Հիշել նախագիծը

«ՀՀ-ում 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագիծ

                                                ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՈՉԽԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԾԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ  ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

          Անհրաժեշտությունը:

        «Հայաստանի Հանրապետությունում 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետու­թյան կառավարության որոշման ընդունման անհրաժեշ­տու­թյունը պայմանավորված է ոչխարաբուծության և այծաբուծության ճյուղի ռազ­մավարա­կան նշանակությամբ և զարգացմամբ, հանրապետությունում բուծվող ոչխարների ու այծերի տոհմային (ցեղայնության) և արտադրատնտեսական ցուցա­նիշների բարելավման, ճյուղի վարման ինտենսիվացման, բնական ռեսուրս­ների արդյունավետ օգտագործման, ոչխարաբուծական և այծաբուծական արտադ­րանքի ծավալների ավելացման, շահութաբերության մակարդակի բարձրացման, ոլորտում ներդումների խրախուսման, ինչպես նաև արտաքին շուկայում մրցակցային դիրքի կայունացման և կենդանի ոչխարի և/կամ ոչխարամսի և այծի պանրի արտա­հանման ծավալների ավելացման անհրաժեշտությամբ։

          Համաձայն Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) կողմից հրապարակված պարենային հաշվեկշռի տվյալների հանրապետությունը ինքնաբավ է ոչխարի մսի գծով և այդ ցուցանիշը կազմում է 138.9 տոկոս, ինչը վկայում է այն մասին, որ ճյուղը ունի արտահանման մեծ ներուժ։ Հարկ է նշել, որ վերջին 4 տարիների ընթացքում հանրապետությունից տարեկան արտահանվել է միջինը 21.6 հազար գլուխ ոչխար և 2.1 հազար տոննա  ոչխարի միս: Միայն 2019 թվականին (մայիսի 31-ի դրությամբ), ըստ օպերատիվ տվյալների հանրապետությու­նից արտահանվել է 9.5 հազար գլուխ ոչխար և 21 տոննա ոչխարի միս: Արտահանման հիմնական ուղղություններն են՝ Իրանի Իսլամական Հանրապետու­թյունը, Արաբա­կան Միացյալ Էմիրությունները, Քաթարը, Քուվեյթը, Վրաստանը: Արտահանման ցուցա­նիշները վկայում են, որ արտաքին շուկայում նշված մթերքն ունի մեծ պահանջարկ, որը հուսալի երաշխիք է ճյուղի հիմնական արտադրատնտեսական ցուցանիշների բարելավման և մրցակցային դիրքեր գրավելու համար:

          Մյուս կողմից գենետիկական ռեսուրսների բազմազանությունը հիմք կարող է ծառայել կենդանիների նոր ցեղերի ստեղծման համար, որոնք օժտված կլինեն  մթերատվության բարձր հատկանիշներով և տեղի բնական պայմաններին լավ հարմարվողականությամբ։

          Հաշվի առնելով, որ բնական կերահանդակներով լի տարածաշրջան­ներում արտադրության հիմնական միջոցներից մեկը հանդիսանում է ոչխարա­բուծությունը, ուստի վերջինիս զարգացումը կնպաստի նաև գյուղական բնակչության զբաղվա­ծության և բարեկեցության մակարդակի բարձրացմանը, բարձրորակ մթերքների արտադրության ծավալների ավելացմանը։

         Ընթացիկ իրավիճակը և խնդիրները:

          Ոչխարաբուծությունը Հայաստանի Հանրապետությունում ավանդաբար զար­գա­ցել է մսաբրդակաթնային ուղղությամբ։ Այս ճյուղը հանրապետությունում որո­շակի ժամա­նա­կահատվածում և առանձին տարածաշրջաններում դարձել է անաս­նա­բու­ծության առանցքային ճյուղերից մեկը:

          Ոչխարաբուծությունը և այծաբուծությունը հանդիսանալով առավել ցածր ռիս­կային և բարձր եկամտաբեր անասնաբուծության ճյուղերից մեկը բնակչությանը մատա­կարարում է սննդամթերք, բուրդ և կաշեհումք: 2018 թվականին անասնա­բուծության համախառն արտադրանքը հանրապետությունում կազմել է 477.9 մլրդ դրամ, որի միայն շուրջ 10.5%–ն է ձևավորվել ոչխարաբուծության շնորհիվ, ընդ որում ոչխարի կաթը կազմել է հան­րապետության կաթի համախառն արտադրանքի ընդամենը 6,5 %-ը:

          1991 թվականին, գյուղատնտեսությունում սկսած բարեփոխումներին ընդա­ռաջ՝ ոչխարների գլխաքանակը կազմել շուրջ 1.0 միլիոն։ Հետագա տարիներին այն նվազել է և արդեն 1998 թվաքանին կազմել է 521.0 հազար: Այդ գործըն­թացը պայմանավորված էր ինչպես ոչխարի բրդի և մսի իրացման բարդություն­ներով, այնպես էլ խոշոր տնտե­սու­թյունների մասնատմամբ, տոհմասելեկցիոն աշխա­տանքների տևական բացակայու­թյամբ, ինչը իր հերթին հանգեցրել է բնական կերահանդակների և լեռնային արոտավայրերի ոչ արդյունավետ օգտագործմանը:

         

Համաձայն Կոմիտեի կող­մից հրապարակված տվյալների վերջին տարիներին ևս նկատվում է ոչխարների և այծերի գլխաքանակի նվազեցման միտում, որի հետևան­քով հանրապետությունում ոչխարների և այծերի գլխաքանակը 2019 թվականի հունվարի մեկի դրությամբ կազմել է 638.2 հազար գլուխ՝ 2015 թվականի նույն ժամա­նակահատվածին գրանցված 745.8 հազար գլխի դիմաց:

          Մյուս կողմից վերջին տարիներին ավելացել են մսի արտադրության ծավալ­ները: 2018 թվականին արտա­դրվել է շուրջ 19.0 հազար տոննա միս 2015 թվականի 9.8 հազար տոննայի դիմաց: Մսի արտադրության ծավալների աճին զուգընթաց հանրա­պետությունում գրանցվել է նաև միջին մանրածախ գների որոշակի աճ՝ 2015 թվականի համեմատ շուրջ 1.2 անգամ:

          Հարկ է նշել, որ Հանրապետությունում ոչխարաբուծությունը կրում է հիմնականում էքստեն­­սիվ բնույթ և բուծվում են կոպտաբուրդ (բալբաս, մազեխ, բոզախ, ղարաբաղյան), կիսակոպտաբուրդ (հայկական կիսակոպտաբուրդ) ցեղերի ոչխար­ներ և դրանց տրամախաչումներից ստացված տարբեր ցեղայնության խառնա­ցեղեր, ինչպես նաև քիչ քանակությամբ կիսանրբագեղմ մսաբրդատու կորիդելի տիպի կրոսբրեդային բրդածածկով մսաբրդակաթնատու ոչխարներ։ Հանրապե­տությունում մեկ ոչխարի տարեկան միջին բրդատվությունը 2.2 կգ է, իսկ բրդի արտադրության ծավալը՝ միջինը 1415.5 տոննա: Սակայն, պայ­մա­նա­վորված բրդի վերամշակման ենթակառուցվածքների բացակայությամբ և ոչխար­ների բրդածածկի որակի բարելավմանն ուղղված տոհմասելեկցիոն աշխատանք­ների չիրականաց­մամբ, Կոմիտեի վերջին 5 տարիների միջին տվյալներով արտադրված բրդի շուրջ 35 %-ը մնում է տնտեսություն­ներում որպես մնացորդ, 25 %-ը օգտա­գործվում է հենց տնտեսությունների կողմից և միայն 30 %-ն է վաճառվում:

          Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը:

Ոչխարաբուծության և այծաբուծության ճյուղում իրականացվող քաղաքակա­նու­թյունը նպատա­կաուղղված է հանրապետությունում տոհմային գործի զարգաց­մանը, արտադրատնտեսական արժեքավոր հատկանիշներով օժտված մաքրացեղ և տրամախաչումների միջոցով ստացված խառնացեղ կենդանիների գլխաքանակի, ինչպես նաև ոչխարաբու­ծական և այծաբուծական արտադրանքի արտադրության և արտահանման ծավալ­ների ավելաց­մանը:   

          

          Կարգավորման նպատակը և բնույթը:

          Կարգավորման նպատակն է` պետական աջակցության մեխանզմների, մասնա­վորապես՝ մատչելի վարկավորման պայման­ների կիրառման և կատարված ծախսերի փոխհատուցման միջոցով՝ հանրապետությունում ոչխարաբուծության և այծաբուծու­թյան ճյուղերի զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղ­ծումը, բարձրարժեք տոհմային ոչխարների և այծերի ձեռք բերման (ներկրման) և բարձր մթերատու հոտերի ձևավորման խրախուսումը, բուծվող ցեղատեսակների կատարելագործումը, տոհմային գործի զարգացումը, արտադրատնտեսական արժեքավոր հատկանիշներով օժտված մաքրացեղ և տրամախաչումների միջոցով ստացված խառնացեղ կենդանիների գլխաքանակի ավելացումը, ոչխարաբու­ծական և այծաբուծական արտադրանքի արտադրության և արտահանման ծավալների ավելացումը։

         Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք:

          Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախա­րարու­թյան կողմից:

          Ակնկալվող արդյունքը:

Ծրագրի իրականացումից ակնկալվում են հետևյալ արդյունքները.

  • 2019-2023 թվականներին պետական աջակցությամբ ոչխարաբուծությամբ և այծա­բու­ծությամբ զբաղ­վող տնտեսավարողներին հնարավորություն կընձեռվի մատչելի պայմաններով ձեռք բերել (ներկրել) շուրջ 30 հազար գլուխ տարբեր սեռահասակային խմբերի մանր եղջե­րավոր կենդանիներ (հղի ոչխաչներ և այծեր, էգ և արու մատղաշ),
  • կավելանա ոչխարների և այծերի գլխաքանակը։ Ծրագրի շրջանակներում ձեռք բերված բարձր տոհմային կենդանիների հաշվով մինչև 2027 թվականը կապահովվի շուրջ 100 հազ. գլուխ արտադրատնտեսական բարձր հատկանիշ­ներով օժտված սերնդի ստացում,
  • կավելանան ոչխարաբուծական և այծաբուծական արտադրանքի ծավալ­ները։ 2019-2027 թվականներին կարտադրվի շուրջ 5 մլրդ դրամ արժեքով միս և 0.5 մլրդ դրամ արժեքով կաթ,
  • կբարձրանա ոչխարաբուծության և այծաբուծության ճյուղի շահութաբերու­թյան մակար­դակը,
  • պայմաններ կստեղծվեն արտահանման ծավալների ավելացման համար։
  • հնարավորություններ կստեղծվեն հանրապետության արոտների և խոտ­հարքների առավել արդյունավետ օգտագործման համար։   
  •    

Այլ տեղեկություններ:

          2019 թվականին ծրագրի ֆինանսավորումը կիրականացվի 2019 թվականի ՀՀ պետական բյուջեի խնայված միջոցների հաշվին:

                                                                                 ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՈՉԽԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԾԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ  ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

          «Հայաստանի Հանրապետությունում 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապե­տության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցու­թյամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավե­լացում կամ նվազեցում չի նախատեսվում։

 

                                                                       ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՈՉԽԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԾԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ  ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

          «Հայաստանի Հանրապետությունում 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապե­տության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցու­թյամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է։

          Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապա­տասխանությունը`  համապատասխանում է:

  • Քննարկվել է

    23.07.2019 - 07.08.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8854

Տպել