Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

 «Քրեական գործերով իրավական օգնության մասին» ՀՀ օրենքի ընդունումը պայմանավորված է նրանով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախագիծը, որը ներկայումս ընդգրկված է ՀՀ Ազգային Ժողովի նստաշրջանի օրակարգ, չի կարգավորում իրավական օգնության ոլորտը: Նախագծի եզրափակիչ և անցումային դրույթների 466-րդ հոդվածի 16-րդ կետի համաձայն՝ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 54, 54.1, 54.2, 54.3, 54.4 գլուխները, որոնք թերի են կարգավորում քրեական գործերով իրավական օգնությանն առնչվող հարաբերությունները, ուժը կորցրած չեն ճանաչվում:

Բացի վերոգրյալից, «Քրեական գործերով իրավական օգնության մասին» ՀՀ օրենքի ընդունումը բխում է օտարերկրյա պետություններում պատիժը կրող ՀՀ քաղաքացի հանդիսացող դատապարտյալների կամ Հայաստանի Հանրապետութ­յունում պատիժը կրող օտարերկրյա պետության քաղաքացի հանդիսացող դատապարտյալների փոխանցման հարցերը, քրեական գործերով վարույթների փոխանցումը, հսկողություն իրականացնելու նպատակով անձանց տեղափոխումը կանոնակարգելու անհրաժեշտությունից, քանի որ դրանք ներկայումս որևէ ներպետական իրավական ակտով կարգավորված չեն:

Հայաստանի Հանրապետությունում քրեական գործերով իրավական օգնությունը իրականացվում է ՀՀ միջազգային պայմանագրերի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 54, 54.1, 54.2, 54.3 գլուխներում ամրագրված դրույթների համաձայն:

Հայաստանի Հանրապետությունը կողմ է քրեական գործերով իրավական օգնության ոլորտում գործող մի շարք բազմակողմ և երկկողմ միջազգային պայմանագրերի, որոնցով կարգավորվում են քրեական գործերով իրավական փոխօգնության, հանցագործություն կատարած անձանց հանձնման (էքստրադիցիայի), դատապարտյալների փոխանցման, օտարերկրյա դատական ակտերի ճանաչման և կատարման, ինչպես նաև այլ հարցեր:

Հայաստանի Հանրապետությունը միացել է այնպիսի կարևորագույն ունիվերսալ միջազգային պայմանագրերի, որոնցից են Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ 1957 թվականի դեկտեմբերի 13-ի միջազգային կոնվենցիան և դրա լրացուցիչ արձանագրությունները, Կոռուպցիայի դեմ 2003 թվականի հոկտեմբերի 31-ի միջազգային կոնվենցիան, Ահաբեկչական ռմբահարումների դեմ պայքարի մասին 1997 թվականի դեկտեմբերի 16-ի միջազգային կոնվենցիան, Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին 1999 թվականի դեկտեմբերի 9-ի միջազգային կոնվենցիան, որոնցից յուրաքանչյուրը նախատեսում է հոդվածներ, որոնք առնչվում են տվյալ կոնվենցիայի շրջանակներում իրավական օգնության տրամադրմանը:

Հայաստանի Հանրապետությունը մի շարք տարածաշրջանային բազմակողմ պայմանագրերով նույնպես ստանձնել է քրեական գործերով իրավական օգնություն ցուցաբերելու պարտավորություններ. դրանցից են՝ Սևծովյան տնտեսական համագործակցության մասնակից պետությունների կառավարությունների միջև հանցավորության և հատկապես դրա կազմակերպված ձևերի դեմ պայքարի բնագավառում համագործակցության մասին 1998 թվականի հոկտեմբերի 12-ի համաձայնագիրը, Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման ու բռնագրավման և ահաբեկչության ֆինանսավորման պայքարի մասին 2005 թվականի մայիսի 16-ի եվրոպական կոնվենցիան, Հանձնման մասին 1957 թվականի դեկտեմբերի 13-ի եվրոպական կոնվենցիան, Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին 1959 թվականի ապրիլի 20-ի եվրոպական կոնվենցիան, Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների միջև քրեական գործերով և վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով իրավական օգնության և փոխգործակցության մասին համաձայնագիրը:

Բացի վերը նշված բազմակողմ միջազգային պայմանագրերից, գործում են նաև երկկողմ պայմանագրեր Վրաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության, Հունաստանի Հանրապետության, Սիրիայի Արաբական Հանրապետության, Բուլղարիայի Հանրապետության, Ռումինիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Լատվիայի Հանրապետության, Եգիպտոսի Արաբական Հանրապետության հետ: Ոլորտը կարգավորող համաձայնագրեր են ստորագրվել նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Քուվեյթի պետության հետ, որոնց թիվը տարեցտարի աճում է:

Հարկ է նշել, որ միջազգային պայմանագրերը պետություններին ընձեռում են իրավական փոխադարձ օգնություն տրամադրելու հնարավորություն միայն և ընդհանուր առմամբ սահմանում են դրանց տրամադրման ձևերը, սակայն իրավական օգնության տրամադրման կարգը, դրա հետ կապված վարույթային գործողությունները միջազգային պայմանագրերը չեն կարգավորում՝ թողնելով դրանց կարգավորումը յուրաքանչյուր երկրի ներպետական օրենսդրությանը:

Չնայած ՀՀ քրեական դատավարության գործող օրենսգրքում վերը նշված գլուխների առկայությանը՝ այդուհանդերձ, դրանցում նշված կարգավորումները հաճախ թերի են, իրարամերժ, գործնականում կիրառելիս առաջացնում են բազմաթիվ խնդիրներ, իսկ առանձին դեպքերում՝ ընդհանրապես կարգավորումներ նախատեսված չեն:

Վերոգրյալից հետևում է, որ քրեական գործերով իրավական օգնության ոլորտը, որը ներառում է ոչ միայն օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների հետ ՀՀ իրավասու մարմինների (պետական կառավարման համապատասխան մարմինների, քննիչների, դատախազների, դատարանների) համագործակցության կազմակերպումը, այլ նաև ձեռք բերված ապացույցների փոխանցումը, հանցագործությունից ստացված եկամուտների սառեցումը և փոխանցումը, հանցագործություն կատարած անձանց հանձնումը, դատապարտյալների փոխանցումը և համագործակցության ավելի լայն շրջանակ, ոչ միայն բարելավման, այլ նաև ժամանակին համահունչ պատշաճ օրենսդրական կարգավորման կարիք ունի:

  • Քննարկվել է

    19.04.2017 - 05.05.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Պրոբացիա, Քրեակատարողական, Քրեական դատավարություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9109

Տպել