Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՈՐՈՇԱԿԻ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏՈՂ ՏԱՐԵՑՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ 18 ՏԱՐԻՆ ԼՐԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԻՐԵՆՑ ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

ՈՐՈՇԱԿԻ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏՈՂ ՏԱՐԵՑՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ 18 ՏԱՐԻՆ ԼՐԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԻՐԵՆՑ ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ,  ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ  ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

      Ղեկավարվելով «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 8-րդ  հոդվածի 1-ին մասի 9-րդ ենթակետի և 12-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.       

  1. Ժամանակավոր կացարաններում, խնամքի հաստատություններում, հասարակական նշանակության այլ օբյեկտներում բնակվող՝ սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածություն չունեցող միայնակ, ՀՀ օրենսդրությամբ նախատեսված խնամող չունեցող և գրանցված աշխատանք ունեցող 65 տարին լրացած անձանց և հաշմանդամություն ունեցող 18 տարին լրացած անձանց վարձակալական հիմունքներով բնակվելու դեպքում` բնակելի տարածության վարձավճարի դիմաց հատկացնել դրամական փոխհատուցում:
  2. Բնակելի տարածության դիմաց դրամական փոխհատուցման գումարի առավելագույն չափը սահմանել ամսական ոչ ավել, քան 100 000 դրամ:
  3. Հաստատել տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց բնակելի տարածության վարձավճարի դիմաց դրամական փոխհատուցման հատկացման կարգը` համաձայն հավելվածի:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ին: 

                                                 Հավելված
ՀՀ կառավարության 2019 թվականի
___________________-ի N ______-Ն որոշման 

Կ Ա Ր Գ 

ՏԱՐԵՑՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ԴԻՄԱՑ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՏԿԱՑՄԱՆ 

  1. Սույն կարգով կարգավորվում են որոշակի բնակության վայր չունեցող, միայնակ, ՀՀ օրենսդրությամբ նախատեսված խնամող չունեցող և գրանցված աշխատանք ունեցող 65 տարին լրացած անձանց և հաշմանդամություն ունեցող 18 տարին լրացած անձանց (այսուհետ՝ շահառու) վարձակալական հիմունքներով բնակվելու դեպքում` բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում վճարելու հետ կապված հարաբերությունները:
  2. Սույն կարգի համաձայն վարձակալած բնակելի տարածության դիմաց դրամական փոխհատուցում ստանալու իրավունք ունեն այն շահառուները, ովքեր՝

1) սեփականության կամ համասեփականության իրավունքով չունեն բնակարան կամ տուն.

2)դրամական փոխհատուցում ստանալու համար դիմելու օրվան նախորդող երկու տարվա ընթացքում բնակարան (տուն) չեն օտարել.

3)չունեն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված խնամողներ.

4)որպես գրանցված աշխատող հաշվառված են Պետական եկամուտների  կոմիտեի անձնավորված հաշվառման տեղեկատվական համակարգում.

  1. Դրամական փոխհատուցում ստանալու համար շահառուն դիմում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Սոցիալական ապահովության ծառայության ցանկացած տարածքային ստորաբաժանում (այսուհետ՝ տարածքային ստորաբաժանում):
  2. Դիմումին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը.

1) անձը հաստատող փաստաթուղթ՝ անձնագիրը կամ նույնականացման քարտը,

նույնականացման քարտ չունենալու դեպքում՝ բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ  չստանալու վերաբերյալ տեղեկանքը, իսկ դրանց բացակայության դեպքում՝ սոցիալական քարտը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքը.

2) հաշմանդամության վերաբերյալ տեղեկանք.

3) շահառուի հայտարարությունը աշխատունակ զավակներ կամ օրենսդրությամբ նախատեսված այլ խնամողներ չունենալու մասին.

4) տեղեկանք շահառուի աշխատանքի վայրից.

5)տեղեկանք Պետական եկամուտների  կոմիտեից՝ անձնավորված հաշվառման տեղեկատվական համակարգում շահառուի հաշվառված  լինելու վերաբերյալ.

6) տեղեկանք Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից՝ շահառուի անվամբ սեփականության կամ վարձակալության պայմանագրով տիրապետման և օգտագործման կամ բնակելի տարածության օգտագործման իրավունքով բնակելի տարածություն ունենալու կամ չունենալու մասին, ինչպես նաև դիմումը ներկայացնելու օրվան նախորդող երկու տարվա ընթացքում շահառուի կողմից բնակելի տարածության օտարման մասին տվյալներ.

7)բնակելի տարածության վարձակալության՝ նոտարական կարգով հաստատված պայմանագրի պատճենը.

  1. Սույն կարգի 4-րդ կետի 5-րդ և 6-րդ ենթակետերով պահանջվող տեղեկատվության ստացումը ապահովում է տարածքային ստորաբաժանումը՝ շահառուի դիմումը մուտքագրվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան մարմիններին հարցում կատարելու միջոցով:
  2. Բնակելի տարածության վարձակալության դիմաց շահառուին տրամադրվող դրամական փոխհատուցման չափը սահմանվում է բնակելի տարածության վարձակալության պայմանագրին համապատասխան,   սակայն ոչ ավել,  քան 100 000 դրամը: Բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցումը վճարվում է յուրաքանչյուր ամիս` մինչև ամսվա 25-ը:
  3. 7. Դրամական փոխհատուցման չափը կարող է փոխվել պայմանավորված բնակելի տարածության վարձակալության պայմանագրի գնի փոփոխման հետ, որը սակայն չի կարող գերազանցել սույն կարգի 6-րդ կետում սահմանված չափը:
  4. 8. Սույն կարգի համաձայն շահառուին բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցումը վճարում է շահառուի վարձալական հիմունքներով բնակության վայրի տարածքային ստորաբաժանումը` այդ նպատակի համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին:

9.Բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցման վերաբերյալ դիմումները  տարածքային ստորաբաժանումը քննարկում է դրանք մուտքագրվելուց հետո 3-օրյա ժամկետում:

10.Սույն կարգի 4-րդ կետում նախատեսված փաստաթղթերը թերի ներկայացվելու դեպքում տարածքային ստորաբաժանումը շահառուին անմիջապես գրավոր ծանուցում է 10-օրյա ժամկետում լրացնել անհրաժեշտ փաստաթղթերը, իսկ նշված ժամկետում անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացվելու դեպքում՝ որոշում է ընդունում դիմումը մերժելու վերաբերյալ:

11.Բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցումը վճարվում է սույն կարգով պահանջվող դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը տարածքային ստորաբաժանում մուտքագրելու ամսվա 1-ից սկսած:

12.Բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցումը դադարեցվում է.

1) շահառուի  գրավոր դիմումի հիման վրա.

2) բնակելի տարածության վարձակալության պայմանագրի ժամկետը լրանալու դեպքում.

3)շահառուի աշխատանքից ազատվելու դեպքում.

4)շահառուի՝ խնամքի հաստատություն ընդունվելու դեպքում.

5)շահառուի կողմից կեղծ տվյալներ ներկայացնելու դեպքում.

6)շահառուի մահվան դեպքում:

  1. Սույն կարգի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը վերապահվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը:

  

 

 

  • Քննարկվել է

    16.08.2019 - 02.09.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6268

Տպել

Առաջարկներ`

Տիգրան Ստեփանյան

01.09.2019

Հետաքրքիր է նախագծի հեղինակը որևէ կերպ հաշվարկե՞լ է թե որքան է նստելու նման բարեգործությունը հարկատուներին վրա

Տիգրան Ստեփանյան

01.09.2019

Ասենք նման տրամաբանությամբ կարելի է ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ փոխհատուցել, օրինակ, մարզերից Երևան տեղափոխված և առհասարակ հարկեր չվճարող տաքսիստների բնակվարձը: Լավ է ստացվում նախընտրական քարոզների համատեստում))

Տիգրան Ստեփանյան

01.09.2019

Հարգելիներս իսկ ո՞վ է վճարելու նման <<բարեգործությունների>> համար, - իհարկե սիրելի ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԸ: Այս կապակցությամբ մի լավ ժողովրդական ասացվածք կա՝ Հարսի հաշվին լավություններ անելու մասով: Հետո էլ սիրելի կառավարությունը լուրջ դեմքով կհայտնի, որ պետբյուջեի ծախսերը մեծ են և անհրաժեշտ է կրկին մեծացնել հարկային բեռը առանց այն էլ վաստակի շուրջ 50 տոկոսը /ներառյալ ԱԱՀ-ն և այլ տուրքերը/ սիրելի կառավարությանը վճարող հարկատուների համար:

Տեսնել ավելին