Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ 

  1. Առկա իրավիճակը և կարգավորման ենթակա խնդիրը

Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների հետևանքով անձի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման հետ կապված հարցերը կարգավորվում են ՀՀ աշխատանքային օրենսգրքով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, «Սնանկության մասին» ՀՀ օրենքով,  ՀՀ կառավարության 1992 թվականի նոյեմբերի 15-ի N 579 որոշմամբ հաստատված «Ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման  հետ կապված  խեղման, մասնագիտական  հիվանդության և առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման կարգի մասին կանոններ»-ով, ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 23-ի «Կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար՝ սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի լուծարման կամ սնանկ ճանաչման դեպքում համապատասխան վճարների կապիտալացման և դրանք տուժողին վճարելու կարգը հաստատելու մասին» N 914-Ն որոշմամբ: Մասնավորապես.

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 202-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե աշխատողը աշխատանքում դժբախտ դեպքերից և մասնագիտական հիվանդություններից ապահովագրված չի եղել, ապա աշխատունակությունը կորցնելու աստիճանը որոշելուց հետո գործատուն նրան վճարում է վնասի հատուցում: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 234-րդ հոդվածի համաձայն` գործատուի նյութական պատասխանատվությունն առաջանում է, եթե աշխատանքի վայրում դժբախտ դեպքերից և մասնագիտական հիվանդություններից չապահովագրված աշխատողը հիվանդացել է մասնագիտական հիվանդությամբ, ստացել է խեղում կամ մահացել է:

Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 236-րդ հոդվածի` կազմակերպության լուծարման դեպքում աշխատողին պատճառված վնասը ՀՀ քաղաքացիական օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված կարգով ենթակա է հատուցման:

Վնասի հատուցման կարգավորումները տրված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 60-րդ գլխով, որի մասնավորապես 1086-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի վերակազմակերպման դեպքում համապատասխան հատուցում վճարելու պարտականությունը կրում է նրա իրավահաջորդը: Նրան ներկայացվում են վնասի հատուցման մասին պահանջները:

Նշված հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի լուծարման դեպքում համապատասխան վճարներն օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված կանոններով կապիտալացվում են` դրանք տուժողին վճարելու համար:

Կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար հատուցում կատարելու  պարտականություն կրող կազմակերպության բացակայության դեպքերում վնասի հատուցման հարցերը ՀՀ քաղաքացիական օրենսգրքով չեն կարգավորվում:

Այս կապակցությամբ հարկ է նշել, որ մինչև 2004 թվականի հուլիսի 22-ի N 1094-Ն որոշ­մամբ (ուժի մեջ է մտել 26.08.2004թ.) ՀՀ կառավարության 1992 թվականի նոյեմբերի 15-ի N 579 որոշ­մամբ հաստատված կանոնների 16-րդ կետը (որով սահմանված էր, որ կազմակերպության լուծարման կամ վերակառուց­ման հետևանքով նրա գործունեության դադարեցման դեպքում վնասը փոխհատուցում է (վնասի փոխհատուցումը շարունակում է) նրա իրավահաջորդը, իսկ վերջինիս բա­ցա­կայության դեպքում` սոցիալական ապահովության մարմինը պետական բյուջեի հաշ­վին) ուժը կորցրած ճանաչելը, վնասի հատուցման համար պատասխանատու կազմակերպության իրավահաջորդի բացակայության դեպքում՝ վնասը հատուցվել է պետական բյուջեի հաշվին:

Արդյունքում, ներկայում ՀՀ պետական բյուջեի միջոցներից շարունակվում է վճարվել աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված առողջության վնասման հետևանքով պատճառված վնասի հատուցում միայն այն անձանց (խոսքը շուրջ 370 անձի մասին է), որոնց պատճառված վնասի համար պատասխանատու ճանաչված կազմակերպությունները լուծարվել են մինչև 2004 թվականի օգոստոսի 26-ը (մինչև ՀՀ կառավարության 2004 թվականի հուլիսի 22-ի N 1094-Ն որոշման ուժի մեջ մտնելը):

Այսինքն, դեռևս կարգավորումից դուրս են մնում աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների արդյունքում այն անձանց կյանքին և առողջությանը պատճառված վնասի հատուցման  խնդիրները, որոնց պատճառված վնասի համար պատասխանատու ճանաչված կազմակերպությունները լուծարվել են 2004 թվականի օգոստոսի 26-ից հետո, որի հետևանքով վնասի հատուցումը չի շարունակվում:

Միաժամանակ, պետք է նշել նաև, որ մի շարք դեպքերում՝ մինչև ՀՀ կառավարության 2004 թվականի հուլիսի 22-ի N 1094-Ն որոշման ընդունումը՝ իրենց աշխատանքի ընթացքում վնաս ստացած աշխատողները, համապատասխան իրավակարգավորումների մասին տեղեկացված չլինելու պատճառով չեն դիմել սոցիալական ապահովության մարմին՝ երբ գործատուն լուծարվել է, և վերոնշյալ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո որևէ փոխհատուցում ստանալու հնարավորություն չեն ունեցել և առ այսօր չունեն։

Բացի դրանից, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, ինչպես նաև վերջինիս 1086-րդ հոդվածի հիման վրա ընդունված ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 23-ի «Կյանքին  կամ առողջությանը պատճառված վնասի համար` սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի լուծարման կամ սնանկ ճանաչման դեպքում համապատասխան վճարների կապիտալացման և դրանք տուժողին վճարելու կարգը հաստատելու մասին» N 914-Ն որոշմամբ չի կարգավորվում այն դեպքը, երբ լուծարված կազմակերպության կապիտալացված վճարները չեն բավարարում տուժողին ողջամիտ փոխհատուցում տրամադրելու համար։   

Ներկայացվող նախագծի ընդունման նպատակն է ապահովել աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների հետևանքով վնասի հատուցման իրավունք ունեցող և այդ հատուցումը չստացող անձանց վնասի հատուցում ստանալու իրավունքի իրացումը:

Նախագծի ընդունմամբ կստեղծվեն անհրաժեշտ իրավական հիմքեր, որի պարագայում հնարավոր կլինի համապատասխան ենթաօրենսդրական ակտի մշակման և ընդունման արդյունքում պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացնել կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման իրավունք ունեցող, սակայն այդ հատուցումը չստացող անձանց համապատասխան հատուցման գումարների վճարումը:

Միաժամանակ հարկ է նշել նաև, որ Հայաստանի Հանրապետությունը աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղումով, մաuնագիտական հիվանդությամբ կամ առողջության այլ վնաuումով աշխատողներին պատճառված վնաuի փոխհատուցման պարտավորություններ է ստանձնել Աշխատանքի միջազգային կազմակերպության «Արտադրական պատահարների դեպքում աշխատողներին փոխհատուցելու մասին» թիվ 17, «Մասնագիտական հիանդությունների դեպքում աշխատողներին փոխհատուցման մասին» թիվ 18 կոնվենցիաներով, ինչպես նաև 1994 թվականի uեպտեմբերի 9-ին Մոuկվայում ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների uտորագրած «Աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղումով, մաuնագիտական հիվանդությամբ կամ առողջության այլ վնաuումով աշխատողներին պատճառված վնաuի փոխհատուցման իրավունքների փոխադարձ ճանաչման մաuին» համաձայնագրով:

«Արտադրական պատահարների դեպքում աշխատողներին փոխհատուցելու մասին» Աշխատանքի միջազգային կազմակերպության թիվ 17 կոնվենցիայի 11-րդ հոդվածի համաձայն՝ «Ազգային օրենսդրությունը, հաշվի առնելով ազգային առանձնահատկությունները, նախատեսում է այնպիսի դրույթներ, որոնք գործատուի կամ ապահովագրողի անվճարունակության դեպքում բոլոր հանգամանքներում առավել համարժեք կերպով կապահովեն փոխհատուցման վճարումը պատահարից տուժածներին կամ, մահվան դեպքում, նրանց խնամքի տակ գտնվող անձանց»:

«Մասնագիտական հիանդությունների դեպքում աշխատողներին փոխհատուցման մասին» թիվ 18 կոնվենցիայի 1-ին հոդվածի 1-ին մասում ամրագրված է, որ վկայակոչված կոնվենցիան վավերացնող Աշխատանքի միջազգային կազմակերպության յուրաքանչյուր անդամ պարտավորվում է մասնագիտական հիվանդության հետևանքով անաշխատունակ դարձած անձանց կամ այդ հիվանդություններից մահվան դեպքում ապահովել նրանց խնամքի տակ գտնվող անձանց փոխհատուցումը՝ արտադրական պատահարների փոխհատուցման վերաբերյալ ազգային օրենսդրության ընդհանուր սկզբունքներին համապատասխան:

1994 թվականի uեպտեմբերի 9-ին Մոuկվայում ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների uտորագրած «Աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղումով, մաuնագիտական հիվանդությամբ կամ առողջության այլ վնաuումով աշխատողներին պատճառված վնաuի փոխհատուցման իրավունքների փոխադարձ ճանաչման մաuին» համաձայնագրի 7-րդ հոդվածի համաձայն՝

Աշխատողների կյանքին կամ առողջությանը վնաս հասցնելու համար պատասխանատու ճանաչված կազմակերպության լուծարման դեպքում՝ Կողմը, որի տարածքում կազմակերպությունը լուծարվել է, երաշխավորում է նշված աշխատողների վնասի հատուցումը՝ ազգային օրենսդրությանը համապատասխան։ 

2. Առաջարկվող կարգավորման նպատակը

Առաջարկվող օրինագիծն ընդունվելու դեպքում Կառավարությունը կունենա Սահմանադրության 6-րդ հոդվածով պահանջվող օրենսդրական հիմքը՝ աշխատողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի լուծարման կամ ֆիզիկական անձի գործունեության դադարեցման և աշխատողի կողմից լուծարված կազմակերպության կապիտալացված գումարների հաշվին հատուցում չստացվելու դեպքում, սահմանել պետական բյուջեի միջոցների հաշվին տրամադրվող հատուցման չափ և կարգ։

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կստեղծվի օրենսդրական հիմք՝ աշխատողների կյանքին և առողջությանը պատճառված վնասը պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացնելու, ինչպես նաև կապահովվի ԱՄԿ թիվ 17 կոնվենցիայի 11-րդ հոդվածի, թիվ 18 կոնվենցիայի 1-ին հոդվածի 1-ի մասի, 1994 թվականի uեպտեմբերի 9-ին Մոuկվայում ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների uտորագրած «Աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղումով, մաuնագիտական հիվանդությամբ կամ առողջության այլ վնաuումով աշխատողներին պատճառված վնաuի փոխհատուցման իրավունքների փոխադարձ ճանաչման մաuին» համաձայնագրի 7-րդ հոդվածի պահանջների կատարումը։

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ 

Նախագիծն ընդունելու դեպքում ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսվում է սահմանել աշխատողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման չափերը, կարգը և առանձնահատկությունները: Նախատեսվող մոտեցումներով 2004թ.-ից հետո լուծարված կազմակերպություններում՝ դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների հետևանքով վնաս ստացած նախկին աշխատողների մասով և այն աշխատողների մասով, որոնք աշխատել են մինչև 2004թ.-ը լուծարված կազմակերպություններում, սակայն չեն դիմել սոցիալական ապահովության մարմիններ փոխհատուցում ստանալու համար (210 հոգի) պետական բյուջեի տարեկան ծախսերի ավելացումը կկազմի շուրջ՝

(55.000*20% + 55.000*20%*50%)*210*12 = 41.580.000 ՀՀ դրամ։

Միանվագ հատուցման մասով ծախսերի ակնկալվող ավելացումը կկազմի շուրջ՝

(55.000*20% + 55.000*20%*50%)*210*12*3 = 124.740.000 ՀՀ դրամ։

Վերոնշյալ հաշվարկը կատարվել է՝ հիմք ընդունելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն պարբերաբար դիմող տուժած քաղաքացիների թիվը։ Այդ առումով անհրաժեշտ է նկատի ունենալ այն, որ չի բացառվում այլ քաղաքացիների կողմից նախարարություն երբևէ չդիմելը, որոնք նախագծի ընդունման դեպքում կդիմեն վնասի հատուցում ստանալու համար և դրանով իսկ կառաջացնեն պետբյուջեից լրացուցիչ ծախսեր կատարելու անհրաժեշտություն։ Միևնույն ժամանակ, նշված անձանց թիվը հնարավոր չէ գնահատել։ 

 ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 

 «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտություն կառաջանա ընդունել «Աշխատողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի լուծարման կամ ֆիզիկական անձի գործունեության դադարեցման, ինչպես նաև՝ տուժողի կողմից ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 23-ի N 914-Ն որոշմամբ սահմանված կարգով փոխհատուցում չստանալու դեպքում՝ տուժողին պետական բյուջեի միջոցների հաշվին տրվող հատուցման չափերը, կարգը և առանձնահատկությունները սահմանելու մասին»  Կառավարության որոշման նախագիծ։

 ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1086.1.

Աշխատողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցումը պետական բյուջեի միջոցների հաշվին՝ գործատու հանդիսացող իրավաբանական անձի լուծարման կամ ֆիզիկական անձի գործունեության դադարեցման դեպքում

 1. Աշխատողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի լուծարման կամ ֆիզիկական անձի գործունեության դադարեցման դեպքում, եթե տուժողը չի ստանում սույն օրենսգրքի 1086-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վճարները՝ կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցումը կատարվում է պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի միջոցով։

2. Սույն հոդվածով նախատեսված հատուցումը կատարվում է դիմելուն նախորդած երեք տարիների համար միանվագ, և այնուհետ ամենամսյա վճարումների տեսքով:

3. Սույն հոդվածով նախատեսված հատուցման չափերը, կարգը և առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

 

  • Քննարկվել է

    15.08.2019 - 30.08.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Աշխատանք և զբաղվածություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7420

Տպել

Առաջարկներ`

Տիգրան Մաթևոսյան

15.08.2019

Այստեղ ռիսկեր կան, որ անձինք կարող են միտումնավոր սնանկ ճանաչվել և իրենց բեռը թողնել պետության վրա։ Անհրաժեշտ է այնպես կարգավորել ոլորտը, որ մեղավորը պարտադիր հատուցի վնասը, թեկուզ հարկադիր ու երկատատև աշխատանք կատարելով։

Տեսնել ավելին