Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

   1.Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

  1.1. Բանկային գաղտնիքի մասին ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ «Բանկային գաղտնիք են համարվում բանկի հաճախորդին սպասարկելու կապակցությամբ տվյալ բանկին հայտնի դարձած հաճախորդի հաշիվների վերաբերյալ տեղեկությունները, հաճախորդի հանձնարարությամբ կամ հօգուտ հաճախորդի կատարված գործառնությունների վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաև նրա առևտրային գաղտնիքը, գործունեության ցանկացած ծրագրի կամ մշակման, գյուտի, արդյունաբերական նմուշի մասին տեղեկությունները և նրա վերաբերյալ ցանկացած այլ տեղեկություն, որը հաճախորդը մտադիր է եղել գաղտնի պահել, և բանկը տեղյակ է կամ կարող էր տեղյակ լինել այդ մտադրության վերաբերյալ»: Բանկային գաղտնիքի կազմող տեղեկությունների պաշտպանությունը բանկային համակարգի արդյունավետ գործունեության, ֆինանսական համակարգի կայունության և բանկային գործառնություններից օգտվող անձանց մասնավոր շահերի պաշտպանության կարևոր երաշխիքներից մեկն է: Սրա հիման վրա բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների պահպանության իրավական կանոնակարգումը պետք է իրականացնել այն հաշվով, որ բացառվի դրա երաշխավորման պահանջից ցանկացած կամայական նահանջ: Այս առումով պետք է նշել, որ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ պետական մարմիններին և պաշտոնատար անձանց կարող են տրամադրվել միայն այն սահմաններում և միայն այն չափով, որքանով դա անհրաժեշտ է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված նպատակների, այդ թվում` հանրային շահի ապահովման համար` պայմանով, որ նախատեսված են մասնավոր անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության գործուն երաշխիքներ: Նշվածի համատեքստում պետք է ընդգծել, որ քրեական վարույթի շրջանակներում բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների պաշտպանության և բացահայտման հարցը սերտորեն առնչվում է հանրային և մասնավոր շահերի հավասարակշռության ապահովման քրեական դատավարության հիմնաքարային խնդրին: Այս տեսանկյունից կարևոր է նշել, որ սահմանադրորեն պաշտպանվող շահերի հավասարակշռությունը քրեական դատավարության ոլորտում ենթադրում է հանրային և մասնավոր շահերի անհրաժեշտ և արդարացի հավասարակշռության ապահովում, մասնավորապես` մի կողմից` քրեական դատավարության մասնակիցների իրավունքների և ազատությունների պաշտպանության, մյուս կողմից` վարույթն իրականացնող մարմինների գործառույթների արդյունավետ իրականացման հավասարակշռում, ինչպես նաև քրեական դատավարության առանձին մասնակիցների և տուժողի` սահմանադրորեն պաշտպանվող իրավունքների և օրինական շահերի հավասարակշռում: Նշվածից ուղղակիորեն բխում է, որ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների պահպանության իրավական ռեժիմը սահմանելիս օրենսդիրը պետք է սահմանի այնպիսի կառուցակարգեր, որոնք մի կողմից կապահովեն նշված տեղեկությունների բարձր պաշտպանվածությունը հանցագործությունների կանխման, խափանման և դրանց բացահայտմանն ուղղված գործունեության ընթացքում, բայց և մյուս կողմից չեն ստեղծի  անհամաչափ կամ անհաղթահարելի սահմանափակումներ հանցագործությունների բացահայտման նպատակով դրանց օգտագործման համար:

   1.2. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ նաև օրենսգիրք) 172-րդ հոդվածի 32-րդ մասի համաձայն՝ «Քրեական հետապնդում իրականացնող մարմինները քրեական գործով կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձանց վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից արժեթղթերի հետ կատարված գործարքների վերաբերյալ ծառայողական տեղեկությունները կարող են ստանալ խուզարկության կամ առգրավման վերաբերյալ դատարանի որոշման հիման վրա»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «(…) Բանկային, նոտարական գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման համար խուզարկությունը կամ առգրավումը կատարվում է դատարանի որոշման հիման վրա»: «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Բանկերը քրեական գործով կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձանց վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները քրեական հետապնդում իրականացնող մարմիններին տրամադրում են միայն դատարանի որոշման հիման վրա` սույն օրենքին և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան: (…)»: «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում ամրագրված վերոշարադրյալ դրույթների համակարգային վերլուծությունից երևում է, որ խուզարկության կամ առգրավման վերաբերյալ դատարանի որոշման հիման վրա կարող է ձեռք բերվել բացառապես ՀՀ քրեադատավարական օրենքով սահմանված կարգով որպես կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձի վերաբերյալ բանկային գաղտնիքը: Այլ խոսքով՝ անձի վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունը կարող է տրամադրվել քրեական վարույթն իրականացնող մարմնին, եթե՝

   ա) անձը ՀՀ քրեադատավարական օրենքով սահմանված կարգով ներգրավվել է որպես կասկածյալ կամ մեղադրյալ,

   բ) առկա է բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման նպատակով խուզարկություն կամ առգրավում կատարելու թույլտվություն տալու վերաբերյալ դատարանի որոշումը:

   1.3. Նախորդ կետում մեջբերված իրավակարգավորումները դիտարկելով հիմնավորման 1.1 կետում կատարված իրավական վերլուծությունների լույսի ներքո, կարծում ենք որ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 172-րդ հոդվածի 32-րդ մասից, «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասից բխող և իր բնույթով բացարձակ նորմատիվ պարտադրանքն առ այն, որ կոնկրետ քրեական գործի շրջանակներում մինչդատական վարույթն իրականացնող մարմինը դատարանի որոշման հիման վրա կարող է ստանալ միայն բանկի այն հաճախորդի բանկային գաղնիք կազմող տեղեկությունները, ով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ներգրավվել է որպես կասկածյալ կամ մեղադրյալ, խախտում է քրեական դատավարության ոլորտում հանրային և մասնավոր շահերի անհրաժեշտ և արդարացի հավասարակշռությունը, քանի որ ստեղծում է անհամաչափ կամ անհաղթահարելի սահմանափակումներ հանցագործությունների կանխման, խափանման և դրանց բացահայտմանն ուղղված գործունեության ընթացքում: Որպես ասվածի հիմնավորում պետք է նշել, որ բազմաթիվ գործերով հանցագործության բացահայտման կամ դրա կատարման հանգամանքների ամբողջական պարզաբանման համար անհրաժեշտ է ստանալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններն այն դեպքում, երբ հանցագործություն կատարած անձը հայտնի չէ կամ բանկային գաղտնիքի ստացումն անհրաժեշտ է հենց հանցանք կատարած անձին ի հայտ բերելու համար: Ավելին, շատ հաճախ, թեև հանցանք կատարած անձը հայտնի է և ունի կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ, բայց այնքանով, որքանով վերջինս հանցանքը կատարել է ոչ թե իր այլ ուրիշ անձանց անվամբ բանկային ծառայություններից օգտվելու միջոցով: Օրինակ, այլ անձանց անվամբ կեղծ ոսկու գրավադրմամբ՝ խաբեության միջոցով գումար է հափշտակել բանկից, բանկային գաղտնիքի ստացումը դարձյալ հնարավոր չէ: Հանցագործությունն ամբողջությամբ բացահայտել հնարավոր չէ նաև անհիմն հարստացման, կաշառք ստանալու գործերով այն իրավիճակներում, երբ օրինակ, գումարը ստացվել կամ դրվել է ոչ թե հանցավորի, այլ մեկ ուրիշի բանկային հաշվին: Անդրադառնալով միջազգային փորձին՝ պետք է նշել, որ բացառապես մեղադրյալի կամ կասկածյալի վերաբերյալ բանկային գաղտնիքը ստանալու հնարավորության մասին նշումներ չկան, ի թիվս այլ երկրների, Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Վրաստանի, Լատվիայի, Էստոնիայի, Լեհաստանի, Հունաստանի, Կանադայի, Լյուքսեմբուրգի, Նորվեգիայի քրեական դատավարության օրենսգրքերում: Համաձայնվելով այն պնդման հետ, որ կոնկրետ երկրի փորձը կիրառելիս պետք է հաշվի առնել նաև այդ երկրի օրենսդրության ընդհանուր տրամաբանությունը, իրավապահ և դատական համակարգի կառուցվածքը, տնտեսության առանձնահատկությունները, մարդու իրավունքների և անձնական տվյալների պաշտպանության մակարդակը, այնուամենայնիվ, հարկ ենք համարում ընդգծել, որ որպես հակակշիռ բանկային գաղտնիք կազմող, ինչպես նաև օրենսգրքի 172-րդ հոդվածի 3.2 մասում թվարկված այլ տեղեկությունների ստացման սուբյեկտային սահմանափակման վերացման, մեր կողմից նախագծում ամրագրվել են ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների վրա հիմնված ամուր, որոշակի ու հստակ երաշխիքներ և կառուցակարգեր, որոնք, մի կողմից միտված են պաշտպանվածությունն անհամեմատ ավելի բարձր մակարդակի վրա դնել բանկային գաղտնիք կազմող, ինչպես նաև օրենսգրքի 172-րդ հոդվածի 3.2 մասում թվարկված այլ տեղեկությունները չհիմնավորված միջամտությունից, իսկ մյուս կողմից չստեղծել անհամաչափ կամ անհաղթահարելի սահմանափակումներ հանցագործությունների կանխման, խափանման և դրանց բացահայտմանն ուղղված գործունեության ընթացքում և դրանով իսկ ապահովել  հանրային և մասնավոր շահերի անհրաժեշտ և արդարացի հավասարակշռությունը:

 1.4. Մասնավորապես, ի տարբերություն գործող իրավակարգավորումների, նախագծով առաջարկվում է դատական վերահսկողության շրջանակներում նախատեսել բանկային գաղտնիքի պաշտպանվածությունը ապահովող հետևյալ ամուր երաշխիքները՝

 ա) բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները ստանալու քննիչի միջնորդության բավարարման դեպքում դատարանը պետք է կայացնի պատճառաբանված որոշում,

 բ) քննիչը նշված տեղեկություններն ստանալու միջնորդություն կարող է ներկայացնել բացառապես դատախազի համաձայնությամբ և գլխավոր դատախազի կամ նրա տեղակալի հաստատմամբ, այսինքն՝ բանկային գաղտնիքի սահմանափակումը ենթարկվում է նախնական դատախազական հսկողության ինչպես հսկող դատախազի այնպես էլ գլխավոր դատախազի կամ նրա տեղակալի կողմից՝ նախքան դատական վերահսկողությունը,

 գ) Նախնական դատական վերահսկողության շրջանակներում դատարանը պետք է գնահատի, թե արդյոք քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանք պարզելու համար անհրաժեշտ է բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների բացահայտում,

 դ) Դատարանն այդ հանգամանքը պետք է գնահատի և բավարարի քննիչի միջնորդությունը միայն այն դեպքում, երբ քննիչի կողմից ներկայացվել են ծանրակշիռ, քրեական գործի նյութերից բխող վերաբերելի, արժանահավատ և բավարար տվյալներ,

 ե) Դատարանը պետք է գնահատի նաև, թե արդյոք բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները միակ միջոցն են գործի համար նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու և արդյոք դրանք ողջամտորեն հնարավոր այլ եղանակով պարզվել չեն կարող,

 զ) Դատարանի որոշման պատճենը քննիչը ոչ ուշ, քան քրեական գործը դատախազին ուղարկելուց 10 օր առաջ պարտավոր է ուղարկել այն ֆիզիկական կամ իրավաբանական անձին, որի վերաբերյալ ստացվել են օրենսգրքի 172-րդ հոդված 3.2 մասով նախատեսված տեղեկությունները: Նշված որոշումը շահագրգիռ անձի կողմից կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան որոշման պատճենն ստանալու պահից տասնօրյա ժամկետում: Այսինքն՝ նախագծում ամրագրված դատական ակտի բողոքարկման կառուցակարգը երաշխավորում է անձի՝ դատական ակտի բողոքարկման իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում:   

   1.5. Անդրադառնալով նշված երաշխիքներից առաջինին (այն է ՝ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալու նպատակով առգրավում կամ խուզարկություն կատարելու թույլտվություն տալու վերաբերյալ քննիչի միջնորդությունը բավարարելու դեպքում դատարանի որորշումը պետք է լինի պատճառաբանված) նախ կարևոր է նշել, որ այն ուղղակիորեն փոխկապակցված է նախնական դատական վերահսկողության արդյունավետության խնդրին: Նշված խնդրի վերաբերյալ ՀՀ Վճռաբեկ դտարանն իր 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ  ԵԿԴ/0016/11/15 որոշման մեջ նշել է հետևյալը՝ «(...)Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը դատավարական օրենքով նախատեսված միջոցների համակարգ է, որն ուղղված է դատական իշխանության սահմանադրական գործառույթների իրականացմանը գործի մինչդատական վարույթում` նպատակ ունենալով թույլ չտալ անձի իրավունքների և ազատությունների անօրեն և չհիմնավորված սահմանափակումներ, ինչպես նաև վերականգնել խախտված իրավունքներն ու ազատությունները: (...) Վճռաբեկ դատարանը վերահաստատում է իր նախադեպային իրավունքում ձևավորած դիրքորոշումն այն մասին, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության խնդիրներն են`

   ա) դատավարության մասնակիցների և այլ անձանց իրավունքների ու ազատությունների, օրինական շահերի պաշտպանության ապահովումը,

  բ) դատավարության մասնակիցների և այլ անձանց խախտված իրավունքների ու ազատությունների վերականգնումը մինչդատական վարույթում: (տես՝ կետ 12)»:

   Այս կապակցությամբ հարկ է ընդգծել, որ դատական ակտի պատճառաբանությունների հիմքում չեն կարող դրվել վերացական, ընդհանուր բնույթի դատողություններ: Պատճառաբանությունը պետք է կառուցվի տրամաբանորեն կապված և գործի փաստական հանգամանքներից բխող բացառապես հստակ, որոշակի և համոզիչ հետևությունների հիման վրա: Հակառակ պարագայում քրեական դատավարության խնդիրները չեն իրագործվի, իսկ տրամաբանությունը՝ կխարխլվի: Տվյալ դեպքում նշված երաշխիքը դիտարկելով նախագծով ամրագրված մյուս երաշխիքների (մանրամասն տես վերևում կետ 1.4.) հետ  համակարգային կապի մեջ անհրաժեշտ ենք համարում ընդգծել և ուշադրություն հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ  բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալու նպատակով առգրավում կամ խուզարկություն կատարելու թույլտվություն տալու վերաբերյալ քննիչի միջնորդությունը բավարարելու դեպքում դատարանի պատճառաբանված որորշման փաստական հիմքը պետք է լինեն քննիչի կողմից ներկայացված ծանրակշիռ, քրեական գործի նյութերից բխող վերաբերելի, արժանահավատ և բավարար տվյալները: Ավելին, ինչպես արդեն ասվեց վերևում, նշվածը միայն բավարար չէ, քանի որ դատարանը կարող է բավարարել քննիչի միջնորդությունը միայն այն դեպքում երբ նշված տեղեկություններն անհրաժեշտ են գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար և դրանք ողջամտորեն հնարավոր այլ եղանակով պարզվել չեն կարող: Նշվածի համատեքստում, (ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները կարող են ստացվել խուզարկության կամ առգրավման վերաբերյալ դատարանի որոշման հիման վրա) կարևոր ենք համարում նշել, որ ՀՀ Վճռաբեկ դատարանը իր 2015 թվականի թիվ ԵՇԴ/0073/07/15 որոշման մեջ անդրադրձել է բնակարանի խուզարկություն կատարման համար անհրաժեշտ փաստական և իրավական հիմքերին՝ սահմանելով բավական բարձր չափանիշներ: Մասնավորապես նշված որոշման մեջ անդրադառնալով խուզարկության փաստական հիմքին Վճռաբեկ դատարանը նշել է՝ «(…) Անհրաժեշտ է ընդգծել, որ խուզարկության կատարման փաստական հիմք են «բավարար տվյալները»: Այլ խոսքով` տվյալների առկայությունն ինքնին խուզարկության կատարման փաստական հիմք չէ, քանի դեռ չի համապատասխանում բավարարության վերաբերյալ պահանջին: (…)   Խուզարկության կատարման փաստական հիմք կարող են հանդես գալ, որպես կանոն, քրեական գործի նյութերում առկա (…) ապացույցները (կասկածյալի, մեղադրյալի, տուժողի, վկայի ցուցմունքներ և այլն):  Ինչ վերաբերում է օպերատիվ-հետախուզական գործունեության տվյալներին` անհրաժեշտ է նշել, որ դրանք ապացույցների նկատմամբ ստորադաս բնույթ ունեն, սակայն որոշ դեպքերում անփոխարինելի և եզակի տվյալներ կարող են պարունակել (…), հետևաբար օպերատիվ-հետախուզական գործունեության տվյալները վարույթն իրականացնող մարմնի կողմից անտեսելն անթույլատրելի է: Միևնույն ժամանակ օպերատիվ-հետախուզական գործունեության առանձնահատկություններով (…) պայմանավորված` մի շարք դեպքերում վարույթն իրականացնող մարմինը զրկված է գնահատելու օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքում ձեռք բերված տվյալները: Հետևաբար բոլոր այն դեպքերում, երբ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում ստացված տվյալը հնարավոր է գնահատման ենթարկել, այն կարող է հանդես գալ որպես խուզարկության կատարման ինքնուրույն հիմք»: Ինչ վերաբերում է խուզարկության կատարման իրավական հիմքին դատարանը նշել է հետևյալը՝ «(…) Խուզարկության կատարման իրավական հիմքը խուզարկություն կատարելը թույլատրելու մասին դատարանի որոշումն է: Ընդ որում, դատարանի որոշման համար առիթ է հանդիսանում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու միջնորդություն հարուցելու մասին նախաքննական մարմնի որոշումը: Ինչպես նախաքննական մարմնի, այնպես էլ դատարանի որոշումները պետք է լինեն հիմնավորված և պատճառաբանված: (…) միջնորդության քննման արդյունքում դատարանը որոշում է կայացնում միջնորդությունը բավարարելու կամ մերժելու մասին` նշելով բավարարման կամ մերժման հիմքերը: Միջնորդության բավարարման դեպքում դատարանի որոշումը պետք է պարունակի նշում խուզարկության կատարման փաստական հիմքերի առկայության մասին, դրանց վերաբերելիության, արժանահավատության և բավարարության մասին հիմնավորումներ (…)»: Մեջբերված  որոշման մեջ Վճռաբեկ դատարանի կողմից սահմանվում են քրեական դատավարության համակարգում անձի սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանությունն ապահովող բավական բարձր չափանիշներ և երաշխիքներ, որոնք կոնկրետ դեպքում վերաբերում են բնակարանի խուզարկության կատարման համար անհրաժեշտ փաստական և իրավական հիմքերին: Այս տեսանկունից կարևոր ենք համարում նշել, որ նշված երաշախիքները վերաբերելի մասով (mutatis mutandis) ամբողջությամբ իմպլեմենտացվել են նախագծում (մասնավորապես խոսքը վերաբերում է քննիչի կողմից բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալու նպատակով առգրավում կամ խուզարկություն կատարելու թույլտվություն տալու վերաբերյալ ծանրակշիռ, քրեական գործի նյութերից բխող վերաբերելի, արժանահավատ և բավարար տվյալներ ներկայացնելու, ինչպես նաև դրա հետ փոխկապակցված դատարանի որոշման պատճառաբանվածության պահանջին) և նախագծում ամրագրված մյուս երաշխիքների հետ միասին ուղղված են ավելի բարձր մակարդակի վրա դնել բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները պաշտպանվածությունը: Սա ասելով կարևոր ենք համարում առանձին անդրադառնալ նախագծում ամրագրված և իր բնույթով բացառիկ ևս մեկ երաշխիքի, այն է՝ բանկային գաղտնիքի սահմանափակումը ենթարկվում է նախնական դատախազական հսկողության ինչպես հսկող դատախազի այնպես էլ գլխավոր դատախազի կամ նրա տեղակալի կողմից  նախքան դատական վերահսկողությունը: Այս առումով պետք է նշել, որ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի` 2000 թվականի հոկտեմբերի 6-ի «Քրեական արդարադատության համակարգում դատախազության դերի վերաբերյալ» թիվ Rec(2000)19 հանձնարարականի 1-ին հոդվածի համաձայն` դատախազները պետական իշխանությամբ օժտված մարմինների ներկայացուցիչներ են, ովքեր հասարակության անունից և հանուն հանրային շահի ապահովում են օրենքի կիրառումը բոլոր այն դեպքերում, երբ օրենքի խախտումը հանգեցնում է քրեական սանկցիաների` հաշվի առնելով ինչպես անձի իրավունքները, այնպես էլ քրեական արդարադատության համակարգի պատշաճ արդյունավետությունը: Նշվածի հիման վրա կարևոր ենք համարում ընդգծել, որ նախագծում ամրագրված դատախազական հսկողության բացառիկ կառուցակարգը, մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության հետ միասին, բխում է ինչպես արդարադատության արդյունավետության, այնպես էլ անձանց իրավունքների պաշտպանության շահերից, քանի որ պաշտպանվածության անհամեմատ ավելի բարձր մակարդակի վրա է դնում բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները չհիմնավորված միջամտությունից և դրանով իսկ ապահովվում է հանրային և մասնավոր շահերի անհրաժեշտ և արդարացի հավասարակշռությունը:

   1.6. Նախագծում առկա իրավակարգավորումները անհաժեշտ է դիտարկել նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների  պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Եվրոպական կոնվենցիա) 8-րդ հոդվածի լույսի ներքո: Մասնավորապես նշված հոդվածի համաձայն՝

     «1. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք:

  1. Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»:

   Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի համատեքստում մեկնաբանելով «անձնական կյանք» եզրույթը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան) արձանագրել է, որ այն լայն հասկացություն է և ենթակա չէ սպառիչ սահմանման: Եվրոպական դատարանը գտել է, որ անձնական կյանքի ոլորտն ընդգրկում է մարդու առողջությունը, ֆիզիկական և հոգեկան ամբողջականությունը: Անձնական կյանքի իրավունքը ներառում է նաև անհատական զարգացումը, այլոց և ընդհանրապես արտաքին աշխարհի հետ հարաբերություններ հաստատելը և զարգացնելը (տե՛ս NADA v. SWITZERLAND գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2012 թվականի սեպտեմբերի 12-ի վճիռը, գանգատ թիվ 10593/08, կետ 151):

   Վճռաբեկ դատարանը թիվ ԱՎԴ/0015/07/13 որոշման մեջ իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ. ««Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի դրույթը մեկնաբանելով ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածի, ինչպես նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի և դրա վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ սպասարկման կամ այլ գործառնությունների կապակցությամբ բանկի և անձի միջև հաստատված հարաբերությունները՝ որպես արտաքին աշխարհի հետ անձի հարաբերությունների տարատեսակ, հանդիսանում են «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածով երաշխավորված՝ մարդու անձնական կյանքի մաս: Հետևաբար, «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկությունները՝ որպես մարդու անձնական կյանքի մաս, անձեռնմխելի են և դրանց ստացման վրա տարածվում են ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածում, ինչպես նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված սահմանափակումները» (տե՛ս Վճռաբեկ դատարանի 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ԱՎԴ/0015/07/13 որոշումը, կետ 16):

   Վերոնշյալ իրավական վերլուծությունների համատեքստում դիտարկելով նախագծում առկա իրավակարգավորումները, հարկ ենք համարում ընդգծել, որ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների պահպանության իրավական կանոնակարգումը նախագծում մեր կողմից իրականացնվել է այն հաշվով, որ բացառվի դրա երաշխավորման պահանջից ցանկացած կամայական նահանջ` հիմք ընդունելով ՀՀ միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները, իրավական և ժողովրդավարական պետության սահմանադրական սկզբունքները, տնտեսական գործունեության ազատությունը և ազատ տնտեսական մրցակցությունը, ինչպես նաև մարդու անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը: Մասնավորապես, ինչպես արդեն նշվեց, ի տարբերություն գործող իրավակարգավորումների նախագծում ամրագրված երաշխիքները և իրավական կառուցակարգերը, մի կողմից պաշտպանվածությունն ավելի բարձր մակարդակի վրա են դնում բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները, իսկ մյուս կողմից չեն ստեղծում անհամաչափ ասահմանափակումներ հանցագործությունների բացահայտմանն ուղղված գործունեության ընթացքում:

 

     2.Առաջարկվող կարգավորման բնույթը

   Նախագծով առաջարկվում է վերացնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի  172-րդ հոդվածի 3.2-րդ մասից և «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասից բխող բանկային գաղտնիք կազմող, ինչպես նաև օրենսգրքի 172-րդ հոդվածի 3.2 մասում թվարկված այլ տեղեկությունների ստացման սուբյեկտային սահմանափակումը, դրան զուգահեռ դատական վերահսկողության շրջանակներում նախատեսելով հետևյալ ամուր երաշխիքները.

  1. քննիչը բանկային գաղտնիք կազմող, ինչպես նաև օրենսգրքի 172-րդ հոդվածի 3.2 մասում թվարկված տեղեկություններն ստանալու միջնորդություն կարող է ներկայացնել բացառապես դատախազի համաձայնոթւյամբ և գլխավոր դատախազի կամ նրա տեղակալի հաստատմամբ, այսինքն՝ բանկային գաղտնիքի սահմանափակումը ենթարկվում է նախնական դատախազական հսկողության ինչպես հսկող դատախազի այնպես էլ գլխավոր դատախազի կամ նրա տեղակալի կողմից  նախքան դատական վերահսկողությունը,
  2. բանկային գաղտնիք կազմող, ինչպես նաև օրենսգրքի 172-րդ հոդվածի 3.2 մասում թվարկված տեղեկությունները ստանալու քննիչի միջնորդության բավարարման դեպքում դատարանը պետք է կայացնի պատճառաբանված որոշում, որում պետք է գնահատի, թե արդյոք քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանք պարզելու համար անհրաժեշտ է նշված տեղեկությունների բացահայտումը,
  3.  Դատարանն այդ հանգամանքը պետք է գնահատի քննիչի կողմից ներկայացված ծանրակշիռ, քրեական գործի նյութերից բխող վերաբերելի, արժանահավատ և բավարար տվյալների հիման վրա,
  4. Դատարանը պետք է գնահատի նաև, թե արդյոք բանկային գաղտնիք կազմող, ինչպես նաև օրենսգրքի 172-րդ հոդվածի2 մասում թվարկված տեղեկությունները միակ միջոցն են գործի համար նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու և արդյոք դրանք ողջամտորեն հնարավոր այլ եղանակով պարզվել չեն կարող:
  5. Դատարանի որոշման պատճենը քննիչը ոչ ուշ, քան քրեական գործը դատախազին ուղարկելուց 10 օր առաջ պարտավոր է ուղարկել այն ֆիզիկական կամ իրավաբանական անձին, որի վերաբերյալ ստացվել են օրենսգրքի 172-րդ հոդված 3.2 մասով նախատեսված տեղեկությունները: Նշված որոշումը շահագրգիռ անձի կողմից կարող է բողոքարկվել վերաքաննիչ դատարան որոշման պատճենն ստանալու պահից տասնօրյա ժամկետում: Այսինքն՝ նախագծում ամրագրված դատական ակտի բողոքարկման կառուցակարգը երաշխավորում է անձի՝ դատական ակտի բողոքարկման իրավունքի արդյունավետ իրացման  հնարավորություը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում:

 

   3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

   Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:

 

   4.Ակնկալվող արդյունքը

  Առաջարկվող օրենսդրական փոփոխությունների պայմաններում կապահովվի բանկային գաղտնիք կազմող, ինչպես նաև քրեական դատավարության օրենսգրքի 172-րդ հոդվածի 3.2 մասում թվարկված տեղեկությունների պահպանության ավելի բարձր մակարդակ: Միաժամանակ չեն ստեղծվի անհամաչափ կամ անհաղթահարելի սահմանափակումներ հանցագործությունների կանխման, խափանման և դրանց բացահայտմանն ուղղված գործունեության ընթացքում:                 

 

  • Քննարկվել է

    03.06.2019 - 19.06.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Քրեական դատավարություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5948

Տպել