության պարտադիր պահանջը՝ որոշակի ոլորտներում մասնագիտական ստաժի առկայության դեպ Հարգանքով ՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Grigor Minasyan

27.08.2019

անշուշտ, դատական համակարգը բարեփոխման կարիք ունի, բայց չպետք է անտեսվի նաև դատախազական և քննչական համակարգի խնդիրը, մասնավորապես՝ արդյունավետ արդարադատություն ունենալու համար պետք է ունենալ սոցիալապես կայուն դատախազական և քննչական համակարգ, այլ կերպ ասած՝ միայն դատավորների սոցիալական վիճակը բարելավելով, անկախ արդարադատություն չի ստեղծվի, չպետք է մոռանալ նաև արդարադատության մյուս, այսպես կոչված, մասնակիցներին

Շուշանիկ Ղուկասյան

27.08.2019

Առաջարկում եմ արտապայմանագրային պատասխանատվություն սահմանող նորմերի վերանայման շրջանակում առանձնահատուկ շեշտադրել նաև ապրանքների, աշխատանքների և ծառայությունների թերությունների հետևանքով պատճառված վնասի հատուցման ինստիտուտի կատարելագործումը: Սա պայմանավորված է նրանով, որ գործող կարգավորումները հնացած են, չեն համապատասխանում միջազգային զարգացման հիմնական միտումներին, առկա են օրենսդրական բազում բացեր և հակասություններ: Ապրանքների թերությունների հետևանքով պատճառված վնասի հատուցման արդյունավետ մեխանիզմների սահմանման և ապահովման, վնաս կրած անձի իրավունքների պատշաճ պաշտպանության կառուցակարգերի երաշխավորման տեսանկյունից խնդրահարույց ու հակասական է և՛ գործող օրենսդրությունը (մասնավորապես՝ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը ) և ձևավորված դատական պրակտիկան: Այս համատեքստում առավել կարևորվում է սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, Ապրանքների վերաբերյալ հավաստի և ամբողջական տեղեկատվության տրամադրումը, դրանց անվտանգության ապահովումը, պատշաճ որակի նկատմամբ վերահսկողությունը և Ապրանքների թերությունների հետևանքով պատճառված վնասի լիարժեք և արդյունավետ հատուցման երաշխիքների ապահովումը: Նշված խնդիրների կարևորությունը ընդգծվում է նաև սպառողների շահերի պաշտպանության, Ապրանքների որակի նկատմամբ վերահսկողության պահանջի՝ սահմանադրորեն ամրագրված լինելու հանգամանքով:

Տեսնել ավելին