Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց իրավունքների եվ սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔԸ 

ԲՌՆԱԴԱՏՎԱԾԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է բռնադատվածների իրավական կարգավիճակի, նրանց նկատմամբ պետական քաղաքականության իրականացման հիմնական ուղղությունների և բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց (այսուհետ՝ բռնադատված) հիմնահարցերին առնչվող փոխհարաբերությունները:

Հոդված 2. Օրենքի նպատակը

Սույն օրենքի նպատակն է խորհրդային կարգերի ժամանակաշրջանում քաղաքական դրդապատճառներով անձի իրավունքների և ազատությունների կոպիտ ոտնահարմամբ, քաղաքական, կրոնական և այլ համոզմունքների համար, սոցիալական, ազգային խտրականության դրսևորմամբ բռնադատված անձանց անօտարելի իրավունքների վերականգնումը, բռնադատման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցումը, ինչպես նաև դատապարտել 1929-1949 թվականներին ստալինյան վարչակարգի կողմից իրականացված քաղաքական բռնաճնշումները, զանգվածային դեպորտացիան,  որոնց զոհ է դարձել ավելի քան 40 000 հայ, որոնք ենթարկվել են զանգվածային բռնությունների, արտաքսվել ու աքսորվել են, առանց օրինական մեղադրանքի՝ գնդակահարվել, մի մասն էլ մահացել սիբիրյան բանտերում՝ միայն  իրենց քաղաքական ու կուսակցական հայացքների, կրոնական ու էթնիկական պատկանելիության պատճառով:

Հոդված 3. Բռնադատվածների մասին օրենսդրությունը

1.Բռնադատվածների իրավունքներին և սոցիալական պաշտպանությանն առնչվող հարաբերությունները կարգավորվում են Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով և սույն օրենքին համապատասխան ընդունված այլ իրավական ակտերով:

2.Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերում սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:

Հոդված 4. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1.Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) բռնադատված` Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող նախկին Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն այն քաղաքացին, քաղաքացիություն չունեցող անձը կամ օտարերկրյա քաղաքացին, ով խորհրդային կարգերի ժամանակաշրջանում (սկսած 1920թ. նոյեմբերի 29-ից, մինչև Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության փլուզումը) Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքական շարժառիթներով՝

ա. դատապարտվել է 1961 թվականի Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության քրեական օրենսգրքի նախկին խմբագրությամբ 65-րդ, 67-րդ, 69-րդ, ինչպես նաև 2061 -րդ հոդվածներով կամ 1927 թվականի Հայաստանի Սովետական Սոցիալիստական Ռեսպուբլիկայի քրեական օրենսգրքի նույն բովանդակությամբ հոդվածներով կամ նախկին Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն այլ հանրապետությունների քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով քաղաքական այլախոհությունը ճնշելու կամ սահմանափակելու նպատակ հետապնդող այլ հոդվածներով և հետագայում արդարացվել է,

բ. քրեական պատասխանատվության է ենթարկվել արտադատարանական կարգով,

գ. անօրինական կարգով ենթարկվել է բժշկական բնույթի հարկադրական միջոցների, բժշկական կամ գիտական փորձերի,

դ.արտաքսվել է նախկին Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության տարածքից կամ զրկվել քաղաքացիությունից,

ե. ազատազրկվել, աքսորվել կամ արտաքսվել է որպես բռնադատվածի ընտանիքի անդամ,

զ. ենթարկվել է վարչական աքսորի կամ արտաքսման,

է. ենթարկվել է անհիմն քրեական պատասխանատվության և նրա վերաբերյալ գործերը կարճվել են ոչ արդարացման հիմնավորումներով,

ը. ճանաչվել է սոցիալապես վտանգավոր և ազատազրկվել, աքսորվել, արտաքսվել է դատարանի կողմից կամ արտադատարանական կարգով՝ առանց այդ անձի նկատմամբ կոնկրետ հանցագործություն կատարելու մասին մեղադրանք ներկայացնելու,

թ. ծնվել է բռնադատված մորից՝ աքսորավայրում, արտաքսման կամ ազատազրկման վայրերում, հատուկ բնակավայրերում կամ դրանց ճանապարհին.

ժ. երեխաները, ովքեր աքսորավայրերում, արտաքսման կամ ազատազրկման վայրերում, հատուկ բնակավայրերում գտնվել են ծնողների հետ, ինչպես նաև մնացել առանց ծնողական խնամքի:

2) Բռնադատվածի առաջին հերթի ժառանգ՝ բռնադատվածի առաջին հերթի ժառանգ են համարվում ազատազրկման վայրերում մահացած կամ գնդակահարված և հետմահու արդարացված անձանց երեխաները, ամուսինը, կինը՝  եթե վերջինս կրկին չի ամուսնացել.

3) Բռնադատվածի ընտանիքի անդամ՝   բռնադատվածի ընտանիքի անդամ են համարվում բռնադատվածի առաջին հերթի ժառանգի կարգավիճակ ունեցող, ինչպես նաև բռնադատվածի առաջին հերթի ժառանգի կարգավիճակ չունեցող՝ բռնադատված անձի կինը, ամուսինը, զավակները:

Հոդված 5. Բռնադատվածների և բռնադատվածների առաջին հերթի ժառանգների հաշվառումը և վկայականները

1.Օրենքով սահմանված իրավունքների և արտոնությունների իրականացման համար բռնադատվածների և բռնադատվածների առաջին հերթի ժառանգների հաշվառումը և համապատասխան վկայականների տրամադրումն իրականացվում է Կառավարության սահմանած կարգով:

Հոդված 6. Բռնադատվածների քաղաքացիության վերականգնումը

1.Հայաստանի խորհրդային սոցիալիստական հանրապետության քաղաքացիությունից զրկված և ներկայումս Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող բռնադատվածի քաղաքացիությունը վերականգնվում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքով սահմանված կարգով:

Հոդված 7. Բռնադատվածների կոչումների և աստիճանների վերականգնումը

1.Բռնադատվածի զինվորական, գիտական և այլ կոչումներն ու աստիճանները, որոնցից նա զրկվել է բռնադատման հետևանքով, վերականգնվում են համապատասխան իրավասու մարմնի կողմից՝ բռնադատվածի և բռնադատվածի առաջին հերթի ժառանգի կամ ընտանիքի որևէ անդամի կամ այլ շահագրգիռ անձանց կամ կազմակերպությունների դիմումի հիման վրա: Բռնադատվածներին վերադարաձվում են նրանց ստացած պետական պարգևները, կոչումները, շքանշաններն ու մեդալները:

Հոդված 8. Բռնադատվածների կենսաթոշակային ապահովությունը և դրամական փոխհատուցում ստանալու իրավունքը

1.Բռնադատվածների կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: 

  1. Բռնադատվածներին որպես բռնադատման հետևանքով պատճառված նյութական և բարոյական վնասի փոխհատուցում, տրամադրվում է ամենամսյա դրամական աջակցություն, որի չափը, նշանակման և վճարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 9. Բռնադատվածների անվճար բուժման և արտոնյալ պայմաններով դեղորայք ստանալու իրավունքը

 1.Բռնադատվածներն ունեն պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք:

  1. Բռնադատվածներն ունեն արտոնյալ պայմաններով արժեքի (բժշկի հատուկ դեղատոմսով) 50 տոկոս զեղչով դեղեր ձեռք բերելու իրավունք, եթե այլ հիմքով չեն օգտվում անվճար դեղորայք ստանալու իրավունքից:

Հոդված 10. Բռնադատվածների տրանսպորտային սպասարկումը

1.Բռնադատվածներն իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության տարածքում անվճար օգտվել պետական ընդհանուր օգտագործման ներքաղաքային ուղևորատար տրանսպորտից (բացառությամբ՝ միկրոավտոբուսների և մարդատար տաքսի ավտոմեքենաների), ինչպես նաև Երևանի մետրոպոլիտենից:

Հոդված 11. Բռնադատվածի՝ իր գործին առնչվող նյութերի վերաբերյալ տեղեկություն ստանալու իրավունքը

 1.Բռնադատվածները, իսկ նրանց համաձայնությամբ կամ նրանց մահացած լինելու դեպքում բռնադատվածների ընտանիքի անդամներն  իրավունք ունեն ծանոթանալու կարճված քրեական և վարչական գործերի նյութերին և սահմանված կարգով ստանալու համապատասխան փաստաթղթերի պատճենները: Այդ նյութերի հետ այլ անձինք կարող են ծանոթանալ օրենքով սահմանված կարգով:

  1. Բռնադատվածները, նրանց ընտանիքի անդամներն իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ստանալու բռնադատվածների գործերում եղած անձնական իրերը, ինչպես նաև ձեռագրերի, լուսանկարների և անձնական փաստաթղթերի պատճենրը:
  2. Բռնադատվածի ընտանիքի անդամի կամ այլ շահագրգիռ անձանց կամ կազմակերպությունների դիմումի հիման վրա այն մարմինները, որոնք իրականացնում են բռնադատվածների գործերի արխիվային պահպանությունը, եթե տիրապետում են համապատասխան տեղեկատվության, ապա պարտավոր են վերոհիշյալ անձանց և կազմակերպություններին հայտնել բռնադատվածի մահվան ժամանակի, պատճառի և թաղման վայրի մասին:

Հոդված 12. Բռնադատվածի առաջին հերթի ժառանգի իրավունքները

1.Բռնադատվածի առաջին հերթի ժառանգներն օգտվում են սույն օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված արտոնություններից: 

ԳԼՈՒԽ 2

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 13.   Անցումային դրույթներ

1.Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ին:

2.Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության 1994 թվականի հունիսի 14-ի ՀՕ-106 օրենքը:

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    16.08.2019 - 02.09.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8118

Տպել

Առաջարկներ`

Ստելլա Չանդիրյան

02.09.2019

Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2)-րդ կետի համաձայն՝ բռնադատվածի առաջին հերթի ժառանգ, ի թիվս այլոց, համարվում է նաեւ ազատազրկման վայրերում մահացած կամ գնդակահարված եւ հետմահու արդարացված անձի կինը՝ եթե վերջինս կրկին չի ամուսնացել։ Անհասկանալի է նախագծում տեղ գտած այս ձեւակերպումն այն պարագայում, երբ առաջին հերթի ժառանգ լինելու վերաբերյալ նման կարգավորում չի նախատեսում Քաղաքացիական օրենսգիրքն ու ավելին, նախագծով նման կարգավորում նախատեսված չէ բռնադատված անձի ամուսնու համար։ Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 30-րդ հոդվածով ամրագրված կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության սկզբունքով, ինչպես նաեւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով՝ առաջարկում ենք կատարել համապատասխան փոփոխություններ։

Ստելլա Չանդիրյան

02.09.2019

Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2)-րդ եւ 3)-րդ կետերով որպես առաջին հերթին ժառանգներ նշվում են միայն բռնադատված անձի կինը, ամուսինը, զավակները, մինչդեռ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1216-րդ հոդվածը սահմանում է, որ առաջին հերթի ժառանգներն են ժառանգատուի երեխաները, ամուսինը եւ ծնողները: Ժառանգատուի թոռները ժառանգում են ներկայացման իրավունքով: Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք Նախագծում կատարել փոփոխություն եւ այն համապատասխաեցնել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1216-րդ հոդվածին։

Ստելլա Չանդիրյան

02.09.2019

Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1)-ին կետի ժ) ենթակետում առաջարկում ենք ավելացնել նաեւ այն երեխաներին, ովքեր աքսորավայրերում, արտաքսման կամ ազատազրկման վայրերում, հատուկ բնակավայրերում գտնվել են ծնողական խնամք իրականացնող այլ անձանց հետ, ինչպես նաեւ այն երեխաներին, ում ծնողները կամ ծնողներից մեկը սույն հոդվածի ա) բ) գ) դ) ե) զ) է) ը) ենթակետերով նախատեսված կարգով ենթարկվել են զրկանքների։

Տեսնել ավելին