Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Տիգրան Սարաֆյան 23.07.2019 15:32:38 վիճահարույց և սխալ նախագիծ է, Ընդունվել է ի գիտություն:
2 ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբ 02.08.2019 14:09:43 ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել և e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրվել է ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը: Վերջինս, ըստ բնութագրի, հնարավորություն կստեղծի առավել արդյունավետ, լիարժեք և վճռական պայքար մղել քրեական միջավայր երևույթի գոյությունը բացառելու ուղղությամբ՝ այդպիսով ապահովելով հասարակական անվտանգությունն ու պետության կողմից սահմանված վարքագծի համաարտադիր կանոնների պահպանումը: Ողջունելով ՀՀ ԱՆ պատրաստակամությունը նշյալ խնդրի առնչությամբ պայքար մղելու ուղղությամբ՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկղություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը ներկայացնում է իր դիրքորոշումն ու նկատառումները նախագծի վերաբերյալ: 1. Խումբը գտնում է, որ վերոնշյալ հարցը քրեակատարողական համակարգի ամենից արմատական և խնդրահարույց տարրերից մեկն է, և այս առումով ավելի նախընտրելի կլիներ շահագրգիռ կողմերին՝ ներառյալ դիտորդների խմբին, հնարավորություն տալ մասնակցել նախագծի պատրաստման նախնական փուլերին և այդ փուլից սկսած ներկայացնել իր մոտեցումները: Ընդունվել է ի գիտություն: Բարձրացված հարցի առնչությամբ հարկ է նշել, որ հնարավորինս ապահովվել է Նախագծի մշակման աշխատանքների մասնակցային լինելը: Միաժամանակ, անհրաժեշտ է նշել, որ Նախագիծը դրվել է հանրային քննարկման e-draft.am կայքում, ինչը հնարավորություն է տվել Նախագծի լրամշակման աշխատանքների ընթացքում հաշվի առնել և անհրաժեշտության դեպքում իրացնել նաև այլ անձանց կամ կազմակերպությունների կարծիքները:
3 ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբ 02.08.2019 19:02:35 2. Այս առումով միայն օրենսդրական մակարդակում կարգավորումներ նախատեսելը, Խմբի կարծիքով, դեռևս բավարար չէ: Քանի որ քրեական մշակույթի դեմ պայքարը պահանջում է նաև այլ քայլեր: Մասնավորապես, անհրաժեշտ է պատժի կրման ընթացքում ազատազրկված անձանց համար ուժեղացնել սոցիալական վերականգնողական ծառայությունները, ներդնել ռիսկերի և կարիքների գնահատման գործուն և արդյունավետ մեխանիզմներ, վերանայել ՔԿՀ-ների կադրային քաղաքականությունը և այլն: Հարկ ենք համարում նշել նաև, որ թվարկած քայլերի առնչությամբ խումբը արդեն իսկ հանդես է եկել առավել մանրամասն առաջարկներով: Ընդունվել է: Բարձրացված դիտարկման առնչությամբ հարկ է նշել, որ քրեական ենթամշակույթի դեմ պայքարը համալիր գործողությունների ամբողջություն է, որը չի սահմանափակվում միայն քրեական ենթամշակույթին առնչվող այս կամ այն արարքը քրեականացնելով: Ըստ այդմ՝ Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ցանկում նախատեսվել են համապատասխան միջոցառումներ:
4 ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբ 02.08.2019 19:03:02 3. Անդրադառնալով բուն նախագծին և դրա դրույթներին՝ պետք է նշել հետևյալը. Նախագծով առաջարկվող փոփոխության համաձայն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 223.1-223.3 հոդվածները լրացվում են: Ըստ փոփոխության՝ 223.1 հոդվածով նախատեսվում է քրեական միջավայր ստեղծելը կամ ղեկավարելը: Խմբի դիտարկմամբ՝ հոդվածը և հանցագործության տեսակի սահմանումը ինքնին բավականին լայն է և խնդրահարուց՝ որոշակիության և իրավակիրառ պրակտիկայում արդյունավետ կիրառման տեսանկյունից: Արդյունավետ կիրառելիություն ապահովելու համար առաջարկվում է դրույթները սահմանել առավել կոնկրետ, տալ հոդվածի որակման ենթակա եզրույթի մանրամասն բացատրությունը: Նույն հոդվածի 4-րդ մասով տրվում է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի սահմանումը, ինչը կրկին խնդրահարույց է, քանի որ բացակայում են որակման համար կոնկրետ պահանջներն ու չափանիշնիշները: Նկարագրությունը, որը տրված է հոդվածի 4-րդ մասով, չնայած օրենսդրական մակարդակում ստացել է հարուստ նկարագրություն, սակայն պրակտիկ կիրառելիության տեսանկյունից զուրկ է որոշակիությունից և կհանգեցնի տարընթերցման: Նույն հոդվածի 5-րդ մասով նախատեսվում է, որ «Իր կողմից քրեական միջավայր ստեղծելու կամ ղեկավարելու մասին իրավապահ մարմիններին կամովին հայտնած և քրեական միջավայրի կողմից կատարված հանցանքի բացահայտմանը կամ կանխմանը նպաստած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում»: Նման կարգավորումն առավել ամբողջական դարձնելու նպատակով առաջարկում ենք նախատեսել հայտնելու վերաբերյալ հստակ ժամկետներն ու դրա օբյեկտիվության գնահատման չափանիշները: Իրավական որոշակիության խնդիր նկատելի է նաև նախագծի 223.2 և 223.3 հոդվածներով նախատեսված՝ «քրեական միջավայրին հարելը կամ քրեական միջավայրին հարելուն հարկադրելը» և «քրեական միջավայրին հարողին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելը» հանցակազմերի առնչությամբ: Իրավական որոշակիության խնդիրը բացատրվում է նրանով, որ նախագծով այս դրույթներին տրված է տարածական սահմանում, ինչը, օրինակ, պրակտիկայում քննիչների կողմից կիրառելիս հնարավոր է բարդությունների տեղիք տա: Ընդունվել է ի գիտություն: Նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ. հասկացությունները միասնականացվել են: Միաժամանակ, անհրաժեշտ է նշել, որ Նախագծի հեղինակները փորձել են հնարավորինս ապահովել իրավական որոշակիությունը: Այս համատեքստում հարկ է արձանագրել, որ Սահմանադրական դատարանը, անդրադառնալով իրավական որոշակիության սկզբունքին, նշել է հետևյալը. նույնիսկ իրավական նորմի առավելագույն հստակությամբ ձևակերպման դեպքում դատական մեկնաբանությունը չի բացառվում: Իրավադրույթների պարզաբանման և փոփոխվող հանգամանքներին` զարգացող հասարակական հարաբերություններին դրանց համապատասխանեցման անհրաժեշտությունը միշտ էլ առկա է: Հետևաբար, օրենսդրական կարգավորման որոշակիությունը և ճշգրտությունը չեն կարող բացարձականացվել՝ նույնիսկ ոչ բավարար հստակությունը կարող է լրացվել դատարանի մեկնաբանություններով: Բացի այդ, Սահմանադրական դատարանը նշել է, որ օրենքներում օգտագործվող առանձին հասկացություններ չեն կարող ինքնաբավ լինել: Դրանց բովանդակությունը, բնորոշ հատկանիշների շրջանակը ճշգրտվում են ոչ միայն օրինաստեղծ գործունեության արդյունքում, այլ նաև դատական պրակտիկայում: Բացի այդ, ՄԻԵԴ-ն իր նախադեպային որոշումներից մեկում արձանագրել է, որ թեև օրենքում որոշակիությունը մեծապես ցանկալի է, սակայն դա կարող է հանգեցնել չափազանց կոշտության, և օրենքը պետք է կարողանա հարմարվել փոփոխվող հանգամանքներին: Հետևաբար, շատ օրենքներ անխուսափելիորեն ձևակերպվում են այնպիսի հասկացություններով, որոնք քիչ թե շատ անորոշ են, և որոնց մեկնաբանությունը և կիրառումը պրակտիկայի խնդիր է («Busuioc v.Moldova», application no.61513/00, 21/12/2004):
5 ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբ 02.08.2019 19:03:36 4. Խմբի առաջակությունները Արձանագրվածի առնչությամբ Խումբը գտնում է, որ քրեական մշակույթի դեմ պայքարը պետք է լինի համալիր՝ ներառելով ինչպես օրեսնդրական կարգավորումները, այնպես էլ պրակտիկայում պատժի կրման ընթացքում ազատազրկված անձանց հետ տարվող աշխատանքների արդյունավետության բարձրացումը, մասնավորապես՝ 1. ինչպես արդեն ներկայացվեց պատժողական քաղաքականությունից անցում վերականգնողականի, սոցիալական վերականգնողական ծառայությունների ուժեղացում, կադրային քաղաքականության փոփոխություն, պատժից ազատման ինստիտուտների պրակտիկ գործունեության բարելավում և այլն: 2. նախագծի վերաբերյալ հանրային քննարկման կազմակերպում՝ քրեակատարողական համակարգի ներկայացուցիչների, նմանատիպ քրեական գործերով վարույթն իրականացնող մարմինների և շահագրգիռ այլ մասնակիցների մասնակցությամբ: Ընդունվել է: Տե՛ս 2-րդ կետով տրված մեկնաբանությունը: Միաժամանակ, հարկ է նշել, որ Նախագիծը ներկայացվել է նաև քրեական հետապնդման մարմիններին՝ կարծիքի: Վերջիններիս ներկայացրած կարծիքի հիման վրա Նախագիծը լրամշակվել է: